Ապրիլ 28, 2024
1353 դիտում

Ավելորդ քաշից մինչեւ տարեց մարդու կյանք․ Էդեն Ազարի անկեղծ զրույցը


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` PA Photos

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` BELGA


Էդեն Ազարը համարվում էր մերօրյա ֆուտբոլի ամենավառ դեմքերից մեկը։ Անցած տարի նա ընդամենը 32 տարեկանում հայտարարեց կարիերան ավարտելու մասին։

Բելգիացին վերջերս եղել է Obi One Podcast-ի հյուրն ու հետաքրքիր դրվագներ ներկայացրել ավելորդ քաշի, «Ռեալ»-ի, «Չելսի»-ի, կորոնավիրուսի պատճառով այդպես էլ  լավ մարզավիճակում չհայտնվելու եւ իր ոչ ֆուտբոլային կյանքի մասին։

Որոշ դրվագներ թարգմանությամբ ներկայացնում ենք մեր ընթերցողներին։

Դիդյե Դրոգբայի շնորհիվ «Չելսի»-ի տեղափոխվելը

Լուսանկարը` goal.com


«Լիլ»-ում ելույթ ունենալու վերջին մրցաշրջանում ինձ անընդհատ տարբեր գործակալներ եւ ակումբների ներկայացուցիչներ էին զանգում։ Ես խոսել եմ Ալեքս Ֆերգյուսոնի, Հարի Ռեդնապի հետ։ Գնացել եմ Մանչեսթեր, որպեսզի տեսնեմ «Սիթի»-ի մարզումային բազան ու զրուցել եմ Մանչինիի հետ։ Շատ տարբերակներ ունեի, բայց «Չելսի»-ն դրանց մեջ չկար։ Գիտեի, որ Ֆրանսիայից գնալու եմ Պրեմիեր Լիգա, բայց «Չելսի»-ի մասին չէի մտածում, որովհետեւ այն այդքան էլ ուժեղ չէր։   

Ամեն ինչ փոխվեց, երբ «Չելսի»-ն հաղթեց ՉԼ-ում։ Մտածեցի, որ կարելի է դիտարկել նաեւ այդ տարբերակը։ Ավելի ուշ ես մեկնել էի Ֆրանսիայի հարավում հանգստանալու, այնտեղ էլ հանդիպեցի Ռոման Աբրամովիչի հետ։ Ամեն ինչի մասին պայմանավորվեցինք։ Նա ֆրանսերեն չէր խոսում, իսկ ես այն ժամանակ անգլերեն չգիտեի, բանակցությունները վարում էր «Չելսի»-ի սպորտային տնօրենը։ Ռոմանը խոսում էր ֆուտբոլից, ասում, թե որտեղ եմ ես խաղալու, նա նույնիսկ ցանկանում էր հանդերձարանի պահարանի բանալին տալ։  

Լուսանկարը` Getty Images


Ամեն դեպքում, «Չելսի»-ն ի սկզբանե իմ մտքում չի եղել։ Այն ընտրելու համար շնորհակալ եմ Դիդյե Դրոգբային (ՉԼ-ի եզրափակչում «Չելսի»-ի գոլի ու հաղթական 11-մետրանոցի հեղինակը, խմբ․)։ Չգիտեմ որտեղ կլինեի ես, եթե չընտրեի «Չելսի»-ն։

Երբ որոշեցի տեղափոխվել, գլխումս մի միտք էր, որ ակումբում շատ բելգիացիներ կան՝ Ռոմելու Լուկակուն, Տիբո Կուրտուան, Կեւին դե Բրույնեն։ Մտածում էի, որ հավաքականի ընկերներիս օգնությամբ հարմարվելը հեշտ կլինի։ Սակայն երբ եկա Լոնդոն, նրանց բոլորին վարձավճարով այլ թիմեր տեղափոխեցին։ Ես մնացի մենակ։ Ինձ փրկեց Դեմբա Բան, որը դարձավ իմ ընկերը։

Տվեք ինձ ազատություն ու ես կհաղթեմ խաղը։ Մարզումների, խաղերի ժամանակ ես արել եմ այն, ինչ ինձ դուր է եկել։ Հաճախ մտածել եմ, այո, արժե շատ մարզվել։ Երբեմն հավաքվում էի ու սկսում շատ աշխատել, բայց դա տեւում էր մեկ շաբաթ։ Այնպես էի հոգնում, որ խաղի ժամանակ սկսում էի շփոթվել։

Ֆուտբոլում հնարավոր չէ միշտ հաղթել

Լուսանկարը` Getty Images


Ես շատ ընկերներ եմ ունեցել «Լիլ»-ում, «Չելսի»-ում, «Ռեալ»-ում ու Բելգիայի հավաքականում։

«Լիլ»-ում դեռ երեխա էի ու մտածում էի միայն իմ ելույթի մասին ու չէի կենտրոնանում արդյունքի վրա։ «Չելսի»-ում ընկերական մթնոլորտ էր, մենք բոլորս ընտանիքի անդամ էինք։ Մադրիդում պետք էր անընդհատ հաղթել, բոլորն էին այդպես տրամադրված։

«Չելսի»-ում շատ էինք ծիծաղում, պարտվելու դեպքում էլ արագ հեռացնում էինք այդ միտքը։ Խաղն արդեն ավարտվել է, հարկավոր է պատրաստվել հաջորդին։ «Ռեալ»-ում այլ է, մեծ ակումբներում պարտությունը միշտ ողբերգություն է։ Պարտվելուց հետո ֆուտբոլիստները մարզմանը տխուր էին լինում։

Լուսանկարը` Getty Images


Պարտված խաղը ես մտքիցս հանում էի 5 րոպե անց, որովհետեւ ֆուտբոլում չես կարող անընդհատ հաղթել։ Երբ փոքր էի, հայրս ասում էր․ «Եթե պարտվել ես, ոչինչ, հաջորդը կհաղթես։ Ինչո՞ւ տխրել, ուրախացիր ընկերներիդ հետ, իսկ մի քանի օր անց դուրս արի դաշտ ու ձգտիր հաղթանակի»։

Լավ հանդիպումներից հետո եւս ուրախությունից երբեք գլուխս չեմ կորցրել, թե տեսեք՝ երեք գոլ եմ խփել, կեցցեմ ես։ Ոչ, խաղը վերջացել է, հարկավոր է պատրաստվել հաջորդին։

Բելգիայի հավաքականը

Լուսանկարը` FIFA


Իմ խաղացած տարիներին Բելգիայի հավաքականը հիանալի թիմ ուներ, բայց խոշոր մրցաշարում հաղթելը հեշտ բան չէ։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները չորս տարին մեկ են լինում, ծանր մրցակցություն է ծավալվում։

2018-ին մոտ էինք հաջողությանը, սակայն պարտվեցինք Ֆրանսիային, իսկ այնտեղ բարձրակարգ ֆուտբոլիստներ էին հանդես գալիս։ Ամաչելու ոչինչ չկա, բայց ես կարծում եմ, որ մրցակցից վատ տեսք չունեինք։ Մենք ինչ-որ թիմի չպարտվեցինք, պարտվեցինք Ֆրանսիային։

Կարծում եմ, որ Բրազիլիայի հետ խաղի ժամանակ ամեն ինչ տվեցինք, չհասցրինք վերականգնվել ու դիմադրել Մբապեին, Կանտեին եւ Պոգբային։

Մոուրինյոյի հետ խնդիրներն ու կատարյալ Զիդանը

Լուսանկարը` goal.com


Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելու առաջին երկու մրցաշրջանը հիանալի էին։ Առաջին տարում ամեն ինչ նոր էր, մենք թիմ էինք դառնում, իսկ երկրորդում հաղթեցինք Պրեմիեր Լիգան ու Լիգայի գավաթը։ Հետո եղավ երրորդը, երբ մեր հարաբերությունները մի քիչ փչացան։ Բայց ես հարգում եմ նրան ու հիանում, թե ինչպիսի մարզչական կարիերա է կառուցել։

Նրա համար ես դաշտում էի, որպեսզի հաղթանակներ բերեի թիմին։ Ես պարզապես գործս էի անում։ Եթե չես անում այն, ինչ ցանկանում է Ժոզեն, ապա ողջ թիմի առաջ նա քեզ մի լավ դաս կտա։ Երբեմն Մոուրինյոն մարզման ժամանակ մյուսներին ասում էր․ «Միայն չհարվածեք Ազարի ոտքերին»։ Դա ինձ դուր էր գալիս։

Լուսանկարը` Getty Images


Կարծում եմ, որ լավագույն ֆուտբոլս ցուցադրել եմ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ։  Ճիշտ է, ինձ նրա մարզումները դուր չէին գալիս՝ ողջ շաբաթն աշխատում էինք, ժամերով լսում տակտիկական դասախոսություններ։ Նա կարող էր մարզումը կանգնեցնել ու երկար պատմել, թե ինչպես պետք է խաղանք։ Ու ամեն անգամ մտածում էի․ «Ի՞նչ, նորի՞ց»։ Ես անհամբերությամբ սպասում էի հանգստյան օրերին, երբ կարող էի խաղադաշտ դուրս գալ ու վայելել ֆուտբոլը, որովհետեւ հանդիպումից հետո մեզ նորից սպասվում էր նույնը։

Ինձ համար Զինեդին Զիդանը համար առաջինն է, ով միշտ եղել է իմ կուռքը։ Նրա գլխավորությամբ հանդես գալը երազանք է եղել։ Զիդանը քչախոս է եւ շատ տակտիկական խնդիրներ չի դնում՝ պարզապես դուրս արի դաշտ, փորձիր գոլ խփել ու վայելել ֆուտբոլը։ Հավատացեք, Զիզուն կարող է հաջողության հասնել ցանկացած գործում։   

Ամենատաղանդավոր ֆուտբոլիստը

Լուսանկարը` PA Photos


Ես խաղացել եմ լավագույն ֆուտբոլիստների հետ՝ Մոդրիչ, Բենզեմա, Դե Բրույնե, Լեմպարդ, Խուան Մատա։ Բայց կասեմ մեկ այլ ֆուտբոլիստի անուն, ով ինձ համար լավագույնն էր՝ Գաել Կակուտա։ Նա ամենատաղանդավորն էր, որին երբեւէ տեսել եմ։

«Լիլ»-ի գլխավոր մրցակիցներից մեկը «Լանս»-ն էր։ Երբ «Լիլ»-ի երիտասարդական թիմում էի, մենք միշտ հաղթում էինք «Լանս»-ին, 5-6 գոլ էինք խփում, իսկ ես ճանաչվում էի հանդիպման լավագույն խաղացող։ Բայց երբ նրանց կազմում հայտնվեց Կակուտան, մենք սկսեցինք պարտվել, իսկ լավագույնը միշտ հենց նա էր ընտրվում։

Ավելորդ քաշի ու կորոնավիրուսի հետեւանքները

Լուսանկարը` Getty Images


Արձակուրդից հետո ես միշտ էլ ավելորդ քաշ եմ ունեցել։ Կարծել եմ, որ ողջ մրցաշրջանում տանջվել եմ ու իրավունք վաստակել հանգստանալ այնպես, ինչպես սիրտս ուզում է։ Վայելել եմ ընտանիքիս հետ անցկացրած ժամանակը, պառկել ու հանգստացել եմ, այլ ոչ թե ամեն օր վազել ու սննդակարգիս հետեւել։

Ինչպես բոլոր բելգիացիները, ես եւս գարեջուր եմ սիրում։ Չէ՞ որ Բելգիայի գարեջուրն աշխարհում ամենալավն է։ Չեմ ասի, թե միշտ խմել եմ, բայց եղել են դեպքեր, երբ լավ խաղից հետո վայելել եմ գարեջուրը։  

Երբ Մադրիդ գնացի, 4-5 կգ ավելորդ քաշ ունեի ու հենց առաջին մրցաշրջանում վնասվածք ստացա, ինչն ինձ շատ խանգարեց։ Ես մեկնեցի Դալլաս ու վիրահատվեցի։ Երբ վերադարձա, կորոնավիրուսը տարածվեց։ Երկու ամիս մնացի առանց ֆիզիոթերավպետների, վերականգնվում էի տանը եւ առանց հսկողության։

Լուսանկարը` Getty Images


Երբ համավարակն ավարտվեց, ուզում էի դաշտում ինձ ցույց տալ, բայց մարմինս լավ չէր վերականգնվել եւ անընդհատ վնասվածքներ էի ստանում։ Այո, եթե ես իմ կյանքում ինչ-որ բան փոխելու լինեի, ապա կզանգեի ֆիզիոթերավպետին ու կխնդրեի գալ ինձ մոտ։ Բայց այն ժամանակ ես չէի ցանկանում ճնշել բժշկին, որովհետեւ նույնիսկ մարդկանց արգելում էին փողոց դուրս գալ։ Ինքնուրույն էի աշխատում ու կարծում էի, ամեն ինչ ճիշտ է։ Երբ վերադարձա դաշտ, տեսա, որ սխալվել եմ։

Կյանքը՝ հանգստի անցնելուց հետո

Գոհ եմ իմ կյանքից։ Անում եմ այն, ինչ ցանկանում եմ ու ապրում եմ տարիքով մեծ մարդու նման՝ ընտանիք, երեխաներ։ Նրանք լավ են, բայց երբեմն ինձ խելագարության են հասցնում։ Տանն անելու շատ գործեր ունեմ։ Հարո՞ւստ եմ արդյոք։ Այնքան շատ չէ, որ փողերս այս ու այն կողմ թափեմ, սակայն երջանիկ ապրելու համար բավարարում է։

Լուսանկարը` BELGA


Ինձ շատ են հարցնում՝ չե՞մ կարոտում ֆուտբոլը։ Ես կարոտում եմ ոչ թե ֆուտբոլ խաղալը, այլ հանդերձարանի մթնոլորտը, թիմային ակտիվ կյանքը։ Իսկ խաղալ ես կարող եմ երեխաների հետ, դա ինձ բավարարում է։

Հանդիպումների հետեւում եմ, քանի որ իմ ընկերներից շատերը եւ եղբայրներս դեռ խաղում են։ Միացնում եմ հեռուստացույցն ու նայում, բայց զուգահեռ զբաղվում եմ նաեւ երեխաներիս հետ։

Միգուցե կարող եմ հետագայում կյանքս կապել երեխաների ֆուտբոլի հետ, ամենափոքրերի՝ 5-6 տարեկանների։ Այնտեղ փող ու գործակալներ չկան։ Այնտեղ միակ բանը, որի մասին մտածում են՝ ֆուտբոլն է։ Ուրախ կլինեի գիտելիքներս փոխանցել երեխաների։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին