Հուլիս 27, 2024
956 դիտում

Յուսրա Մարդինի․ Պատերազմից փրկված ու մի կերպ Գերմանիա հասած Օլիմպիականը


Լուսանկարը` The New York Times

Լուսանկարը` TIME

Լուսանկարը` Max Baier

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` UN

Լուսանկարը` Reuters


Պրոֆեսիոնալ լողով զբաղվում են հարյուր հազարավոր մարդիկ, սակայն նրանցից քչերին է հաջողվում հասնել մեծ հաջողությունների ու նաեւ ճանաչված դառնալ։

Յուսրա Մարդինին, որը, չնայած ոչ մի խոշոր մրցաշարում մեդալակիր չի դարձել, սակայն այսօր չափազանց ճանաչված է ու ոգեշնչում է շատերին։

Mediamax Sport-ն առաջարկում է ծանոթանալ սիրիացի լողորդի հետ, որը մի կերպ փախել է քաղաքացիական պատերազմից, փրկել խորտակվող նավակում գտնվող փախստականներին ու հասել երազանքին՝ մասնակցելով Օլիմպիական խաղերին։

Դժվարին կյանքը Սիրիայում

Լուսանկարը` TIME


2015 թվականին Յուսրա Մարդինին, երբ փախստականներով լի նավակով լողում էր անհայտ ուղղությամբ, չէր էլ կարող պատկերացնել, որ մասնակցելու է Օլիմպիական խաղերին, լինելու է փախստականների թիմի դրոշակակիրը, ապա նաեւ դառնա ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան։  

Յուսրա Մարդինին ծնվել է 1998 թվականին Դամասկոսում քրիստոնյա արաբի ընտանիքում։ Յուսրայի հայրը լողի մարզիչ է եղել եւ իր աղջիկներին փոքր տարիքից տարել է լողավազան։

«Ես ատում էի լողը եւ ամեն անգամ լաց էի լինում, որովհետեւ ջուրը սառն էր։ Երբ  9 տարեկան էի, հասկացա, որ սկսել եմ այն սիրել, արագ էի լողում, քան մյուս աղջիկները։ Իսկ լողին անմնացորդ սիրահարվելս հասկացա միայն այն ժամանակ, երբ Սիրիայում սկսվեց պատերազմը։

Լուսանկարը` GQ


Սիրիայում միշտ էլ դժվար էր մարզիկների համար, սակայն պատերազմի մեկնարկից հետո կյանքն անհամեմատ ավելի վատացավ։ Լույս գրեթե չէինք ունենում, լողավազանի ջուրը շատ սառն էր, չէինք կարողանում հանգիստ լողալ, որովհետեւ սկսվում էր ռմբակոծությունը։ Ես ստիպված թողեցի մարզումները ու երբ մոտ մեկ տարուց վերադարձա, հասկացա, որ լողն իմ կյանքն է»։

2012-ին Մարդինին Աշխարհի առաջնությունում (25 մ լողավազանում) ներկայացրել է Սիրիան, սակայն իր երկրում ընթացող պատերազմի հետեւանքով այլեւս չի կարողացել լիարժեք մարզվել ու նաեւ առաջնությունների մասնակցել։

Յուսրան փրկում է նավակում գտնվող փախստականներին

Լուսանկարը` Max Baier


2015-ին նրանց տունը գնդակոծվում է։ Որոշում են քրոջ հետ փախչել պատերազմից՝ հեռանալով հարազատ երկրից։

«Սիրիայում սպորտային ոչ մի հեռանկար չկար։ Ես նորմալ կյանքով չէի ապրում, ամեն ինչ խառնված էր իրար։ Հեռացա, որովհետեւ այնտեղ Օլիմպիական մակարդակի այդպես էլ չէի հասնելու»։

Յուսրան ու քույրը՝ Սառան, օգոստոսին Դամասկոսից մի կերպ հասնում են Լիբանան, ապա՝ Թուրքիա, որտեղ պայմանավորվում են նավակ վարձել եւ անօրինական ճանապարհով անցնել Հունաստան։

Փախստականներին տեղափոխող նավակում տեղավորում են 20 մարդու, չնայած այն նախատեսված էր ոչ ավել, քան 7 հոգու համար։ Էգեյան ծովում որոշ ժամանակ անց շարժիչը խափանվում է, նավակը սկսում է լցվել ջրով։

Լուսանկարը` Reuters


Պարզվում է, որ Յուսրայից, Սառայից եւ եւս մեկ հոգուց բացի ուրիշ ոչ ոք լողալ չգիտի։ Նրանք ցատկում են ծովն ու շուրջ երեք ժամ լողում՝ իրենց հետեւից քաշելով նավակն ու դրանում գտնվող մարդկանց։ Բոլոր փախստականներն անվնաս հասնում են հունական Լեսբոս կղզի։

«Ես լողորդ եմ ու մեծ խայտառակություն կլիներ, եթե խորտակվեի»։

Մարդինի քույրերը ճանապարհ են ընկնում դեպի Գերմանիա եւ սեպտեմբերին արդեն Բեռլինում էին։

Լողն օգնում է վերադառնալ կյանք

Լուսանկարը` Reuters


Բեռլինում նրանց առաջարկում են մարզվել քաղաքի ամենահեղինակավոր լողավազաններից մեկում՝ Wasserfreunde Spandau 04-ում։

«Առանց լողի ես ոչ մի նպատակ չունեի։ Ես հասկացա, որ երազում եմ մասնակցել Օլիմպիական խաղերի, Աշխարհի առաջնությունների։

Հայտնվելով Գերմանիայում՝ կյանքս սկսեցի կառուցել զրոյից։ Ինձ համար հեշտ եղավ, որովհետեւ օգնության հասավ լողը։ Սկսեցի մարզվել, ներգրավվեցի լողի համայնքի մեջ, մարդիկ ինձ օգնեցին հասկանալ Գերմանիայի կյանքը։
 
Սպորտը հիանալի բան է։ Կարծում եմ՝ հատկապես փախստական երեխաները պետք է մարզվեն, որովհետեւ այն միայն օգնում է ինտեգրմանը»։

Լուսանկարը` Reuters


Մարզիչ Սվեն Շպանեկրեբսը հետեւում է 18-ամյա Յուսրային ու ներուժ տեսնում նրա մեջ։ Սկսում է ավելի մեծ ծանրաբեռնվածություն տալ նրան, մոտենալ պրոֆեսիոնալի պես ու պահանջել ավելին։

«Յուսրան կարծես գերմանացի լինի՝ կարգուկանոնին հետեւող ու շատ կազմակերպված։ Սկզբից դիտարկում էինք նրան պատրաստել Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար, սակայն երբեմն իրադարձություններն արագ են զարգանում, քան կարող ենք կանխատեսել»,-ասել է մարզիչը։

Միջազգային Օլիմպիական կոմիտեն որոշում է ձեւավորել փախստականների հավաքական, որն առաջին անգամ մասնակցելու էր 2016-ի Ռիոյի Օլիմպիական խաղերին։ Յուսրան ու նրա մարզիչը սկսում են պատրաստվել այդ թիմում տեղ գտնելու համար մղվող պայքարին։

Հասնելով երազանքին՝ Օլիմպիական խաղեր

Լուսանկարը` Reuters


Կես տարուց քիչ ժամանակ էր մնացել, երբ ՄՕԿ-ը հայտնում է, որ Մարդինին այն տասը մարզիկներից մեկն է, որն ընդգրկվել է Փախստականների օլիմպիական թիմի կազմում։

«Իմ կյանքը 2015-16 թվականներին իսկական խենթություն էր։ Մի կերպ հասնել Գերմանիա, վերապրել, սկսել մարզվել ու հանկարծ իմանալ, որ գնում ես երազանքիդ հետեւից։ Հետո եղավ որակավորման շրջանն ու կարծես հեքիաթ լիներ խաղերի իրական դառնալը։ Մենք հաջողակ էինք, որ հենց այդ տարի ՄՕԿ-ում եղավ նման միտք՝ ունենալ փախստականների թիմ»։

Յուսրա Մարդինին մեկնում է Ռիո մասնակցում բացման արարողությանը։

Լուսանկարը` Getty Images


«Ոչնչի հետ չեմ փոխի այդ պահը։ Երբ դրոշը ձեռքիս մտա ստադիոն, մտքիս մեջ ասում էի․ «Ես այստեղ եմ, սա պարզապես խենթություն է»։ Մեր ողջ թիմի էներգիան աննկարագրելի էր։ Մեզնից յուրաքանչյուրն ուներ իր պատմությունը։ Համոզված եմ, որ ինձ պես մյուսներն էլ մտածում էին, որ այնքան դժվարություններ են տեսել, բայց հասել են Օլիմպիական խաղեր։ Ամենակարեւոր բանը, որ ես միշտ ասում եմ՝ փախստականները եւս սովորական մարդիկ են եւ նրանք էլ բոլորի պես ունեն երազանքներ»։

Մարդինին Ռիոյում 100 մ ազատ ոճում գրավում է  40-րդ, իսկ 100 մ բաթերֆլայում՝ 41-րդը տեղերը։

«Օլիմպիական խաղերի առաջին անգամ հետեւել եմ 2008-ին, երբ Մայքլ Ֆելփսը Պեկինում մեդալը մեդալի հետեւից էր նվաճում։ Հայրս ցանկանում էր, որ մենք նայենք նրան, սովորենք նրանից ու տեսնենք, թե ինչպես է գործում լողավազանում։ Ֆելփսն ինձ միշտ մոտիվացրել է»։

Փախստական լինելը վատ բան չէ

Լուսանկարը` Reuters


2017 թվականին Մարդինին դառնում է ՄԱԿ-ի փախստականների գծով բարի կամքի ամենաերիտասարդ դեսպանը։ Արդեն 2021 թվականին նա Տոկիոյի Օլիմպիական խաղերում էր եւ փախստականների թիմի դրոշակակիրը։

«Գիտեմ, որ ինձ աջակցում են շատերը՝ մարզիչները, բարեկամները, թիմն ու աշխարհի բոլոր փախստականները։ Պետք է իմանանք, որ «փախստական»-ը վատ բառ չէ։ Մենք էլ մարդիկ ենք ու կարող ենք բարի գործեր անել։ Իմ նշանաբանն է՝ երբեք չպետք է հանձնվել։

Ուզում եմ պատմել իմ պատմությունը, որպեսզի դրանով օգնեմ մարդկանց, ովքեր ինձ պես ծանր ժամանակներ են ապրում։ Դրանով ես ցանկանում եմ մոտիվացնել նրանց, տալ հնարավորություն շարունակել երազել եւ իմանալ, որ եթե կյանքում վայրէջքի մեջ եք, չի նշանակում, որ դա ճանապարհի վերջն է։ Պետք է կանգնել, կրկին փորձել ու շարունակել ապրել։ Ես այդպես եմ արել»։

Տոկիոյում եւս լողորդը չի կարողանում խառնվել մեդալների համար պայքարին, սակայն խոստովանել է, որ կարեւորը քայլ առաջ կատարելն էր։

Լուսանկարը` Reuters


«Երբ պետք է լողայի, լարված էի։ Ինքս ինձ ասում էի․ «նայիր միայն լողավազանին, սա լողավազան է, որտեղ դու պետք է ցույց տաս հնարավորություններդ»։ Երբ արդեն ցատկեցի ջրի մեջ, ամեն ինչ խաղաղվեց, անում էի այն, ինչն ինձ մոտ ամենալավն է ստացվում՝ լողում էի։ Դա հիանալի պահ էր՝ եւ վախեցած էի, եւ երջանիկ»։  

Մարդինին այժմ Բեռլինից տեղափոխվել է Համբուրգ եւ արդեն մարզվում է պրոֆեսիոնալ լողորդների հետ։ Գերմանիա են գնացել նաեւ ծնողներն ու փոքր քույրը, հայրն աշխատում է որպես լողի մարզիչ։ Իսկ մեծ քույրն ակտիվ գործունեություն է ծավալում եւ աշխատում է փախստականների հետ։

Դժվարությունները հաղթահարել ժպտալով

Լուսանկարը` UN


«Օլիմպիական խաղերից հետո հասկացա, որ սա այլեւս միայն իմ պատմությունը չէ։ Ես հասկացա, որ իմ պարտականությունն է բարձրացնել խնդիրները եւ հույս բերել միլիոնավոր փախստականների,  խոսել բոլոր նրանց անունից, ովքեր ձայն չունեն:

Մենք պետք է հասկանանք, որ աշխարհն ունի մեր կարիքը։ Պետք է սիրենք միմյանց ու մեր մոլորակը։ Ես ինքս ինձ ասում եմ, որ եթե սպորտով ոչինչ չստացվի, դա վերջը չէ, կարելի է զբաղվել մի այլ բանով, բայց երբեք չընկճվել։ Իսկ երբ ոչինչ չի ստացվում, միգուցե արժե դիմել մեկի օգնությանը, խոսել նրա հետ։ Շատ կարեւոր է խոսել ու կիսվել։  

Լուսանկարը` Reuters


Շատերն ասում են, թե ինչպես եմ ես այսպես թեթեւ կամ ժպտալով խոսում նման խնդիրների մասին։ Իսկապես, դա դժվար է։ Երբ խոսում եմ ինձ պես մարդկանց հետ, նրանք արտասվում են, բայց ես ժպտում եմ։ Ժպտում եմ, որովհետեւ հաջողակ եմ, ես ողջ եմ մնացել ու մասնակցել եմ Օլիմպիական խաղերին՝ իմ կյանքի երազանքին։ Այո, ես ապրում եմ, որովհետեւ սիրում եմ այն, ինչն ինձ երջանկացնում է ու մոռացության մատնում կյանքիս դժվարությունները։ Ես ուզում եմ ցույց տալ բոլորին, որ փախստականներին պետք չէ այնպես վերաբերվել, թե իբր մենք ոչինչ չենք կարող անել, դա այդպես չէ։ Եւ ես իմ օրինակով ապացուցում եմ դա»։

Մարդինիի կյանքից ոգեշնչված նկարահանվել է «Լողորդները» կենսագրական ֆիլմը, որը Netflix-ում ամենադիտված ու քննարկված կինոնկարներից է։



Լույս է տեսել նրա ինքնակենսագրականը՝ «Բաթերֆլայ՝ փախստականից դեպի օլիմպիական. փրկության, հույսի եւ հաղթանակի իմ պատմությունը»։ Նրա պատմությունը ներկայացվել է նաեւ «Good Night Stories for Rebel Girls» պատմվածքների նկարազարդ ժողովածուում, իսկ իռլանդացի երաժիշտ Դեքլան Օ'Ռուրքը գրել է «Օլիմպիական» անունով երգ՝ նվիրված նրան։

2023 թվականին Յուսրա եւ Սառա Մարդինիները տեղ են գտել Time ամսագրի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում։

Այսօր էլ լողորդը շարունակում է մարզվել եւ ակտիվ հասարակական կյանք վարել, ստեղծել է բարեգործական հիմնադրամ, որն աջակցում է փախստականների կրթությանը, ինչպես նաեւ կազմակերպում է փախստական մարզիկների պարապմունքները։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին