Ապրիլ 15, 2025
exclusive
903 դիտում

Ինչի սպասել Հայաստանի հավաքականից Ջոն վան'տ Սխիպի օրոք


Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Radar Armenia

Լուսանկարը` FFA


Հայաստանի ազգային հավաքականը շուտով կանցկացնի առաջին խաղերը Ջոն վան'տ Սխիպի գլխավորությամբ։ Մարտի 20-ին Երեւանում Ազգերի Լիգայի անցումային փուլում կհանդիպենք Վրաստանի ընտրանու հետ, իսկ 3 օր անց կկայանա պատասխան խաղը՝ արդեն Թբիլիսիում։ Փորձել ենք վերլուծել՝ ինչպես հոլանդացի մարզիչը կարող է կառուցել հավաքականի առաջիկա խաղերը՝ հաշվի առնելով նրա խաղային մոտեցումները։

Լուսանկարը` Reuters


Վան’ տ Սխիպի մարզչական մոտեցումը

Սխիպը հայտնի է իր հարձակողական եւ գնդակը վերահսկելու մարտավարությամբ, որը ոգեշնչված է հոլանդական «տոտալ ֆուտբոլ» փիլիսոփայությունից։ Նրա մարզչական տակտիկան ներառում է․

Խաղ գնդակով․ կարճ եւ արագ փոխանցումներ, դիրքային հարձակման կիրառում, եզրային պաշտպանների ակտիվ ներգրավում։

Խաղ առանց գնդակի․ բարձր պրեսինգ, պաշտպանական գծի բարձր դիրքավորում, կոմպակտ եւ խիտ կիսապաշտպանություն՝ մրցակցի փոխանցումների տարբերակները սահմանափակելու համար։

Լուսանկարը` Reuters


Տակտիկական համակարգ՝ Հայաստանի հավաքականի համար

Հաշվի առնելով Հայաստանի ազգային հավաքականի խաղացողների կարողությունները՝ մարզիչը կարող է կիրառել հետեւյալ սխեման․

4-2-3-1՝ հավասարակշռված մոտեցում ուժեղ կենտրոնական կիսապաշտպանությամբ։ Ներգրավելով եզրային պաշտպաններին հարձակման ընթացքում՝ հենակետայինները կգործեն ավելի խորքից։ Ըստ մրցակցի կարելի է եզրային կիսապաշտպաններից մեկին դիրքավորել ավելի առաջ, իսկ հակառակ եզրը՝ ավելի ետ քաշված։

Խաղացողների դերը Վան 'տ Սխիպի մարտավարությունում

Դարպասապահ

Օգնեն Չանչարեւիչ․ պետք է կարողանա սկսել խաղի կառուցումը, ճշգրիտ փոխանցումներ հակագրոհներ սկսելու համար։ Կարեւոր է նաեւ ոտքերով լավ խաղը։

Պաշտպանություն

Վարազդատ Հարոյան, Գեորգի Հարությունյան, Անդրե Կալիզիր (կենտրոնական պաշտպաններ)․ պաշտպանական բարձր գծի առաջատարները պետք է բարելավեն փոխանցումներն առաջին փոխանցմամբ գրոհները սկսելու համար։

Կամո Հովհաննիսյան, Ստյոպա Մկրտչյան, Նաիր Տիկնիզյան (եզրային պաշտպաններ)․  հարձակմանը միացող եզրային պաշտպաններ, ովքեր պետք է ապահովեն լայնություն, սակայն մրցակցի հակագրոհների ժամանակ բարդ է լինելու նահանջել, այդ իսկ պատճառով եզրային պաշտպաններից մեկին կարելի է մշտապես թողնել ետեւում։

Լուսանկարը` Radar Armenia


Կիսապաշտպանություն

Վահան Բիչախչյան, Էդուարդ Սպերցյան (ունի վնասվածք)․ հիմնական ստեղծագործողներ, որոնք կառավարում են խաղի տեմպը։

Արտակ Դաշյան, Ուգոչուկվու Իվու․ պաշտպանական կայունություն ապահովող կիսապաշտպաններ։

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, Վահան Բիչախչյան, Արթուր Սերոբյան․ արագ եզրային հարձակվողներ, որոնք կարող են սրություն հաղորդել հարձակման գծին եւ նրանցից մեկը՝ հավանաբար, Վահանը կգործի ավելի խորքից։

Հրանտ-Լեոն Ռանոս, Լուկաս Սելարայան․ Ռանոսը՝ որպես ընդգծված հարձակվող եւ գրոհները եզրափակող, իսկ Լուկասը՝ ենթահարձակվողի դիրքում, Սելարայանը վերջին շրջանում շատ արդյունավետն է՝ ստեղծագործ մտքով եւ պահեր ստեղծելով։

Լուսանկարը` FFA


Հիմնական տակտիկական փոփոխությունները Հայաստանի հավաքականի համար

Գնդակի վերահսկման վրա հիմնված ֆուտբոլ․ Սպերցյանը վնասվածք ունի եւ նրան փոխարինող է պետք։ Սելարայանը կարող է կառավարել գրոհները ու շատ դեպքերում խաղը վերցնել իր վրա։ Լուկասի կողքին կարող է գործել Արտակ Դաշյանը՝ որպես ետ քաշված կիսապաշտպան։

Բարձր պրեսինգ եւ արագ անցումներ․ հակառակորդներին սխալների դրդելու համար պրեսինգում պետք է աշխատեն Ռանոսը, Իվուն եւ եզրային հարձակվողները։

Եզրային պաշտպանների ակտիվություն․ Տիկնիզյանը կխաղա այնպես, ինչպես սովորաբար խաղում է՝ միանալով հարձակումներին, ծանրաբեռնելով ձախ եզրը։ Աջ պաշտպանը (Կամո Հովհաննիսյան կամ Ստյոպա Մկրտչյան) ավելի հակված կլինի պաշտպանության, որպեսզի կանխի հնարավոր հակագրոհները։ Հարձակվողները եւ կիսապաշտպանները պետք է մշտապես փոխեն դիրքերը։

Լուսանկարը` FFA


Ի՞նչ կարող է բարելավվել Վան 'տ Սխիպի օրոք

Պաշտպանության լավ կազմակերպում․ Հայաստանի հավաքականը հաճախ է գոլեր բաց թողնում եւ Սխիպը կձգտի կայունություն եւ հուսալիություն մտցնել պաշտպանությունում։

Երիտասարդների զարգացում․ Մկրտչյանը, Ռանոսը, Բիչախչյանը կարող են մեծ փորձ ձեռք բերել hոլանդացու ղեկավարությամբ, ինչը հետագայում կտա իր դրական արդյունքը։

Սխիպի տակտիկան կարող է փոխել Հայաստանի խաղաոճը՝ դարձնելով այն ավելի դինամիկ, հարձակողական եւ գնդակ վերահսկող։ Ունենալով ուժեղ կիսապաշտպաններ, արագ եզրային հարձակվողներ եւ շարժուն հարձակվողներ՝ թիմն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները մրցունակ հավաքական դառնալու համար։ Ցավոք, մեր հավաքականը չունի լավ պահեստայիններ, ինչը կարող է բարդացնել թիմի վերակառուցումը։

Դավիթ Մակարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին