Այսօր 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի ծննդյան օրն է:
Օլիմպիական ոսկի ունեցող միակ հայ բռնցքամարտիկն այդպես էլ Աշխարհի ոսկե մեդալակիր չի դարձել, քանի որ մրցաշարը սկսել են անցկացնել 1974 թվականից, երբ Ենգիբարյանն արդեն ավարտել էր կարիերան: Փոխարենը նա երկար տարիներ ընդգրկվել է սիրողական բռնցքամարտի լավագույն մարզիկների ցանկում:
Ընտանիքի ամենակրտսեր երեխան՝ Վլադիմիրը ծնվել է 1932 թվականի ապրիլի 24-ին Երեւանում: Հայրը նրան կոչել է մեծ հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի պատվին:
Բռնցքամարտի հետ առաջին ծանոթությունը տեղի է ունեցել 1946 թվականին, երբ 14 տարեկանում պատահաբար հայտնվել է մարզադահլիճում: Ամառային արձակուրդն Ալավերդիում քրոջ տանն էր անցկացնում եւ ազատ ժամերին հետեւում էր հասակակից տղաների մարզումներին: Այդպիսի օրերից մեկի ժամանակ էլ մարզիչ Արտեմ Հարությունովը նկատել է միայնակ կանգնած Ենգիբարյանին ու նրան մի զույգ ձեռնոց նետել: Նա հաճույքով է ընդունել այդ մարտահրավերն ու մեկընդմիշտ սիրահարվել է բռնցքամարտին:

Լուսանկարը` Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի արխիվից
3 տարի անց իր աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ Ենգիբարյանն արդեն ԽՍՀՄ-ի բրոնզե մեդալակիր էր, ինչի շնորհիվ հավաքականում ընդգրկվելու իրավունք վաստակեց: Բայց մարզիչները չէին շտապում նրան միջազգային խոշոր մրցումների տանել եւ դուրս թողեցին 1952 թվականին Հելսինկիի Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների ցանկից:
Դա չկոտրեց Ենգիբարյանի ոգին ու չխանգարեց նրան մեկ տարի անց հիանալի ելույթ ունենալ Վարշավայում կայացած Եվրոպայի առաջնությունում: Բռնցքամարտիկն առանց դժվարության հաղթեց բոլոր մրցակիցներին ու Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած սովետական առաջին բռնցքամարտիկը դարձավ:
Օլիմպիական խաղերում եւս Ենգիբարյանն անպարտելի էր, նա փայլուն հաղթանակներ տարավ բոլորի նկատմամբ ու հետաքրքիր ցուցանիշ գրանցեց՝ դառնալով Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակված ԽՍՀՄ-ը ներկայացնող 2-րդ բռնցքամարտիկը:
Ենգիբարյանը սովորաբար բոլորի ուշադրության կենտրոնում էր հայտնվում ոչ միայն իր նվաճումների, այլ նաեւ արտաքին տեսքի շնորհիվ՝ հետեւում էր նորաձեւությանն ու շատ կոկիկ հագնվում: Մրցաշարերից վերադառնալիս էլ պարտադիր արտասահմանյան նվերներ էր բերում ընկերների ու հարազատների համար: Սակայն մի բանի հարցում պահպանողական էր. նա ճանապարհորդում էր հին ճամպրուկով, ու որքան էլ խորհուրդ էին տալիս այն դեն նետել ու նորը գնել, չէր լսում: «Ես շարունակելու եմ պահպանել իմ անցյալը»,- պատասխանում էր նա:

Լուսանկարը` Ria Novosti
Երկրպագուները Ենգիբարյանին հիշում են մարդկային հիանալի որակների շնորհիվ: Իր հուժկու հարվածներից հետո չէր փորձում միանգամից տապալել մրցակցին, համոզվում էր, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, ժամանակ էր տալիս ուշքի գալու, նոր միայն շարունակում էր գրոհը:
Ենգիբարյանի ոճը կազմում էին մեծ արագությունը, ֆենոմենալ ռեակցիան ու անկրկնելի պլաստիկան: Դրան գումարվում էին տարիների ընթացքում տքնաջան մարզումներում ձեռք բերված գեղեցիկ տեխնիկան ու մենամարտելու միայն իրեն հատուկ ոճը: Ռինգում նա միշտ ակտիվ էր ու դինամիկ, չափազանց լավ էր եւ հարձակվում, եւ պաշտպանվում:
«Իմ կարիերայի ընթացքում ես ոչ մի անգամ անգամ նոքդաունի չեմ ենթարկվել,- սիրում էր հպարտությամբ ասել Ենգիբարյանը,- նայեք դեմքիս, ոչ մի սպի չկա, իսկ ձեռքերս վնասված են, որովհետեւ ես եմ ուրիշներին ծեծել»:
Նա համարյա անգերազանցելի էր ռինգում՝ սիրողական բռնցքամարտում անցկացրած 267 մենամարտերից հաղթել է 255-ում:

Լուսանկարը` Ria Novosti
Ենգիբարյանը խորհրդային այն եզակի մարզիկներից էր, որի անունն ու փառքը հատել էին ԽՍՀՄ-ի սահմաններն, իսկ նրա մասին գրում էին նաեւ արտասահմանյան լրատվամիջոցները:
Անգլիական «Boxing news» ամսագիրը նրան համարում էր սիրողական բռնցքամարտի հպարտություն. «Ենգիբարյանը տեխնիկապես չափազանց ուժեղ է, ֆիզիկապես հիանալի է պատրաստված եւ գիտի` ինչպես չափից շատ չմարզվել: Ոտքերի հիանալի աշխատանքը, բացառիկ ռեակցիան եւ հարվածների հարուստ բազմազանությունը նրա այցեքարտերն են»:
«Նա ամերիկյան սեւամորթ բռնցքամարտիկների ոճն ունի: Ենգիբարյանն աշխարհի ամենալավ բռնցքամարտիկներից մեկն է»,- այսպես էլ նրան գնահատել է ֆրանսիական «L’Equipe» թերթը:
Արեւմտյան լրատվամիջոցները նրան հաճախ էին նմանեցնում այդ տարիների լավագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ջո Լուսիսին, որի պաշտպանությունն անկասելի էր, իսկ հարվածները՝ չափազանց ուժեղ: Խորհրդային սպորտային թերթերն էլ չէին կարող ժխտել, որ հենց Ենգիբարյանով է սկսվել տեխնիկական ու գեղեցիկ բռնցքամարտը ԽՍՀՄ-ում, ուր մինչ այդ գերակշռում էր միայն կոպիտ ուժը:

Լուսանկարը` Photolure
Իր կարիերան Ենգիբարյանն ավարտեց 1960 թվականի Օլիմպիական խաղերի ավարտից հետո: Հռոմ նա հաղթողի հիմնական հավակնորդի կարգավիճակում էր մեկնել, սակայն ուսի վնասվածքի պատճառով 1/4 եզրափակչից լքեց պայքարն ու որոշեց թողնել սպորտը: Սակայն բռնցքամարտից չհեռացավ եւ իր փորձն ու գիտելիքները փոխանցում էր պատանիներին: Այն դպրոցը, որտեղ նա երկար տարիներ աշխատել էր, հետագայում կոչվեց Ենգիբարյանի անունով: Հիմա էլ մարզադպրոցն ամենաակտիվներից է երկրում ու մի շարք տաղանդավոր սաներ է պատրաստել: Ենգիբարյանը նաեւ միջազգային կարգի մրցավար էր ու աշխատել է մի շարք խոշոր մրցաշարերի ժամանակ:
1993 թվականին Ենգիբարյանն ընտանիքի հետ տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ սկզբնական շրջանում մարզչական գործունեությամբ էր զբաղվում: Մահացել է 2013 թվականի փետրվարի 1-ին, նրա աճյունը տեղափոխվել է հայրենիք եւ ամփոփվել Երեւանի քաղաքային պանթեոնում:
«Բռնցքամարտը սովորեցնում է ոչ թե կռվել, այլ մտածել, այն մտքի ու ուժի միասնություն է: Ինձ համար կարեւոր է, որպեսզի բռնցքամարտիկը, որքան հնարավոր է, երկար դիմանա ռինգում: Իսկ կայունության հասնում է ոչ միայն նա, ով ուժեղ է եւ քաջ, ով հիասքանչ տեխնիկա ունի. երկարակեցության գլխավոր պայմանը ռինգում մտածելու ունակությունն է: Պետք է հավատալ հաջողությանն ու այն անպայման կգա: Հոգու խորքում մի կուտակեք բացասականը, սիրեք իրար»,- սիրում էր ասել նա:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: