Ապրիլ 26, 2025
805 դիտում

Մոուրինյոյի թուրքական սկանդալը. Ռասիստական մեղադրանքներ, բողոք ՈւԵՖԱ եւ ՖԻՖԱ


Լուսանկարը` france24

Լուսանկարը` Fenerbahçe

Լուսանկարը` Fenerbahçe

Լուսանկարը` Fenerbahçe

Լուսանկարը` Reuters


Այն, որ Ժոզե Մոուրինյոն բարդ բնավորություն ունի, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ։  Բազմիցս ենք համոզվել դրանում նրա անսովոր պահվածքի, հայհոյանքների, վիրավորանքների ու ոչ միանշանակ խոսքերի արդյունքում: Իսկ թե որքան ֆուտբոլիստների կարիերաների վրա է նա վատ ազդեցություն թողել, եւս նորություն չէ, գոնե Հենրիխ Մխիթարյանի օրինակը շատերիս է ծանոթ:


Դժվար էր պատկերացնել, որ 62-ամյա պորտուգալացի մասնագետը կտրուկ կփոխվեր Թուրքիա տեղափոխվելուց հետո։ Նոր սկանդալը երկար սպասեցնել չտվեց եւ ամբողջությամբ պայթեց երեկ երեկոյան տեղի ունեցած «Ֆեներբախչե»-«Գալաթասարայ» (0:0) հանդիպումից հետո:

«Ֆեներբախչե»-ի գլխավոր մարզչի հայտարարություններից հետո «Գալաթասարայ»-ը որոշել է քրեական գործ ներկայացնել դատախազություն, ինչպես նաեւ բողոքներ ուղարկել ՈւԵՖԱ եւ ՖԻՖԱ:

Հանդիպումից հետո Մոուրինյոն «Գալաթասարայ»-ի մարզիչներին համեմատել է կապիկների հետ՝ ակնարկելով հանդիպման ժամանակ նրանց պահվածքը: Խաղից հետո նա գովել է 25-րդ տուրի հանդիպումը դատած սլովակ Սլավկո Վինչիչի գլխավորությամբ աշխատած մրցավարական անձնակազմին:

Լուսանկարը` Fenerbahçe


«Հիանալի հանդիպում էր, ինչի համար շնորհակալ պետք է լինենք լավ մրցավարին, որը բավական արդար գործեց: Տաղանդավոր 18-ամյա խաղացող ունենք, որին փորձում էին հենց առաջին րոպեներից այնպես անել, որ քարտ ստանա, սակայն մրցավարն ամեն ինչ հիանալի էր կառավարում: Եթե թուրք մրցավարները դիտեն հանդիպումը, քննադատորեն կվերաբերվեն իրենց ու կասեն. «Ես էլ եմ ուզում հանդիպումն այսպես մաքուր անցկացնել, ինչպես նա»: Մրցաշրջանի ավարտը պետք է որ գրավիչ լինի, սակայն եթե այն կրկեսը, որի ականատեսն ենք եղել տարվա սկզբից, շարունակվի, ամեն ինչ այլ կերպ կդասավորվի:

Հանդիպումից հետո մտել եմ մրցավարների սենյակ ու Սլավկո Վինչիչին ասել. «Շնորհակալություն, որ ժամանել եք այստեղ ու դատել այս կարեւոր հանդիպումը»: Թուրք մրցավար էլ կար մեր կողքին, շրջվեցի ու նրան ասացի. «Եթե այս խաղը թուրք մրցավար դատեր, իսկական աղետ կլիներ»: Նրանք ուժեղ են այդպիսի ընդհատակյա մարտավարություններում»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է Fanatik-ը:

«Գալաթասարայ»-ի մարզիչ Օքան Բուրուկը մեկնաբանել է Մոուրինյոյի պահվածքն ու նրան վիրավորել որքան կարողացել է: «Հատուկը որոշել է մրցավարների հետ զրուցել հենց նրանց սենյակում: Մոուրինյոն շատ երկար արտասվել է: Արտասվողը, նրան բոլորը գիտեն իր արցունքների շնորհիվ: Հիմա էլ գնացել է մրցավարների սենյակ ու այնտեղ արցունքներ թափել: Թող արտասվի»,- նրա խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Լուսանկարը` Fenerbahçe


Ակումբն էլ իր հերթին է հանդես եկել հայտարարությամբ, որում մասնավորապսես նշված է.

«Թուրքիայում աշխատանքի հենց ամենասկզբից Ժոզե Մոուրինյոն մշտապես նվաստացուցիչ հայտարարություններով է հանդես եկել թուրք ժողովրդի հասցեին: Այս անգամ նրա խոսքերն անբարոյական մեկնաբանություններից անցել են պարզապես անմարդկային հռետորաբանության։ Տեղեկացնում ենք, որ քրեական հայց կներկայացնենք դատախազություն, ինչպես նաեւ Ժոզե Մոուրինյոյի ռասիստական հայտարարության վերաբերյալ բողոք կներկայացնենք ՈւԵՖԱ եւ ՖԻՖԱ»:

2024 թվականի հունիսից «Ֆեներբախչե»-ն մարզող Ժոզե Մոուրինյոն դեռ նոյեմբերից է սկսել քննադատել Թուրքիայում առկա մրցավարությունն ու խոստովանել․ եթե իրեն նախապես պատմեին ողջ ճշմարտությունը, չէր համաձայնի աշխատանքի անցնել այդ երկրում:

«Եթե մրցակցի գույներն այլ լինեին (խաղացել են «Հաթայսպոր»-ի դեմ, հեղ.), 10 հոգով կմնար: Գիտենք, թե որքան թունավոր լիգայում ենք հանդես գալիս: «Էյուփսպոր»-ի դեմ խաղերում ու այսօր պետք է 5 կարմիր քարտ լիներ, ե՛ւ մեր, ե՛ւ մրցակցի ֆուտբոլիստներն այդ մասին գիտեն: Ինչո՞ւ եք թաքցնում իրականությունը, ինչո՞ւ են այս երկրում ապրող մարդիկ ինչ-որ բանից վախենում: Ինչի՞ց եք վախենում: Հասկանում եմ, դուք լրագրողներ եք, բայց ինչի՞ց եք վախենում: Միավորների տարբերությունը բացատրվում է խաղի որակո՞վ: Ճշմարտությունն ասեք»,- հայտարարել էր նա:

Լուսանկարը` Fenerbahçe


Եվս մեկ զայրացած ելույթ Թուրքիայում տիրող մրցավարության մասին Մոուրինյոն ունեցել էր «Ֆեներբախչե»-«Տրապզոնսպոր» (3:2) խաղից հետո, երբ հաղթանակը գրանցվել էր ավելացված 12-րդ րոպեին: Տանտերերը 2 գնդակ 11-մետրանոցից էին խփել: Այդ խաղում VAR-ի պատասխանատուն թուրք Աթիլլա Կարաօղլան էր:

«Այլեւս չենք ցանկանում մեր հանդիպումներին տեսել Կարաօղլանին: Մենք պայքարում ենք համակարգի դեմ, թեեւ նրան խաղադաշտում չենք տեսել, հանդիպումը դատել է երիտասարդ մրցավար, բայց նրա թիկունքում հենց Կարաօղլան է գործել: Նա, լինելով անտեսանելի, կարողացավ հանդիպման գլխավոր գործող անձը դառնալ:

««Ֆեներբախչե»-ի անունից եմ հայտնում, որ նրան էլ չենք ցանկանում տեսնել ոչ գլխավոր մրցավարի դերում, ոչ էլ առավել եւս՝ VAR-ի վրա աշխատելիս: Ամեն ինչ շատ ավելի վատ է, քան ես կարծում էի: Խաղում ենք ուժեղ մրցակիցների դեմ, բայց նաեւ՝ համակարգի, ինչն ամենաբարդն է: Շատ-շատ ազդեցիկ մարդկանց ենք հաղթել, դրա համար էլ այդքան ուրախացանք հաղթանակից հետո:

Զայրացած եմ ակումբի այն պատասխանատուների վրա, որոնք ինձ Թուրիքա են բերել, բայց ճշմարտության կեսն անգամ չեն հայտնել: Եթե ինձ ամեն ինչ պատմեին, այստեղ հաստատ չէի աշխատի:

Այն դեպքերում, երբ մրցակիցները գրոհում են մեր ֆուտբոլիստների վրա, մրցավարները թուրքական թեյ են խմում ու չե՞ն տեսնում, թե ինչ է կատարվում: Պարզապես ծիծաղելի է: Ես թուրք չեմ, թուրքերդ պետք է դրանց մասին բարձրաձայնեք: Եթե շարունակեմ խոսել, համակարգն իմ բերանը կփակի ու կգրոհի իմ դեմ»:

Լուսանկարը` Reuters


Դեկտեմբերին էլ նա դիմել էր թուրքական ԶԼՄ-ին ու խնդրել դադարել իրեն խանգարել կատարել սեփական աշխատանքը:

«Տեղական ԶԼՄ-ը շարունակում են ինձ սպանել, գոնե մի քիչ հարգեք ինձ: Չգիտեմ ոչ մի մարզչի, ով մի քանի ամսվա ընթացքում կարող է հրաշքներ գործել ու ամեն ինչ փոխել: Որպեսզի ակումբն ու ֆուտբոլիստները զարգանան, նրանց կայունություն է պետք, այդ թվում ե՛ւ մարզչի, ե՛ւ փիլիսոփայության հետ կապված հարցերում: Այնպես որ, թողեք շունչ քաշեմ ու հանգիստ աշխատեմ»,- մարզչի խոսքերը տարածել էր ESPN-ն:

Մոուրինյոյի ակումբը 24 տուրից հետո 58 միավորով ընթանում է 2-րդ տեղում, առաջատարը 58 միավոր ունեցող «Գալաթասարայ»-ն է, որի հետ խաղից հետո էլ սկսվել է պորտուգալացու մասնակցությամբ հերթական սկանդալը:

Դժվար է ասել, արդյոք նա կկարողանա՞ որեւէ փոփոխության հասնել թուրքական մրցավարական համակարգում, թե՞ պարզապես պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կհեռանա ավելի բարձրակարգ ու կայացած առաջնություն:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին