Ապրիլ 17, 2024
685 դիտում

Մբապե. Սովորաբար մոռանում ենք, բայց ֆուտբոլ խաղալիս միշտ էլ երեխա ենք մնում


Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` GQ


Ֆրանսիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հայտնվել է ֆրանսիական GQ-ի շապիկին ու պատմել, որ իր կարիերայի կարեւոր փուլերից մեկում է գտնվում: Առանձնացրել ենք 25-ամյա ֆուտբոլիստի հարցազրույցի ուշագրավ դրվագները:

Ճնշումը

Ճնշումն ինձ վրա բացասական չի ազդում, բայց դրա կարիքն ունեմ, որ կարողանամ ելույթ ունենալ: Դրա շնորհիվ ենք կարողանում պահել վարպետությունն ու շարունակում հանդես գալ բարձր մակարդակով: Մենք ապրում ենք չափազանց շատ սպառման ժամանակաշրջանում ու ֆուտբոլիստներից էլ չափից շատ են պահանջում: Ֆուտբոլը բարդ խաղ է, բավական արագ մոռանում ես եւ վատ փորձը, եւ լավ: Պետք է կարողանաք հարմարվել փոփոխություններին ու ձեզ ամեն անգամ նորովի վերգտնել:

Որակները

Կարծում եմ՝ տեխնիկական որակներից, ձախ ոտքով ու գլխով գործելու որակները բարելավելուց բացի ավելի կարեւոր է մեծացնել խաղը տեսնելու ունակությունը: 6-7 տարբեր մարզիչների գլխավորությամբ հանդես գալուց հետո, սովորել եմ նույնչափ տարբեր եղանակներով էլ կատարել աշխատանքս: Անընդհատ բարելավել եմ խաղիս տարբեր կողմերն ու միշտ փոփոխվել: Աճելու համար անհրաժեշտ է լսել ու հարմարվել:

Լուսանկարը` GQ


Մարզավիճակը

Հասկացել եմ, որ միշտ է պետք օրգանիզմդ լավ վիճակում պահել, խաղից առաջ ավելի շատ նախավարժանք անել ու ֆիզիոթերապեւտի հետ երկար աշխատել: Հենց այդ չերեւացող աշխատանքն է օգնում լավ գործել ու ավելի հեշտ վերականգնվել վնասվածքներից հետո: Հստակորեն գիտեմ իմ անձնական ու սպորտային կյանքի միջեւ ընկած սահմանը:

Տանը լավ կահավորված մարզադահլիճ ունեմ, բայց աշխատում եմ որքան հնարավոր է երկար ժամանակ անցկացնել մարզումային կենտրոնում ու ամեն ինչ ճիշտ անել, անգամ եթե այդ պատճառով կարող եմ բավական ուշ հեռանալ: Ակումբում աշխատում եմ, իսկ տանը հանգստանում ու ընտանիքիս անդամների հետ ժամանակ անցկացնում, որոնց այդքան էլ հաճախ չեմ տեսնում:

Ավագը

Ավագը թիմի երաշխավորն ու միջնորդն է, ես պարտավոր եմ բոլորի հետ էլ կապի մեջ լինել ու համոզվել, որ ամեն մեկն էլ լավ մարզավիճակում է ու կարող է օգնել թիմին: Այդ ամենը մեծապես տարբերվում է նրանից, ինչ նախկինում էի անում՝ մտածում էի միայն իմ խաղի մասին ու թե ինչ կարող եմ տալ թիմին: Ավագ լինելը ֆուտբոլին նորովի նայելն է:

Լուսանկարը` GQ


Հաղթելու ցանկությունը

Հաղթանակի հասնելու ձգտումը, հնարավորի սահմաններից դուրս գալն ու մեծ գործեր անելու ցանկությունն իմ մեջ վաղուց են արմատավորվել: Այդ ամենի համար պարտական եմ կրթությանն ու խորհուրդներին, որոնք ստացել եմ ինչպես խաղադաշտում, այնպես էր դրա սահմաններից դուրս: Դրանք ինձ օգնել են աճել որպես ֆուտբոլիստ ու տղամարդ:

Մենք հակված ենք մոռանալ, բայց ֆուտբոլ խաղալիս միշտ էլ երեխա ենք մնում: Փոխվում է խաղի մակարդակը, բայց ոչ մտածելակերպը: Կիրքն անփոփոխ է մնում տարիներ շարունակ:

ՊՍԺ-ից հեռանալը

Շատ մեծագույն խաղացողներ, ովքեր իսկապես հետք ենք թողել ֆուտբոլում, ամռանը լքել են Եվրոպան: Մենք ֆուտբոլային նոր ժամանակաշրջան ենք թեւակոխում: Սպորտում այդ ամենը նորմալ է ու կգա ժամանակ, որ ես էլ կհեռանամ ՊՍԺ-ից: Չեմ վախենում այդ փոփոխություններից, պարզապես մտածում եմ շարունակել կարիերաս ու հետեւել ինձ համար նախանշված ճանապարհին:

Լուսանկարը` GQ


Հավաքականը

Հավաքականն ինչպես սպորտային, այնպես էլ այնտեղ հավաքված մարդկանց առումով արտակարգ է: Մենք կորցրել ենք այնպիսի անվանի խաղացողների, ինչպիսիք են Ուգո Լյորիսն ու Ռաֆայել Վարանը, բայց դրանից թիմը չի տուժել: Դա ցույց է տալիս մեր իսկական միասնականությունն ու հարմարվելու ունակությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին