Մայիս 05, 2025
exclusive
242 դիտում

Հերթական ոչ սպորտային միջադեպը «Նոա»-ի մասնակցությամբ․ Մեր ֆուտբոլի հակառակ կողմը


Լուսանկարը` FC NOA

Լուսանկարը` FC VAN

Լուսանկարը` FC NOA

Լուսանկարը` FC VAN


Հայաստանի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրի ամենալարված մրցավեճը կայացավ Չարենցավանում՝ «Վան»-«Նոա»։

Այս հանդիպումից առաջ թիմերն իրար հետ մրցել էին Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում, որտեղ 2 խաղի արդյունքում եւ շատ դժվարությամբ առավելության էր հասել «Նոա»-ն։ Դրանք անցել էին գերլարված մթնոլորտում եւ թեժ կրքերը փոխանցվել նաեւ այս խաղին։ «Նոա»-ն հաղթանակի պարագայում վաղաժամ կապահովեր չեմպիոնությունը, բայց Վահե Գեւորգյանն արդեն ցույց էր տվել, որ հակախաղ է գտել առաջնության հեգեմոնի դեմ՝ ամուր պաշտպանություն եւ արագ հակագրոհներ։

Լուսանկարը` FC VAN


Մինչ զուտ ֆուտբոլային պայքարից խոսելն  անդրադառնանք խաղավարտին մոտ տեղի ունեցած տգեղ իրադարձություններին։ «Նոա»-ից Գոնսալու Գրեգորիուն մոտեցավ մրցակցի մարզչին եւ մի քանի «ոչ կոռեկտ» արտահայտություններ ուղղեց վերջինիս։ Տաքարյուն Վահե Գեւորգյանն էլ կարծես սպասում էր նման առիթի իր մեջ կուտակված էմոցիաները պարպելու համար եւ սկսեց հայհոյախառն բղավոցներ արձակել ի պատասխան պորտուգալացի ֆուտբոլիստի։

Մրցավարն արագ արձագանքեց միջադեպին՝ հեռացնելով անախորժ իրադարձության 2 մասնակիցներին։ Բայց դրանով, իհարկե, դրվագը չավարտվեց․ Գեւորգյանը չէր համաձայնվում լքել խաղադաշտը՝ փորձելով դեմ առ դեմ խոսել Գրեգորիուի հետ։ Այս հույզերն աստիճանաբար փոխանցվեցին տրիբունա, որտեղից 2 թիմերի ուղղությամբ էլ սկսեցին տարատեսակ իրեր նետվել (բարեբախտաբար ոչ ոք վնասվածք չստացավ)։ Բախումներ եղան անգամ երկրպագուների միջեւ եւ այս լարված իրավիճակը շարունակվեց մոտ 15 րոպե՝ պատճառ հանդիսանալով խաղն ընդմիջելուն։

Լուսանկարը` FC NOA


Խաղավարտից հետո երկկողմանի մեղադրանքներ հնչեցին։ Սա արդեն առաջին դեպքը չէ, որ «Նոա»-ի ֆուտբոլիստներն ու մարզիչներն աչքի են ընկնում նման ոչ սպորտային պահվածքով։ Նման միջադեպեր գրանցվել էին թե՛ «Շիրակ»-ի, թե՛ «Արարատ-Արմենիա»-ի, թե՛ հենց «Վան»-ի հետ հանդիպումներում։ Հատկապես պորտուգալացի ֆուտբոլիստների մոտ կարծես նորմալ է հայհոյել մրցակցին եւ խուսափել պատասխանատվությունից։

«Նոա»-ի մարզչական շտաբը բացատրում է այս բոլոր միջադեպերն իրենց նկատմամբ եղած բացասական տրամադրվածությամբ, սադրելու փորձերով եւ միշտ մեղքը բարդում է մրցակցի վրա։ Նման գործելաոճն, անշուշտ, հարիր չէ այսպիսի հզոր կազմ ու մեծ հնարավորություններ ունեցող թիմին։ ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն պետք է խորապես հետազոտի այս եւ սրան նախորդող դրվագները եւ մեղավորները պետք է կրեն շոշափելի պատիժներ։ Ֆուտբոլիստներն ու մարզիչները պետք է հասկանան, որ իրենց պայքարը խաղադաշտում է, ոչ թե դրանից դուրս։ Հակառակ դեպքում կարող են փոխարինել մարզաձեւը՝ անցնելով մարտեր առանց կանոնների։ Ֆուտբոլասերները պետք է վերջապես հասկանան, թե մրցակից թիմերի մարզիչներն ու ֆուտբոլիստներն են անընդհատ սադրում առաջնության առաջատարին, թե՞ հակառակը, քանզի նման կեղտոտ միջադեպերը հիասթափեցնող են եւ միայն բացասաբար են ազդում առաջնության վարկանիշի վրա։

Լուսանկարը` FC VAN


Իսկ զուտ խաղը մեկնարկել էր Ռուի Մոտայի ղեկավարած թիմի առավելությամբ, որն անընդհատ վերահսկում էր գնդակը եւ փորձում բարձր տեմպ հաղորդել։ Չարենցավանցիները հիմնականում պաշտպանվում էին՝ հազվադեպ հակագրոհելով։ Խաղակեսի միջնամասին մոտ «Վան»-ը հարմարվեց առաջարկվող տեմպին եւ սկսեց ավելի շատ հակագրոհել։ Եւ, ինչպես հաճախ լինում է ֆուտբոլում, գրոհեց մի թիմ, բայց հաջողության հասավ մյուսը։ Կարեն Նալբանդյանը տուգանայինից կատարած շքեղ հարվածով բացեց հաշիվը։ Դրանից հետո «Վան»-ը կրկին անցավ խորը պաշտպանության՝ ապավինելով երկար փոխանցումներով հակագրոհներին։

Երկրորդ խաղակեսը սկսեց «Նոա»-ի առավելությամբ՝ վերահսկում էին գնդակը ու փորձում հավասարեցնել հաշիվը։ Բայց «Վան»-ը կրկին առաջ անցավ, որից հետո  անցավ ամուր պաշտպանության։ Մրցակիցը չէր կարողանում մոտենալ տուգանային հրապարակին, ուստի նախընտրում էր գնդակը բարձրից մատակարարել այնտեղ։ Հենց այսպիսի մի հախուռն գրոհի շնորհիվ էլ հաշիվը հավասարվեց։

Գերլարված ու դիտարժան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ հետաձգելով «Նոա»-ի չեմպիոնությունը։


Դավիթ Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին