Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից մարզչի որոնումները ավարտվեցին Ջոն վան’տ Սխիպի նշանակմամբ։
Ալեքսանդր Պետրակովի հեռացումից 128 օր անց ՀՖՖ-ն հայտարարեց, որ Ջոն վան’տ Սխիպը կփոխարինի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանին: Նրա հետ կնքած 1 տարվա պայմանագիրը կգործի մարտի 1-ից՝ եւս մեկ տարի երկարաձգելու պայմանով։
61-ամյա մասնագետը Հայաստանի հավաքականի ազգությամբ 10-րդ ոչ հայ մարզիչն է (Թոմ Ջոնսն էլ ժամանակավոր պաշտոնակատար էր), ինչպես նաեւ 2-րդ հոլանդացին մարզիչը՝ Հենկ Վիսմանից հետո։ Mediamax Sport-ն անդրադարձել է վան’տ Սխիպի նախկինում կատարած աշխատանքին եւ վերլուծել, թե որքանով նա կհամապատասխանի մեր հավաքականին։
Ֆուտբոլային կարիերան
Ջոն վան’տ Սխիպը ծնվել է Կանադայում, բայց մեծացել Նիդերլանդներում, որտեղ երիտասարդ տարիքում տեղափոխվել է ընտանիքի հետ:

Լուսանկարը` AFC Ajax
Ֆուտբոլային կարիերան սկսել է հոլանդական «Հելլաս Սպորտ»-ում, ապա միացել «Այաքս»-ի ակադեմիային։ Կիսապաշտպանն իր նորամուտն «Այաքս»-ի հիմնական թիմում նշել է 1981 թվականին եւ խաղացել այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են Մարկո վան Բաստենը եւ Ֆրանկ Ռայկարդը։ Խաղային տարիների ընթացքում նա հայտնի էր իր տեխնիկական հմտություններով եւ արագությամբ։
Մոտ 10 տարի «Այաքս»-ում խաղալուց հետո տեղափոխվել է իտալական «Ջենոա», որտեղ էլ 1996 թվականին ավարտել է կարիերան:
Վան’տ Սխիպը 41 հանդիպում է անցկացրել Նիդերլանդների հավաքականի կազմում եւ Ռինուս Միխելսի գլխավորությամբ դարձել ԵՎՐՈ-1988-ի հաղթող։
Կրոյֆի ազդեցությունը
Ջոն վան’տ Սխիպի ֆուտբոլային կարիերան խորապես կապված է լեգենդար Յոհան Կրոյֆի հետ: Շատ առումներով վան’տ Սխիպին կարելի է բնութագրել որպես «Կրոյֆի զավակ» կամ ուսանող, որը երբեք չի համարձակվել շեղվել իր ֆուտբոլային կնքահոր սկզբունքներից:
Կրոյֆն էր, որ հայտնաբերեց Սխիպին «Այաքս»-ի ակադեմիայում այն բանից հետո, երբ վերջինս Կանադայից տեղափոխվեց Նիդերլանդներ: Կրոյֆն այն ժամանակվա «Այաքս»-ի մարզիչ Լեո Բենհակերին խորհուրդ տվեց, որ վան’տ Սխիպին տեղափոխի առաջին թիմ:
Ավելի ուշ, երբ Կրոյֆը դարձավ «Այաքս»-ի գլխավոր մարզիչ, վան’տ Սխիպը հայտնվեց անձեռնմխելիների թվում:

Լուսանկարը` AFC Ajax
«Այն 2,5 տարին, երբ Յոհանը մարզում էր ինձ, ես նրա ավագներից մեկն էի։ Այդ տարիներն որպես հիմք մնացին իմ մարզչական գործունեության համար։ Մինչ օրս մտածում եմ. «Ինչպե՞ս կվարվեր Յոհանը։ Ի՞նչ կաներ Յոհանը»»,- ասել է Ջոն վան’տ Սխիպը Player Development Project-ին տված հարցազրույցում։
Կրոյֆի ազդեցությունն այդքանով չի սահմանափակվում՝ նա առաջնորդեց նաեւ վան’տ Սխիպի անցումը դեպի մարզչական գործունեություն։ Կրոյֆը նրան առաջարկեց մարզչի պաշտոն զբաղեցնել «Այաքս»-ի ակադեմիայում, իսկ ավելի ուշ՝ Նիդերլանդների ֆուտբոլի ասոցիացիային խորհուրդ տվեց Մարկո վան Բաստենի օգնական նշանակել։ Մարզչական այս զույգը Նիդերլանդներին հասցրեց 2006 թվականի Աշխարհի առաջնություն եւ ԵՎՐՈ-2008։
Վան’տ Սխիպը՝ գլխավոր մարզչի պաշտոնում
2009 թվականին վան’տ Սխիպը տեղափոխվում է Ավստրալիա՝ գլխավորելու «Մելբուռն Հարթ»-ը (այժմ՝ «Մելբուռն Սիթի»), եւ ակումբի հետ դառնում երկրի գավաթակիր։
Նրա մարզչական կարիերայի ամենահետաքրքիր գլուխներից մեկը Մեքսիկայի առաջնության «Չիվաս Գվադալախարա»-ում աշխատելու ընթացքն էր։ 2012-ին Յոհան Կրոյֆը զբաղեցնում էր «Չիվաս»-ի սպորտային խորհրդականի պաշտոնը եւ նրա միջնորդությամբ վան’տ Սխիպը նշանակվեց գլխավոր մարզիչ:

Լուսանկարը` AFC Ajax
«Չիվաս»-ում աշխատելու ընթացքում նա անհամար ֆուտբոլային քննարկումների մեջ էր Կրոյֆի հետ՝ ավելի խորացնելով խաղի մասին իր ըմբռնումը։
Այնուամենայնիվ, թիմը պայքարում էր նրա մարտավարական փիլիսոփայությանը հարմարվելու համար, եւ արդյունքում ունեցան 7 հաղթանակ, 6 ոչ-ոքի եւ 10 պարտություն։ «Չիվաս»-ի ղեկավարությունը մեկ տարին չլրացած՝ բաժանվեց հոլանդացուց:
Մեքսիկայում եւ Ավստրալիայում աշխատելուց հետո 2017 թվականին վան’տ Սխիպը վերադարձավ Նիդերլանդներ՝ մարզելու «Ցվոլլե»-ն։ Նրա նշանակումը դիտվում էր որպես հոլանդական ֆուտբոլում իր հեղինակությունը վերականգնելու հնարավորություն։ Այնուամենայնիվ, նրա պաշտոնավարումը «Ցվոլլե»-ում կարճ տեւեց, քանի որ ղեկավարությունը գոհ չմնաց վան’տ Սխիպի աշխատանքից եւ մինչեւ մրցաշրջանի ավարտը հեռացրեց նրան։
Հավաքականում ունեցած փորձը
2019-ին վան’տ Սխիպը նշանակվեց Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։ Նրան հանձնարարված էր վերակառուցել ազգային թիմը, որը ԵՎՐՈ-2004-ում հաղթելուց հետո կորցրել էր իր ինքնությունը։ Նրա առաքելությունն էր արդիականացնել Հունաստանի խաղաոճը՝ անցնելով պաշտպանական մարտավարությունից դեպի ավելի դինամիկ հարձակողական ֆուտբոլի։

Լուսանկարը` Eurosport
Վան’տ Սխիպը օգտագործեց 4-3-3 սխեման՝ կենտրոնանալով բարձր պրեսինգի եւ հարձակողական խաղի վրա։ Նրա գլխավորությամբ Հունաստանի հավաքականը զգալի առաջընթաց ու տպավորիչ հաղթանակներ գրանցեց։ Չնայած իր տակտիկական բարելավումներին եւ թիմի երիտասարդացմանը՝ Հունաստանի հավաքականը չկարողացավ հաղթահարել Աշխարհի առաջնության որակավորման փուլը, ինչը քննադատությունների հանգեցրեց, ապա եւ նրա հեռացմանը։
Ի դեպ, վան’տ Սխիպը Հունաստանի ընտրանին գլխավորելիս 2019-ին եղել է Երեւանում ու ԵՎՐՈ-2020-ի որակավորման խաղում 1:0 հաշվով հաղթել Հայաստանին:
Փոփոխություններ, որոնք կանի վան’տ Սխիպը
Ջոն վան’տ Սխիպի նշանակումը նշանավորում է հայկական ֆուտբոլի նոր սկիզբը, որը խոստանում է մարտավարական էվոլյուցիա, երիտասարդական էներգիա եւ համարձակ հարձակողական ֆուտբոլ՝ նրա անցած մարզչական ուղին է այդպես խոստանում:
Նա հավանություն է տալիս բարձր պրեսինգով եւ տեխնիկական ճշգրտությամբ հարձակողական ֆուտբոլին։ Այս ոճը կտրուկ հակադրվում է հայկական ֆուտբոլում ավանդաբար նկատվող ավելի պաշտպանողական եւ հակագրոհային մոտեցմանը։
Հիմնական մարտահրավերներից մեկը լինելու է հարմարվողականության շրջանը։ Հայ խաղացողները սովոր չեն ֆուտբոլային բարձր տեմպերի։ Նրա 4-3-3 սխեմայի ներդրումը, որը մեծապես հենվում է արագ անցումների վրա, կպահանջի համբերություն եւ ժամանակ։ Հունաստանի հետ վան’տ Սխիպի փորձը ցույց է տալիս, որ նա կարող է երիտասարդացնել թիմը, բայց նաեւ ընդգծում ֆուտբոլային մշակույթը փոխելու դժվարությունը։

Լուսանկարը` AFC Ajax
Լավատեսության պատճառ կա՝ Հայաստանն ունի աճող տաղանդներ, ինչպիսիք են Էդուարդ Սպերցյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Արթուր Սերոբյանը, Գոռ Մանվելյանը, որոնք ունեն տեխնիկական կարողություններ եւ ստեղծագործական ունակություններ, ինչը համապատասխանում է վան’տ Սխիպի ոճին։
Եթե նա արդյունավետ կերպով այդ խաղացողներին ինտեգրի իր համակարգում, Հայաստանը կարող է դառնալ ավելի դինամիկ եւ հարձակման գծում անկանխատեսելի թիմ։
Այնուամենայնիվ, եթե ժամանակ եւ կառուցվածքային աջակցություն տրվի, վան’տ Սխիպը կարող է ոչ միայն արդիականացնել Հայաստանի խաղաոճը, այլեւ հիմք դնել ստեղծագործականության, համարձակության եւ նվիրվածության վրա ֆուտբոլային ինքնությանը:
Արտուշ Հարությունյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: