exclusive
448 դիտում

Հայաստանի նվիրված, պայքարող ու տաքարյուն ավագը. Վարազդատ Հարոյան


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FC Cadiz

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Mediamax/Artur Stabulniek

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` FC Urartu

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Qingdao West -Coast F.C.


Պապիկի պատվին Վարազդատ անունը ստացած, բակում Վատո, իսկ հետո թիմակիցների կողմից Վարո դարձած Հարոյանն արդեն մի քանի տարի է Հայաստանի հավաքականի նվիրված ու պայքարող, տաքարյուն ու բռնկվող ավագն է:

Իրանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Իսպանիայում, Կիպրոսում ու Չինաստանում ելույթ ունենալուց հետո նա նորից վերադարձել է հայրենիք եւ ներկայացնում է իր առաջին պրոֆեսիոնալ ակումբը, որտեղ հանդես է եկել 2009-2016 թթ.:

Վրաստանի հավաքականի հետ խաղից առաջ Mediamax Sport-ն ուսումնասիրել է մեր ավագի անցած ճանապարհն ու խաղային որակները:  

Վերադարձը

2021-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը 2025 թվականին վերադարձավ Հայաստան ու նորից սկսեց ներկայացնել իր ակումբը, որի հետ 3 անգամ երկրի չեմպիոն է դարձել, 5 անգամ նվաճել գավաթը, 3 էլ՝ Սուպերգավաթը: 7 տարիների ընթացքում նա 146 խաղում 7 գոլ է հեղինակել:

Լուսանկարը` FC Pyunik


Հարոյանի վերջին ակումբը չինական «Քինգդաո Ուեստ Քոսթ»-ն էր, որտեղ տեղափոխվել էր 2024-ի փետրվարին: Պաշտպանը չինական Սուպեր Լիգայում հանդես եկող ակումբում մեկ մրցաշրջան է անցկացրել ու 27 խաղի մասնակցել:

Օրեր առաջ Հարոյանն իր հոբելյանական հանդիպումն ունեցավ Հայաստանի առաջնությունում: Նա 23-րդ տուրում «Շիրակ»-ի դեմ 150-րդ խաղն անցկացրեց առաջնությունում, ընդ որում՝ բոլորում էլ ներկայացրել է «Փյունիկ»-ը:

Չինաստանում

Վերջին շրջանում Չինաստանի առաջնությունը սկսել է փոխել ուղղվածությունն ու ավելի շատ է հրավիրում արտասահմանցի մարզիչների ու խաղացողների: Նրանից մեկն էլ Հարոյանն էր:  

Չինաստանում Հարոյանն առաջին հերթին աչքի ընկավ իր հուսալի ու գլխով լավ խաղով, ինչը նրան թույլ էր տալիս արդյունավետ պայքարել բարձրահասակ մրցակիցների հետ: Նրա ֆիզիկական տվյալներն ու փորձն օգնեցին չինական ակումբին պահպանել իր տեղը ու դուրս չմնալ Սուպեր Լիգայից:

Հարոյանը նաեւ հայտնի էր կարգապահությամբ եւ կարեւոր դեր էր խաղում ակումբի պաշտպանության կազմակերպման գործում: Իսկ Հարոյանի երկար փոխանցումներ կատարելու ունակությունն օգնեց «Քինգդաո Ուեստ Քոսթ»-ին գրոհների ու հակագրոհների կազմակերպման առումով:

Լուսանկարը` Qingdao West -Coast F.C.


Բայց վերջին շրջանում պաշտպանը երկար ժամանակ ոչ մի ակումբում էլ չէր հաստատվում՝ նա մեկական մրցաշրջան է անցկացրել նաեւ «Տամբով» -ում, երկու անգամ մեկական տարով «Աստանա»-ում եղել, «Կադիս»-ում, «Անորտոսիս»-ում:

Լա Լիգայում

Հարոյանի մասնակցած առաջնություններից ամենաբարձրակարգն անկասկած իսպանական Լա Լիգան էր: Երբ Խոակին Կապառոսը գլխավորում էր Հայաստանի հավաքականը, նրա միջնորդությամբ 2021-ին Հարոյանը տեղափոխվեց «Կադիս»: Հարոյանը միանգամից խոստովանեց, որ Կապառոսի խորհրդով է ընտրել այդ ակումբը:

«Կապառոսից իմացա Անդալուզիայի բնակիչների մասին, ովքեր շատ լավ ընդունեցին ինձ: Այստեղ ամեն ինչ շատ լավ է: «Կադիսում» բարձրակարգ թիմ է հավաքված, ինձ շատ հարմարավետ եմ զգում»,- ասել էր կենտրոնական պաշտպանը:

Ակումբում նա 17 խաղի մասնակցեց ու մեկ անգամ էլ գոլի հեղինակ դարձավ՝ աչքի ընկելով «Ռայո Վալեկանո»-ի հետ մրցավեճում:

Ընդհանուր առմամբ, նա ակումբում 1648 րոպե է անցկացրել խաղադաշտում, բայց մրցաշրջանի ավարտին հիմնականում մնացել պահեստայինների նստարանին:

Լուսանկարը` FC Cadiz


Հավաքականը

Իր նորամուտն ազգային թիմում Հարոյանը նշել է 14 տարի առաջ՝ 2011 թվականի օգոստոսի 10-ին: Առաջին հրավերը 18 տարեկան 11 ամսական 17 օրականում ստացել է  Վարդան Մինասյանից ու մասնակցել Լիտվայի դեմ ընկերական մրցավեճին: Պաշտոնական խաղերում առաջին անգամ Հարոյանը 2013 թվականին խաղացել է Դանիայի դեմ, այս դիմակայությունում Հայաստանը 4:0 հաշվով ջախջախել է մրցակցին:

Մինչ այս պահը նա հավաքականի մարզաշապիկով 89 հանդիպման է մասնակցել ու 4 գոլ խփել: Պաշտպանն աչքի է ընկել Մոնտենեգրոյի (2016 թ., 3:2), Կիպրոսի (2017 թ., ընկերական՝ 3:2), Ռումինիայի (2021 թ., 3:2) եւ Սլովենիայի (2024 թ. 1:2) դեմ խաղերում: Հետաքրքիր է, որ բացառությամբ մեկ հանդիպման, մնացած 3-ում, երբ Հարոյանը գոլ է գրանցել, Հայաստանի հավաքականը հաղթել է 3:2 հաշվով:

Նա նաեւ հանդես է եկել Հայաստանի Մ-17, 19 եւ 21 տարեկանների հավաքականներում ու միասին 34 խաղի մասնակցել:

Իր պայքարող ու ջանք չխնայող դրական կողմերի հետ մեկտեղ, Հարոյանը նաեւ շատ տաքարյուն ու բռնկվող է, նա հաճախակի է դեղին քարտեր ստանում ու ստիպված լինում հանդիպումներ բաց թողնել: 2023-2024 թթ. որակավորման խաղերում 5 անգամ պատժվել է քարտերով: 2018-ի ԱԱ-ի ընտրական փուլից սկսած մինչեւ ԵՎՐՈ-2024-ի որակավորման հանդիպումները պաշտպանը 18 դեղին քարտ է ստացել:

Լուսանկարը` Getty Images


Նրա բացակայությամբ ավագի թեւկապով թիմին խաղադաշտ է դուրս բերում Էդուարդ Սպերցյանը, որը վնասվածք ունի եւ Վրաստանի դեմ հանդիպումները բաց է թողնելու:

Ավագը

Ավագի դերը չափազանց կարեւոր է թե խաղադաշտում, ու թե հանդերձարանում: Հենրիխ Մխիթարյանից հետո 2021 թվականից հենց Հարոյանին է վիճակվել թիմակիցներին դուրս բերել խաղադաշտ:

Նա երկար ժամանակ հանդես է եկել Մխիթարյանի կողքին, տեսել նրա առաջատար որակներն ու թիմին իր հետեւից տանելու ունակությունը: Ու նրա հեռանալուց հետո հենց Հարոյանն է միավորում տարբեր սերունդների, երկրների ու լեզուներով խոսող ֆուտբոլիստներին:

«Ավագի թեւկապը վերցնելը մեծ պատասխանատվություն է, դա միանգամից ես զգում թե հանդերձարանում, ու թե դաշտում: Ուրիշ կերպ ես մոտենում հանդիպումներին, ոչ միայն դու ես քո ներսում տրամադրվում, այլ նաեւ մյուսներին ես տրամադրում:  Հպարտություն է, որ իմ ազգն եմ ներկայացնում, ու միշտ ասել եմ, որ հավաքականն իմ կարիերայում լրիվ ուրիշ տեղ է զբաղեցնում: Ամենամեծ հուշերը կապված են ազգային հավաքականի հետ, անգամ պարտություններն են ուրիշ, քանի որ դրանք ավելի ուժեղ ֆուտբոլիստ են դարձնում»,- ավելի վաղ ՀՖՖ-ին տված հարցազրույցում ասել է Հարոյանը:

Լուսանկարը` Mediamax/Artur Stabulniek


2022-ի սեպտեմբերին Ազգերի Լիգայի խմբային փուլում Իռլանդիայի հետ խաղից առաջ էլ նա ընդգծեց, որ վերջին 2 տարիները բավական բարդ են Հայաստանի ու հայերի համար, խոսեց պատերազմի ու դրա հետեւանքների մասին:

«Փորձում ենք առավելագույնն անել ու մեր ազգին մի քիչ ուրախություն պատճառել: Շատ բարդ է նման ժամանակներում ֆուտբոլի վրա կենտրոնանալ, քանի որ բոլորն էլ գիտեն, թե ինչ բան է պատերազմը: Իմ երկրում այն արդեն 2 տարի է տեւում, բայց հոգեպես մենք ուժեղ ենք»,-ասել էր նա:

Հարոյանը փորձում է անգամ ծանր պարտություններից ու դժվար հանդիպումներից հետո կարեւոր խոսքեր գտնել ու ոգեւորել թիմակիցներին:

ԱԱ-2025-ի որակավորման փուլի վիճակահանության արդյունքները մեկնաբանելիս էլ Հարոյանը փորձեց սթափ դատել ու հնարավորինս օբյեկտիվ լինել.

Լուսանկարը` Getty Images


«Բավական հետաքրքիր վիճակահանություն է: Պորտուգալիան եւ Դանիան շատ ուժեղ հավաքականներ ունեն: Մեծ տարբերություն չկա, թե նրանցից որը կլինի մեր մրցակիցը: Իռլանդիային շատ լավ ծանոթ ենք, քանի որ վերջերս ենք խաղացել իրար հետ, իսկ Հունգարիան խաղաոճով եւ կարգով շատ մոտ է Իռլանդիայի ընտրանուն: Պետք է լավ պատրաստվենք եւ ամեն ինչ անենք՝ հնարավորինս հաջող հանդես գալու համար»:

Հարոյանն էլ մեր ընտրանու մյուս ավագների պես թիմի հետ ունեցել է եւ վառ ու տպավորիչ հաղթանակներ, եւ ամոթալի ու շատ ցավոտ պարտություններ: Բայց նա էլ մյուսների պես ամեն անգամ նոր ուժ եւ մոտիվացիա է գտնում ազգային հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալու եւ պայքարելու համար:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին