Ապրիլ 15, 2025
exclusive
524 դիտում

«Կուզեմ ինձ հիշեն որպես ուժեղ ու բարի մարդ»․ Միհրան Հարությունյանի ծննդյան օրն է


Լուսանկարը` Հարությունյանի Ֆեյսբուքի էջից

Լուսանկարը` Հարությունյանի Ֆեյսբուքի էջից

Լուսանկարը` Հարությունյանի Ֆեյսբուքի էջից

Լուսանկարը` Հարությունյանի Ֆեյսբուքի էջից

Լուսանկարը` Հարությունյանի Ֆեյսբուքի էջից


Այսօր ծննդյան օրն է նշում Միհրան Հարությունյանը։ Հունահռոմեական ըմբիշը դարձավ 36 տարեկան։

Այդ առիթով Mediamax Sport-ը ներկայացնում է նրա կարեւոր նվաճումները, որոնք գրանցել է կարիերայի ընթացքում։

Հարությունյանը ծնվել է Վաղարշապատում։ Այնուհետեւ նրա ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ էլ սկսել է մարզվել ըմբշամարտով։ Նրա մականունը Մաեստրո է։

Լուսանկարը` Հարությունյանի Ֆեյսբուքի էջից


Մինչ 2013 թվականը Միհրանը ներկայացրել է Ռուսաստանը, ապա սկսել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։ 2015-ին  Հայաստանը որոշեց մասնակցել Եվրոպական խաղերին, որոնք ընդունելու էր Բաքուն։ Հունահռոմեական ոճի հավաքականի կազմում մրցավայր մեկնեց նաեւ Հարությունյանը։ Այստեղ նա հաղթանակներ տոնելով հասավ եզրափակիչ, սակայն բավարարվեց արծաթե մեդալով։

Մեկ տարի անց արդեն Օլիմպիական խաղերում էր․ «Պետք է մեռնեմ կամ հաղթեմ: Այս ողջ ընթացքում դժվարին ճանապարհ եմ անցել, անընդհատ մարզվել ու չարչարվել, այնպես որ, պետք է հասնեմ իմ նպատակին: Ուժեղ մրցակիցներ եմ ունենալու, բայց ես էլ թույլերից չեմ»։

Մաեստրոն հենց այդպես տրամադրված էլ Ռիոյում վարում էր իր գոտեմարտերը եւ մեծ ճարպկությամբ հաղթում մրցակիցներին։ Սակայն եզրափակչում ակնհայտ մրցավարական կողմնապահությամբ հաղթանակը տրվեց սերբ ըմբիշին՝ Միհրանին արժանացնելով արծաթե մեդալի։

Լուսանկարը` Հարությունյանի Ֆեյսբուքի էջից


«Երբեք իմ վրայից պատասխանատվությունը չեմ գցում: Ես կատարյալ չեմ ու առաջ գնալու տեղ ունեմ: Միգուցե ինչ-որ բան այն չստացվեց ինձ մոտ, բայց բոլորը տեսան, թե ինչ տեղի ունեցավ: Չեմ ցանկանում մեկնաբանել եզրափակիչը: Ցավոք, բայց դա արդեն պատմություն է: Պետք է առաջ շարժվել»:

Այնուհետեւ Հարությունյանը որոշեց ուժերը փորձել խառը մենամարտերում, որտեղ անցկացրեց մի քանի մենամարտ ու տպավորիչ հաղթանակներ տարավ։

«Ելույթից առաջ աղոթում եմ։ Եթե մի օր անմարդաբնակ վայրում հայտնվեմ, անպայման հետս կունենամ Աստվածաշունչ, իմ խաչը, որը միշտ կրում եմ, ջուր։ Հանգիստ եմ զգում եկեղեցում, կարեւոր չէ որ մեկում: Սիրում եմ իմ ծննդավայրը, Արարատյան դաշտավայրը, պարզապես քայլելն ու Արարատին նայելը գերագույն հաճույք է ինձ համար»։

Լուսանկարը` Հարությունյանի Ֆեյսբուքի էջից


Մարզիկը 2020-ին սկսված պատերազմի առաջին օրերից սկսեց բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին։ Նախ՝ կազմակերպեց դրամահավաքներ եւ օգնություն տեղափոխեց պատերազմից տուժածներին, այնուհետեւ մեկնեց Արցախ։ Իսկ արդեն նոյեմբերի 9-ից հետո հայտարարությամբ հանդես եկավ ու այլեւս ոչինչ չխոսեց պատերազմի նման ավարտի մասին։

«Մեր հայրենիքի պաշտպանության համար արվել է ամեն ինչ, ոչ ոք չի կարող ասել, թե այդ ամենն անիմաստ էր: Բայց, ցավոք, ամեն ինչ չէ, որ մենք ենք որոշում: Ներկայացման, կինոյի մեջ ենք ընկել, որտեղ ռեժիսորները դիմակ կրող մարդիկ են: Դեմ եմ պատերազմին, բայց մեզ զրկեցին մեր հողերը մինչեւ վերջ պաշտպանելու իրավունքից: Ավելի վատ բան լինել չի կարող»։

Լուսանկարը` Հարությունյանի Ֆեյսբուքի էջից


Միհրանի մասին վերջին տարիներին հրապարակումներ գրեթե չկան։ Նա կարծես որոշել է շփումներ չունենալ լրատվամիջոցների հետ։ Սոցիալական ցանցերի էջերից պարզ է դառնում, որ բնակվում է ԱՄՆ-ում։ Վերջերս որդի է ունեցել ու անվանել է հոր պատվին՝ Էդիկ։ Առաջին ամուսնությունից էլ դուստր ունի՝ Մոնիկան։

«Կարիերաս ավարտելուց հետո կուզեմ, որ ինձ հիշեն որպես ուժեղ մարդ ու բարի անձնավորություն»։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին