Գուկեշ Դոմարաջուն արդեն քանի տարի է շախմատային աշխարհին ստիպում է խոսել իր մասին, սակայն այն, ինչ արեց նա մի քանի օր առաջ, անհավանական էր։
18 տարեկանում Աշխարհի չեմպիոն մինչ այս ոչ ոք չէր դարձել, իսկ նա դա արեց հենց առաջին փորձից։
Սինգապուրում կայացած մրցամարտում հնդիկ գրոսմայստերը մրցում էր Աշխարհի չեմպիոն Դին Լիրենի (Չինաստան) դեմ ու դրամատիկ մրցամարտում առավելության հասավ նրա նկատմամբ։ Թվում էր Գուկեշ-Լիրեն մրցամարտը պետք է ավարտվի ոչ-ոքի եւ ամեն ինչ որոշվի թայ-բրեյքում։ Սակայն 14-րդ պարտիայում չինացին թույլ տվեց ճակատագրական սխալ, ինչից երիտասարդ մրցակիցն օգտվեց։ Գուկեշը դարձավ Աշխարհի 18-րդ չեմպիոնը՝ 1886 թվականին այդ տիտղոսը նվաճած Վիլհելմ Ստեյնից սկսած:
Լուսանկարը` FIDE
Չեմպիոն դառնալուց հետո տարածվեց այն տեսանյութը, որտեղ 11-ամյա Գուկեշին լրագրողը հարցնում է, թե ի՞նչի մասին է երազում․ «Ես ցանկանում եմ դառնալ Աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը»,-ժպտալով պատասխանում է պատանին։ Երազանքին հասնելու համար նրանից պահանջվեց ընդամենը 7 տարի։
Երեխան մուտք է գործում մեծ շախմատ
Գուկեշը ծնվել է 2006 թվականին Չեննայում՝ բժիշկների ընտանիքում։ Նա շախմատով սկսել է զբաղվել 2013 թվականից՝ շաբաթական երեք օր մեկ ժամ տեւողությամբ: Երբ նրա ուսուցիչները նկատել են տաղանդը, ավելի մեծ ուշադրություն են դարձրել ու ավելացրել մարզումների թիվը՝ աշխատելով նաեւ հանգստյան օրերին։ Ահա այդպես սկսվել է հաղթարշավը, որը 12 տարեկանում նրան բերեց գրոսմայստերի կոչման։ Ի դեպ, նա պատմության 3-րդ ամենաերիտասարդ գրոսմայստերն է։
Լուսանկարը` FIDE
«Շնորհակալությունը շատ փոքր բառ է ծնողներիս ասելու համար։ Այս երազանքին հասնելը նրանց համար երեւի ավելի սպասված էր, քան նույնիսկ ինձ։ Նրանք իմ ամենամեծ աջակիցներն են։ Ծնողներս ինձ համար ամեն ինչ են։ Մայրս միշտ հիշեցնում է, որ մեծ շախմատիստ լինելուց կարեւոր բան կա՝ լավ մարդ լինելը»։
Շախմատ պարապելը չափազանց թանկ է, իսկ երեխաները փորձ ձեռք բերելու համար պետք է մասնակցեն տարբեր մրցաշարերի։ Արտերկիր մեկնելու համար գումար ունենալն այդքան էլ հեշտ բան չէ։ Նրա ծնողները ստիպված ողջ եկամուտը ներդնում էին որդու վրա, երբեմն էլ պարտք վերցնում ընկերներից ու հարազատներից․ «մինչեւ Գուկեշը կկայանա եւ կկարողանա գումար վաստակել»։ Կարեւոր է նաեւ այն, որ նա մեծ աջակցություն ստացավ իր դպրոցից՝ «Վելամալ Վիդյալայա»-ից:
Կարճ ժամանակ անց նա դառնում է տարբեր տարիքայինների Աշխարհի եւ Ասիայի բազմակի չեմպիոն, Ասիական խաղերի արծաթե մեդալակիր։
Պատահական չէ, որ տարիներ առաջ Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը կամ, ինչպես նրան կոչում է Գուկեշը, «սըր Վիշին» տեսնելով պատանու խաղն՝ ասել է, որ նրան մեծ ապագա է սպասվում։
Լուսանկարը` FIDE
2022 թվականին Գուկեշն առաջին անգամ անհատական վարկանիշը հասցրել է 2726-ի։ Այս ցուցանիշով նա դարձել է երրորդ ամենաերիտասարդ խաղացողը, ով հատել է 2700-ի սահմանը։
2023 թվականի սեպտեմբերի վարկանիշային աղյուսակում Գուկեշը պաշտոնապես գերազանցել է Վիշվանաթան Անանդին։ 37 տարվա մեջ դա առաջին անգամն էր, որ Անանդն ամենաբարձր վարկանիշ ունեցող հնդիկ խաղացողը չէր։
Դառնալով Հնդկաստանի հավաքականի առաջատար
Լուսանկարը` FIDE
Վերջին չորս տարվա ընթացքում երիտասարդ խաղացողը մի շարք մեծագույն նվաճումների է հասել, որոնց գագաթնակետը, թերեւս, Աշխարհի չեմպիոնությունն է։
2022-ին շախմատի Համաշխարհային Օլիմպիադան ընդունում էր հարազատ Չեննայը։ Հնդկաստանն այստեղ ներկայացնում էր երկու թիմ։ 16-ամյա Գուկեշին վստահեց 2-րդ հավաքականի առաջին խաղատախտակը։ Այստեղ նա փայլուն արդյունք գրանցեց՝ 8 հաղթանակ։ 11 տուրում նա վաստակեց 9 միավոր եւ նվաճեց ոսկե մեդալ, իսկ Հնդկաստանի 2-րդ թիմը ելույթն ավարտեց երրորդ տեղում։
Այս տարվա ապրիլին նա ելույթ ունեցավ հավակնորդների մրցաշարում եւ իրավունք ստացավ պայքարել չեմպիոնական թագի համար՝ մարտահրավեր նետելով Դին Լիրենին: Ի դեպ, նա ամենաերիտասարդ շախմատիստն է, որ հաղթել է հավակնորդների մրցաշարում։
Լուսանկարը` FIDE
2024-ի սեպտեմբերին Գուկեշն արդեն Հնդկաստանի առաջին թիմի առաջատարն էր ու Բուդապեշտում կայացած Օլիմպիադայում անցկացրեց անկրկնելի մրցաշար՝ չկրելով ոչ մի պարտություն։ 10 խաղում նա վաստակեց 9 միավոր ու կրկին անհատական ոսկե մեդալ նվաճեց։ Բայց այս անգամ ոսկե պարգեւի արժանացավ նաեւ Հնդկաստանի ընտրանին, որն առաջին անգամն էր նման հաջողության հասնում։
Արդեն հոկտեմբերին 18-ամյա շախմատիստն 1-ին անգամ տեղ գտավ ՖԻԴԵ-ի լավագույն հնգյակում։
«Ես շախմատ եմ խաղում, որովհետեւ այն ինձ ուրախություն է պարգեւում։ Երբ առաջին անգամ շախմատի տախտակ նվեր ստացա, այն դարձավ իմ ամենահիասքանչ խաղալիքը։ Ես դեռ այն երեխան եմ, ով սիրում է այն»։
Աշխարհի չեմպիոն դարձած ամենաերիտասարդ շախմատիստը
Լուսանկարը` FIDE
Ողջ Հնդկաստանն ուրախությամբ է ընդունել Գուկեշի չեմպիոնական լուրը՝ հասարակ քաղաքացիներից, մինչեւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
«Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որովհետեւ այս ամբողջ ճանապարհորդությունը հնարավոր էր միայն նրա շնորհիվ: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել, չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի ապրումներ ունեմ։
Մի բան ասեմ։ 11 տարի առաջ ես հետեւում էի չեմպիոնական մրցամարտին։ Երբ Մագնուսը հաղթեց Անանդին, ես մտածեցի․ «ինչ հիանալի կլիներ մի օր հայտնվել այնտեղ ու տիտղոսը վերադարձնել իմ երկրին»։ Սա ես արել եմ իմ երկրի, ինձ ու իմ սիրելիների համար։ Սրանից լավ բան լինել չի կարող»։
Ի դեպ, Գուկեշն Անանդից հետո դարձավ 2-րդ հնդիկ շախմատիստը, որը նվաճեց Աշխարհի չեմպիոնական տիտղոսը։ Անանդն արդեն երկար ժամանակ է աշխատում է նրա, ինչպես նաեւ այլ հնդիկ երիտասարդների հետ։ Նա իր հսկայական գիտելիքներով օգնում է իր երկրի շախմատիստներին հասնել նման հաջողությունների։
18-ամյա շախմատիստն ամենաերիտասարդ խաղացողն է, ով բարձրացել է չեմպիոնական գագաթը: Նա թարմացրել է նախկին ռեկորդը, որը պատկանում էր Գարի Կասպարովին։ Վերջինս չեմպիոնական տիտղոսը նվաճել էր 22 տարեկանում՝ 1985-ին հաղթելով Անատոլի Կարպովին:
Լուսանկարը` FIDE
«Այո, սա եղել է երազանք, որին հասնելու համար ուրախ եմ։ Բայց իմ կարիերան նոր է սկսվում, ցանկանում եմ այն շատ երկար տեւի, իսկ ես մնամ ամենաբարձր մակարդակում: Ակնհայտ է, որ Աշխարհի չեմպիոնը չի նշանակում լինել աշխարհի լավագույն խաղացող։ Միանշանակ, դա Մագնուս Կարլսենն է: Ավելի բարձրակարգ մեկին որպես մրցակից ունենալը մոտիվացնող գործոն է։ Մի բան, որը կստիպի ինձ անել ճիշտ բաներ՝ քրտնաջան աշխատել եւ փորձել հասնել այն մեծության մակարդակին, որին հասել է Մագնուսը»:
Մեդիտացիայի, լողի ու թենիսի սիրահար այս շախմատիստն ակնհայտորեն ոչ սովորական տաղանդ ունի եւ այժմ գտնվում է շախմատային աշխարհի գագաթնակետում։ Սակայն նաեւ հստակ գիտակցում է, որ այն պահելու համար անսահման մեծ աշխատանքներ պետք է կատարի։ Միեւնույն ժամանակ էլ խոստովանում է, որ փողը կարեւոր գործոն է, սակայն հանուն դրա չէ շախմատ խաղում։
«Շախմատ խաղալու պատճառով իմ ընտանիքը ֆինանսական շատ խնդիրներ է ունեցել։ Այժմ մեզ մոտ ամեն ինչ կարգավորվել է, բայց երբեք փողի համար չեմ խաղացել եւ չեմ խաղա։ Ինչքան շատ բան եմ սովորում շախմատում, այնքան սկսում եմ հասկանալ, որ շատ քիչ բան գիտեմ։ Ամեն անգամ, երբ ես խաղում եմ, ինչ-որ նոր բան եմ բացահայտում։ Այդ գործընթացն է ինձ գրավում»։
Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: