Ապրիլ 17, 2024
1165 դիտում

Մոտիվացիա՝ Ջորդանից. Սահմանները, ինչպես եւ վախերը, պարզապես պատրանքներ են


Լուսանկարը` NBA

Լուսանկարը` CNN

Լուսանկարը` basketballforever.com

Լուսանկարը` NBA

Լուսանկարը` nytimes.com

Լուսանկարը` NBA

Լուսանկարը` Si.com

Լուսանկարը` NBA

Լուսանկարը` NBA

Լուսանկարը` People.com

Լուսանկարը` nytimes.com

Լուսանկարը` NBA

Լուսանկարը` NBA

Լուսանկարը` Si.com


Մայքլ Ջորդանի հետ բասկետբոլային մի ամբողջ դարաշրջան է կապված: Նա իսկական լեգենդ է դարձել ու ընդմիշտ իր անունը գրել սպորտի պատմության մեջ: 60-ամյա Ջորդանը NBA-ի միակ խաղացողն է, որը հետագայում նաեւ սեփական ակումբն է ունեցել: Թեեւ կարիերան ավարտել է 2003 թվականին, սակայն մինչեւ հիմա էլ իր մասին խոսելու բազում առիթներ է տալիս:

Mediamax Sport-ը հավաքել է նրա ոգեշնչող ու հիշարժան մտքերը պայքարի, չհանձնվելու ու լավագույնը դառնալու մասին:

«Մանուկ տարիքում բնավ էլ ամենալավը չէի, բայց սիրում էի բասկետբոլն ու օրերով կորչում էի փողոցներում: Ստիպված գրպանիս ծախսերի համար ինձ հատկացված գումարը եղբայրներիս էի տալիս, որ իմ փոխարեն անեն տնային գործերը: Միշտ հավատացել եմ, որ գործադրած ջանքերն իրենց արդյունքը տալու են: Երբեք կիսով չափ չեմ աշխատում, քանի որ գիտեմ, որ այն միայն կիսով չափ արդյունքի կբերի:

Ամեն մեկը ցանկանում է դառնալ հաջորդ Մայքլ Ջորդանը, պետք է դեռ ապացուցեմ, որ Մայքլ Ջորդանը հենց ես եմ:

Լուսանկարը` CNN


Հաջողակ լինելու համար պարտավոր եք եսասեր լինել, այլապես ոչինչ էլ չի ստացվի:

Եթե ինձ ինչ-որ բան էլ առաջ է տանում, ապա միայն իմ թուլությունը, որն ատում եմ ու այն իմ ուժը դարձնում:

Կարող եմ ընդունել անհաջողությունը, սակայն երբեք ոչ փորձից հրաժարվելը:

Կարիերայիս ընթացքում անհաջող եմ իրացրել հազարավոր նետումներ, պարտություն եմ կրել 300 հանդիպումներում, մոտ 30 անգամ ինձ վստահել են որոշիչ հարվածն, ու ես վրիպել եմ: Նորից ու նորից անհաջողություններ եմ ունեցել, բայց հենց դրա համար է, որ չեմպիոն եմ դարձել:

Երբեք չեմ նայել չստացված կարեւոր նետումներին: Երբ սկսում ես մտածել այդ հետեւանքների մասին, միշտ կենտրոնանում ես բացասական արդյունքի վրա:

Երբեք ոչ մեկին այս մասին չեմ ասել, բայց հաճախ այնպիսի տպավորություն էր, որ խաղակոշիկներիս տակ փոքրիկ թեւեր կային: Մի քիչ անհարմար էի զգում մյուս բասկետբոլիստների մոտ:

Իմ աշխատանքն էր բասկետբոլ խաղալ ու օգնել մարդկանց հաղթահարել ամենօրյա սթրեսը, որոնք աշխատում են ժամը 9-17:00-ը: Փորձում էի իմ գործը որքան հնարավոր է լավ անել:

Լուսանկարը` basketballforever.com


Ես խաղում եմ, քանի որ սիրում եմ բասկետբոլը: Բախտս բերել է, որ ինձ դրա համար նաեւ վճարում են:

Խաղն իմ կինն է, այն պատասխանատվություն է պահանջում, այն ինձ հանգստության ու խաղաղության զգացողություն է տալիս:

Բոլորին էլ կարող եմ բացատրել, թե ինչպես է պետք բասկետբոլ խաղալ: Պարզապես ոչ մեկն ինձ պես չի կարողանա գործել:

Գիտեմ, որ շատ մարդիկ ժամանակին գրում էին. «Հոգնել եմ ամեն ամսագրի վրա տեսնել Մայքլ Ջորդանի մռութը»: Բայց եթե նրանք էլ իմ փոխարեն լինեին, նույնը կանեին:  

Բոլորին փորձել գոհացնելը ծանր բեռ է: Իմ խնդիրն է բասկետբոլ խաղալ այնքան լավ, որքան կարող եմ: Մարդիկ կարող են չհավանել ինձ, բայց դա արդեն նրանց խնդիրն է:

Նպատակին ձգտելու ճանապարհին միշտ խոչընդոտներ են առաջանում, բոլորս էլ հանդիպել ենք դրանց, բայց ոչ մի դեպքում չպետք է դադարենք առաջ գնալ: Պատին բախվելիս՝ մի շրջվեք, մի նահանջեք: Գտեք այն հաղթահարելու ելք ու գերազանցեք նրան:

Հենց կարողանաք հասնել հաջողության գագաթնակետին, փորձեք անաչառ լինել, շարունակեք շփվել ձեր շրջապատի հետ, ձեզ նրանցից վեր մի դասեք:

Լուսանկարը` nytimes.com


Սահմանները, ինչպես եւ վախերը, շատ հաճախ պարզապես պատրանքներ են:

Ամեն մեկն էլ տաղանդ ունի, բայց հաջողության հասնելու համար աշխատել է պետք: Իսկ որպեսզի սովորեք արդյունքների հասնել, պետք է կարողանաք դիմանալ անհաջողություններին:

Որպեսզի որեւէ բանի հասնեք, նախ պետք է հավատաք, որ կարող եք:

Ես ռասիստ չեմ, բայց կար ժամանակ, որ սպիտակներին չէի սիրում: Նրանք շատ ծույլ են, քիչ են ցատկում, միշտ փոխանցում են ուզում ու իրենց մասին շատ են մտածում:

Առանձին հանդիպումներում հաղթում է տաղանդը, բայց տիտղոսներ նվաճում է թիմը: Այն «ես»-եր չի ունենում, փոխարենը հաղթանակները դրա կարիքն ունեն:

Լավագույնը միշտ ստացվում է վատագույնից:

Կարող եք օրական 8 ժամ կրակել, բայց եթե ճիշտ տեխնիկային չեք տիրապետում, սխալ կստացվի: Միշտ սովորեք այն ամենի հիմքերը, ինչով զբաղվում եք, ու ձեր արածի որակը էապես կբարձրանա:

Լուսանկարը` NBA


Հայրս միշտ ասում էր, որ երբեք էլ ուշ չէ զբաղվել նրանով, ինչ ուզում եք: Գտնում էր, որ երբեք էլ չգիտեք, թե ինչի եք ընդունակ, քանի դեռ չեք փորձել:

Իմ հերոսները եղել են ու կմնան ծնողներս:

Ամենաճոխ ունեցվածքն ու ամենաթանկ գանձը սեփական արժանապատվությունն է:

Եթե պարզվի, որ իմ լավագույն որակներն այնքան էլ բավարար չէին, հետ նայելով՝ գոնե չեմ ափսոսա, որ չեմ վախեցել փորձել:

Ուզում եմ ինձ ընկալեն որպես բասկետբոլիստի, ով բոլոր առումներով իր լավագույն խաղն է ցույց տվել ու սիրել մարտահրավերները:

Հաջողության բանալին ձախողումն է:

Անհաջողությունն ինձ ստիպում է հաջորդ անգամ ավելի համառորեն աշխատել: Հաջողության հասնելու համար նախ պետք է սովորել հարմարվել ձախողումներին:

Եթե մեկ անգամ թողնեք, սովորություն կդառնա, երբեք կես ճանապարհից մի հեռացեք:

Իմ բնածին տաղանդն է հաղթել ամեն գնով, եթե որեւէ բան ինձնից է կախված, ամեն ինչ կանեմ դրա համար:

Լուսանկարը` NBA


Ամեն նոր օրը հնարավորություն է ապացուցել ձեր ուժը նրանց, ովքեր կասկածում են դրան:

Ավելի լավ է կրակել ու վրիպել, քան թույլ տալ ժամանակն ավարտվի ու մտածեք, թե ինչ կարող էր լինել, եթե այլ կերպ վարվեիք:

Հենց որ որոշում եմ կայացնում, էլ դրա մասին չեմ մտածում:

Երբեք չեմ պարտվել, պարզապես ժամանակն է ավարտվել:

Ամեն անգամ, երբ մարզումների ժամանակ հոգնում եմ, փակում եմ աչքերս ու տեսնում ցուցակը, որում անունս կա, դա սովորաբար ինձ մոտիվացնում է եւ օգնում աշխատել:

Կարեւոր չէ, որ ընկնում եք, կարեւորն ամեն անգամ նորից ոտքի կանգնելն է:

Դուք դեռ պարտված չեք, քանի դեռ չեք հանձնվել:

Ուզում եմ կամուրջ լինել հաջորդ սերնդի համար:

Չկա կատարյալ բասկետբոլիստ, չեմ հավատում, որ կա ընդամենը մեկ մեծագույն խաղացող:

Լուսանկարը` Si.com


Վայելեք կյանքի ամեն պահը, մի փորձեք գուշակել, թե հետո ինչ կլինի:

Անհնարը դարձրեք հնարավոր:

Միայն մեկ Մայքլ Ջորդան կա:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին