Մայիս 26, 2024
867 դիտում

Նրանք մեզ կօգնեն ֆուտբոլն ավելի լավ հասկանալ. Արսեն Վենգեր


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Արսեն Վենգերը նվիրվածության եւ պրոֆեսիոնալիզմի յուրահատուկ խորհրդանիշ է: Նա 34 տարի մարզիչ է աշխատել, որոնից 22-ն անցկացրել է իր սիրելի «Արսենալ»-ում, 1701 անգամ իր թիմերին դուրս բերել խաղադաշտ եւ 14 տիտղոսի արժանացել:

Ֆուտբոլի մասին ֆրանսիացին գիտի ամեն ինչ եւ, գուցե, ավելին, այսօր նա Mediamax Sport-ի ընթերցողներին կօգնի ֆուտբոլն ավելի լավ հասկանալ:

Թիմային ոգին

Ֆուտբոլում անհնար է հաջողության հասնել առանց թիմային ոգու, դա միասնությունն է, առանց որի ամեն խաղացող կանի այն, ինչ ինքը կցանկանա: Կարեւոր է, թե ինչի ես ընդունակ թիմ կառուցելու համար, հենց դրանում է կայանում մեր ընդհանուր նպատակը:

Այդ ընթացքն ինչ-որ առումով նման է բույս աճեցնելուն՝ պարտավոր ես մշտապես հետեւել, այլապես աստիճանաբար կմահանա: Բայց եթե ամեն օր խնամես, ուժեղ եւ գեղեցիկ կդառնա: Իսկ թիմում ցանկացածը՝ լինի խաղացող, թե մարզիչ, պատասխանատու են այդ խնամքի համար: Դրան անհնար է հասնել առանց շփման, փոխադարձ հարգանքի ու առանց միասնական ջանքերի գիտակցման:

Լուսանկարը` Getty Images


Այդ արժեքներն «Արսենալ»-ի սաները սովորում են վաղ տարիքից, իսկ եթե քո թիմում խաղում են ֆուտբոլիստներ, որոնք միասին են մեծացել, ապա թիմային ոգին ավելի հեշտ է գտնել, քանի որ նրանք արդեն ճանաչում ու վստահում են միմյանց:

Ֆուտբոլիստը խաղադաշտում պետք է իմանա, որ անհրաժեշտության դեպքում թիմակիցն իրեն օգնության կհասնի: Այդ ամենն ուղիղ կապ ունի նաեւ խաղացողների անհատական որակների հետ: Երբ հանդերձարանում նայում ես աջ ու ձախ, պետք է  հասկանաս, որ ամբողջ թիմը միասնական օրգանիզմի պես է ու միշտ պատրաստ է քեզ աջակցել:  

Արհեստականորեն թիմային ոգի ձեւավորել հնարավոր չէ, այդ ամենին հասնում են բնական ճանապարհով: Միայն այդ դեպքում խաղացողները կարող են դրսեւորել իրենց անհատական որակները՝ չկորցնելով մյուսների հետ անբաժանելի կապը: Երբ դժվար պահերը միասին են անցնում, դա եւս ամրապնդում է նրանց: Մրցաշրջանի ընթացքում պարտություններն անխուսափելի են ու միայն միասին կարող եք անհաջողությունները հաղթահարել:

Լուսանկարը` Getty Images


Այն, որ ֆուտբոլը թիմային խաղ է, նրան էլ ավելի մեծ է դարձնում: Հաղթել կարելի է տարբեր կերպ, բայց թիմային ջանքերն է, որ ինձ միշտ գրավել են: Թենիս այնքան էլ չեմ սիրում, բայց Դեւիսի Գավաթն իմ սրտով է, քանի որ այն թիմային մրցաշար է:

Վստահության կորուստը

Երբ որեւէ բան այնպես չէ, մարզումների ժամանակ միանգամից զգացվում է, նկատում ես, որ բոլորը չեն ներգրավված ու թիմից այն էներգիան չես ստանում, որին սովոր ես: Միանգամից զգում եք, թե ինչպես է քչանում կամ ավելանում հավատը սեփական ուժերի նկատմամբ:

Թիմը շարժիչ է, որը երբեմն կարող է չաշխատել: Որոշ դեպքերում այն կարող է պայմանավորված լինել նվիրման պակասով, վստահության կամ էլ հարգանքի կորստով: Նկատելու դեպքում մարզիչը պարտավոր է հնարավորինս արագ բացահայտել պատճառը:

Ցանկացած մրցաշրջանի ընթացքում էլ լինում են պահեր, երբ թիմային ոգին իր բարձրակետում չի գտնվում, ինչը պայմանավորված է լինում ոգու կամ էներգիայի կորստով: Երբեմն դա նշանակում է, որ անհրաժեշտ է հրաժարվել որեւէ խաղացողից, կամ նորին ձեռք բերել, կամ էլ մարզիչը պետք է նոր մոտեցում ցուցաբերի:

Լուսանկարը` Getty Images


«Արսենալ»-ում միշտ փորձել ենք այնպես անել, որ մարդիկ իրենց երջանիկ զգան: Խաղացողները պետք է գիտակցեն, որ նրանց մասին հոգ եք տանում եւ անհանգստանում, հասկանան, որ կարեւոր են մեզ համար: Նրանց ներքին հոգեւիճակին էլ պետք է ուշադրություն դարձնել, մշտապես մեծ սթրեսի են ենթարկվում ու մեծ ճնշման տակ գործում, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ հոգեկան առողջության վրա: Ամեն մեկի վրա այդ երեւույթները տարբեր կերպ են ներգործում, ու մարզչի դերն այն է, որ շարունակի հիշեցնել՝ բոլորն էլ մեկ թիմ են:

Տարվածությունը

30 տարի նույն գործով զբաղվելու արդյունքում անխուսափելիորեն մի քիչ խելագար ես դառնում: Անդադար մտածում ես ֆուտբոլի մասին, ապրում դրանով, այլ ելք չկա:

Մրցակցությունն աստիճանաբար ներուժում է կյանք ու մարդկանց փոքրիկ հրեշների վերածում: Ամբողջ կյանքում մրցակցել եմ բարձր մակարդակով, վերածվեցի մոլեռանդ ու տարված մարդու, որն իր կյանքում հաղթանակներից բացի ոչինչ չէր նկատում: Ֆուտբոլն իմ կյանքի ողջ իմաստն էր, ինչը վախեցնում էր: Արդյունքում իմ կյանքից կարեւոր բաներ բաց թողեցի, օրինակ, արվեստը: Գուցե, միայն հանճարներն են կարողանում հաջողության հասնել մի քանի բնագավառներում: Ես հանճար չէի, ու ողջ ուժերս միայն ֆուտբոլում ներդրեցի:

Լուսանկարը` Getty Images


Ֆուտբոլով տարվածության պատճառով հարազատներիս հետ քիչ ժամանակ էի անցկացնում: Հիմա եմ փորձում աղջկաս՝ Լեայի հետ ավելի շատ շփվել ու բաց թողածը լրացնել: Մրցակցությունը մարդկանց իրարից հեռացնում է, դրա համար էլ այն կործանարար ու եսասիրական է, ինչպես ցանկացած կիրք:  

Արդյոք ինձ մեղավո՞ր եմ զգում, այո, բայց վերջին շրջանում դրան փիլիսոփայորեն եմ նայում: Եթե չեմ սխալվում, Մարկ Տվենն է ասել, որ կյանքում 2 կարեւոր օր կա՝ ծնունդն ու գիտակցումը, թե ինչի համար է դա տեղի ունեցել: Ես միշտ եմ իմացել իմ կյանքի իմաստը: Միշտ առաջնային են եղել ֆուտբոլն ու մրցակցությունը: Բայց իմ աշխատանքի արդյունքում միայն ընտանիքս է տուժել:

Եթե մարդը երազանք ունի, պետք է անմնացորդ տրվի դրան, դրա համար նաեւ թանկ գին ես վճարում, այլ տարբերակ չկա: Հիմա ես երջանիկ եմ, երազանքիս կյանքն եմ ունեցել:

Խորհուրդները

Ընդմիջման ժամանակ ամենակարեւորը խաղի վերլուծությունն է: Գոռալն ամենաանարդյունավետ եղանակն է: Ամեն շաբաթ խաղացողներն ավելի շատ են վարժվում մարզչի զայրույթին, դրա համար էլ պետք է բարի լինել, ուսումնասիրել խաղն ու խորհուրդ տալ, թե ինչպես հասնել հաջողության:

Լուսանկարը` Getty Images


Խաղացողների հետ միշտ փնտրել եմ շփման այնպիսի եղանակ, որն արդյունավետ կլինի, ոչ թե ազդեցիկ: Ես էմոցիոնալ եմ, պարտություններին բուռն եմ արձագանքում եւ կորցնում եմ ինքնատիրապետումս: Դա հանգեցնում է իրավիճակի վերահսկողության կորստի ու հետեւանքների, որոնք չես կարող շտկել:

Ֆուտբոլային թիմը նման է հիասքանչ կնոջ, եթե պարբերաբար նրան չհիշեցնես այդ մասին, հեշտությամբ կմոռանա:

Իմ մանկությունում դաստիարակությունն այլ կերպ էր: Հիմա պատանիներն ավելի շատ ազատություն ունեն: Հետպատերազմյան սերունդը մտածում էր միայն համառ աշխատանքի մասին: Դրա համար էլ միշտ իմ ու թիմիս նկատմամբ խիստ պահանջկոտ եմ եղել:

«Արսենալ»-ում մեզ հաջողվել էր նոր աշխարհ ստեղծել: Այն հատկապես կարեւոր էր երիտասարդ ֆուտբոլիստների կայացման համար:

Երբ իշխանության հիմարներն են գալիս, դա նրանց ավելի է հիմարեցնում:

Լուսանկարը` Getty Images


Ֆուտբոլը

Երբ քաղցած ես, այդ մասին քեզ վկայում է միայն փորդ: Երբ հաղթանակների ծարավ ունես, ամբողջ մարմինդ ու կյանքդ են այդ մասին գոռում:

Բարձունքում լինելը նույնն է, թե թմրադեղեր ընդունես: Երբ ամբողջ մարմինդ ու նյարդային համակարգդ հասնում են գագաթնակետին, անկումն անխուսափելի է: Այլ կերպ չի էլ կարող լինել:

Սպորտը հիանալի դաս է, ամեն շաբաթ նոր քննություն ունես, ու եթե այն չհանձնես, բոլորը կասեն, որ հիմար ես:

Երբ պարտվում ես, մտածում ես բոլոր այն ընտանիքների մասին, որոնց հանգստյան օրերը փչացրել ես: Դա մեծ բեռ ու պատասխանատվություն է: Դրա համար էլ երբեմն պետք է եսասեր լինել ու չմտածել այդ մասին, այլապես արագ կխելագարվես:

Գավաթներ նվաճելն ինձ համար շատ կարեւոր է, բայց առավել խորն ու ուժեղ մի բան կա, թե դա ինչպես ենք անում ու ինչ քաղաքականության հետեւում:

Աշխարհում ոչ մի մեծ հաջողություն չի եղել առանց խելահեղ հավատի: Դրանց հասել են խելագար համարվող մարդիկ, սակայն առանց նրանց աշխարհը այլ կլիներ:

Լուսանկարը` Getty Images


Հաջողակ թիմերի ընդհանրությունն այն է, որ նրանք խելացի ֆուտբոլիստներ ունեն: Պարտադիր չէ կրթված լինել, բայց ունակ են վերլուծել խնդիրներն ու լուծումներ գտնել: Իսկ թոփ մակարդակի բոլոր խաղացողների նմանությունն այն է, որ կարողանում են իրենց խաղը օբյեկտիվ գնահատել: Այս սկզբունքը գործում է ոչ միայն ֆուտբոլում:

Կյանքում ամենակարեւոր բաներից մեկը Ճապոնիայում եմ սովորել: Սումոյի պայքարին էի հետեւում, հանդիպման ավարտին հնարավոր չէ հասկանալ, թե ով է հաղթել: Նրանք իրենց ապրումները ցույց չեն տալիս, քանի որ վախենում են ցավեցնել պարտվողին: Անհավանական էր: Հենց դրա համար եմ միշտ իմ թիմերին քաղաքավարություն եմ սովորեցրել:

Սնունդը Բրիտանիայում իսկապես ահավոր է: Ամբողջ օրը նրանք կաթով թեյ ու սուրճ են խմում եւ կարկանդակներ ուտում: Եթե երեւակայության աշխարհում ապրեինք ու պատկերացնեինք մարզիկների համար կատարյալ սնունդը, այն հենց բրիտանականը կլիներ:

Մարզիչը

Մարզիչն էլ պետք է մարզիկի կարգապահությամբ ապրի, եթե ինքդ էլ գիշերն ուրիշ վայրում անցկացնես, խմես ու մարզմանն անպատրաստ գաս, ամեն ինչի վերջը կլինի: Խաղացողները շատ պահանջկոտ են:

Լուսանկարը` Getty Images


Ցանկացած գործ այնպես է պետք անել, որ այն արվեստ դառնա:

Մարզչական գործում կամ լավատեսությամբ ես նայում մարդկանց, կամ հոգեկան շեղումներ ունենում:

Իսկական մարզիչը պետք է խաղացողներին սովորեցնի, որ միասին կարող են ավելին, քան միայնակ:

Կարծում եմ՝ սպորտը կարող է միավորել աշխարհը:

Որպես մարզիչ միշտ չեմ կարող բարձունքում լինել, շատ ուժեր ու կենդանական բնազդ է պետք, որ այդ աշխատանքով զբաղվես: Հոգեբանորեն այնքան էլ ամուր չեմ եղել, ինչպես Ալեքս Ֆերգյուսոնը:

«Արսենալ»-ին երկրպագելու եմ մինչեւ կյանքիս վերջը, չափից շատ բան եմ ներդրել ակումբի նորագույն պատմության մեջ: Տառապել եմ ու «Էմիրեյթս»-ի ամեն քարի համար հոգի տվել, կյանքիս լավագույն տարիներն ամենածանր ժամանակներում նրա վրա ծախսել, այնպես որ այդ ժառանգությունից երբեք երես չեմ թեքի:

Լուսանկարը` Getty Images


Այդքան երկար մնացել եմ ֆուտբոլում, որովհետեւ առավոտյան ցանկանում էի զգալ թարմ խոտի բույրը, քայլել դաշտով, նորից ինձ երեխա զգալ, որը խաղում է գնդակով: Եթե ամեն օր աշխատասենյակում անցկացնեի, այլ մարդ կդառնայի: Սիրում էի նայել, թե ինչպես են խաղացողներն առաջընթաց գրանցում, սիրում էի պլանավորել մարզումներն ու տեսնել, թե թիմն իրեն ինչպես է դրսեւորում: Երբ դադարեմ այդ ամենը վայելել, կավարտեմ կարիերաս:

Այո, ես վախենում եմ կյանքից՝ ֆուտբոլից հետո:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին