Ապրիլ 17, 2024
exclusive
1620 դիտում

2024-ի ոսկիները, բացթողումները, չստացված թիմային ելույթներն ու ընդունած մրցաշարերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` Հաշմանդամային սպորտի Ֆեդերացիա

Լուսանկարը` ECU

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` IWF

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` European Shooting Confederation

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա

Լուսանկարը` UWW


2023 թվականն ավարտին է մոտենում, ժամանակն է ամփոփելու հայ մարզիկների ելույթներն ու խոսելու կարեւոր ձեռքբերումների մասին: Մարզական առումով շատ մեծ անակնկալներ չունեցանք, նախաօլիմպիական տարում կարեւորը ուղեգրեր նվաճելն ու խաղերին մասնակցությունն ապահովելն էր:

Հայ մարզիկները հատկապես հաջող ելույթ ունեցան ու ոսկե մեդալներ նվաճեցին Եվրոպայի առաջնություններում, իսկ ահա Աշխարհում բարդ էր մրցակցություն ծավալելն ու ուժեղագույնների թվում ընդգրկվելը:

Տարվա ոսկիները

2023-ի գարնանային հատվածը բավական բուռն ու հագեցած էր Եվրոպայի առաջնություններով եւ նվաճած մեդալների քանակով: Ապրիլին զուգահեռաբար ընթացան Եվրոպայի 4 առաջնություններ՝ մարմնամարզության, ծանրամարտի, ըմբշամարտի ու սամբոյի: Ու այնպես ստացվեց, որ 8 օրվա ընթացքում Հայաստանն ունեցավ Եվրոպայի 11 չեմպիոն, որոնցից 7-ը դարձան նաեւ Աշխարհի առաջնության մեդալակիրներ, իսկ ոսկի նվաճել որեւէ մեկին այդպես էլ չհաջողվեց:


Եվրոպայի չեմպիոններից հաղթող դառնալուն ամենամոտն Արթուր Ալեքսանյանն էր, որը միայն վերջին վայրկյաններին ձեռքից բաց թողեց ոսկե մեդալը, այլապես կարող էր 5-ակի չեմպիոն հռչակվել: Սակայն ուրախացնում է այն հանգամանքը, որ 32-ամյա ըմբիշն արդեն մեկ տասնամյակ է կայուն ելույթներ է ունենում եւ 2024-ին իր 4-րդ Օլիմպիական խաղերի է մասնակցելու:

Լուսանկարը` Մեդիամաքս


ԵԱ-ի մյուս ոսկե մեդալակիրները՝ Արթուր Դավթյանը, Վազգեն Թեւանյանը, Արսեն Հարությունյանը, Մալխաս Ամոյանը, Գոռ Սահակյանը եւ Արման Ավանեսյանն Աշխարհի առաջնություններում կանգնեցին պատվոհարթակի 3-րդ աստիճանին: Առաջին չորս մարզիկները նաեւ Օլիմպիական ուղեգրեր նվաճեցին ու ելույթ կունենան Փարիզում: Խաղեր կմեկնի նաեւ Սլավիկ Գալստյանը, որը ԱԱ-ում համառ պայքարում 5-րդ տեղը գրավեց ու ապահովեց իր մասնակցությունը:

Իր հերթական արծաթե մեդալները Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններում նվաճեց Վարազդատ Լալայանը, որը վստահ քայլերով մոտենում իր առաջին Օլիմպիական խաղերին:

Երեւանյան ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ընտրանին աննախադեպ հաջողության հասավ՝ մեդալներ նվաճելով բոլոր քաշային կարգերում: Չեմպիոններ դարձան նաեւ Դավիթ Հովհաննիսյանը, Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի բրոնզե մեդալակիրներ դարձան Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը, վերջինս նաեւ Եվրոպայի գավաթին տիրացավ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականին դեռ չի հաջողվել ուղեգիր նվաճել, թիմն այդ բացը կփորձի լրացնել 2024-ին սպասվող 2 մրցաշարերի արդյունքում:

Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններում հայ մարզիկները նաեւ մի շարք արծաթե ու բրոնզե մեդալներ նվաճեցին, ոմանք կարողացան իրենց ուժերի առավելագույն չափով հանդես գալ, մյուսների դեպքում որոշակի հետընթաց գրանցվեց:

Կանանց պայքարը

Կանայք նախորդ տարիների համեմատ թեեւ շատ մեծ առաջընթաց չգրանցեցին, բայց որոշակի հաջողություններ ունեցան: Հայ մարզուհիները հիմնականում մրցունակ են ծանրամարտում, շախմատում, հրաձգությունում, բռնցքամարտում, սամբոյում ու բասկետբոլում:

Երեւանում անցկացված ԵԱ-ում կանանց հավաքականին հաջողվեց 3 մեդալ ապահովել՝ Տաթեւ Հակոբյանը կանգնեց պատվոհարթակի 2-րդ աստիճանին, իսկ Իզաբելա Յայլյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 3-րդ: Վերջինս նաեւ տարեվերջին դարձավ Աշխարհի Գավաթակիր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի Օլիմպիական թիմում անվանական ուղեգիր ունեցող միակ կինը դեռեւս Էլմիրա Կարապետյանն է, 2022 թվականին նա առաջինն էր, ով ապահովեց իր մասնակցությունը: Այս տարին էլ Կարապետյանի համար բավական հագեցած էր ու միջոցառումներով հարուստ, նա կարողացավ իրեն լավ դրսեւորեն մի քանի երկրներում, բայց ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալն ու Աշխարհի Գավաթն են:

Սամբիստներից տարին հաջողված էր Վարսիկ Գրիգորյանի համար, նախ նա 2-րդ տեղը գրավեց Եվրոպայի առաջնությունում, ապա երեւանյան ԱԱ-ում բրոնզե մեդալակիր դարձավ:

Այս տարի ուրախացրեց Հայաստանի բասկետբոլի Մ-18 տարեկանների ընտրանին, որը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում 3-րդ տեղը գրավեց: Այս դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում էլ ընդգրկվեց Սեդա Գաբրիելյանը:

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


Բռնցքամարտում կանայք այս տարի չկարողացան միջամտել խոշոր մրցումների մեդալային պայքարին, բայց փոխարենը հաջող մասնակցեցին Մ-22 տարեկանների ԵԱ-ին՝ Էլիդա Քոչարյանը հաղթող դարձավ, իսկ Սոնա Հարությունյանը՝ բրոնզ նվաճեց:

Շախմատում շարունակեցին իրենց կայուն ելույթներն ու ՖԻԴԵ-ի լավագույն 100-յակում կան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը: Տարեվերջն էլ նրանց համար հագեցված է՝ ելույթ են ունենում արագ շախմատի ԱԱ-ում, ապա կմասնակցեն  կայծակնային մրցաշարին:

Հաշմանդամային սպորտը

2024 թվականին Փարիզում Օլիմպիական խաղերի ավարտից հետո՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը կկայանան Պարալիմպիկ խաղերը: Հայ մարզիկներից դեռ Սարգիս Ստեփանյանին է հաջողվել ուղեգիր նվաճել: Նա այս տարի Փարիզում կայացած պարաաթլետիկայի Աշխարհի առաջնության գնդի հրման վարժության F55 դասակարգումում զբաղեցրեց 11-րդ տեղն ու վարկանիշ ձեռք բերեց։

Լուսանկարը` Հաշմանդամային սպորտի Ֆեդերացիա


Սակայն Ստեփանյանը միայն այդ ձեռքբերումով չբավարարվեց՝ նա Ալմաթիում կայացած պարաբազկամարտի Աշխարհի առաջնությունում էլ չեմպիոն դարձավ: Այնտեղից ոսկե մեդալներով վերադարձան նաեւ Սարգիս Հարությունյանը եւ Նաիրա Մեսրոպյանը:

Թիմային սպորտը

Ցավոք, այս տարի էլ թիմային նվաճումները շատ քիչ էին: Ամենաստացվածը Հայաստանի շախմատի հավաքականի ելույթն էր: Բուդվայում կայացած մրցաշարում տղամարդկանց ընտրանին ելույթն ավարտեց 3-րդ տեղում՝ բրոնզե մեդալակիրները Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանն են։ Ի դեպ, առաջին անգամ 1-ին խաղատախտակի վրա հանդես եկավ Հայկ Մարտիրոսյանը, որի համար տարին բավական հաջող էր՝ նա ՖԻԴԵ-ի աղյուսակում հատեց 2700 միավորի շեմն ու արագ շախմատի ԵԱ-ում 2-րդ տեղը գրավեց:

Լուսանկարը` ECU


Հերթական անգամ ակնկալիքները չկարողացավ արդարացնել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը: Այն ԵՎՐՈ-2024-ի ընտրական մրցաշարում մեկնարկեց նոր մարզչի՝ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ, սակայն անգամ ուկրաինացի խիստ ու պահանջկոտ մասնագետին չհաջողվեց շոշափելի արդյունքի հասնել:

Հայաստանի հավաքականը ընտրական D խմբում տարավ ընդամենը 2 հաղթանակ (Լատվիա, Ուելս), 2 անգամ ոչ-ոքի գրանցեց (Թուրքիա, Ուելս) ու կրեց 4 պարտություն (Թուրքիա, Խորվաթիա՝ 2 անգամ, Լատվիա) ունեցավ: Հայ ֆուտբոլիստները 10 միավորով խմբում 4-րդ տեղը գրավեցին:  

Օրեր առաջ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում վերընտրված Արմեն Մելիքբեկյանը հայտնեց, որ հավաքականի նպատակն է լինելու Ազգերի Լիգայի C խմբում, ուշադրություն՝ ոչ թե ամբողջ դիվիզիոնում, 1-ինը լինել: Խնդիրն այդքան էլ բարդ չէ, մանավանդ, որ մասնակցում են ամենաթույլ թիմերն ու 2020 թվականին Խոակին Կապառոսի գլխավորությամբ հայ ֆուտբոլիստներն արդեն իսկ այդ արդյունքը գրանցել են: Կամ էլ հնարավոր է իմանալով հավաքականի հնարավոր ներուժը՝ ՀՖՖ-ն ավելիին ձգտելն իրատեսական չի համարում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թիմային նվաճումների մասին խոսելիս պետք է առանձին անդրադառնալ նաեւ Հենրիխ Մխիթարյանին: 34-ամյա Մխիթարյանը թեեւ վերջին շրջանում քիչ գոլեր է խփում, բայց իր թիմի առանցքային ու կարեւոր խաղացողներից է, Սիմոնե Ինձագին էլ պարբերաբար խոսում է այդ մասին: Կիսապաշտպանը 10 տարուց ավելի շարունակում է բարձր մակարդակով հանդես գալ, ու, ցավոք, այդպես էլ որեւէ հայ խաղացողի չհաջողվեց անգամ մի քիչ մոտենալ նրա ցուցանիշներին:

Հավաքականի ֆուտբոլիստները հանդես են գալիս Հայաստանի, Սլովակիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Արգենտինայի, Ղազախստանի, Շվեդիայի, Խորվաթիայի առաջնությունում ու ոչ բոլորն են հիմնական խաղաժամանակ ստանում: Այս խնդրին մամուլի ասուլիսների ժամանակ բազմիցս անդրադարձել է նաեւ Պետրակովը՝ կատակով նշելով, որ « Հայաստանի առաջնությունը խաղամակարդակով ամեն դեպքում մի փոքր զիջում է Եվրոպայի առաջնությանը»:

Հայաստանի ֆուտզալի հավաքականը դեռ նախորդ տարի էր ժամանակից շուտ նվաճել ԱԱ-2024-ի էլիտ ռաունդի ուղեգիր: Այս փուլի պայքարը մեկնարկեց սեպտեմբերին, Հայաստանի հավաքականն անցկացրեց 5 հանդիպում ու կարողացավ հաղթել միայն Վրաստանին (3:1), մյուս խաղերում զիջեց Վրաստանին (1:2), Ֆինլանդիային (2:3), Պորտուգալիային (5:6, 1:7), իսկ ֆիններ հետ վերջին խաղին ՀՖՖ-ի որոշմամբ թիմը չմեկնեց: Պատճառն այն էր, որ բրազիլացի լեգիոներների պատճառով ՈՒԵՖԱ-ն Հայաստանի հավաքականին տեխնիկական պարտություն էր գրանցել:

Լուսանկարը` FFA


Երիտասարդների նվաճումները

Այս տարի իրենց տպավորիչ ելույթներով ու գրանցած արդյունքներով հատկապես ուրախացրին երիտասարդ ու պատանի մարզիկները, որոնցից մի քանիսի նվաճումներն ուշադրության են արժանի:

Իրեն հիանալի դրսեւորեց ու իսկական բացահայտում դարձավ 20-ամյա Գոռ Սահակյանը, որը երիտասարդների Աշխարհի չեմպիոն հռչակվելուց բացի ոսկի նվաճեց նաեւ մեծահասակների ԵԱ-ում ու 3-րդն էր ԱԱ-ում: Ծանրորդն ամբողջ տարի կայուն ելույթներ է ունեցել ու իր մասին խոսելու բազում առիթներ տվել:

Մեծահասակների սպորտում կարողացավ հաստատվել ու Եվրոպայի հաղթող դառնալ նաեւ Գարիկ Կարապետյանը, իսկ երիտասարդական մրցումներում նա 2 ոսկի ունի Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում:

18-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը համառ պայքարում հռչակվեց երիտասարդների Աշխարհի չեմպիոն, դրանից օրեր անց էլ իր առաջին մեդալը նվաճեց մեծահասակների մրցաշարում՝ դառնալով Գրան Պրիի բրոնզե մեդալակիր: Մինչ այդ նա Մ-20 տ. ԵԱ-ում 2-րդն էր եղել:

Լուսանկարը` IWF


Մ-23 տ. հաղթող հռչակվեց Ռաֆիկ Հարությունյանը, որը երեւանյան ԵԱ-ում 3-րդն էր: Մ-20 տ. ԵԱ-ում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում 1-ինն էր, իսկ Մ-23 տ. թիմը՝ 3-րդը:

Ռուսլան Ասլիկյանը Մ-22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնն է, իսկ երեւանում կայացած երիտասարդական ԵԱ-ում Հայաստանի միակ ոսկին Դավիթ Սիմոնյանի հաշվին է:

Մ-20 տ. պայքարում հաղթեցին հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Հովեյանը եւ ազատ ոճային Կնյազ Իբոյանը, իսկ Մանվել Խնձրցյանը 2-րդ էր Մ-23 տ. ԱԱ-ում:

Ընդունած մրցաշարերը

Հայաստանն այս տարի ընդունեց մի քանի խոշոր մրցաշար, որոնք կայացան Կարեն Դեմիրճյանի անվան եւ «Միկա» մարզահամալիրներում:

Կարեւորելով Հայաստանում խոշոր մրցաշարերի անցկացումը՝ ԿԳՄՍ-ն նախ կազմակերպեց մեծահասակների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 15-23-ն անցկացված մրցաշարի համար պետբյուջեից ծախսվեց 1 մլրդ 100 մլն դրամ: Մասնակցեցին 40 երկրի մոտ 500 մարզիկներ:

Դրանից օրեր անց Երեւանը հյուրընկալեց բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը, ելույթ ունեցան 29 երկրի 275 բռնցքամարտիկներ: Հայաստանն ունեցավ 1 չեմպիոն, 2 արծաթե ու 10 բրոնզե մեդալակիր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սամբոյի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանին 21 մարզիկից էր կազմված, որոնցից մեդալակիր դարձան 10-ը՝ նվաճելով 5-ական արծաթե ու բրոնզե մեդալներ: Իսկ մրցաշարին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել 70 երկրների 650 սամբիստներ:

Իսկ տարվա վերջին երեւանյան մրցաշարն ավագ տարիքի պատանիների ԵԱ-ն էր, որին մասնակցեցին 58 երկրի 15-16 տարեկան 448 մարզիկներ: Հայաստանի հավաքականը նվաճեց 4 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալ եւ ԱԱ-ի թիմային պայքարում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։

Ամփոփիչ ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ-ի փոխնախարար Կարեն Գիլոյանը նշեց, որ 2023-ին Հայաստանում 6 խոշոր մրցում է անցկացվել, որոնց տարբեր հարթակներում հետեւել է 220 մլն մարդ: Նա նաեւ ավելացրեց, որ 2024 թվականի համար մի շարք հայտեր են ներկայացրել, իսկ 2025-ի համար բանակցություններ են վարում։

Բացթողումներն ու անելիքները

Սպորտն անընդհատ կատարելագործվելու եւ նոր սահմաններ անցնելու ոլորտ է, ունեցածով բավարարվելը կնշանակի նոր բարձունքների եւ նվաճումների չձգտել:

Թեեւ ԿԳՄՍ-ն տարվա ընթացքում նվաճած ընդհանուր մեդալների քանակը 400-ից ավել է նշում՝ ներառելով բոլոր տարիքայինների հաջողություններն ու նաեւ ոչ շատ բարձրակարգ մրցաշարերը: Պետք է իրատես լինել ու խոստովանել, որ նախ ոչ բոլոր մարզաձեւերում ենք աշխարհում մրցունակ՝ դրանից թիվը 10-ի էլ չի հասնում, իսկ ուժեղ մարզիկներն ամեն ձեւում եւս սահմանափակ են:  

Լուսանկարը` Մեդիամաքս


ԿԳՄՍ-ի առաջնային խնդիրներից է նախ ապահովել մարզաձեւերի համաչափ զարգացումն ու մրցունակությունը: Քիչ չեն այն մարզաձեւերը, որոնք բավարարվում են միայն երկրի առաջնություններով ու մի քանի տարածաշրջանային մրցաշարերով, որոնց մեդալները եւս ընդգրկվում են տարվա ամփոփիչ ցանկում: Բազմաթիվ են անելիքներն ու աշխատանքները ձմեռային եւ թիմային մարզաձեւերում, որոնք դուրս են մնում լուրջ մրցակցությունից:

2024-ն Օլիմպիական տարի է ու առաջին 6 ամիսները շատ կարեւոր են ուղեգրերի քանակն ավելացնելու առումով: Դեռեւս 7 անվանական վարկանիշ ունենք, եւս 3-ն էլ ծանրամարտի հավաքականն է ապահովել՝ մասնակիցների անուններն ավելի ուշ հայտնի կդառնան: Հիմնական թեկնածուների թվում ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է Անդրանիկ Կարապետյանին, Գարիկ Կարապետյանին, Սամվել Գասպարյանին, Սիմոն Մարտիրոսյանին եւ Վարազդատ Լալայանին:

Մնում է հուսալ, որ սպասվող պատասխանատու ու բարդ տարում հայ մարզիկները նորից կկարողանան արդարացնել սպասելիքները եւ իրենց հաջողությամբ դրսեւորել Օլիմպիական խաղերում:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին