Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ պարզապես ջախջախվեց Վրաստանի կողմից ու ելույթները կշարունակի Ազգերի լիգայի C լիգայում։
Խաղից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Թբիլիսի մեկնած հայ լրագրողների հետ հանդիպմանը ներողություն է խնդրել ու հայտարարություն տվել ֆեդերացիայի, մարզչական շտաբի եւ ֆուտբոլիստների անունից։
«Խնդիրները ներսում կլուծենք եւ հունիսին կներկայանանք միանգամայն այլ վիճակում։ Կփորձենք ամեն ինչ անել, որ կազմ ու պատրաստ, բավական մարտունակ թիմով ներկայանանք Աշխարհի առաջնության ընտրական փուլին»,- Մելիքբեկյանի խոսքերը մեջբերում են խաղին ներկա հայկական լրատվամիջոցները։

Լուսանկարը` Photolure
Այդպիսի պատկեր եղել էր նաեւ 2022-ի մարտին, երբ 0։9 հաշվով ընկերական խաղում պարտվել էր Նորվեգիային։ Այն ժամանակ եւս ՀՖՖ-ն նմանատիպ հայտարարություն էր տարածել։ Ներկայացնում ենք տեքստը որոշակի կրճատումներով։
«Վստահեցնում ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետեւություններ, եւ հավաքականն արդեն հունիսին՝ Ազգերի Լիգայի խաղարկության մեկնարկին, կրկին կներկայանա մարտական տեսքով: Ունենք մեկ նպատակ՝ հայտնվել ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ փուլում»։
Իսկ ահա երեկվա խաղից հետո բազմաթիվ են գրառումները ֆուտբոլի հավաքականի մասին։ Առանձնացրել ենք մի քանի ֆուտբոլային դեմքերի անդրադարձը։
Արաս Օզբիլիզ (հավաքականի նախկին ֆուտբոլիստ)
«1,3 տարի առաջ իմ թեկնածությունը դրեցի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում՝ իմանալով, որ 1 տոկոս շանս չունեմ: Այսքան ժամանակ լռել եմ, լռել եմ ու լռել, բայց էլ չեմ լռելու, որովհետեւ դուք մեր ֆուտբոլը քանդում եք:
Ինձ ասել են, որ Օզբիլիսը մենեջերի փորձ չունի, բայց դուք հենց այդ մասով եք ձախողվում նորից ու նորից: Ֆուտբոլից ու խաղից չեք հասկանում, եւ բոլորին պարզ է, որ մենեջերի աշխատանքին էլ չեք տիրապետում:
Դուք ձախողել ենք կառավարման, կազմակերպչական, իրավաբանական, ֆինանսական եւ լրատվական մասերով: Ամենավատն այն է, որ հույսն ու հավատն են մարում: Կարող ես հաղթել ու պարտվել, բայց այս պարտությունն ուղղակի արդյունքն է այն ամենի, ինչ արդեն երկար ժամանակ կատարվում է մեր հայկական ֆուտբոլում: Ժամանակն է գիտակցելու եւ փոփոխություններ անելու»:
Արման Աբելյան (ֆուտբոլային մեկնաբան)

Լուսանկարը` Photolure
«Հավաքականում «ԲԱՐԴԱԿ» է, անազնիվ, անառողջ մթնոլորտ, այս ձախողումն ԱՆԱԿՆԿԱԼ չէ։ Հավաքականը ներսում բաժանված է մի քանի խմբի` տեղացիներ, Ռուսաստանից եկածներ, եւ այլն, եւ այլն...
Կան ֆուտբոլիստներ, որոնց երկար համոզելով անձնագիր են տվել, նրանք հավաքականում խաղում են անձնական շահերի համար ու երաշխավորված տեղ ունեն հիմնական կազմում։
Անառողջ վիճակի բազմաթիվ օրինակներ կան հենց ներսից, որոնք մի քանի, միմյանցից անկախ վստահելի աղբյուրներ են հնչեցրել անձնական զրույցներում։
Ֆուտբոլիստ կա` ներողություն էր խնդրում հայերեն չխոսելու համար, 2 տարի է անցել` օրհներգից մի բառ էլ չի երգում։ Տեղացիների մեջ էլ կան, որ լրիվ չեն նվիրվում, բայց խնդիրը, կրկնում եմ, անազնիվ մթնոլորտն է։
Եւ մարզիչն այս վիճակում խաղից մեկ օր առաջ «փուռն է տալիս» Ռանոսին` իրեն դնելով խիստ մարզչի տեղ։ Ոչ մի նորմալ մարզիչ նման բան չէր անի մեկ օր առաջ, այլ անհամաձայնության լուծումը կթողներ հետագայի։
Մարզիչը դրանից առաջ իր հայտարարությամբ նույն կերպ էր վարվել նաեւ Ադամյանի հետ` ուղղակի ասելով, որ նա այլեւս չի ուզում խաղալ հավաքականում (ձեւակերպում, որ մարդկանց էլ ավելի է տրամադրելու նրա դեմ)։
Եւ թող չթվա, թե Պետրակովին չէին մոտենում նման հարցերով... Արտոնյալները, հավաքականը զուտ լավ կարիերա ունենալու միջոց օգտագործողները միշտ են այդպիսին եղել։

Լուսանկարը` Photolure
Թիմի լիդերներն էլ իրենց տեղում չեն, այլապես Ռանոսը կխորհրդակցեր նրանցից գոնե մեկի հետ մինչեւ մարզչի հետ խոսելու գնալը։ Ռանոսն անմեղ չէ, բայց այս հարցն այլ կերպ եւ այլ պահի պետք է լուծում ստանար։
Եւ այստեղ ֆուտբոլիստների անուններն էական չեն, անառողջ մթնոլորտում ամեն ինչ հնարավոր է։ Արհեստական ստեղծված թիմ, որը ԹԻՄ չէ։ Իսկ հավաքականում դա է ամենակարեւորը, ավելի, քան տակտիկան կամ տեխնիկան։
Այս ամենի միակ պատասխանատուն ֆեդերացիան է, որը ձախողվել է ոլորտների մեծամասնությունում, հավաքականն էլ ազգային չէ, այլ` միջազգային։ Եւ հավաքականն այդ խնդիրների չնչին մասն է միայն»։
Ռոբերտ Գասպարյան (սպորտային լրագրող)

Լուսանկարը` Photolure
«Վրաստանի հավաքականի հետ դիմակայությունից առաջ ու դրանից հետո տեղի ունեցող իրադարձություններն ուղիղ համեմատական են այն քայլերին, որոնք կատարել են հայկական ֆուտբոլին մոտ կանգնած մարդիկ՝ ակումբների ներկայացուցիչները, հավաքականի ֆուտբոլիստները, մարզիչները, երկրպագուներն ու մենք՝ լրագրողներս։ Իմ գործընկեր Արման Աբելյանը գերազանց է արտահայտել այն, ինչ հիմա կատարվում է մեր թիմի հանդերձարանում՝ բարդակ, ու ինչքան էլ Ջոն վան'տ Սխիպն ասի, որ մթնոլորտը լավն է, չեմ հավատա: Գանք հերթով ու քանդենք այս զզվելի ու գարշահոտ կծիկը։
Այն ակումբները, որոնք տարիներ շարունակ տեսնում են, թե ինչպես է աշխատում ֆեդերացիան, ավելի ճիշտ չի աշխատում, բայց մեկ է՝ ՀՖՖ նախագահի ընտրության ժամանակ սատարում են ներկայիս ղեկավարությանը, առաջին մեղավորներն են։ Բառացիորեն անցած տարի տեղի ունեցած ընտրության ժամանակ նայեք, թե ովքեր են քվեարկել ոչ Մելիքբեկյանի օգտին։ 23 պատվիրակներից 20-ն իրենց ձայնը տվել են ՀՖՖ գործող նախագահին։ Ահա այս մարդիկ, որոնք ներկայացնում են հայկական ֆուտբոլում գործող ակումբները, թքած ունեն հայկական ֆուտբոլի վրա։ Այն բոլոր մարդիկ, ովքեր քվեարկել են ներկա ղեկավարության օգտին, իրավունք չունեն խոսելու հայկական ֆուտբոլի զարգացման մասին, քննադատել հավաքականին կամ ինչ-որ պահանջ ներկայացնել որեւէ մեկին։

Լուսանկարը` Photolure
Հավաքականի ֆուտբոլիստներին էլ կան հարցեր։ Ճամբարում արտոնյալների խումբ կա, որը իրեն կարող է թույլ տալ ամեն ինչ, խոսել ու վարվել, ինչպես կարելի է։ Մեկ է՝ խաղալու են։ Տիգրան Բարսեղյանի օրինակը ցույց տվեց, որ այդ ավտարիտետը ոչ միշտ է աշխատում ու կարող է մի օր մեր թիմը գլխավորի ինչ-որ ուկրաինացի ավանտյուրիստ ու Բարսեղյանին ցտեսություն ասի, իսկ ֆեդերացիան ոչինչ չանի:
Մինչդեռ մարզաշապիկով պարոնները մոռացել են, ինչ է նշանակում ազգի պատիվ, դրոշ, գերբ ու թասիբ։ Չնայած, ինչ եմ խոսում՝ 2019 թվականին Իտալիային խայտառակ պարտվելուց հետո մեր տղերքը դուրս էին գալիս հանդերձարանից ծիծաղելով, նրանք չէին թաքցնում իրենց ուրախությունը։ Այդ ժամանակ խմորումներ էին ու այդ խաղով որոշվում էր Արթուր Վանեցյանի ու իրենց չսիրելի Աբրահամ Խաշմանյանի ճակատագիրը։ Տղաները հավատում էին, որ իրենց ու ժողովրդին ոսկե սարեր խոսք տված Մելիքբեկյանենք կփոխեն իրավիճակը։ Դեմարշով ֆուտբոլիստները եւս նպաստեցին հայկական ֆուտբոլի խորտակմանը։ Այնպես որ, միայն խաղադաշտում չէ, որ նրանք մեղավոր են։
Վան'տ Սխիպն էլ եկավ-չեկավ ընկավ շոկմանժեանման զանգվածի մեջ։ Ես հավատում եմ, որ Ռանոսն ու Սխիպն ունեցել են խոսակցություն, բայց բնավ ոչ այնպիսին, ինչպիսին ներկայացնում են երկու կողմերն էլ։ Ամեն դեպքում, Ռանոսի՝ հավաքականից հեռանալը ձեռնտու չէ բացարձակապես ոչ մեկին, բայց ՀՖՖ-ից, իհարկե, որը պարտությունն ու դրանից հետո ներողություն խնդրելը դարձրել է սիմվոլ»:
Ռոբերտ Արզումանյան (հավաքականի նախկին ֆուտբոլիստ)

Լուսանկարը` Անձնական արխիվից
«2025 թվականի հոկտեմբերին կլրանա ճիշտ 10 տարի այն պահից, երբ Լեւան Կոբիաշվիլին ստանձնեց Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։
Դեռ 10-12 տարի առաջ վրացական ֆուտբոլը խոր ճգնաժամ էր ապրում։ Այն ժամանակ մասնագետները միաձայն հաստատում էին, որ Հայաստանի հավաքականը զարգացման մակարդակով առաջ է։ Այժմ պատկերը լրիվ այլ է։ Տասնամյակի ընթացքում Կոբիաշվիլիի թիմը պետական լուրջ աջակցության շնորհիվ իրականացրել է արմատական բարեփոխումներ եւ ամբողջությամբ փոխակերպել վրացական ֆուտբոլը։
Թե ինչպես դա հաջողվեց անել, ես մանրամասն գրել էի դեռ մինչեւ այն պահը, երբ Վրաստանի հավաքականը դուրս եկավ ԵՎՐՈ-2024 եւ այնտեղ իսկական ֆուրոր առաջացրեց։ Հիմա ուզում եմ շնորհավորել Լեւան Կոբիաշվիլիին ու նրա թիմին վերջին 10 տարիների ընթացքում կատարած փայլուն աշխատանքի համար։ Վրաստանի հավաքականի խաղը պարզապես այս լայնածավալ փոփոխությունների սառցաբերգի գագաթն է եւ տորթի վրա դրված բալը»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: