Մայիս 17, 2025
196 դիտում

1 տարում՝ 4,23 մլրդ դոլար. Ամենաբարձր վարձատրվող 50 մարզիկները


Լուսանկարը` ceros.com

Լուսանկարը` Boardroom

Լուսանկարը` Al-Nassr FC

Լուսանկարը` NBA

Լուսանկարը` NBA

Լուսանկարը` Getty Images


Վերջին 12 ամսվա ընթացքում ամենաբարձր վարձատրվող 50 մարզիկները միասին վաստակել են 4,23 մլրդ դոլար ու 5-րդ տարին անընդմեջ եկամուտների նոր ռեկորդ սահմանել:

Ինչպես հայտնում է Forbes-ը, դա 9 %-ով ավել է 2024 թվականի 3,88 մլրդ-ի համեմատ: Սակայն ռեկորդը դրանով չի ավարտում․ վերջին մեկ տարվա ընթացում անհատական ձեռքբերումներ են գրանցվել բեսյբոլում, բասկետբոլում, ֆուտբոլում ու ամերիկյան ֆուտբոլում: Լավագույն 50-յակում տեղ են գտել միանգամից 12 մարզիկներ, որոնց տարեկան եկամուտը գերազանցել է 100 մլնը:

Առանձնացրել ենք 2025-ի ամենահարուստ մարզիկներին առնչվող աղյուսակի եւս մի քանի ուշագրավ փաստեր:

4 մարզաձեւ

«Ալ Նասր»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, որը 275 մլն-ով առաջին տեղում է, ֆուտբոլի համար նոր ցուցանիշ է սահմանել: Նախորդ տարի նա 260 մլն էր վաստակել: 2-րդ տեղում ընթացող Սթեֆեն Քարին էլ բասկետբոլի համար է ռեկորդային 156 մլն գումար աշխատել:

Լուսանկարը` Boardroom


Ամերիկյան ֆուտբոլի աստղ Դաք Փրեսքոթը 2021-ին իր իսկ սահմանած ցուցանիշը (107,5 մլն) հասցրել է 137-ի: Իսկ բեյսբոլում Խուան Սոտոն 114 մլն-ով շրջանցել է Սեհեյ Օհտանիի նախորդ տարվա 102,5 մլն-ը:

11 տարի  

Հենց այդքան տարիներ շարունակ Լեբրոն Ջեյմսը NBA-ում համարվել է ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստը, մինչեւ որ Քարին այս տարի նրան չի գերազանցել: Իսկ 2013-ին Ջեյմսին շրջանցել էր մեկ այլ լեգենդար բասկետբոլիստ՝ Քոբի Բրայանտը, նա վաստակել էր 61,9 մլն: Դրանից հետո Լեբրոն Ջեյմսն այլեւս առաջատարությունը չէր զիջել ու լավագույն տասնյակում 8-րդ հորիզոնականից ներքեւ չէր նահանջել:

257 մլն

Սա 2025 թվականին Ռոնալդուի վաստակած ընդհանուր գումարի չափն է, ինչը 1990 թվականից սկսած 3-րդ լավագույն ցուցանիշն է: 2015 ու 2018 թթ. Ֆլոյդ Մեյվեզերը Մեննի Պակյաոյի եւ Քոնոր ՄաքԳրեգորի հետ մենամարտերի շնորհիվ վաստակել է 300 ու 285 մլն դոլար:

Լուսանկարը` Al-Nassr FC


40-ից բարձր 4 մարզիկ

Լավագույն 50-յակում 40 տարեկանից բարձր 4 մարզիկ կա՝ Ռոնալդուն (40 տարեկան), Ջեյմսը (40), Լյուիս Հեմիլթոնը (40) եւ Թայգեր Վուդսը (49): Վերջինս մյուս տարի կարող է թոփ-50-յակում ընդգրկված առաջին 50-ամյա մարզիկը դառնալ:

25-ից ցածր 5 մարզիկ

Այս ցանում են ընդգրկվել բասկետբոլիստ Էնթոնի Էդվարդսը (23 տարեկան), ֆուտբոլիստներ Էրլինգ Հոլանդը եւ Վինիսիուսը (երկուսն էլ՝ 24) եւ ամերիկյան ֆուտբոլի խաղացողներ Տեւոր Լոուրենսն ու Ջասթին Ջեֆերսոնը (երկուսն էլ՝ 25):

Այս տարի ցուցակում 30-ից ցածր 21 մարզիկ կա, իսկ լավագույն 50-յակի միջին տարիքն, ինչպես եւ 2024-ին, 31 է:

Լուսանկարը` NBA


Ընդամենը 7 մարզաձեւ

Ամենահարուստ 50 մարզիկները ներկայացնում են ընդամենը 7 մարզաձեւ: Առաջատարը 16 մարզիկներով բասկետբոլն է, նրան 13-ով հաջորդում է ամերիկյան ֆուտբոլը: Ցանկում են նաեւ գոլֆը, բեյսբոլը եւ բռնցքամարտը, «Ֆորմուլա-1»-ը, ֆուտբոլը: Առաջին անգամ ցանկից դուրս են մնացել թենիսը եւ հոկեյը:

53,6 մլն

2025 թվականին լավագույն 50-յակում տեղ գտնելու համար պետք էր տարեկան նվազագույնը 53,6 մլն եկամուտ ունենալ: Գոլֆիստ Քսանդեր Շաուֆելեն ու ամերիկյան ֆուտբոլիստ Ռասել Ուիլսոնը հենց այդքան գումար են վաստակել ու կիսել 49-50-րդ տեղերը: Դա 19 %-ով ավելին է 2024-ի 45,2 մլն-ից ու կրկնակի ավել՝ 2017-ի 27,2 մլն-ից:

3,19 մլրդ

Սա հարկերը վճարելուց հետո բոլոր 50 մարզիկների միասին վաստակած գումարի չափն է: Այդ ցուցանիշը 3 տարվա ընթացքում աճել է 67 %-ով: Մարզիկների գովազդային եկամուտները կազմել են 1,04 մլն դոլար, ինչը մի քիչ զիջում է 2023-ին գրանցված ռեկորդային 1,08 մլն-ից:

Լուսանկարը` NBA


100 մլն վաստակած 12 մարզիկ

Վերջին 1 տարում 100 մլն ու ավելի գումար վաստակել է 12 մարզիկ: Նախորդ տարի ցանկում ներառվել էր 11-ը, իսկ 2017-ին ոչ մեկի չէր հաջողվել հատել այդ շեմը:

Սպորտից դուրս 100 մլն վաստակածները

Այդ մարզիկները երկուսն են՝ բասկետբոլիստ Սթեֆեն Քարին ու բեյսբոլիստ Սեհեյ Օտանին: Նախկինում նման ցուցանիշ միայն 3 մարզիկի էր հաջողվել սահմանել՝ Քոնոր ՄաքԳրեգորին  (2021 թ.՝ 158 մլն), Թայգեր Վուդսին (2009`105 մլն) եւ Ռոջեր Ֆեդերերին (2020՝ 100 մլն):

18 երկրները

50-յակի ներկայացուցիչները 18 երկրից են, 29-ը մարզիկով առաջատարն ԱՄՆ-ն է: Այդ ցանկում է նաեւ կամերունցի բասկետբոլիստ Ջոել Էմբիիդան, որը 2022-ին ԱՄՆ-ի քաղաքացիություն է ստացել ու Փարիզի խաղերում ներկայացրել այդ երկիրը: ԱՄՆ-ից բացի միայն 3 երկիր ունեն 1-ից ավելի ներկայացուցիչներ՝ Մեծ Բրիտանիան (3), Բրազիլիան (2) եւ Ֆրանսիան (2):

Մարզիկներ կան նաեւ Արգենտինայից, Հունաստանից, Դոմինիկյան Հանրապետությունից, Իսպանիայից, Կանադայից, Մեքսիկայից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, Պորտուգալիայից, Սենեգալից, Սերբիայից, Սլովակիայից, Ուկրաինայից եւ Ճապոնիայից:

Լուսանկարը` Getty Images


18 նորեկները

50-յակում 18 նոր մարզիկներ կան, որոնք նախկինում երբեք չէին ընդգրկվել լավագույնների թվում, եւս 6-ն էլ մինչ այդ եղել էին, բայց հեռագայում դուրս էին մնացել:

18-ից 10-ն ամերիկյան ֆուտբոլից են: Ազգային ֆուտբոլային լիգան խաղացողներին աշխատավարձից բացի նաեւ բոնուսային հավելավճար է առաջարկում, ինչը կտրուկ ավելացնում է նրանց եկամուտները:

Առանց կանանց

Վերջին անգամ ամենահարուստ մարզիկների ցանկում կին է ընդգրկվել 2023-ին: Այդ տարի Սերենա Ուիլյամսը վաստակել էր 45,3 մլն դոլար: 2025-ին իր եկամուտներով՝ 34,4 մլն-ով առաջատարը Կոկո Գաուֆն է:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին