Դեկտեմբեր 22, 2024
427 դիտում

Գեղեցկության դեսպան ու հաշմանդամային սպորտի դեմք Բեբե Վիոն


Լուսանկարը` Cosmopolitan

Լուսանկարը` Barbie

Լուսանկարը` Loreal

Լուսանկարը` Olympic

Լուսանկարը` Cosmopolitan

Լուսանկարը` Paralympics

Լուսանկարը` Loreal

Լուսանկարը` Cosmopolitan

Լուսանկարը` fashionmagazine

Լուսանկարը` Loreal

Լուսանկարը` Olympic

Լուսանկարը` Cannes Film festival

Լուսանկարը` Paralympics


L'Oreal-ը Փարիզում նորաձեւության շաբաթվա շրջանակներում կազմակերպել էր «Walk Your Worth» անվանումով շքեղ ցուցադրություն, որի շրջանակներում հարթակ դուրս եկան բրենդի բազմաթիվ դեմքեր:

Նրանց թվում էր 86-ամյա Ջեյն Ֆոնդան, Եվա Լոնգորիան, Քենդալ Ջենները, Քարա Դելեւինը, Էնդի ՄաքԴաուելը, Հայդի Քլումը, Այշվարիա Ռայը, Վիոլա Դեւիսը եւ ուրիշներ: Այս տարվա ցուցադրությունը նվիրված էր կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնմանը:



Փարիզի կենտրոնում գտնվող Գրանդ օպերայի մոտ տեղակայված պոդիումով քայլել է նաեւ կրկնակի Պարալիմպիկ չեմպիոն, իտալացի Բեատրիչե Վիոն, որն առավել հայտնի է Բեբե անունով: Ամռանը Փարիզում կայացած խաղերում նա 2 բրոնզե մեդալ է նվաճել, իսկ մինչ այդ մասնակցել է օգոստոսի 26-ին Օլիմպիական խաղերի բացման արարողությանն ու դրա շրջանակներում անցկացված հագուստների ցուցադրության մոդելներից մեկը եղել:


Իտալացի մարզուհին L'Oreal-ի միջազգային դեսպանն է 2022 թվականից:

«Չեմ ստում, իսկապես շոկի ենթարկվեցի, որ իմացա ցանկանում են ինձ դեսպան դարձնել: Գաղտնիք չէ, որ մինչեւ վերջերս գեղեցկության ոլորտում ֆիզիկական խնդիրներով մարդիկ չէին կարող իրենց դրսեւորել: Դա միանշանակ այն բնագավառը չէր, որտեղ ինձ նման մարդիկ կարող էին նստել միեւնույն սեղանի շուրջ: Կարծեցի L'Oreal-ը ցանկանում է, որ իր արտադրանքն օգտագործեմ սպիերս ծածկելու նպատակով, բայց այդպես չէր: Նրանք ցանկանում էին, որ շարունակեմ հավատարիմ մնալ ինքս ինձ ու աշխարհին ցույց տամ, որ գեղեցկությունը տարբեր դրսեւորումներ ունի»,- Cosmopolitan-ին տված հարցազրույցում պատմել է Վիոն:

Համագործակցության հիմնական նպատակն այն է, որ մարզուհին իր սոցիալական հարթակներն օգտագործի հասարակության բոլոր շերտերի ու խավերի կանանց օգնելու ընդլայնել եւ մեծացնել իրենց հնարավորությունները: Նրա առաքելությունն է կյանքի կոչել բրենդի «Չէ՞ որ դուք դրան արժանի եք» կարգախոսը որտեղ էլ որ հայտնվի՝ նորաձեւության ցուցադրություններից մինչեւ սուսերամարտի մրցումներ:

Լուսանկարը` Loreal


«Ինձ համար նման բրենդի դեմք լինելը մեծ պատիվ է, բայց եթե անկեղծ լինեմ՝ նաեւ հասունացել էր այդ պահը: Եթե ցանկանում եք նորմալ ընկալել հաշմանդամությունը, պետք է տեսնենք այն: Իմ սպիներն ու պրոթեզները հիշեցնումն են այն մասին, թե ով եմ ես իրականում ու թե ինչու եմ կարեւոր: Եթե ինձ պես մարդիկ իրենց չեն տեսնում մեծ վայրերում, ինչպե՞ս կարող են մեծ երազանքներ ունենալ: Գիտեմ, որ նման փոփոխությունները ժամանակ են պահանջում, բայց շարունակելու եմ հասնել դրանց՝ դեմքս ցուցադրելով գովազդային վահանակներից, ելույթ ունենալով եւ մեդալներ նվաճելով Պարալիմպիկ խաղերում ու լինելով այնպիսի երեւույթների մի մասը, որոնք ինձնից մեծ են»,- ավելացրել է նա:

Վիոն պատմել է նաեւ, թե ինչպես է սկսել համագործակցել Barbie-ի հետ, ինչի արդյունքում ստեղծվել է մարզուհու պատկերով տիկնիկ, որը եւս սայլակով է, կարճ մազեր ունի եւ դեմքին սպիներ: Նա հույս ունի, որ մի օր փոքրիկ աղջիկները կտեսնեն այդ տիկնիկն ու կասեն. «Հրաշալի է: Ապա նայեք նրա սանրվածքին»:

Լուսանկարը` Barbie


«Ուզում եմ, որ հաշմանդամությունը սովորական ընկալվի ու մարդիկ մեկնաբանություններ չանեն: Հույս ունեմ նաեւ, որ այդ նպատակով շատ մարդիկ կաշխատեն, որովհետեւ ամենաշատը սիրում եմ լինել մի թիմի կազմում, որը կարողանում է այնել այնպիսի բաներ, որոնց միայնակ մարդն ունակ չէ: Ինձ նման հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հնարավորություն ստեղծելը սովորական պետք է լինի, ոչ թե բացառիկ: Դրանց միայնակ հասնել հնարավոր չէ»:

Տարիներ առաջ Վիոն մտածել է, որ հաշմանդամությունը եւ սպին պետք է թաքցնել, իսկ հիմա գիտակցում է՝ ցանկացած գեղեցկություն էլ հնարավոր է շպարի միջոցով արտահայտել: Մարզուհին հավատում է, որ թերությունները հնարավոր է ուժեղ կողմ դարձնել, այլ ոչ թե ընկալել որպես թերություն:

Հիմա նա վստահ ու տիտղոսակիր մարզիկ է, մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում եւ գտնում է, որ սպորտը պետք է բոլորին հասանելի լինի: Դրան փորձում է հասնել Nike հետ համագործակցությամբ, որն օգնել է բացել Bebe Vio ակադեմիան: Այն իրականացրել է սպորտային-վերականգնողական art4sport կազմակերպությունը, որը հիմնադրել են Վիոյի ծնողները:

Լուսանկարը` Olympic


«Հիմա սիրում եմ ինձ ու իմ մարմինը: Գիտեմ, որ կատարյալ չեմ, բայց ինձ հետ այդպիսն էլ հավանում եմ, քանի որ հավատում եմ բացառիկ գեղեցկությանը, որն ունի մեզնից յուրաքանչյուրը: Սուսերամարտը շատ էլեգանտ մարզաձեւ է, բայց ֆիզիկապես բարդ: Ամեն դիմակայությունից հետո ոչ ներկայանալի եմ դառնում՝ ամբողջովին կարմրած, տեքսից ընկած ու քրտնած: Բայց դա էլ սպորտի գեղեցկությունն է»,- շեշտել է նա:

Փարիզի խաղերից հետո իտալական Vogue-ին տված հարցազրույցում նշել է, որ համաձայն չէ այն մտքի հետ, թե իբր սպիները ցույց են տալիս մարդկանց պատմությունները: Օրինակ՝ իր սպիները ցույց չեն տալիս, որ սուսերամարտով է զբաղվում, պարզապես հիշեցնում են ծանր հիվանդություն հաղթահարելու մասին.

«Ուզում եմ, որ սեփական պատմությունս ինքս ներկայացնեմ, այլ ոչ թե մարդիկ արտաքինից դատելով՝ պատկերացնեն: Իմ պատմությունը բնավ էլ կապ չունի հիվանդությանս հետ: Մանկությունից սուսերամարտիկ եմ ու գիտեմ, թե սպորտն որքան օգուտ եւ ուրախություն է բերում մարդկանց, ու որ դրանով զբաղվելով՝ ինքներդ էլ մեծ երջանկություն եւ օգուտ եք պարգեւում ուրիշներին: Սպորտով զբաղվելը կարող է շատ սովորական թվալ, բայց այն անբացատրելի ոգեւորություն է առաջացնում մյուսների մոտ: Հենց այդ պատմությունն եմ ուզում մարդկանց ներկայացնել»:

Լուսանկարը` Cosmopolitan


Վիոն գտնում է, որ սոցկայքերում իր հայտնիությունն ու հանրահայտ բրենդների հետ համագործակցությունը թույլ են տալիս ավելի մեծ լսարան ունենալ, բայց համարում է, որ շատերն իրենից փայլուն կարիերա ունեն, ավելի շատ մեդալներ են նվաճել եւ խոսուն պատմություններ ունեն:

«Չեմ դժգոհում այն ուշադրությունից, որ վերջին տարիներին արժանանում եմ, բայց ես Իտալիայում հաշմանդամություն ունեցող միակ մարզիկը չեմ: Դրա համար էլ ԶԼՄ-ին կոչ եմ անում ավելի շատ հաշմանդամություն ունեցող մարզիկների անդրադառնալ, որոնց մասին շատ քիչ բան է հայտնի: Հիանալի մարզիկներ կան, որոնք իրենց անցած ճանապարհով կարող են էական տեղաշարժեր առաջացնել»:

Երբ հարցնում են, թե ինչպես է հասցնում համատեղել բազմատեսակ գործունեությունը՝ ելույթներ ունենում, բարեգործական արշավների մասնակցում, ներկա լինում կինոփառատոնների եւ նորաձեւության ցուցադրությունների, ոգեշնչում երիտասարդ սերնդին ու դրա հետ մեկտեղ էլ գործող մարզիկ մնում, այսպես է պատասխանում. «Կարիք չունեմ թռչունների ձայներով շրջապատված լինել կամ էլ մեդիատացիա անել: Լավագույնը, ինչ կարող եմ անել ինձ համար, մարզասրահ գնալն է: Սիրում եմ պարապել: Իմ թիմը ընտանիքս է, նրանք մարդիկ են, որոնք իսկապես հոգ են տանում ու անհանգստանում ինձ համար»:

Լուսանկարը` Paralympics


Վիոն հավատում է, որ յուրաքանչյուրն էլ ունի չեմպիոնին հատուկ որակներ ու չպետք է ամաչել դրանք ցույց տալ: Խոստովանում է, որ մի քանի տարի է պահանջվել, որպեսզի կարողանա իրեն ազատ դրսեւորել հանրային միջավայրում եւ ելույթներ ունենա մեծ լսարանի առաջ:  

«Պետք է հպարտանաք այն ոլորտով, որը ներկայացնում եք, ինչպես ես եմ անում Պարալիմպիկ խաղերի մասին խոսելիս»,- ավելացրել է նա:

Նաեւ ընդգծել է, որ իսկական մարզիկ է ու սիրում է մրցակցությունը, դեռ երեխա տարիքից սովորել է, որ նպատակին հասնելու համար պայքարել է պետք.

«Թիմակիցներիս հետ համարյա միշտ հասել ենք նրան, ինչին ձգտել ենք: Իսկ ինչին դեռ չենք արժանացել, առաջիկայում այդ բացը կլրացնենք: Քանի որ մենք արժանի ենք դրան»:

Իսկ Վիոյի երազանքն այսքան պարզ ու հասարակ է. «Գնալ Իտալիայում ցանկացած մարզադահլիճ ու տեսնել, թե ինչպես են երեխաները միասին պարապում: Ինչ-որ մեկը սայլակով է, ոմանք տեսնում են, մյուսները՝ ոչ: Կարեւորը միասին մարզվելն է»:

Հասմիկ Բաբայան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին