Դեկտեմբեր 22, 2024
8232 դիտում

Մխիթարյանը՝ երեխաներին. Հեռախոսից քիչ օգտվեք, ձեր ապագան գիրք կարդալն ու նոր բան սովորելն է


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հենրիխ Մխիթարյանն երեկ երեկոյան Newmag-ի գրքի եւ արվեստի ամառային փառատոնի հատուկ հյուրն է եղել ու խոսել է իր կարիերայի, ընտանիքի, «Ինտեր»-ի հետ ունեցած նպատակների, ԵՎՐՈ-2024-ի ու Հայաստանի հավաքականի մասին:


Հայրությունը

Հայր դառնալուց հետո շատ բան է փոխվել, կյանքը կրկնակի իմաստ է ձեռք բերել, փորձում եմ ամեն ինչ անել, որ երեխաներս իրենց լավ զգան ու ամեն ինչ ունենան: Հնարավորինս շատ ժամանակ եմ անցկացնում նրանց հետ, ամեն օր մեծ բավականություն ստանում ու հետները մի նոր բան սովորում:

Համլետը ֆուտբոլ շատ է սիրում, ամբողջ օրը գնդակով տանը կամ բակում խաղում է: Ինքը կընտրի իր ճանապարհը, եթե ցանկանա ֆուտբոլիստ դառնալ, կողքին կլինեմ ու կօգնեմ ինչով կարող եմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հարազատ մարդիկ

Ցանկացած քաղաքում, որտեղ հանդես եմ եկել, միշտ կարեւոր է եղել, թե ում հետ եմ ժամանակս կիսում: Ամուսնանալուց հետո կնոջս հետ եմ հիմնականում լինում: Իմ կյանքում կարեւոր դերակատարում ունեն նաեւ քույրս, մայրս, քեռիս ու նրա ընտանիքը: Բոլորից էլ մեծ ուժ եւ էներգիա եմ ստանում, երբ կողքիդ նման մարդիկ կան, ամեն ինչի էլ ունակ ես դառնում, ամենաուժեղն ու ամենակարողը լինում:

Իտալիայի չեմպիոնությունը

Շատ երկար էի սպասել այս չեմպիոնությանը, անբացատրելի զգացողություններ ունեցա եւ մեծ բավականություն ստացա: Մանավանդ յուրահատուկ էր, որ «Միլան»-ի դեմ խաղում ապահովեցինք առաջին տեղը, աննկարագրելի օր էր: Հաջորդ հանդիպմանը, երբ մրցեցինք «Տորինո»-ի դեմ, երկրպագուներն անչափ ուրախ էին, եւ հասկացանք, թե որքան կարեւոր նվաճման ենք հասել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարիերան

Ակումբի հետ դեռ գործող պայմանագիր ունեմ, հաջորդ մրցաշրջանն ավարտելուց հետո նոր կմտածեմ ապագայիս մասին: Ցանկությունս է որքան հնարավոր է երկար լինել «Ինտեր»-ի կազմում ու Եվրոպայում: Կավարտեմ այն ժամանակ, երբ զգամ այլեւս անկարող եմ խաղալ:

Մարզչական աշխատանքը

Մարզչական աշխատանքը շատ ավելի բարդ է, քան ֆուտբոլիստինը, այն ավելի շատ էներգիա է պահանջում: Արդեն 15 տարի է հանդես եմ գալիս եվրոպական ակումբներում ու ֆուտբոլին եմ տրամադրում ողջ ժամանակս, ուզում եմ հետո ընտանիքիս ու հարազատներիս հետ ավելի շատ լինել եւ բոլորից կարոտս առնել:

Շատ կուզեմ օրերից մի օր մարզել երեխաներին, ինչու ոչ՝ նաեւ մեծերին, բայց դեռ կենտրոնացած եմ կարիերայիս վրա ու նման բաների մասին չեմ մտածում:

Կարեւոր որակները

Ֆուտբոլում պատահականություններ չեն լինում, բազմաթիվ տաղանդավոր կամ էլ աշխատասեր խաղացողներ կան, որոնք հաջողության չեն հասնում: Դրա համար երիտասարդներին խորհուրդ կտամ, եթե նպատակ ունեք, ամեն ինչ արեք դրան հասնելու համար: Չտխրեք կամ չհանձնվեք, երբ դժվարությունների հանդիպեք, դրանք ձեզ ավելի ուժեղ են դարձնելու:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նաեւ միշտ հիշեք, որ կյանքը ֆուտբոլով չի ավարտվում, եթե հանկարծ լավ խաղացող չդառնաք, ձեր ուժերը կարող եք տարբեր ոլորտներում փորձել եւ հաջողության հասնել: Երբեք կանգ չառնեք ու ամեն օր ավելացրեք ձեր գիտելիքների պաշարները, նոր բան սովորեք ու աճեք:

ԵՎՐՈ-2024

Եթե անկեղծ՝ Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունների հետեւել չեմ սիրում, ինձ ավելի շատ ակումբային ֆուտբոլն է դուր գալիս: ԵՎՐՈ-ին փորձում եմ երկրպագուների աչքերով նայել ու հաճույք ստանալ, ինչը դեռ չի ստացվում: Ֆրանսիայի, Իսպանիայի ու Գերմանիայի ընտրանիներին եմ երկրպագում, նաեւ Իտալիային, բայց համոզված չեմ, որ վերջինս կկարողանա պայքարել չեմպիոնության համար: Այն շատ է տարբերվում ԵՎՐՈ-2020-ում հաղթանակ գրանցած հավաքականից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Յուրահատուկ դերբիները

Իմ կարիերայի ընթացում շատ տարբերվող դերբիների եմ մասնակցել Անգլիայում, Գերմանիայում ու Իտալիայում, բայց կառանձնացնեմ Չեմպիոնների Լիգայում «Միլան»-ի դեմ դիմակայությունը: Ինձ հաջողվեց գոլի հեղինակ դառնալ, նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էի ու օգնեցի «Ինտեր»-ին դուրս գալ ՉԼ-ի եզրափակիչ:

Եզրափակիչը

Ստամբուլում պարտություն կրելը շատ ցավալի էր, մանավանդ՝ մի խաղում, երբ մրցակիցն ակնհայտորեն ուժեղ չէր, բացի այդ էլ մենք ավելի շատ գոլային պահեր ունեինք, բայց դրանք օգտագործել չկարողացանք: Բայց եզրափակչում կամ հաղթում ես, կամ էլ պարտվում, այդ օրը մենք զիջեցինք: Հուսամ՝ դեռ եզրափակչում խաղալու հնարավորություն կլինի ու կհաղթեմ, քանի որ դա լրիվ այլ զգացողություն է:

Սիրելի գրքերը

Գրքեր կարդալ սիրում եմ ու տարբեր տարիքներում նույն գրքից ստացած տպավորություններս էլ էականորեն ուրիշ են լինում: Դա նշանակում է, որ նույն մարդը չես մնում, զարգանում ես ու նաեւ ընկալումներդ են փոխվում:

Վերջերս կարդացած գրքերից են Դեւիդ Բեքհեմի եւ Զլատան Իբրահիմովիչի ինքնակենսագրականները, ինչպես նաեւ գիրք եմ նվեր ստացել Արցախի պատերազմի մասին: Շատ ուրախ եմ, որ գնահատում են ընթերցասիրությունս ու ինձ հաճախ են գիրք նվիրում, ամենահաճելի նվերներից է: Երբ ասում էի, որ ամեն մարդ պետք է շարունակի սովորել ու կատարելագործվել, նաեւ ինձ նկատի ունեի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պարտությունները

Երիտասարդ տարիքում ամեն պարտություն շատ ծանր էի ընդունում, 2-3 օր փակվում էի սենյակում, ամեն ինչում ինձ մեղադրում ու տանջվում: Ինքնաքննադատելու տարրը շատ մեծ էր, այն ժամանակ դեռ այնքան էլ չէի գիտակցում, որ ֆուտբոլը թիմային խաղ է ու ամեն պարտությունում իրենց մեղքի բաժինն ունեն բոլոր խաղացողները:

Հիմա վերաբերմունքս պարտություններին փոխվել է՝ դասեր եմ քաղում, վերլուծում սխալներն ու սկսում պատրաստվել հաջորդ հանդիպմանը: Եթե զիջելու մասին շատ մտածես, պատրաստվելուն ժամանակ չի մնա ու նորից կպարտվես:

Առհասարակ սպորտում հոգեբանական պատրաստվածությունը շատ կարեւոր է, եթե լավ վիճակում ես, ունակ ես ամեն ինչի հասնել, իսկ հենց թուլացար՝ ամեն ինչ կկորցնես: Ֆուտբոլում անհնար է կանգնեցնել հոգեբանորեն ամուր մրցակցին, նրա մոտ ամեն ինչ ստացվում է, նույնիսկ, եթե ամենաուժեղը չէ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Խորհուրդներ երեխաներին

Երեխաներին 3 խորհուրդ կտամ, որոնցից երկուսը ֆուտբոլային են: Խաղացեք ֆուտբոլ որքան կարող եք շատ, սիրեք խաղը, նպատակ դրեք ու հասեք դրան: Եվ վերջինը՝ հեռախոսից քիչ օգտվեք, այն ամենավատ բանն է եւ ձեզ ապագա չէ: Ձեր ապագան գիրք կարդալն ու նոր բան սովորելն է: Իսկ հեռախոսները վնասից բացի որեւէ բանով օգտակար չեն լինում:

Հասմիկ Բաբայան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին