Մայիս 09, 2025
exclusive
398 դիտում

Բազմազավակ հայր, բարեգործ ու ռեկորդակիր Ռոբերտո Կառլոսը


Լուսանկարը` gettyimages

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` ESPN

Լուսանկարը` gettyimages

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` gettyimages

Լուսանկարը` gettyimages

Լուսանկարը` gettyimages

Լուսանկարը` New Project

Լուսանկարը` gettyimages


Ապրիլի 10-ին «Մադրիդի Ռեալ»-ի ու Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը նշեց 52-ամյակը, ինչի առիթով հավաքել ենք նրա կյանքի ուշագրավ փաստերն ու նվաճումները:

Ռոբերտո Կառլոս դա Սիլվա Ռոշան ծնվել է 1973 թվականի ապրիլի 10-ին Սան Պաուլու քաղաքում: Ծնողները նրան անվանել են «Գրեմմի»-ի հաղթող, լատինաամերիկյան երաժշտության թագավոր մականունը ստացած Ռոբերտո Կառլոսի պատվին, ում երգերը շատ էին հավանում:

Ընտանիքը բավականին աղքատ էր, հայրը վարորդ էր աշխատում մոտակա սուրճի պլանտացիայում, իսկ մայրը՝ տանը 4 երեխաների հետ մնում:

Վաղ տարիքից Ռոբերտոն կենցաղային հարցերում օգնում էր մայրիկին, իսկ մնացած ողջ ազատ ժամանակը ծախսում ֆուտբոլի վրա, որով տարվել էր դեռ 3 տարեկանում: Նրա տաղանդն այնքան շուտ են նկատել, որ 8 տարեկանում հրավիրել են խաղալ մեծահասակների սիրողական թիմում:

Լուսանկարը` Անձնական արխիվ


12-ում ստիպված էր աշխատանքի անցնել գործարանում, որպեսզի հորն օգնի հոգալ ընտանիքի ծախսերը: 4 ժամ տեւողությամբ երկու հերթափոխով աշխատելուց հետո կատարելագործում էր ֆուտբոլային հմտությունը:

Նրա տաղանդը նաեւ գործարանում նկատեցին ու հրավիրեցին խաղալ ընկերության թիմում: Շուտով քաղաքի հավաքականի անդամ դարձավ, իսկ մի քանի տարի անց Կառլոսի երազանքը կատարվեց ու համալրեց հեղինակավոր «Ունինան Սան-Ժուան» ակումբի կազմը:  

Սկզբում նա անգամ պատկերացնել չէր կարող, թե որքան հաջողակ է լինելու իր կարիերան, նրա երազանքների գագաթնակետը ծնողների համար նոր տուն գնելն էր եւ այդ նպատակով սկսեց խնայել պարգեւավճարները:

17-ամյա Ռոբերտոյին նկատեցին Բրազիլիայի առաջատար մարզիչներն ու նա համալրեց երկրի երիտասարդական ընտրանու կազմը: Իսկ երազանքն իրականացրեց ու ծնողների համար տուն գնեց 1992-ին:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Այդ տարի էլ կարճ ժամանակով միացավ «Ատլետիկո Մինեյրո»-ին ու նրա կազմում հանդես եկավ թիմի եվրոպական շրջագայության ընթացքում: Կառլոսի համար Եվրոպայում առաջին անգամ լինելը շատ կարեւոր էր, քանի որ Իսպանիայում մի քանի ակումբներ նրա վրա ուշադրություն դարձրին:

1993-ին «Պալմեյրաս» -ում էր, որի հետ երկու անգամ Բրազիլիայի չեմպիոն դարձավ: Հաջորդ ակումբային հանգրվանն «Ինտեր»-ն էր, թեեւ նրանով հետաքրքրված էին նաեւ Անգլիայում: Իտալիայում նա միայն մեկ մրցաշրջան անցկացրեց:

Կառլոսի կարիերայի ամենավառ տեղափոխությունն ու լուրջ ձեռքբերումները եղան Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Թիմում նա 11 մրցաշրջան անցկացրեց, 584 խաղի մասնակցեց ու 71 գոլ գրանցեց: Իսպանիայի 4-ակի չեմպիոն է, 3-ակի Սուպերգավաթակիր, 3 անգամ հաղթել է ՉԼ-ում, մեկ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում եւ 2՝ Միջմայրցամաքային գավաթում:

Մադրիդից հեռանալուց հետո եւս մի քանի ակումբներում էլ է խաղացել, բայց էլ նման մեծ հաջողությունների չի հասել:

Լուսանկարը` ESPN


Իսկ Բրազիլիայի հավաքականի հետ Ռոբերտո Կառլոսի ամենամեծ նվաճումն իհարկե 2002 թվականին Աշխարհի չեմպիոնությունն է, 1998-ին էլ արծաթե մեդալակիր է դարձել: Նա Բրազիլիայի կազմում մասնակցել է 3 Մունդիալի՝ 1994, 2002 եւ 2006-ին:

Կառլոսն իր ժամանակի ամենաաշխատասեր, նպատակասլաց ու տաղանդավոր խաղացողներից է: Թիմակիցներն առանձնացնում էին Կառլոսի լավատեսությունը, անհավանական հավատը սեփական ուժերին ու թիմի հաղթանակին:

Հետագայում հանդես է եկել նաեւ մարզչի դերում, բայց առաջին հերթին կհիշվի որպես համառ բնավորությամբ ու անզուգական հարվածներով մեծագույն ֆուտբոլիստ:

Կառլոսը նաեւ ամենաարագ ֆուտբոլիստներից էր: Չնայած իր 1.68 մ հասակին՝ 100 մետրը վազում էր 11 վայրկյանից էլ քիչ ժամանակում, ինչը շատ լավ ցուցանիշ է:

Երկար ժամանակ հենց Կառլոսին է պատկանել ամենաուժեղ հարվածի ռեկորդը՝ 198 կմ/ժ: Այդ ցուցանիշը միայն մեկ անգամ է գերազանցվել՝ 2010 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Լուկաշ Պոդոլսու հարվածը եղել է 201 կմ/ժ: Բրազիլացին բոլոր տուգանային հարվածները կատարում էր ոտնաթաթի ներսի հատվածով, դրա համար էլ ամեն անգամ գնդակն անկանխատեսելի հետագծով էր ընթանում:

Լուսանկարը` gettyimages


Կառլոսը 20 տարուց ավելի է բարեգործական ծրագիր է համակարգում Բրազիլիայում: Սան Պաուլու քաղաքի պետական հիվանդանոցներից մեկում տարբեր արատներով ծնված փոքրիկների համար անհրաժեշտ թանկ սարքավորումները գնում է հենց ֆուտբոլիստը: Նա նաեւ իր հայրենիքում մի քանի ֆուտբոլային դպրոց է կառուցել, որտեղ ուսուցումն անվճար է:

Կառլոսն այդպես է մեկնաբանում իր առաքելությունը. «Երբ տեսնում եմ, թե ինչպես են երեխաներս ուրախանում, հիշում եմ իմ տխուր մանկությունը: Դրա համար էլ միշտ ցանկանում եմ կարիքավոր երեխաների համար որեւէ բան անել»:

2011 թվականին Կառլոսը 38-ամյակը նշել է «Անժի»-ում, եւ ակումբի սեփականատեր Սուլեյման Քերիմովը նրան կես միլիոն դոլար արժողությամբ Bugatti Veyron է նվիրել: Հետագայում նրանից ֆուտբոլիստը նաեւ Կուբաչիի արհեստավորների կողմից պատրաստված արծաթե դաշույն է ստացել:

Սթրիփթիզ ակումբում Կառլսոի հետ տեղի ունեցած հայտնի պատմություն կա: «Անժի»-ի այն ժամանակվա PR տնօրեն Ալեքսանդր Ուդալցովը պատմել է, որ ակումբը ցերեկը Պերմում հանդիպում ուներ, իսկ նախօրեին ֆուտբոլիստը մինչեւ լուսաբաց զվարճացել էր սթրիփթիզ ակումբում, երգել ու անգամ վիճաբանության մեջ ընկել: Հետո այդ ամենը հաստատվել է նաեւ տեսաձայնագրությունով:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Կառլոսն ընդամենը մեկ ժամ է քնել, վերականգնվել է ու հանդիպման ընթացքում իր թիմի կազմում լավագույնը եղել՝ խաղադաշտում ցույց տալով խելահեղ արագություն:

Ռուսաստանում խաղալու տարիներին նա իր աշխատավարձի մի մասը փոխանցում էր դերասանուհի Չուլպան Խամատովայի հիմնադրած «Նվիրիր կյանք» հիմնադրամին: Նախաձեռնությունը ակումբն է սկսել, իսկ ֆուտբոլիստներն աջակցել են:

Ռոբերտո Կառլոսը 7 տարբեր կանանցից 11 երեխա ունի: 2017-ին պապիկ է դարձել՝ նրա դուստր Ջիովաննան որդի է ունեցել:

Իր կարիերայի ընթացքում Կառլոսը բազմաթիվ գոլեր է խփել, որոնցից ամենայուրահատուկը 1997 թվականին Ֆրանսիայի հետ ընկերական խաղում մոտ 35 մետրից ուղարկել է Ֆաբիեն Բարտեզի դարպասը:



Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին