Առաջնության 26-րդ տուրը, ցավոք, հարուստ չէր առաջատար քառյակը ներկայացնող թիմերի առճակատումներով։ Հաճախ որակյալ խաղամակարդակ կարելի է տեսնել հենց այս խաղերում, սակայն առանց դրանց էլ առաջնությունում կրքերը եռում են։ Առաջատարներից մեկը սայթաքեց, ինքնագոլեր գրանցվեցին, ինչպես նաեւ եղան կարմիր քարտեր, իրական բեսթսելլերի համար ամեն ինչ ապահովված էր։ Ուստի եթե չեք հետեւում առաջնությանը, ապա հիմա ճիշտ պահն է սեփական սխալն ուղղելու Sport Mediamax-ի հետ։
«Վեստ-Արմենիա»-«Արարատ»՝ 2:1
Թերեւս ոչ այդքան ուշագրավ այս մրցավեճը եւս հետաքրքրություն ձեռք բերեց մրցավարական որոշումների շնորհիվ։ Առաջին խաղակեսի սկզբնամասում ավելի ակտիվ էր «Արարատ»-ը՝ երկար փոխանցումներով հարվածային դիրքեր դուրս բերելով ֆիզիկապես շատ ամուր եւ ամրակազմ Կալիֆա Դումբիային ու Հենրի Բահին։
Բայց առաջին խաղակեսը ուշագրավ դարձրեց Բադեմ Դիաբիրայի կոպիտ խախտումը, ինչն արժանիորեն պատժվեց կարմիր քարտով՝ թողնելով «Արարատ»-ին ծանր իրավիճակում։ Ստանալով թվային առավելություն՝ Պատրիկ Պապյանի սաները սկսեցին գնդակի երկար խաղարկումներով գրոհել ու փորձել հոգնեցնել մրցակցին։ Բայց «Արարատ»-ը չէր զիջում նախաձեռնությունը եւ հաճախ չէր էլ զգացվում, որ թիմը մնացել է 10 ֆուտբոլիստով։
2-րդ խաղակեսում «Վեստ-Արմենիա»-ի ֆուտբոլիստներն ավելի թարմ էին, ինչն էլ խթան հանդիսացավ վերջապես բացելու խաղի հաշիվը։ Թեեւ «Արարատ»-ը կարողացավ հեղինակել պատասխան գնդակը, բայց խաղավարտին մոտ «Վեստ-Արմենիա»-ն իր կողմը թեքեց հաղթանակի նժարը՝ հասնելով երկար սպասված հաղթանակի։

Լուսանկարը` FC Ararat
«Շիրակ»-«Վան»՝ 0:1
Այս խաղը կարելի է բնութագրել ընդամենը մի քանի բառով՝ ֆիզիկական անզիջում պայքար խաղադաշտի յուրաքանչյուր հատվածում։ Երկու թիմերն էլ բաձր պրեսինգի էին դիմում, գրոհները կառուցում երկար ուղղահայաց փոխանցումներով՝ հատկապես ապավինելով արագաշարժ եզրային խաղացողների որակներին։
Հանդիպումը դիտարժան չէր, չնայած որ կային հարվածներ, գրոհներ, վտանգավոր պահեր, բայց հիմնականում ընթանում էր կոշտ ու հաճախ կոպիտ պայքար։ Զարմանալի չէ, որ մրցավարն 9 անգամ դիմեց դեղին քարտի օգնությանը։ Սովորաբար նմանատիպ խաղերում 1 գոլը որոշիչ է լինում, եւ այս մեկն էլ բացառություն չէր։ Այս անգամ հաջողությունը «Վան»-ի կողմն էր, եւ Վահե Գեւորգյանի թիմը վաստակեց անչափ կարեւոր 3 միավոր՝ շարունակելով լավագույն քառյակում հայտնվելու հույսեր փայփայել։
Իսկ «Շիրակ»-ը չկարողացավ սեփական հարկի տակ արժանի նվեր մատուցել կարիերայում 600-րդ խաղն անցկացնող Հրայր Մկոյանին։

Լուսանկարը` FC Van
ԲԿՄԱ-«Նոա»՝ 1:5
Կրկին ջախջախիչ հաշիվ «Նոա»-ի մասնակցությամբ խաղում, ինչը սակայն զարմանալի չէ։ Բանակայինները մի քանի օր առաջ էին հանդիպել առաջնության առաջատարին եւ կրել սպասելի պարտություն՝ ցուցադրելով արժանի խաղ։ Այս անգամ Արմեն Գյուլբուդաղյանցը դիմել էր կազմի ռոտացիայի՝ հնարավորություն ընձեռելով ավելի քիչ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստների։
Գուցե սա Մ -21-հավաքականի սպասվող խաղերից առաջ լավ փորձառություն էր նրանց համար։ Հաճելի է այն փաստը, որ «ԲԿՄԱ»-ն չի վախենում հարձակվողական ֆուտբոլ խաղալ նաեւ նման ահեղ մրցակցի հետ։ Բայց ֆուտբոլային ռոմանտիզմը հազվադեպ է արդյունք բերում։ «Նոա»-ի ֆուտբոլիստները ագրեսիվ պրեսինգի էին դիմում՝ ստիպելով մրցակցին սխալվել։ Մի քանի նման սխալներ հանգեցրին «Նոա»-ի առավելությանը։
Երկրորդ խաղակեսում Արմեն Գյուլբուդաղյանցը խաղադաշտ մտցրեց թիմի առաջատարներին, ովքեր կարողացան որոշ ժամանակ հավասարեցնել խաղը։ Հենց այս ժամանակահատվածում եղավ Միսաք Հակոբյանի հեղինակած շքեղ գոլը, բայց առաջնության առաջատարը հաջորդ իսկ գրոհին վերականգնեց հաշվի տարբերությունը։ Նկատելի է, որ Ռուի Մոտայի թիմն ունի չեմպիոններին բնորոշ սառնասրտություն՝ վերցնելով 3 միավոր այն խաղերում, որոնցում պարտավոր է։ Այս անգամը եւս բացառություն չեղավ եւ «Նոա»-ն գրանցեց 17 րդ անընդմեջ հաղթանակը՝ դառնալով Հայաստանի առաջության ֆանտաստիկ ռեկորդի հեղինակ։

Լուսանկարը` FC BKMA
«Փյունիկ»-«Գանձասար»՝ 3:1
Թվում էր, թե առաջատարների շարքում ընթացող «Փյունիկ»-ը չպետք է խնդիրներ ունենար առաջնության հետնապահ «Գանձասար»-ի հետ, բայց դա ամենեւին էլ այդպես չէր։ Եղիշե Մելիքյանի թիմն ունի ակնհայտ խնդիրներ հարձակման գծում։ Չկան հիմնական կազմի ֆուտբոլիստներին արժանի փոխարինողներ՝զրկելով մարզիչն ռոտացիայի հնարավորությունից։
Ուստի զարմանալի չէ որ ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում «Փյունիկ»-ը գրոհում էր, բայց միշտ ինչ-որ մի բան չէր հերիքում։ Իսկ «Գանձասար»-ը խաղից խաղ ավելացնում է՝ ցույց տալով, որ կարող է ամուր պաշտպանվել եւ վտանգավոր հակագրոհել։ Ահա այդպիսի հակագրոհներից մեկն էլ պսակվեց հաջողությամբ՝ կրկին ինքնագոլ այս անգամ «Փյունիկ»-ի փորձառու պաշտպան Սերգեյ Վակուլենկոյի կատարմամբ։

Լուսանկարը` FC Pyunik
Երկրորդ խաղակեսում «Փյունիկ»-ի կազմում խաղադաշտ դուրս եկան Սերժ Դեբլեն եւ Յուսուֆ Օտուբանջոն։ Վերջինս հաճախ նահանջում էր՝ խորքից կազմակերպելով թիմի գրոհները։ Եվ զարմանալի չէ, որ երեւանյան թիմն ընդամենը 2 րոպեում հաշվի մեջ առաջ անցավ եւ ապավինեց հակագրոհների մարտավարությանը։
Հետնապահի հետ խաղում եղած բարդությունները չէին կարող չնյարդայնացնել Եղիշե Մելիքյանին, ով բուռն էր արձագանքում մրցավարի կայացրած յուրաքանչյուր որոշման, քիչ էր մնում պատռեր սեփական բաճկոնը եւ անգամ զգուշացվեց դեղին քարտով։ Իսկ խաղի վեջնամասը զարդարեց «Փյունիկ»-ի նորեկ Մատաս Վարեյկայի գրեթե կիսադաշտից խփած գեղեցիկ գոլը, որը «տապանքար» դրեց «Գանձասար»-ի սենսացիա անելու հույսերին։
«Ալաշկերտ»-«Ուրարտու»՝ 1:1
Այս տուրի թերեւս ամենաշատ իրադարձություններով հանդիպումը տեղի ունեցավ Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային մարզադաշտում։ Առաջատարների շարքում ընթացող «Ուրարտու»-ն մրցում էր հետնապահներից «Ալաշկերտ»-ի հետ։ Գունկոյի սաները այս խաղին մոտեցել էին «Արարատ-Արմենիա»-ից կրած ծանր պարտությունից հետո՝ ընդհատելով 5 խաղ տեւող հաղթական շարքը։
Ինչպես նախորդ խաղում՝ այս անգամ եւս «Ուրարտու»-ն անցկացրեց իր կարողություններից թույլ առաջին խաղակես։ Գրոհները հիմնականում ընթանում էին Բռունո Միշելի եզրով, բայց դրանց եզրափակման փուլում միշտ ինչ-որ բան պակասում էր։ Սրան հակառակ «Ալաշկերտ»-ն անցկացրեց որակյալ առաջին խաղակես՝ հատվածաբար վերցնելով նախաձեռնությունը։ Ընդհանուր թիմի ֆոնին հատկապես առանձնանում է Գեւորգ Տարախչյան եւ Սարգիս Մեթոյան զույգը, ովքեր հակագրոհների ընթացքում անընդհատ լարվածության մեջ էին պահում «Ուրարտու»-ի ֆուտբոլիստներին։
Սակայն առաջին խաղակեսի ամենաուշագրավ իրադարձությունը կապված է մրցավարական հակասական որոշման հետ։ «Ալաշկերտ»-ի դարպասին նշանակված անկյունայինի խաղարկման ժամանակ շատ կասկածելի դրվագ եղավ՝ կապված Պավել Կիրիենկոյի ձեռքով խաղի հետ։ Երկար զննումներից հետո մրցավարը որոշեց չնշանակել 11-մետրանոց՝ որակելով դրվագը որպես ուսով խաղ, ինչն առնվազն շատ կասկածելի էր։ Սակայն սրանով վիճահարույց իրադարձությունները չավարտվեցին։
2-րդ խաղակեսի սկիզբը ոչնչով չէր տարբերվում առաջինից՝ նորից թիմերի համառ պայքար ու փոխնիփոխ գրոհներ էին։ Սակայն մարզական բախտը ժպտաց «Ալաշկերտ»-ին, որը հաջողության հասավ Դմիտրի Տիխիի ինքնագոլի շնորհիվ, ինչում շատ մեծ էր Գեւորգ Տարախչյանի ձեռնարկած պրեսինգի դերը։

Լուսանկարը` FC Urartu
Այս իրադարձությունը արթնացրեց «Ուրարտու»-ին թմբիրից՝ ստիպելով դիմել փոփոխությունների։ Դրանից հետո «Ուրարտու»-ն միացրեց շարժիչները եւ «Ալաշկերտ»-ի պաշտպաններն ուղղակի չէին հասցնում մրցակցի հետեւից։ Սրա արդյունքում եղավ երկրորդ վիճահարույց դրվագը, երբ Արմեն Մանուչարյանը կարծես թե վերջին հույսի խախտում թույլ տվեց Օլեգ Պոլյակովի նկատմամբ։ Ճիշտ է վերջինիս դեռ կարող էր հասնել «Ալաշկերտ»-ի մյուս կենտրոնական պաշտպան Աննան Մենսահը, բայց դա քիչ հավանական էր։ Այնուամենայնիվ խաղի մրցավարը որոշեց սահմանափակվել դեղին քարտով, ինչն արժանացավ«Ուրարտու»-ի մարզչական շտաբի դժգոհությանը։
Կատարյալ խառնաշփոթ ստեղծելով մրցակցի տուգանայինում՝ «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր էին ստեղծում, սակայն կա՛մ փայլում էր Վալերիո Վիմերկատին, կա՛մ չէր բավարարում դիպուկությունը։ Եվ խաղի ամենալարված պահին եղավ 11-մետրանոցի դրվագ, երբ կրկին Արմեն Մանուչարյանը խախտեց կանոնները։ Սկզբից մրցավարը չէր նկատել խախտում տուգանային հրապարակում, եւ այդ պահին լսվեցին Դմիտրի Գունկոյի զայրացած բղավոցները, բայց VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո, որոշեց 11-մետրանոց նշանակել հօգուտ «Ուրարտու»-ի։ Հաշիվը հավասարեցրեց սեպտեմբերից հետո առաջին անգամ խաղադաշտ վերադարձած Միքայել Միրզոյանը, բայց դրանից ավել Դմիտրի Գունկոյի սաները չկարողացան անել։
Դավիթ Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: