Հուլիս 27, 2024
exclusive
1917 դիտում

Էլիդա Քոչարյան․ Ծանր մարզմանը հաջորդող հաղթանակն ամեն ինչ արժե


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Էլիդա Քոչարյանը Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունում հավասարը չուներ 60 կգ քաշային կարգում ու դարձավ ոսկե մեդալակիր։

Mediamax Sport-ի հետ զրույցում բռնցքամարտիկը խոսել է առաջին չեմպիոնության, բռնցքամարտի պատճառով պարը թողնելու, մեր երկրում եղած խնդիրների ու հետագա նպատակների մասին։

Հոգեբանական խնդիրների հաղթահարումը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Նախորդ տարի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր էի դարձել եւ այս անգամ էլ մեկնել էի այն մտքով, որ գոնե կրկին երրորդը լինեմ։

2022-ին ես հնարավորություն ունեի հաղթանակով ավարտել մենամարտս ու շարժվել առաջ, բայց չկարողացա։ Այս անգամ եզրափակչում մի պահ կրկին զիջում էի, մտովի գնացի հետ ու հասկացա՝ պետք է ինքս ինձ ցույց տամ, որ կարող եմ պայքարել ու հաղթել։

Տարին անհաջող էր եղել, որովհետեւ բոլոր առաջնություններում պարտություններ էի կրել ու մնացել առանց մեդալի։ Ինձ խանգարում էր հոգեբանական պատրաստվածությունը։ Երբ դադարի ժամանակ իմանում եմ հաշիվն ում օգտին է, ակտիվանալու փոխարեն լարվում եմ, կոտրվում ու այլեւս չեմ կարողանում պայքարել։

Լուսանկարը` Մեդիամաքս


Իմ մարզիչ Հարություն Նազարյանի հետ անընդհատ աշխատում ենք սա ուղղելու վրա։ Նա միշտ ասում է, որ պետք չէ նահանջել, ընդհակառակը, հարկավոր է ավելացնել հարվածների քանակը։ Եվրոպայի առաջնությունում համոզվեցի, որ կարող եմ ու հնարավոր է նույնիսկ մեկ շատ ուժեղ հարվածով կորցրածը հետ բերել։ Այս մեդալս հոգեբանական նման խնդիրների հաղթահարմանը վստահաբար օգնել է։

Հիմա հասկանում եմ, որ սա սկիզբն է։ Պետք է ավելացնեմ, նոր մեդալներ նվաճեմ ու առաջ գնամ։ Պետք է մեդալակիր դառնամ նաեւ մեծահասակների առաջնություններում եւ Օլիմպիական խաղերում։  Գիտեմ, որ շատ դժվար է լինելու, բայց պետք է ձգտեմ։

Անհավատալի ու երկար սպասված հաղթանակը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչեւ 22 տարեկանների ԵԱ-ում ինձ շատ լավ էի զգում ու ֆիզիկապես չէի հոգնում։ Իհարկե, մենամարտեր քիչ եմ անցկացրել, ընդամենը երեքը։ Առաջինում հաղթելուց հետո առնվազն բրոնզե մեդալ ապահովեցի։ Նախկինում եղել են դեպքեր, երբ մտովի հաշտվել եմ բրոնզի հետ ու այլեւս չեմ պայքարել։ Շատ տխրում եմ, որովհետեւ հասկանում եմ, որ կարող էի ավելի լավ մեդալ ունենալ ու չեմ արել։ Այս անգամ մտածեցի․ ավելիին հասնելու հնարավորություն ունեմ ու ձեռքիցս բաց չեմ թողնելու։

Ուժերիս նկատմամբ վստահությունը եղավ աստիճանաբար, միշտ բարձր տրամադրությամբ եմ մտել ռինգ։ Միայն եզրափակչում էի մի քիչ կասկածում, որովհետեւ մրցակիցս Եվրոպայի չեմպիոն էր եղել, չնայած ռինգում չէինք հանդիպել, բայց ճանաչում էի ու գիտեի, որ դժվար էր լինելու։ Ինքս ինձ ասում էի, թե վերջինն է ու հարկավոր է հաղթել։ Ուսումնասիրել էի նրան, գիտեի ոճն ու որոշել էի, թե ինչ հարվածներ ու կոմբինացիաներ եմ անելու։

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին ռաունդից հետո 4։1 հաշվով հաղթում էի, երկրորդում չեմ էլ կարող բացատրել, թե ինչ տեղի ունեցավ հետս, որովհետեւ պարտվեցի 5։0 հաշվով։ Երրորդի կեսից շատ ակտիվացա, հարվածաշարերս ավելացրի եւ ապահովեցի վերջնական հաղթանակը։

Չէի հավատում, որ ոսկե մեդալակիր եմ դարձել։ Մինչեւ հիմա էլ երեւի չեմ գիտակցում, որ նման բան է տեղի ունեցել։ Անբացատրելի տպավորություններ էին, անսահման երջանիկ էի։ Մենամարտից հետո մինչեւ քնելս անընդհատ հուզվել ու լաց եմ եղել, չէի կարողանում ինձ զսպել։ Պարգեւատրման ժամանակ նույնիսկ հիմնը չկարողացա նորմալ երգել, ճիշտն ասած փորձում էի, բայց չէր ստացվում՝ արցունքները խեղդում էին։

Պարը փոխարինեց բռնցքամարտով

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես «Արաքս» համույթում 11 տարի հայկական ժողովրդական պարերի եմ գնացել ու վստահ էի, որ կյանքս պարի հետ եմ կապել։ Հիմա էլ, երբ ժամանակ եմ ունենում գնում եմ ընկերներիս հետ պարելու։

Հորեղբայրս միշտ ասում էր պետք է բռնցքամարտիկ դառնամ, որովհետեւ չարաճճի երեխա էի, կռիվներ էի անում ու հաղթում։ Բացի այդ բարձրահասակ էի ու երկար ձեռքեր ունեի, ինչը շատ կարեւոր է այս մարզաձեւում։ Հայրիկս եւս բռնցքամարտ շատ էր սիրում ու միշտ հեռուստացույցով հետեւում էր, ինչն ինձ բարկացնում էր, որովհետեւ դրա պատճառով ստիպված իմ սիրած հաղորդումները բաց էի թողնում։ Այս մարզաձեւն անընդհատ վանում էր ինձ։

Բայց հորեղբայրս միշտ իրենն էր պնդում, մի օր էլ նրան ասացի, որ հանուն իրեն կգնամ դահլիճ։ Եկա Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոց ու հանդիպեցի մարզիչ Հարություն Նազարյանին։ Նա լավ մարդ ու մարզիչ է, նպաստեց, որ մնամ եւ սիրեմ բռնցքամարտը։ Չգիտեմ ինչպես ստացվեց, բայց ես ինձ այստեղ գտա, մի օր էլ հասկացա, որ սիրում եմ բռնցքամարտը։

Լուսանկարը` Մեդիամաքս


16 տարեկանում եմ սկսել մարզվել, բայց, քանի որ պարից էի անցում կատարել, ոտքերիս աշխատանքը հեշտ ստացվեց։ Ես աշխատասեր եմ, անընդհատ մարզվում էի, ուղղում սխալներս ու 6 ամիս անց դպրոցականների առաջնությունում հաղթեցի 8 տարի պարապող աղջկա։ Ընկեր Նազարյանը դրանից հետո ասաց, որ հաստատ պետք է շարունակեմ։ Մի տարի չանցած արդեն ԵԱ-ի մրցանակակիր էի դարձել։

Խնդիրները Հայաստանում

Ես խոշոր հաշվով մեր երկրում կանանց բռնցքամարտի նկատմամբ վատ վերաբերմունքի չեմ հանդիպում։ Վերջերս մեր ֆեդերացիան ավելի մեծ ուշադրություն է դարձնում, սկսել ենք հավաքներ, միջազգային մրցաշարեր շատ անցկացնել։

Սակայն կառանձնացնեմ մեկ խնդիր, որը կարծում եմ ողջ հայկական սպորտում կա՝ դա բուժզննումն է։ Օրինակ՝ այս ԵԱ-ից առաջ ես մեջքի խնդիրներ ունեի ու չկարողացա բուժել։ Թղթաբանությունն այնքան երկար է տեւում, մինչեւ հարցին լուծում տալը մարզիկը շատ հոգնեցնող ու ձգվող գործընթացների միջով է անցնում։ Ստացվեց այնպես, որ մինչեւ իմ թղթերը վերջնական պատրաստ եղան, մեկնելու ժամանակն էր, այդպես էլ չհետազոտվեցի ու այդ խնդրով էլ գնացի Եվրոպայի առաջնություն։ Ցավոք, այս ավելորդ թղթաբանությունները Հայաստանում շատ են խանգարում մարզիկներին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեկ այլ խնդիր էլ մարզվողների թիվն է։ Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, Հայաստանում բռնցքամարտով զբաղվող աղջիկների թիվն ավելացել է, բայց ընդհանուր առմամբ շատ քիչ է։ Օրինակ՝ անցած տարի Հայաստանի առաջնությանը չմասնակցեցի, որովհետեւ իմ քաշային կարգում այլ մարզիկ չկար, ինչը շատ վատ է, որովհետեւ մրցակցություն չկա։

Բացը լրացնելու համար համատեղ հավաքներ ենք անցկացնում, տարբեր քաշային կարգերի բռնցքամարտիկներով սպարինգներ ունենում, իսկ հիմնականում մարզվում ենք տղաների հետ։

Բայց կանանց ու տղամարդկանց բռնցքամարտում տարբերություններ կան։ Մանավանդ տղաների հետ սպարինգ անելուց հետո դրանում ավելի եմ համոզվում։ Մի կողմից նրանց հետ մարզվելը լավ է, որովհետեւ ավելի դժվար է, մյուս կողմից էլ, որ տեսնում են հակառակորդն աղջիկ է, ուժեղ չեն հարվածում։ Իսկ դա վատ է անդրադառնում, որովհետեւ մրցման ժամանակ ստացած նման հարվածներին սովոր չես լինում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախկինում պատանիների ու երիտասարդների թիմի հետ էինք մարզվում, ինչը շատ լավ էր, մրցակիցները շատ ու տարբեր էին։ Իսկ հիմա միայն տղաների հավաքականի հետ ենք աշխատում։ Օրինակ՝ մինչեւ 22 տարեկանների առաջնության ժամանակ միայն ես ու Սոնա Հարությունյանն էինք եւ անընդհատ իրար հետ էինք մարզվում, իսկ այդպես աճել գրեթե չի լինում։

Նպատակներն արդեն մեծահասակների պայքարում

Ծանր մարզումներից հետո մեկ-մեկ մտածում եմ, որ լավ էր էլի, հանգիստ գնում էի պարի, ոչ քաշ էի գցում, ոչ նման դժվարություններ ունենում։ Բայց զուտ կատակով եմ մտածում, որովհետեւ չեմ կարող առանց բռնցքամարտի, հաստատ իմ կյանքում ամեն ինչ կիսատ կլինի։ Ծանր մարզմանը հաջորդող հաղթանակն ամեն ինչ արժե, դա մոտիվացնում ու ոգեւորում է ինձ։

Ես ինքս ինձ ապացուցում եմ, որ պետք է մինչեւ մրցավարի վերջին սուլիչը պայքարել։ Բռնցքամարտն ինձ ավելի ուժեղ ու համբերատար է դարձնում, սովորեցնում չնյարդայնանալ, չբարկանալ ոչ միայն ռինգում, այլ նաեւ կյանքում։

Չնայած մեդալս ոսկի է, բայց այն երիտասարդական պայքարից է, դրա համար իմ նպատակը մեծահասակների Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների մրցանակակիր դառնալն է։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գիտակցում ու մեծ պատասխանատվություն եմ զգում, որ Հայաստանում ես ու իմ թիմակիցները հիմք ենք դնում կանանց բռնցքամարտի զարգացմանը։ Մինչ այս կանանց բռնցքամարտում Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունեցել։ Շատ լավ կլիներ, որ ես մասնակցեի ու մրցանակակիր դառնայի, բայց սրտանց կցանկանամ իմ բոլոր թիմակիցներին տեսնել այդ դերում։ Կարեւորը մենք նոր էջ բացենք հայկական բռնցքամարտում ու ձգտենք ավելիին։

Անկեղծ ասած մտքեր ունեմ նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի հետ կապված, այն ինձ շատ է հետաքրքրում։ Միշտ մտածում եմ, որ եթե 3 ռաունդում այսպես հոգնում ենք, ինչպե՞ս են պրոֆեսիոնալները 8-12 ռաունդ մենամարտում։ Կուզեի մի օր ուժերս փորձել այնտեղ։ Բայց ես չեմ շտապում, որովհետեւ ինձ համար կարեւորն ամեն սպասվող մրցումն է։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաջորդ տարի կայանալու է վարկանշային երկու մրցաշար։ Օլիմպիական ուղեգիր նվաճելը շատ բարդ է լինելու, բայց հիմա ավելի վստահ եմ դարձել, հավատում եմ ուժերիս ու ձգտելու եմ անպայման հասնել երազանքիս՝ մասնակցել Օլիմպիական խաղերի»։

Էլիդա Քոչարյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին