Այսօր շախմատի Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը նշում է 62-ամյակը: Իր չեմպիոնական տիտղոսը նա նվաճել է 22 տարեկանում, անհատական վարկանիշը հասցրել ֆանտաստիկ ցուցանիշի, պայքարել ամենաուժեղների հետ, թագավորական նվերներ ընդունել ու համարվել մեծագույն շախմատիստներից մեկը:
Արմատներով հայ ու հրեա Կասպարովի տարեդարձի առիթիով Mediamax Sport-ը ծանոթացել է նրա անցած ճանապարհին ու անհավանական նվաճումներին:
Գրողներ Արկադի եւ Բորիս Ստրուգացկիներն իրենց «Կեսօր. XXII դար» գրքում նկարագրել են մի համակարգ, որը թույլ է տալիս մարդու ուղեղը տեղափոխել մեկ այլ կրիչի վրա ու կազմել համապատասխան մաթեմատիկական մոդել: Այդ մոդելը նրանք անվանել են Կասպարոկարպովյան: Զարմանալի կերպով նրանք դեռ 1962-ին կանխագուշակել են ապագան: Անատոլի Կարպովն այդ ժամանակ 11 տարեկան էր, իսկ Կասպարովը դեռ չէր էլ ծնվել:

Կասպարովը ծնվեց 1963 թվականին Բաքվում՝ Կիմ Վայնշտեյնի եւ Կլարա Կասպարովայի ընտանիքում: Նրա պապիկն անվանի կոմպոզիտոր եւ դիրիժոր Մովսես Վայնշտեյնն էր:
«Մայրիկս իմ կյանքի ամենակարեւոր օրը համարում է 1963-ի ապրիլի 13-ը: Կարող էր այնպես ստացվել, որ մեկ օր ուշ ծնվեի, քանի որ լույս աշխարհ եմ եկել 23:45-ին: Բայց ծնվել եմ ամեն դեպքում ապրիլի 13-ին՝ հակառակ սնահավատությանը, այդ թիվն ինձ համար հետագայում հաջողակ դարձավ»,- հիշել է Կասպարովը:
Նրա ազգությունը ԽՍՀՄ-ում բազում վեճերի առիթ է դարձել։ Հայտնի է, որ հայրը հրեա էր, իսկ մայրը՝ հայ: Երկուսն էլ ինժեներներ էին ու լրջորեն տարված էին նաեւ շախմատով: Փոքրիկ տղան սիրում էր հետեւել, թե հարազատներն ինչպես էին խաղում եւ մի անգամ հորը ճիշտ քայլ է հուշել, ինչից հետո ծնողները որոշել են որդուն շախմատի տանել: Արդեն 5 տարեկանից Գարրին պրոֆեսիոնալ մարզչի մոտ սկսեց շախմատ խաղալ սովորել:

Լուսանկարը` անձնական արխիվից
Նրա կայացման գործում հատկապես մեծ ներդրում է ունեցել մայրը, որը հոր մահից հետո, այդ ժամանակ Գարրին 7 տարեկան էր, ողջ կյանքը նվիրեց որդու առաջխաղացմանն ու կայացմանը: Նա որդու ոչ միայն ազգությունը փոխեց, այլ նաեւ ազգանունը, այդ պահից հրեա Գարրի Վայնշտեյնը դարձավ հայ Գարրի Կասպարով:
9 տարեկանից սկսել է պատանեկան մրցումների մասնակցել, որտեղ նկատել են նրա տաղանդն ու հրավիրել Միխայիլ Բոտվիննիկի անվան շախմատի դպրոց, այնտեղ նա անհատական ծրագրով է մարզվել ու անգամ կրթաթոշակ ստացել:
Պատանի շախմատիստը լուրջ հաջողություններ էր գրանցում, 1975-ին նա 12 տարեկանում հանդիպեց Աշխարհի չեմպիոն Կարպովի հետ ու շատ մոտ էր հաղթանակին: Գրոսմայստերին 45 քայլ պետք եղավ, որ հաղթի համառ պատանուն: Այդ ժամանակ չէր էլ կարող պատկերացնել, որ հետագայում Կասպարովի հետ 150 պարտիա կանցկացնի ու արդյունքում կզիջի նաեւ չեմպիոնական տիտղոսը:

Լուսանկարը` FIDE
1980-ին Կասպարովը պատանիների Աշխարհի չեմպիոն ու գրոսմայստեր դարձավ, ինչը նրա կարիերայի ամենալուրջ առաջին նվաճումն էր: Հաջորդը 1984-ին Կարպովի հետ աշխարհի չեմպիոնական թագի համար պայքարն էր, որն արդյունքում 48 պարտիա տեւեց ու շարունակվեց 5 ամիս: 1985-ին առանց հաղթողի անունը պարզելու այն ընդհատվեց ՖԻԴԵ-ի նախագահ Ֆլորեսիո Կամպոմանեսի որոշմամբ: Կանոնների համաձայն դիմակայությունը պետք է շարունակվեր մինչեւ մասնակիցներից մեկի 6-րդ հաղթանակը, Կարպովն առաջ էր 5:0 հաշվով, բայց այդպես էլ չկարողացավ հասնել ցանկալի արդյունքին: 5:3 հաշվի ժամանակ Կամպոմանեսն այն ընդհատեց, հետագայում չեմպիոնական խաղերն այլեւս այդքան երկար չէին լինում:
Մրցամարտի ընդհատումը խորն ազդեցություն թողեց Կասպարովի վրա, հենց այդ պահին որոշեց, որ հետագայում քաղաքական կարիերայով է զբաղվելու եւ պայքարելու անարդարությունների դեմ:
Բայց ամեն դեպքում Կասպարովն իր նպատակին հասավ ու 1985-ին Կարպովին զրկեց չեմպիոնի կոչումից: Այդ հաղթանակի առիթով ոսկերչական ընկերություններից մեկը Կասպարովին 1118 սեւ ու սպիտակ ադամանդներով թագ նվիրեց: 13-րդ չեմպիոնը որոշեց այն վաճառել եւ գումարն ուղղել բարեգործությանը, բայց վերջին պահին գնորդը հրաժարվեց, եւ Կասպարովին փրկեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը՝ գնելով 1 մլն դոլար արժողությամբ թագը:

Լուսանկարը` FIDE
Կասպարովը միշտ մեծ ուշադրություն էր դարձնում իր ֆիզիկական վիճակին, դեռ աշխարհի չեմպիոն դառնալուց շատ առաջ էր սկսել լրջորեն զբաղվել հեծանվասպորտով ու զարգացնում էր մինչեւ 50 կմ/ժ արագություն: Սիրում էր նաեւ բադմինթոնով, լողով, ֆուտբոլով ու թենիսով զբաղվել:
1996 ու 1997 թթ. Կասպարովը 2 հանդիպում անցկացրեց IBM ընկերության կողմից ստեղծված DeepBlue սուպերհամակարգչի հետ: Այդ հանդիպումների համար նա 0,5 մլն դոլար գումար ստացավ, սակայն առաջին իսկ պարտիայում զիջեց համակարգչին: Թեեւ հետո կարողացավ հաշիվը հավասարեցնել, սակայն որոշիչ պարտիայում համակարգիչն այնպիսի քայլ արեց, որը տարիներ շարունակ կասկածելի էր համարվում: Կասպարովն անակնկալի եկավ եւ 19-րդ քայլին ընդունեց պարտությունը:
Մեկ տարի անց կայացած ռեւանշում մրցանակային ֆոնդը հասավ ռեկորդային 1,1 մլն դոլարի, սակայն այդ անգամ Կասպարովի բախտն ավելի քիչ բերեց: Պատմության մեջ առաջին անգամ մարդը զիջեց համակարգչին:

Լուսանկարը` FIDE
Դրանից հետո նա IBM-ին մեղադրեց, որ իր դեմ ոչ թե համակարգիչն էր խաղում, այլ պրոֆեսիոնալների թիմ, սակայն ապացույցներ այդպես էլ չներկայացրեց: Հետագայում շախմատային հրեշն ապամոնտաժվեց:
Առհասարակ համակարգիչների հետ ուժերը չափել Կասպարովն իսկապես սիրել է: 1999-ին էլ հաղթել է Microsoft-ի կազմակերպած Համաշխարհային ցանցի օգտատերերի հետ անցկացված մրցաշարում: Այն ժամանակ Աշխարհի չեմպիոնի ու շախմատի սիրահարների 4 ամիս տեւած պայքարը դիտել էր 3 մլն մարդ:
Կասպարովի հայտնիությունն ու ճանաչումը մինչեւ հիմա այնքան մեծ է, որ ոմանք հենց նրան են Աշխարհի չեմպիոն համարում: 2021 թ. ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում հարցում է անցկացվել, թե ո՞վ գիտի Աշխարհի չեմպիոնի անունը․ ԱՄՆ-ում հարցվածների միայն 9 % է ճանաչել Մագնուս Կառլսենին, Մեծ Բրիտանիայում՝ 7: Իսկ 4 % հենց Կասպարովի անունն է տվել այն դեպքում, երբ նա կարիերան ավարտել է 2005-ին:

Լուսանկարը` FIDE
Ինքը Կասպարովը թվերին շատ է հավատում է եւ հաջողակ համարում 13-ը:
«Ես ծնվել եմ ապրիլի 13-ին, Գարրի Կասպարով-ը կազմված է 13 տառից, 1985 (8+5=13) դարձել եմ Աշխարհի 13-րդ չեմպիոն ու Կարպովի հետ հաղթական այդ դիմակայությունում վաստակել հենց 13 միավոր»,- ասել է Կասպարովը:
2005-ին Կասպարովը հայտնեց, որ ավարտում է կարիերան ու զբաղվելու է քաղաքականությամբ, քանի որ շախմատում հասել է այն ամենին, ինչի ձգտել է: Կասպարովն ու նրա հիմնադրամը տարբեր միջոցառումներ են անցկացնում շախմատը որպես կարգապահության տեսակ աշխարհի տարբեր երկրների կրթական համակարգում ներմուծելու նպատակով:
Կասպարովն ամուսնացած է եղել 3 անգամ ու իր բոլոր կանանցից էլ երեխաներ ունի: 1984-1986 թթ. 21 տարեկանում սիրավեպ է ունեցել 37-ամյա դերասանուհի Մարիա Նեյոլովայի հետ, որը շախմատիստի մոր միջամտությունից ընդհատվել է: Որոշ աղբյուրներ հենց Կասպարովին են համարում դերասանուհու դստեր հայրը, նրանց նմանությունն էլ ակնհայտ է, սակայն դերասանուհին այդ մասին ողջ կյանքում նախընտրել է լռել: Կասպարովն իր «Փոփոխությունների զավակ» գրքում հերքել է այդ տեղեկությունը:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: