Մայիս 09, 2025
exclusive
386 դիտում

Արսեն Ջուլֆալակյանը ծննդյան օրը կմեկնարկի Պանամերիկայի առաջնությունում


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Արսեն Ջուլֆալակյանը կարիերան ավարտելու մասին հայտարարեց 2021-ին․ «23 տարի, Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի, Աշխարհի գավաթակիր, Օլիմպիական փոխչեմպիոնի նվաճված տիտղոսներ, աննկարագրելի զգացողություններ, անթիվ-անհամար հիշողություններ…»,- գրել էր նա։ Սակայն  այս տարվա ապրիլին հայտնեց, որ մասնակցելու է Պանամերիկայի առաջնությանը։

 

Ջուլֆալակյանն այն մարդկանցից է, որ հաջողության հասավ ինչպես սպորտում, այնպես էլ ուսման մեջ։ Կարիերան ավարտելուց հետո աշխատանքի անցավ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում, անցկացնում է տարբեր հանդիպումներ աշխարհի տարբեր երկրներում։ Այսօր նրա ծննդյան օրն է ու մեր շնորհավորանքը փոխանցում ենք այս հոդվածով։

Հունահռոմեական ոճի ըմբիշն ասել է, որ մեծ հավանականությամբ Պանամերիկայի առաջնությունը կլինի իր վերջին մրցաշարը․ «Շատ լավ վիճակում եմ գտնվում ու պատրաստվում եմ հասնել հաղթանակի»։ Նա այժմ ավելի շատ բնակվում է Արգենտինայում, որի դրոշի ներքո էլ հենց ելույթ է ունենալու։ Մեխիկոյում կայանալիք առաջնությունը մեկնարկում է հենց այսօր։

Լուսանկարը` UWW


Հայաստանի հավաքականի կազմում դարձել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ԱԱ ու ԵԱ արծաթե ու կրկնակի բրոնզե մեդալակիր է։

Ջուլֆալակյանը տարիներ առաջ ընտրվել էր Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, փորձում էր օրենսդրական փոփոխությունների միջոցով նպաստել Հայաստանում սպորտի զարգացմանը։ Սակայն կարճ ժամանակ անց՝ նա հրաժարվեց մանդատից։ Մինչ այսօր էլ գործող իշխանության ամենաթունդ քննադատողներից է եւ բարձրաձայնում է վերջիններիս վարած սխալ քաղաքականության հետեւանքով ստեղծված իրավիճակը։

«Պատմությունը ցույց է տալիս, որ շատ բան կախված է անհատներից: Պատերազմ սկսողը չունի մարդասիրական դրսեւորումներ, սեր, սրտացավություն: Այդպիսի մարդկանց, կարծում եմ, հնարավոր չէ կանգնեցնել:

Ափսոսում եմ, որ իմ սիրելի մարդկանց սեր քիչ եմ խոստովանում, նյարդային վիճակում ինչ-որ մեկին վիրավորում եմ, որ ավելի բարձր կարգի մեդալներ կարող էի նվաճել, բայց չեմ արել:

Լուսանկարը` UWW


Երբ 9-րդ դասարանում որոշեցի համալսարան ընդունվել, հայրս ասաց, թե երկու նապաստակի հետեւից եմ ընկել ու երկուսն էլ կկորցնեմ: Այդ ժամանակ խախտում էի սպորտային ռեժիմը, սակայն  անչափ մեծ բավարարվածություն զգացի, երբ ապացուցեցի, որ հնարավոր է երկուսն էլ ունենալ եւ երկուսում էլ բարձրակարգ լինել:

Սպորտում դու քո ես-ը զոհաբերում ես, որպեսզի հասնես այն ես-ին, որի մասին երազում ես: Ըմբշամարտը երեւի խլել է երիտասարդությունից ինչ-որ ժամանակ, բայց ես երբեք չեմ ափսոսում: Ես սպորտով կարողացել եմ պատմություն կերտել ոչ միայն իմ, այլ նաեւ իմ երկրի համար»,-տարիներ առաջ Mediamax Sport-ին ասել էր Ջուլֆալակյանը:

Արսենն ավարտել է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 2012-ին պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ 2014-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Լուսանկարը` UWW


«Ես ապրել եմ ըմբշամարտի մեջ, հայրս հաղթանակներով ու մեդալներով վերադառնում էր տուն, ու բոլորս անսահման ուրախ էինք լինում: Այս ամենը չէր կարող հետք չթողնել ինձ վրա, սակայն մասնագիտության ընտրությունն ինքս եմ կայացրել: Ոչ ոք չի պարտադրել, պարզապես միջավայրը, որում մեծացել ենք ես ու եղբայրս, նպաստել է, որպեսզի հետագայում ընտրենք այս մարզաձեւը: Կարծում եմ, եթե հայրս չլիներ ըմբիշ, եթե ես չապրեի Գյումրիում, ապա չէի ընտրի այս ճանապարհը»։

Հոր՝ Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի հետ համատեղ աշխատանքի մասին մեզ հետ զրույցում ասել է հետեւյալը․ «Հայրս ամեն ինչի հասել է ու ոչինչ կիսատ չի թողել: Մարզումների ժամանակ երբեք տարբերություն չի դրել իմ ու մյուս ըմբիշների միջեւ: Բայց կան չարախոսներ, որոնք չհիմնավորված բաներ են ասում, ու դու վիրավորվում ես: Սպորտը շատ պարզ բանաձեւ ունի. եթե դու հաղթեցիր, բոլոր հարցերը փակված են, կապ չունի որդի ես, ծանոթ, թե անծանոթ: Հաղթում ես՝ ուրեմն լավագույնն ես»:

Արսեն Ջուլֆալակյանն ամուսնացած է եւ ունի երկու աղջիկ։ Այժմ նա շատ ակտիվ գործունեություն է ծավալում UWW-ում եւ մարզիկների հանձնաժողովի նախագահն է, մի քանի օր առաջ դարձել է նաեւ UWW-ի անկախ մրցավարական խմբի անդամ։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին