Հոկտեմբեր 18, 2024
3853 դիտում

Մբապե․ Երջանիկ ֆուտբոլիստն ավելի լավ է խաղում, բայց հաղթանակի համար դա քիչ է


Լուսանկարը` Transfer

Լուսանկարը` PSG

Լուսանկարը` PSG

Լուսանկարը` Équipe de France de Football

Լուսանկարը` Équipe de France de Football


Կիլիան Մբապեն այս օրերին Ֆրանսիայի հավաքականի ճամբարում է ու թիմի հետ պատրաստվում է Եվրոպայի առաջնության մեկնարկին։

ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխության լուրը հաստատվեց երկու օր առաջ, բնական է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած մամուլի ասուլիսում էլ լրագրողները Մբապեին հարցեր ուղղելու էին ոչ միայն հավաքականի, այլ նաեւ հին ու արդեն նոր ակումբների մասին։

25-ամյա ֆուտբոլիստը բավական անկեղծ է եղել ու սպառիչ պատասխաններ է տվել բոլոր հարցերին, որոնց մի մասն առաջարկում ենք կարդալ մեր այս անդրադարձում։

Խնդիրներ ՊՍԺ-ում

Լուսանկարը` PSG


«Հսկայական թեթեւություն եմ զգում։ Կարծում եմ իմ դեմքից էլ երեւում է, որ երջանիկ եմ։

Մրցաշրջանի ավարտին ես քիչ էի խաղում։ Բոլորն էլ գիտեն պատճառները։ ՊՍԺ-ում հիանալի օրեր եմ անցկացրել։ Ես այնտեղ գնացի պատանի ու հասունացա ու կայացա։ Ես ֆրանսիացի եմ, Փարիզից։ Իմ քաղաքում հանդես գալը մեծ բան է եղել ինձ համար։ Ամեն ինչով պարտական եմ Ֆրանսիայի լավագույն ակումբին, որն աշխարհում էլ համարվում է լավագույններից մեկը։

Բայց վերջին մրցաշրջանն ինձ համար ծանր փորձություն էր։ Հատկապես մեկնարկին, երբ որոշեցի չերկարաձգել պայմանագիրը։ Հստակ հասկացնել տվեցին, որ ՊՍԺ-ում խաղաժամանակ չեմ ստանալու։ Ասացին, որ այլեւս չեմ խաղա, եթե չերկարաձգեմ պայմանագիրը։ Ասում էին ուղիղ դեմքիս, բավական դաժան։ Ինձ փրկեցին ակումբի մարզական տնօրեն Լուիշ Կամպուշն ու գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, առանց նրանց օգնության ես այլեւս խաղադաշտում չէի հայտնվի։ Առհավետ շնորհակալ կլինեմ նրանցից, շատ են օգնել կյանքիս դժվարին ընթացքում։

Լուսանկարը` PSG


Ինքս իմ աշխատանքը մանրակրկիտ վերլուծում եմ ու գտնում, որ այս մրցաշրջանում հանդես եմ եկել հնարավորություններից պակաս։ Բայց փաստը, որ խաղում էի, արդեն իսկ հպարտանալու առիթ է։ Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում նման արդյունքից դժգոհ կլինեմ։ Ես պարտավոր եմ ավելի լավը լինել։

Ոչ, ես դժբախտ չէի։ Եթե նման բան ասեմ, կնշանակի թքում եմ ինձ աջակցողների երեսին։ Այո, ինչ-որ բան ինձ տխրեցնում էր, բայց դա չէի կարող ցույց տալ, որովհետեւ ես առաջատար եմ ու ինձ հետեւում էին։ Փորձում էի լինել հնարավորինս դրական։ Մարզիչը, խաղացողներն ու ակումբի աշխատակիցներն աջակցում էին ինձ։ Սակայն կային նաեւ մարդիկ, ովքեր ինձ ոչ երջանիկն էին դարձնում։

Ճնշումը հսկայական էր, բայց սա ընդամենը ֆուտբոլ է։ Կյանքում ավելի լուրջ բաներ կան։ Ինձ դաստիարակել են այնպես, որ երբեք չտրտնջամ։ Լավ վարձատրվում եմ իմ սիրելի գործով զբաղվելու համար։ Շատ մարդիկ վաղ են արթնանում, որպեսզի գնան գործարաններ ու կատարեն ծանր աշխատանքներ։ Այդ պատճառով էլ ես երջանիկ եմ ու չեմ բողոքում։ Ավելի վատ բաներ էլ են լինում»։

Երազանքի ակումբում

Լուսանկարը` Équipe de France de Football


«Պաշտոնապես դարձա «Ռեալ»-ի ֆուտբոլիստ եւ այդ կարգավիճակում կլինեմ ամենապակասը 5 տարի։ Դա մեծագույն ուրախություն է։ Երազանքս կատարվեց։

Երջանիկ եմ, մեծ թեթեւություն ու հպարտություն եմ զգում։ Ուրախ եմ նման մեծ ակումբ տեղափոխության համար, որն աշխարհում լավագույնն է։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կապվեցին ինձ հետ ու նպաստեցին այս տեղափոխությանը, ինչի մասին միշտ երազել եմ։

Ազատ եմ զգում։ Իմ կուռք Ռոնալդուից, Ռամոսից ու Կասիլիասից ստացած հաղորդագրությունները հուզեցին ինձ։ Զգացված եմ։ Շնորհակալ եմ բոլորին, հատկապես Ֆլորենտինո Պերեսին»։

ԵՎՐՈ-2024

Լուսանկարը` Équipe de France de Football


«Այնպես է ստացվել, որ բարձրակարգ առաջնությունից առաջ պետք է պատրաստ լինել։ Ես փորձում եմ վերադառնալ լավագույն մարզավիճակիս, որովհետեւ ցանկանում եմ Ֆրանսիա վերադառնալ գավաթով։

Կարծում եմ, որ երջանիկ մարդն ավելի լավ է խաղում, քան դժբախտը։ Սակայն միայն երջանկությունը չի կարող հանդիպումներ հաղթել։ Պետք է պատրաստվենք, ես առաջինն եմ, որ պետք է լավ պատրաստվեմ։ Շատ հանգիստ եմ մոտենում Եվրոպայի առաջնությանը, ինչպես նաեւ մեծ ոգեւորությամբ։

Կարծում եմ, որ Եվրոպայի առաջնությունն ավելի դժվար է, քան Աշխարհինը։ Հատկապես Ֆրանսիայի համար՝ մենք արդեն 24 տարի է չենք հաղթում։ Պատրաստվում ենք մրցաշարին, բայց ավելորդ ճնշում չենք զգում։

Այժմ ես սովորում եմ։ 2018-ին միանգամից դարձա Աշխարհի չեմպիոն, առաջին իսկ փորձից։ Այդպես չեն սովորում։ Իսկ ահա նախորդ ԵՎՐՈ-ին լավ ապտակ ստացա, դա օգնեց պատրաստվել 2022-ի ԱԱ-ին։ Ֆրանսիան հասավ եզրափակիչ ու պարտվեց միայն 11-մետրանոցներով։ Հիմա մտադիր եմ վրեժ լուծել, հաղթել։ Ապացուցելու դեռ շատ բան ունեմ։

Դա շատ գրավիչ է, անհատական մարտահրավեր։ Իհարկե, մարտահրավեր նաեւ ողջ թիմի համար»։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին