Դեկտեմբեր 22, 2024
6965 դիտում

Արյունոտ ծնկներով երեխան․ Թբիլիսիի բետոնե «ստադիոնից» դեպի ԵՎՐՈ-2024


Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` UEFA


Այն, ինչ երեկ երեկոյան արեց Վրաստանի հավաքականը, մեծ հարգանքի է արժանի։ Այս թիմն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնությանն ու առաջին իսկ փորձից դուրս է գալիս փլեյ-օֆֆ փուլ։

Դեռեւս ԵՎՐՈ-2024-ի մեկնարկից առաջ The Players Tribune-ը զրույց էր տեղադրել Խվիչա Կվարացխելիայի հետ։ Որոշեցինք այն որոշ կրճատումներով ներկայացնել մեր կայքում, որի միջոցով կհասկանանք այս երիտասարդ ֆուտբոլիստի ու նրա հավաքականի հաջողության գրավականը։

Լուսանկարը` UEFA


«Հարցրեք ցանկացած վրացու, թե ով կհաղթի ԵՎՐՈ-ն։ Ցանկացած վրացու՝ փոքր երեխայի, մեծ կնոջ, վաճառողի։ Կապ չունի՝ ում։ Նախ՝ նրանք բոլորը կզարմանան, իբր թե հարց տվողը խենթի մեկն է։ Ինչպե՞ս թե ով կհաղթի, իհարկե, Վրաստանը։

Նրանց կզարմացնի հարցը, կկարծեն, թե դուք հիմար եք։

«Բացի Վրաստանից ուրիշ ո՞վ կարող է հաղթել»։

 Դուք հիմար եք, մեծ հիմար։

Որոշ մարդիկ կհակադարձեն «Բայց չէ՞ որ սա առաջին անգամն է, որ դուք մասնակցում եք ԵՎՐՈ-ին»։

Կապ չունի։ Ոչ մի տարբերություն չկա։

«Հաղթողը լինելու է Վրաստանը»,-կասի ծեր կինը։

Բոլոր վրացիներն են այդպես։ Ամեն հարցում։  

Գիտե՞ք՝ լավագույն խոհանոցը որ երկրինն է։

Իսպանիա՞, Իտալիա՞, Ճապոնիա՞։ Հահահահա։ Ոչ։

Վրաստանինը։

Լավագույն երաժշտությո՞ւնը։

Վրաստանինը։

Իսկապես չգիտեմ, թե ինչու է այդպես։ Դա Աստծուց է գալիս, միգուցե։ Միգուցե մենք այդպես ենք ծնվել։ Ամեն դեպքում, Վրաստանն ամեն ինչում լավագույնն է։

Ես էլ այդպես կպատասխանեի։

Ինձ համար լավագույն ուտելիքն աշխարհում խինկալին է։ Եւ, իհարկե, մենք կարող ենք հաղթել Եվրոպայի առաջնությունում։ Ո՞վ կարող է հակառակը պնդել։

Լուսանկարը` UEFA


ԵՎՐՈ-ում լինելն արդեն իսկ խենթություն է։ Ես շատ մեծ չեմ, ընդամենը 23 տարեկան։ Բայց անկումներ ու վերելքներ եմ ունեցել կյանքում եւ ֆուտբոլում։  

Ամռանը, երբ դպրոցական արձակուրդներն էին, ամեն օր փողոցներում ֆուտբոլ էինք խաղում։ Կար չորս շենք։ Այդ շենքերի կենտրոնը մեր «ստադիոնն» էր, որի հատակը միայն բետոն էր։ Ծնկները դառնում էին կարմիր, ապա՝ արյունոտ։

Գիտե՞ք ինչ։ Շենքերից մարդիկ նայում էին մեզ, կարծես երկրպագուներ լինեին։

Վրաստանում մարդիկ սիրում են սպորտ, բայց առաջին տեղում ֆուտբոլն է, այն միշտ է առաջինը։ Ցանկացած ֆուտբոլ նրանք դիտում են՝ ընկերական խաղեր, երեխաների փողոցային խաղեր, կապ չունի։

Երբեմն գիշերն էինք խաղում, երբ երեխաները պետք է քնեին։  Մենք սկսում էինք բղավել, վիճել, ինչի արդյունքում երեխաներն արթնանում էին։ Ծնողները դժգոհեցին, թե մենք խելագարներ ենք։ Ահա այդպես ավարտվեցին մեր գիշերային խաղերը։ Այլեւս ոչ մի «Չեմպիոնների լիգա»։

Ե՞ս, ես շատ չէի բղավում, ավելի շատ հանգիստ էի։ Երբեք կռիվ չեմ սկսել։ Երբեմն մարդիկ ասում էին․ «Այս տղան ամաչկոտ է» (նույնիսկ հիմա են այդպես ասում)։ Բայց ես այդպիսին չեմ, պարզապես հարգում եմ բոլորին։

Բայց, եթե ինչ-որ բան անեք ընկերոջս, շատ կկատաղեմ։ Երբեք չեմ սկսում կռիվը, բայց կարող եմ ավարտել այն։ Հատկապես, երբ ընկերս դժվարության մեջ է, ես պետք է օգնեմ նրան։ Մայրիկս ատում էր դա․ «Ինչո՞ւ ես կռվում։ Հանգիստ եղիր»։

Բայց այնտեղից, որտեղից ես եմ գալիս, երբեք չես կարող ընկերոջդ թողնել դժվարության մեջ։

Իսկ ես գալիս եմ Թբիլիսիի «Դինամո» ակադեմիայից, որտեղ ֆուտբոլն ավելի շատ է, քան կռիվը։ Այն ուղին, որով կրթում են մեզ, վստահ եմ, լավագույններից է։ Տեսնում եք Վրաստանի հավաքականը, հիմնական խաղացողները կրթվել են հենց այդ ակադեմիայում։

Բայց դժվար էր։ Ես առաջին թիմում էի, որտեղ տարիքով ավելի մեծ խաղացողներ էին։ Այդ ժամանակ ես փոքր էի ու ինձ ոչ ոք չէր ճանաչում։

«Ո՞վ է այս տղան»: Ես երեւի 15 տարեկան կլինեի, իսկ նրանք մեծ էին: Նրանք ասացին. «Օ, հիմա մենք ունենք այս տղային: Գուցե պարտվենք»։ Ես դա լսեցի։

Եվ կարծես… ուզում էի լաց լինել: Մտածում էի, միգուցե ես վատն եմ: Ներսումս կռվում էի ու ինքս ինձ ասում․ «Գրողը տանը, ես պետք է նրանց  ցույց տամ, որ կարող եմ լավ խաղալ»:

Դա ինձ մոտիվացրեց ու դարձրեց ավելի լավը։

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա


Ապա ես մեկնեցի Մոսկվա։ 17 տարեկան էի, շատ երիտասարդ ու միայնակ։ Ծնողներս նյարդային էին, հայրս շատ էր անհանգստանում։ Ինձ համար դժվար էր, որովհետեւ թողնում էի ընտանիքիս։

Բայց երբ սկսեցի մարզվել, ասացի․ «Ինչի՞ համար եմ եկել այստեղ։ Շապիկիս վրա ընտանիքիս ազգանունն է, ուրեմն ես ինձ հետ բերել եմ նաեւ ընտանիքս։ Ես պետք է աշխատեմ նաեւ նրանց համար։ Չեմ կարող հիասթափեցնել, պետք է նրանց հպարտանալու առիթ տամ»:

Վրացի Շաբա Կվիրկվելիան այնտեղ էր, շատ է օգնել ինձ՝ երբեմն հրավիրում էր  ընթրելու, երբեմն պաշտպանում էր ինձ։ Բայց իրականում ես միայնակ էի, ընկերներ չունեի, ապրում էի մարզումային ճամբարում, որտեղ միայն ես էի ու երեւի անվտանգության աշխատակիցները։ Անկեղծ եմ ասում, իրականում վախենալու տեղ էր՝  խոր անտառում։ Չէի գնում Մոսկվայի կենտրոն։

Երեկոյան դաշտում լույս չկար ու մթին մարզվում էի։ Երբեմն անվտանգության աշխատողները գալիս էին, թե այս մութ դաշտում ո՞վ է վազում։

Իսկ ես դրիբլինգ էի անում սեփական ստվերիս հետ։

Իմ մտքում ուրիշ ոչինչ չկար, միայն ֆուտբոլ։

Ես միշտ Վրաստանը եւ իմ ժողովրդին տանում եմ ինձ հետ։ Երբ սիրում ես երկիրդ, մտածում ես այդպես։ Անում եմ ամեն ինչ իմ երկրի համար, այն երեխաների համար, ովքեր սիրում են ինձ (նույնիսկ եթե չեն սիրում, բայց վրացի են, անում եմ ամեն ինչ նրանց համար)։

Ես ուզում եմ հպարտություն պատճառել, միշտ։

Բայց 2022-ին սկսվեց Ուկրաինայի պատերազմը։ Պատերազմը մեծ ամոթ է։ Ոչ ոք չպետք է սպանի մյուսին։ Աշխարհում պետք է լինի խաղաղություն։ Ու երբ այն սկսվեց, ես ասացի, որ այլեւս չեմ կարող ապրել այստեղ։ Իմ երկրի ու մեր պատմության պատճառով ասացի ակումբին, որ հեռանում եմ։

Լուսանկարը` UEFA


Գնացի Բաթումիի «Դինամո», աշխարհի լավագույն երկիրը։ Դուք արդեն գիտեք, թե որն է այն։

Տուն վերադառնալը հիանալի է։ Ստադիոնում բոլորը նայում են քեզ։ Ամեն ինչ կարծես նույնն է, նույն երեխան՝ բետոնի վրա։ Բայց արդեն առանց արյունոտ ծնկների։

«Նապոլի» գնալը Բեդրիի հետ է կապված։ Նա հայրս է։

Նրա մեծագույն կուռքը Մարադոնան է։

Հայրս մեծ ֆուտբոլիստ է եղել, երեխա ժամանակ միշտ նայել եմ նրա հանդիպումների տեսագրությունները։ Հայրս ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր։

Երբ ինչ-որ մեկը խոսում էր Մեսսիից կամ Ռոնալդուից, ես ասում էի․ «Ոչ, ոչ․․․ հայրս լավագույնն է»։

7-8 տարեկան էի, երբ վիճաբանություն էր լինում, թե «Ռոնալդինյոն լավագույնն է», ես ասում էի․ «Ոչ, ոչ, դուք չեք տեսել հայրիկիս խաղը։ Ես ցույց կտամ նրա տեսագրությունները»։

Հահահա:

Իհարկե, երբ մեծացա, սկսեցի մտածել, որ Ռոնալդինյոն․․․ այո, միգուցե մի քիչ ավելի լավն է։ Շատ քիչ։

Իսկ երբ փոքր էի, հայրս ասում էր, թե Մարադոնան կարծես Աստված լիներ։

Ու երբ գործակալս ասաց, որ «Նապոլի»-ն ցանկանում է ինձ ձեռքբերել, ես երջանիկ էի։ Իսկ իմ հայրը կարծես ասում էր՝ դա անհավանական է։ Նա ասաց․ «Դու չես կարող մերժել «Նապոլի»-ին։ Մարադոնայի ակումբին դու չես կարող ասել ոչ»։

Այնպես որ, մենք երկար չենք մտածել։

Լուսանկարը` UEFA


Երբ եկա Նեապոլ, խաղընկերներս առաջին բանը որ ասացին, թե «պետք է երգես»։ Դա ավանդույթ է։  

Երբ Ռուսաստանում էի Կազանի «Ռուբին» եկած մի նոր տղա երգեց։ Հիանալի երգ էր, որը ես չգիտեի։ Դա «Լալա, լա, լա, լա․․․»-ն էր։ «Նապոլի»-ում ես կատարեցի այդ երգը։ Խաղընկերներս ասացին․ «Օհ, դու խելացի տղա ես։ Ուզում ես տպավորություն թողնել հա՞ «Նապոլի»-ի երկրպագուների վրա»։

Իսկ ես բանից անտեղյակ էի։

Ընթրիքից հետո Մարիո Ռուին ինձ ասաց, որ այդ երգը «Live Is Life»-ն է․ «Դա Մարադոնայի համար էր։ Նա այն հայտնի դարձրեց։ Մարզման ժամանակ, գնդակի հետ խաղալու պահին»։

Բայց երդվում եմ, ես դրա մասին չեմ իմացել։

Առաջին օրը տաքսի նստեցի։ Երբ տեսա, թե ինչպես են մեքենա վարում, մտածեցի, որ երբեք չեմ կարողանա այնտեղ մեքենա վարել։ Բայց երբ գնացի հյուրանոց․․․ այդ տեսարանը․․․ Աստված իմ։ Դա լավագույնն էր, ինչ երբեւէ տեսել էի իմ կյանքում։

Դուրս եկա քայլելու, բոլորը ճանաչում էին ինձ։ Ու դեռ ես ոչ մի հանդիպում չէի խաղացել։ Կանգնեցնում էին ու ասում «Դու Կվարացխելիան ես»։

Ասում էի՝ այո։

Ես՝ երիտասարդ մի տղա, եկել եմ Բաթումիի «Դինամո»-ից, ունեմ շատ դժվար ազգանուն, բայց բոլոր տատիկներն ու պապիկները գիտեն ինձ։

Ընկերներիս շատ եմ ասում, որ վրացիներն ու Նեապոլի բնակիչները շատ նման են․ ինչպես են սիրում ֆուտբոլը, կյանքը մի քիչ այլ են ապրում, ինչպես ասեմ, խենթի պես։

Երբեք չեմ մոռանա իմ առաջին այցը «Մարադոնա» ստադիոն։ Ամեն ինչ գեղեցիկ էր։ Ես այլ ֆուտբոլիստների պես խաղից առաջ դուրս չեմ գալիս դաշտ, իսկ այդ անգամ ասացի, որ պետք է տեսնեմ այն։ Ամեն ինչ հիանալի էր՝ այդ մթնոլորտը, էմոցիաները։ Նախախաղային մարզման ժամանակ կատարում էին այդ երգը՝ «Լա, լա, լա»-ն։ Հետո նրանք երգեցին Մարադոնայի մեկ այլ երգ «Olé, olé, olé», ապա՝ «Diego, Diego»-ն։

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա


Երեխա ժամանակ իմ կյանքը Վրաստանում մի քիչ դժվար էր։ Մանրամասներ չեմ ասի, բայց այժմ ես երջանիկ եմ։ Գիտեմ, որ «Նապոլի»-ում խաղալով ժպիտներ եմ պարգեւում իմ երկրի բնակիչներին։ Բոլորը նայում են իմ խաղը, հետեւում են մեզ։

Երբ տուն եմ վերադառնում ու տեսնում եմ, որ վրացի երեխաները դրսում խաղում են իմ շապիկներով, մի տեսակ չեմ հավատում դրան։ Կարծես այդ Կվարացխելիա ազգանունը պատկանելիս լինի մի այլ տղայի։

Երբեք չեմ երազել դրա մասին, որովհետեւ այնքան հեռու էր ամեն բան։ Իսկ հիմա, երբ տեսնում եմ դա, ոգեշնչվում եմ։  

Այժմ ԵՎՐՈ-ում ենք առաջին անգամ։ Մենք կարող ենք երջանկացնել ողջ Վրաստանին։

Բոլոր վրացիների համար սա երազանք է։

Դա ճիշտ է, որ Վրաստանը լավագույնն է։ Ամեն ինչում։ Բայց կարծում եմ, որ հոգու խորքում ոչ ոք չէր հավատում, որ մենք հանդես կգանք ԵՎՐՈ-ում։

Փլեյ-օֆֆում Հունաստանի դեմ խաղից առաջ գլխումս մի միտք էր․ «Մենք պետք է դա անենք։ Ես պետք է անեմ իմ ընկերների, իմ խաղընկերների, իմ ժողովրդի համար»։

Մենք պատմություն կերտեցինք Վրաստանի համար։

Իսկ հիմա․․․ այո, մենք հնարավորություն ունենք։ Ինչո՞ւ ոչ։ Ո՞վ ասաց, թե չենք կարող։

Դժվա՞ր է լինելու։ Իհարկե։ Ֆուտբոլում ոչ ոք ոչինչ վստահ չգիտի։ Ոչ ոք չէր մտածում չէ՞, որ որակավորման փուլը կհաղթահարենք։

Հարցրեք նրանց ու նրանք կարող են նորից չհավատալ մեզ։ Նրանք կասեն, թե Վրաստանը ոչ մի շանս չունի։

Բոլորը կասեն դա։

Բայց գիտե՞ք ինչ։

Ես կպատասխանեմ․․․

Այդ հարցը նրանք ոչ մի վրացու չեն տվել»։


Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին