Յանիկ Սինները 2023 թվականի իսկական բացահայտումը դարձավ՝ տիրանալով 4 տիտղոսի ու Մեծ Սաղավարտի մրցումներում լուրջ անհանգստություն պատճառելով առաջատարներին:
Երիտասարդ թենիսիստը արագ է տեղաշարժվում, գնդակն ուղարկում կորտի տարբեր հատվածներ՝ մրցակիցներին ստիպելով մի լավ հոգնել: Եվ ահա այս տարեսկզբին նվաճեց Մեծ Սաղավարտի առաջին չեմպիոնությունն ու պատմության մեջ առաջին անգամ Իտալիա տարավ Ավստրալիայի բաց առաջնության Գավաթը:
Mediamax Sport-ը ծանոթացել է 22-ամյա Սինների անցած ճանապարհի, ձեռքբերումների ու հետաքրքիր բնավորության հետ:
3 մարզաձեւերը
Յանիկ Սինները ծնվել է 2001 թվականի օգոստոսի 16-ին Իտալիայի հյուսիսում՝ գերմանախոս Տիրոլ նահանգում: Նրա ծնողները ծագմամբ գերմանացի են, հայրը՝ Հանսպետերը խոհարար է ու կնոջ՝ Սիգլինդեի հետ ծանոթացել է ռեստորանում, որտեղ նա մատուցող էր աշխատում: Ամուսինները երկար ժամանակ ցանկանում էին երեխա ունենալ, սակայն չէր ստացվում: Յանիկի ծնվելուց 2 տարի առաջ Ռուսաստանից Մարկ անունով տղա են որդեգրել:

Լուսանկարը` Անձնական արխիվ
Տղաները սկսեցին զբաղվել լեռնադահուկային սպորտով, հանդես էին գալիս ոլորավայրէջք ձեւում, ապա սիրում էին ֆուտբոլ խաղալ, սակայն 13 տարեկանում Յանիկը որոշեց թենիսիստ դառնալ:
«Լեռնադահուկային սպորտը բավական տարածված է մեր շրջանում: Բառացիորեն մեր դռան մյուս կողմում բազմաթիվ լեռնադահուկային մրցուղիներ կան: Թենիսն իմ 3-րդ մարզաձեւն էր, սակայն մյուսներն աստիճանաբար թողնեցի, քանի որ շատ ժամանակ էին խլում: Ընտանիքս շատ էր աջակցում, որ պրոֆեսիոնալ թենիսիստ դառնամ, ինձ օգնում էին ու հավատ ներշնչում, որ ամեն ինչ կստացվի»,- ATP Tour-ին ասել է նա:
2014-ին Սինները հեռացավ հայրենի Բալցանոյից, որտեղ այլեւս աճելու հնարավորություն չուներ ու հաստատվեց Բորդիգերայում: Նրա մարզիչը դարձավ հայտնի մասնագետ Ռիկարդո Պյատին, որն աշխատել է նաեւ Նովակ Ջոկովիչի ու Մարիա Շարապովայի հետ: Թեեւ ընտանիքից հեռու էր, սակայն միշտ կապ էր պահում հարազատների հետ:

Լուսանկարը` Անձնական արխիվ
Պրոֆեսիոնալ թենիսը
Սինները պրոֆեսիոնալ մակարդակում նորամուտը նշեց 2014 թվականին՝ Խորվաթիայում կայացած պատանեկան մրցաշարում: 19-ում նա մեկնարկեց Մեծ Սաղավարտի առաջին մրցաշարում ու ԱՄՆ-ի բաց առաջնությունում դուրս մնաց առաջին իսկ շրջանից: Մասնագետները նշեցին նրա արագությունն ու պայքարող բնավորությունը, չէր հանձնվում ոչ մի գեյմում:
Իսկ այդ որակները թենիսիստը փորձում էր ձեռք բերել ծանր ու հոգնեցնող մարզումների ժամանակ, մկանային զանգված էր հավաքում ու ֆիզիկապես ամրանում: Պատմել է, որ ժամերով պարապել է մարզասրահում որպեսզի կարողանա ավելի ուժեղ հարվածներ հասցնել գնդակին:
«Կար ժամանակ, որ կորցնելու ոչինչ չունեի, կորտ էի դուրս գալիս ու մտածում միայն այն մասին, որ պայքարեմ մինչեւ վերջ: Բայց հիմա մրցակիցներս ինձ գիտեն ու նման խաղ թույլ տալ չեմ կարող»:
Մեծահասակների պայքարում առաջին արդյունքները եղան 2019-ին: Սինները հաղթեց Բուդապեշտում կայացած ATP մրցաշարում, ապա նրան հրավիրեցին մասնակցել Հռոմի Մասթերսին, որի 2-րդ շրջանից դուրս մնաց:

Լուսանկարը` Անձնական արխիվ
Նվաճումների սկիզբը
Սինները դարձավ ATP Next Generation-ի՝ մինչեւ 21 տ. Ամփոփիչ մրցաշարի ամենաերիտասարդ հաղթող: 2005 թվականից հետո «Ռոլան Գարոս»-ում մեկնարկած առաջին թենիսիստն էր, որը հասավ մինչեւ 1/4 եզրափակիչ, մինչ այդ միայն Նադալին էր հաջողվել նման արդյունք գրանցել: Սինները նաեւ այդ փուլի ամենաերիտասարդ մասնակիցը դարձավ, ավելի վաղ Ջոկովիչն էր եղել: Այդ տարի նա նաեւ կարողացավ հաղթանակ գրանցել Սոֆիայի մրցաշարում:
2021-ին էլ շարունակեց հաջող ելույթներն ու կարողացավ ընդգրկվել լավագույն 10 թենիսիստների ցանկում՝ զբաղեցնելով 9-րդ տեղը: Ժամանակի ընթացքում Սիններն ավելի մեծ արդյունքների հասավ:
Երբ 2022-ին Ուիմբլդոնում Ջոկովիչի հետ մրցավեճում հաշվի մեջ առաջ անցավ, թենիսիստի վրա ուշադրություն դարձրին ու նրա մասին սկսեցին գրել ԶԼՄ-ը: Թեեւ այդ խաղում զիջեց, սակայն սերբ թենիսիստը հարցազրույցում պատմեց, թե որքան բարդ էր պայքարել երիտասարդ Սինների հետ:

Լուսանկարը` Sportsnet
Առհասարակ մրցակիցները նրա մասին լավ են արտահայտվում, ունիվերսալ խաղացող է ու բոլորին էլ անհարմարություններ է պատճառում: Պյատին նրան սովորեցրել է համբերատար լինել կորտում եւ գործել 2-րդ համարով՝ սպասելով մրցակցի սխալներին: Յանիկը նաեւ հոգեբանական աջակցման դասընթացների է հաճախել ու սովորել հանդիպումների ժամանակ զսպել հույզերը:
Անձնական կյանքը
Ժամանակի մեծ մասը Սիններն անցկացնում է Մոնտե Կառլոյում, նա գովազդային պայմանագրեր ունի մի շարք համաշխարհային բրենդների հետ ու բավական շատ գումար է աշխատում Իտալիայի հյուսիսից սովորական տղայի համար, ինչպես ինքն է սովորաբար ասում: Սակայն խոստովանում է, որ թենիսն է ընտրել ոչ թե գումարի կամ գեղեցիկ կյանք ունենալու համար:
«Թենիսն ինձ պարգեւում է դրական ու բացասական ապրումներ, ուրախություն եւ տխրություն: Ինձ չի հետաքրքրում ոչ գումարը, ոչ էլ եկամուտը: Այլապես անընդհատ կխաղայի՝ առանց դադարների: Իսկ ես հակառակը՝ անում եմ ամեն ինչ, որ պատրաստ լինեմ առաջընթացի, ճիշտ եմ սնվում ու քնում: Նպատակս է դառնալ իմ լավագույն տարբերակը»:
Սինները չի սիրում խոսել անձնական կյանքի ու թենիսից դուրս հետաքրքրությունների մասին: La Repubblica-ին տված հարցազրույցում պատմել է, որ երբեք սոցիալական կայքերում չի հրապարակի նշանադրության կամ ծնողների հետ անցկացրած հանգստի նկար:

Լուսանկարը` CNN
Հայտնի է, որ զբաղվում է բարեգործությամբ ու իր հոնորարների մի մասը տրամադրում տարեց մարդկանց մոտ հոգեկան շեղումներով զբաղվող հիմնադրամներին: Կարիերայի պատճառով նա ստիպված է եղել ընդհատել ուսումը, բայց հետագայում մտադիր է բարձրագույն կրթություն ստանալ: 2020 թվականից հանդիպում է մոդել Մարիա Բրաչինիի հետ:
Առանձնացող փաստեր
Կորտում ունեցած հանգստության ու սառնասրտության համար Սիններին հաճախ համեմատում են Ռոջեր Ֆեդերերի հետ:
Սիններն ընկերություն է անում Մարիա Շարապովայի հետ ու նրա հետ մի քանի մարզում է անցկացրել: Յանիկը նրան իր կուռքն է անվանել ու սոցկայքերում հետը լուսանկարներ հրապարակել: Մելբուռնում տարած հաղթանակից հետո Շարապովան անձամբ է նրան շնորհավորել. «Գիտեի, որ մի օր կզղջաս սրա համար: Շնորհավորում եմ չեմպիոն: Համբերություն, հավասարակշռություն ու բարձր մակարդակ»,- գրել է Շարապովան ու տեսանյութ հրապարակել, որում Սինների հետ պարում է:
2019-ին Սինները մեմերի հերոս է դարձել, երբ կորտում ընդմիջումների ժամանակ բանջարեղեն է կերել:

Լուսանկարը` ATP
Նրա մասնակցությամբ հանդիպումներին ներկա է լինում երկրպագուների մի խումբ, որը կրում է գազարի հագուստ:
2021-ին դարձել է 4-րդ իտալացի թենիսիստը, որն ընդգրկվել է տարվա ամփոփիչ ցանկում:
Ավստրալիայի բաց առաջնությունում նրա հաղթանակի գործակիցը 11-ից բարձր է եղել, սակայն նա ոչ միայն գերազանցել է Նովակ Ջոկովիչին, այլ նաեւ եզրափակչի 5 սեթերում ուժեղ եղել Դանիիլ Մեդվեդեւից ու նվաճել իր առաջին Մեծ Սաղավարտը:
«Երբեք մի դադարիր պայքարել: Իմ առաջին տիտղոսը, բառեր չունեմ: Միշտ առաջ: Կուզեմ, որ բոլորն ունենան այնպիսի ծնողներ, ինչպիսին իմն են: Ինձ միշտ թույլ են տվել ընտրել այն, ինչ ես եմ ցանկացել: Անգամ երբ երիտասարդ էի, ինձ վրա ճնշում չեն գործադրել: Ցանկանում եմ, որ այդ ազատությունը հասանելի լինի բոլոր երեխաներին: Շնորհակալություն ծնողներիս »,- նվաճումից հետո ասել է Սինները:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: