Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում Ֆրանչեսկո Աչերբին «Բարսելոնա»-ի հետ խաղում խփեց «Ինտեր»-ի փրկիչ գոլն ու հանդիպումը տեղափոխեց ավելացված ժամանակ: Հետո Դավիդե Ֆրատեզին հեղինակեց հաղթական գոլն ու իր թիմին օգնեց դուրս գալ եզրափակիչ:
Սակայն նրա մասին չէ, որ պատմելու ենք, այլ հենց Աչերբիի, որը 2 անգամ կարողացել է հաղթահարել քաղցկեղը, փոխել է կյանքի փիլիսոփայությունն ու նորովի սիրել ֆուտբոլը:
Բաց թողնված հնարավորությունը
Ֆրանչեսկո Աչերբին ծնվել է Միլանում ու ողջ պատանեկության ընթացքում երազել խաղալ համանուն թիմում: Սակայն մեկնարկել է միջակ ու թույլ թիմերում, հանդես եկել 4-րդ ու 3-րդ դիվիզիոններում, վարձավճարով բազում թիմերում եղել ու վերջապես հայտնվել «Միլան»-ում, որին ինքն ու իր շրջապատի մարդիկ երկրպագուն էին ողջ սրտով:
«Երբ «Միլան»-ի մարզաշապիկը ստացա, աչքերիս չէի հավատում: Փոքր տարիքում հեռուստացույց էի նայում ու երկրպագում այդ ակումբին: Ու մեկ էլ դարձա «Միլան» -ի ֆուտբոլիստ: Ուզում էի ակումբի լեգենդներից մեկը դառնալ, բայց ամեն ինչ փչացրի»:
Աչերբին իրեն սկսեց աստղ զգալ, կորցրեց զգոնությունն ու այդպես էլ չհասավ նպատակին՝ չկարողանալով թիմի առաջատարներից մեկը դառնալ: Նա խախտում էր ռեժիմը, մարզումներին հայտնվում անքուն գիշերներից հետո, չարաշահում վնասակար սնունդն ու ալկոհոլը: Բայց «Միլան»-ում նրա հետ մեծ հույս էին կապել՝ տվել էին լեգենդար Ալեսանդրո Նեստայի 13 համարն ու աստիճանաբար ընդգրկում էին հիմնական կազմում:

Լուսանկարը` AC MIlan
Աչերբին չարդարացրեց սպասելիքներն ու չդիմացավ թեժ մրցակցությանը: Կես տարի անց վարձավճարով տեղափոխվեց «Ջենոա», որը ֆուտբոլիստին անմիջապես ուղարկեց «Կիեւո», ամիսներ անց էլ արդեն «Սասուոլո»-ում էր:
Անգամ դրանից հետո էր Աչերբին շարունակում գիշերային կյանք վարել, մինչեւ որ նրա կյանքում հայտնվեց քաղցկեղը:
Հիվանդությունը փոխեց ֆուտբոլիստին
Քաղցկեղն անսպասելի եկավ՝ 2013 թվականի ամռանն Աչերբին բողոքում էր գլխացավերից ու ցավից առհասարակ: Մրցաշրջանի մեկնարկից առաջ անալիզներ հանձնեց, որն էլ ի հայտ բերեց հիվանդությունը: Բժիշկներն անմիջապես առաջարկեցին վիրահատություն անել, ֆուտբոլիստը համաձայնեց:
Դրանից հետո Աչերբիին երկար վերականգնում էր սպասվում, ինչին մատների արանքով էր նայում՝ առավոտյան խմում էր դեղերն ու վարժություններ անում, երեկոյան նորից խնջույքների մասնակցում:
Թեեւ բուժվեց, սակայն կենսակերպը չփոխեց: Կես տարի անց նրա վիճակը նորից վատացավ՝ նորմայից շեղումներն ի հայտ եկան սովորական հակադոպինգային թեստի ժամանակ: Քաղցկեղը նորից էր վերադարձել, եւ այդ անգամ Աչերբին քիմիաթերապիա անցավ:

Լուսանկարը` Sky Italia
««Միլան»-ում ինձ անպարտելի ու ազատ էի զգում: Անում էի այն, ինչ ուզում էի, թեեւ խաղադաշտում բնավ էլ ամենաուժեղը չէի: Ֆիզիկապես էի ամուր ու բարդ հանդիպումներում դա ինձ օգնում էր: Բայց քաղցկեղը ցույց տվեց, որ անպարտելի չեմ: Եթե հասել եք իմ մակարդակին, բայց իսկական մարզիկի կյանքով չեք ապրում, վաղ թե ուշ պատասխան եք տալու:
Կարող է տարօրինակ թվալ, բայց հիվանդությունից հետո դարձա այն ֆուտբոլիստը, որի մասին երազում էի: Երկար տարիներ ամեն ինչ ստանում էի միայն իմ բնատուր տվյալների շնորհիվ: Խաղում էի, բայց կիրք չունեի: Մայրիկն էր ինձ ստիպում մարզումների գնալ, ինքս չէի ուզում: Ինձ այլ բան էր պետք:
Երբ բժիշկներն ասացին, որ կարող եմ հիվանդության պատճառով դադարել խաղալ, ամեն բան փոխվեց: Քիմիաթերապիայից հետո ֆուտբոլ վերադառնալու շատ քիչ շանսեր ունեի, ու ես օգտվեցի դրանցից:
Հիվանդությունից հետո սկսեցի ընտանիքիս մասին մտածել, ոչ թե իմ: Թողեցի զվարճանքն ու սկսեցի ապրել սովորական կյանքով, մարզվում էի, վազում, երեկոյան մտերիմներիս հետ անցկացնում: Կարգապահությունը հաղթում է չարիքին եւ ապաքինվելու հույս տալիս: Ես փոխվեցի:
Հիմա օրական երկու անգամ աղոթում եմ ու աշխատում սխալներս ուղղել: Հրաժարվել եմ այն մարդկանցից, որոնք իմ կյանք բացասական էներգիա են բերում: Սկսել եմ բարին տարբերել չարից ու մտածել ամուր ընտանիքի մասին»:

Լուսանկարը` FC Inter
Պրոֆեսիոնալ դառնալու ուղին
Միայն փորձություններից հետո Աչերբին իսկական պրոֆեսիոնալ խաղացող դարձավ: «Սասուոլո»-ի գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն պատմել է, որ ապաքինվելուց հետո ֆուտբոլիստն առաջինն էր ժամանում թիմի մարզաբազա ու հեռանում վերջինը, ինչը նախկինում երբեք չէր եղել: Իսկ մարզումների եւ խաղերի ժամանակ ավելի շատ էներգիա էր ծախսում, քան թիմակիցները: Նա մի քանի ակումբների ուշադրության կենտրոնում հայտնվեց՝ այդ թվում անգլիական Պրեմիեր Լիգայից, բայց հրաժարվեց մեկնել, քանի որ ուզում էր շնորհակալություն հայտնել «Սասուոլո»-ին, որը ծանր պահերին իր կողքին էր:
«Իսկապես շնորհակալ եմ հիվանդությանս: Այն փոխեց ինձ, սովորեցրեց գնահատել գլխավոր արժեքները, ինչի արդյունքում էլ հասունացա: Հասկանում եմ, որ ամեն ինչ կարող էր վատ ավարտ ունենալ:
Հորս սիրտը հիվանդ էր, նա մի քանի կաթված տարավ ու մահացավ «Միլան»-ում իմ նորամուտից 4 ամիս առաջ: Ցավը փորձում էի ալկոհոլով բթացնել ու այդ ամենը վատ էր անդրադառնում ինձ վրա: Բայց կարողացա ամեն բան հաղթահարել: Ամեն օր, երբ ինքս ինձ հետ զրուցում էի, ավելի շատ էի ապաքինվում ու հոգեպես մաքրվում: Բուժվելուց հետո մեծ պլաններ ունեի»,- պատմել է նա:

Լուսանկարը` անձնական արխիվ
Կյանքի կարեւոր մարդիկ՝ կինն ու մարզիչը
2018-ին Աչերբին այնուամենայնիվ որոշեց հեռանալ «Սասուոլո»-ից ու տեղափոխվեց «Լացիո», որտեղ էլ ծանոթացավ Սիմոնե Ինձագիի հետ: Մարզիչը հիանում էր նրա որակներով ու մասնագիտական աճով:
«Սիմոնեն զարմանալի մարդ է: Նա պարզապես ասաց, որ ինձ դեռ երկար-երկար տարիներ ակումբի առաջատարի կարգավիճակում է տեսնում: Հարցրի. «Բայց ես 30 տարեկան եմ, լո՞ւրջ եք ասում», ու նա պատասխանեց. «Այո, «Լացիո»-ն քո մակարդակի քիչ պաշտպաններ է ունել»»:
Ակումբում նա 173 հանդիպում անցկացրեց, ապա տեղափոխվեց «Ինտեր», որտեղ նրան սպասում էր Ինձագին: Նա մարզչին իր կարիերայում կարեւորությամբ երկրորդ մարդն է համարում: Առաջինը կինն է՝ Կլաուդիա Սկարպարին, որի հետ ծանոթացել է 2020-ին, երբ համավարակի առաջին ալիքը մի քիչ թուլացել էր:
Կլաուդիան այդ հանդիպումն այսպես է հիշում. «Չեսկոյի հետ ծովափին ենք ծանոթացել: Նա որեւէ արտառոց բան չի արել, պարզապես այնպիսին էր, ինչպիսին կա՝ ժպտերես ու բարի: Հենց դա էլ գրավեց ինձ»:
Կարճ ժամանակում Կլաուդիան փոխեց ֆուտբոլիստին: Նախ նրանք երեխաներ ունեցան, ապա կինը աջակցեց, երբ նա հրաժարվեց բազմամիլիոնանոց պայմանգրից ու չցանկացավ մեկնել Սաուդյան Արաբիա: Ապա օգնեց վճռականություն ցուցաբերել ու Ինձագիի հրավերով տեղափոխվել «Ինտեր»:

Լուսանկարը` FC Inter
«Դա լուրջ մարտահրավեր էր 34-ամյա մարդու համար: Ուզում էի մեկնել, բայց կասկածներ ունի: Ի վերջո որոշիչ դարձավ Կլաուդիայի ձայնը: Նա պարզապես ասաց. «Ոչինչ էլ չես կորցնի, եթե տեղափոխվես, այստեղ արդեն ամեն ինչի հասել ես: Բայց շատ բան կկորցնես, եթե հրաժարվես «Ինտեր»-ից եւ ուժերդ չփորձես: Բացի այդ էլ ես միշտ քո կողքին կլինեմ»: Նրա խոսքերն ամեն ինչ փոխեցին»:
Հուսադրող մտքերը
«Մի քանի տարի առաջ եմ դադարել վախենալ: Մտածում էի, թե ի՞նչ կլինի, եթե հիվանդությունը վերադառնա: Ու որոշեցի, որ դեմ առ դեմ կդիմավորեմ նրան: Հիմա գիտեմ, անգամ մեկ օրվա ընթացքում ամեն ինչ կարող է փոխվել:
2014-ի հունվարին եմ սկսել քիմիաթերապիա անցել, կարծես զուգահեռ իրականությունում լինեի՝ ցավի ու համարձակության աշխարհում: Նրա մուտքը շատ ավելի մոտ է, քան կարծում ենք:
Հիվանդությունն ինձ ավելի լավ մարդ է դարձրել եւ օգնել ազատվել ափսոսանքից: Իմ շրջապատի հանդեպ ավելի ուշադիր եմ դարձել: Դադարել եմ երազել ու կենտրոնացել եմ իրական նպատակների վրա:
Հորս մահից հետո շատ մեծ անկում էի ունեցել, մոռացել էի, թե ինչի համար եմ առհասարակ խաղում: Սկսել էի ալկոհոլ օգտագործել եւ ամեն ինչ խմել:
Կարող է պարադոքս թվալ, բայց քաղցկեղն իրականում ինձ փրկել է: Կարծեք նորից սկսեցի ապրել եւ տեսա աշխարհը, որի մասին մոռացել էի: Սկսեցի հավատալ ինձ»:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: