Սլովակիայի «Sportnet» պարբերականն անդրադարձել է Հայաստանի հավաքականի եւ Բրատիսլավայի «Սլովան»-ի հարձակվող Տիգրան Բարսեղյանին ու նրա մասին հետաքրքիր մանրամասներ պատմել:
Հրապարակման հեղինակը նշում է, որ հայ ֆուտբոլիստը սլովակերենի վատ իմացությամբ իրենց միշտ ծիծաղեցնում է: «Եղբայր, երբ ցուրտ է, չեմ կարողանում խաղալ: Դա գրված է նաեւ իմ պայմանագրում»,- մրցաշրջանի ընթացքում այսպիսի հայտարարություն է արել Բարսեղյանը:
Սլովակիայի հավաքականի նախկին խաղացող ու հեռուստատեսային փորձագետ Մարիան Զեմանն էլ նշել է, որ ֆուտբոլիստին այդքան էլ հեշտ չէ հնազանդեցնել, դա անելու համար պետք է բարդ ճանապարհ անցնել. «Նա հենց այնպես ոչ մեկին չի ենթարկվում: Երեւի այդ պատճառով էլ հանդես չի եկել որեւէ թոփ ակումբում: Բարսեղյանը կարող է գնդակով հրաշքներ գործել եւ արդեն գերազանցել է «Սլովան»-ի մակարդակը»:

Լուսանկարը` ŠK Slovan Bratislava
Թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսն էլ ընդգծել է, որ հանդիպումներից առաջ Բարսեղյանը ՄաքԴոնալդս գնալու եւ համբուրգերներ ուտելու սովորություն ունի:
«Ավելի տքնաջան աշխատելու սովորություն ունենալու դեպքում «Սլովան»-ում չէր հայտնվի: Եթե շատ մարզվեր ու խաղի ընթացքում շատ շարժվեր, արդեն Իսպանիայի կամ Անգլիայի առաջնությունում կլիներ, որովհետեւ դրա համար բոլոր որակներն ունի, նա առաջնության լավագույն խաղացողն է»,- շեշտել է մարզիչը:
Մեկ տարի առաջ Բարսեղյանը քվեարկության արդյունքում առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Այս մրցաշրջանում հարձակվողն արդեն բոլորից շատ՝ 17 գնդակ է խփել, նա մրցակիցների դարպասը գրավում է միջինը 115 րոպեն մեկ: Նրանից հաճախ ոչ մեկն աչքի չի ընկնում: Իսկ հանդիպման ընթացքում դարպասին միջինը 5 հարված է կատարում՝ էլի բոլորից շատ:
Վերջին անգամ Բարսեղյանը Հայաստանի հավաքականում խաղացել էր 2024-ին ու նոր գլխավոր մարզչի հրավերով նորից է հայտնվել թիմում: Նա մասնակցել է Վրաստանի դեմ հանդիպումներին, որում Հայաստանի ընտրանին 2 խաղերում զիջել է 1:9 հաշվով:

Լուսանկարը` ՀՖՖ
«Ուրախ եմ, որ նա վերադարձել է ազգային հավաքական: Նա ցուցադրեց իր որակներն ու վճռականությունը»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը:
Սպորտային լրագրող Արման Աբելյանն եւս չի կասկածում Բարսեղյանի որակների վրա. «Նա ֆիզիկապես ամուր է, հիանալի դրիբլինգ ունի, հաղթում է շատ դիմակայություններում եւ եզրափակում գրոհները: Նա նաեւ թիմակիցների համար է հիանալի գոլային պահեր ստեղծում ՝ հաճախակի կատարելով խելացի ու բարդ փոխանցումներ»:
Աբելյանը համաձայն է Վայսի խոսքերի հետ․ եթե Բարսեղյանն ավելի տքնաջան աշխատեր, արդեն ավելի ուժեղ առաջնություններում կլիներ: «Իմ տեղեկություններով՝ նա առաջարկներ է ունեցել գերմանական Բունդեսլիգայից»,- ավելացրել է նա:

Լուսանկարը` ՀՖՖ
Բարսեղյանն իրեն երջանիկ է զգում Բրատիսլավայում, սիրում է հաճախակի լինել առեւտրի կենտրոններում ու խանութներում: Նոր պայմանագրի շնորհիվ՝ նա ակումբի ամենբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է դարձել:
«Ֆինանսական կողմը եւս շատ կարեւոր է Բարսեղյանի համար: Բայց նաեւ գաղտնիք չէ, որ նա որոշակի խնդիրներ ունի կարգապահության հետ եւ իրեն խախտումներ է թույլ տվել»,- նշել է Աբելյանը:
Նա պատմել է Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին ու ընդգծել, որ Բարսեղյանը տարկետում չի ստացել եւ 2 տարի անցկացրել է զինված ուժերում. «Բարսեղյանը երկար տարիներ եղել է «Ուրարտու»-ի երիտասարդական թիմերի առաջատարը, բայց ակումբը դադարեցրել է նրա հետ համագործակցությունը, ֆուտբոլիստը ստիպված է եղել ծառայել: Այդ ընթացքում նա առաջարկ է ստացել «Գանձասար Կապան»-ից, որը մարզում էր հայրը՝ հայտնի ֆուտբոլիստ Աշոտ Բարսեղյանը»:

Լուսանկարը` ŠK Slovan Bratislava
Չնայած դրան՝ Բարսեղյանն ամեն դեպքում ստիպված էր անցնել պարտադիր ծառայությունը, ինչն այնքան էլ նրա հոր սրտով չէր: «Ֆուտբոլիստների 99 տոկոսը ծառայելուց հետո ավարտում է կարիերան, բայց մենք անարդարությանը դեմ գնացինք ու հասանք մեր նպատակին»,- պատմել է հայրը:
Նրա խոսքով՝ բանակում Տիգրանն իր ֆիզիկական տվյալներով գերազանցում էր հասակակիցներին: Մի անգամ նա մասնակցել է վազքի մրցումների, որի ժամանակ բավական ծանր զենք էր կրում: Սակայն դա ֆուտբոլիստին չի խանգարել դիմանալ բավական երկար տարածությանն ու այն հաջողությամբ հաղթահարել:
«Այն բանից հետո, երբ Տիգրանը նկատել է, որ իր երկու ընկերներն ի վիճակի չեն վազքը շարունակել, վերցրել է նրանց զենքերն ու հասցրել նշանակության վայր: Նա իր որակներով զարմացրել է ղեկավարներին, ինչի համար զինվորական պարգեւի է արժանացել»,- ընդգծել է հայրը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: