Այն, որ Սաուդյան Արաբիայի մասին ֆուտբոլային աշխարհում այսքան կխոսվի, երեւի սրանից մի քանի տարի առաջ քչերը կհավատային։
Իսկ ամեն ինչ սկսվեց Քրիշտիանու Ռոնալդուից, որը տեղափոխվեց «Ալ Նասր» ու դրանով ստիպեց միլիոնավոր երկրպագուների քննարկել Սաուդյան Արաբիան ու այդ երկրի ֆուտբոլային կյանքը։
Այդ ժամանակ շատերը քննադատեցին նրան՝ մեղադրելով հանուն փողի կատարած ընտրության մեջ, բայց հենց Ռոնալդուն նպաստեց, որ արդեն այս ամռանն իր օրինակին հետեւեն եվրոպական ֆուտբոլի լավագույն դեմքերը։ Պատահական չէ, որ Նեյմարը խոստովանեց, որ Ռոնալդուն է մեծ ներգործություն ունեցել իր եւ մյուս ֆուտբոլիստների ընտրության հարցում։
Չորս հզոր ակումբ ու փուլային տարբերակով առաջնության բարելավում

Լուսանկարը` Reuters
Այսօր արդեն Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային ակումբները, որոնք մինչ այս շատ քիչ մարդկանց էին հայտնի, անուններով հիշվում են երկրպագուների կողմից։ Այն մասսայականացումը, որն այսօր վայելում է այդ երկրի առաջնությունը, մեծ թափով աճում է ամեն մի նոր աստղի համալրմամբ։
Պրո լիգայում հանդես է գալիս 18 ակումբ, սակայն ամենահայտնիները չորսն են՝ «Ալ Նասր», «Ալ Հիլալ», «Ալ Ահլի» եւ «Իթթիհադ»։ Հենց այս ակումբներն են իրականացնում այն հնչեղ տրանսֆերները, որոնց մասին անդադար գրում են լրատվամիջոցները։ Ակնհայտ է, որ վերջիններս էլ պայքարելու են չեմպիոնության համար։
Այս չորս ակումբները ֆինանսավորվում են Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումների հիմնադրամի (PIF) կողմից։ Պատահական չէ, որ մյուս ակումբներից հնչում են դժգոհություններ, որ միլիարդների տիրապետող այդ ընկերության հետ մրցակցել իրենք չեն կարողանում։

Լուսանկարը` AP
Վերջերս «Ալ Շաբաբ»-ի նախագահը հայտնել էր, որ աշխարհին թվում է, թե սաուդական բոլոր ակումբներն են միլիարդների հետ աշխատում, սակայն դա այդքան էլ այդպես չէ։ «Ալ Հալիջա»-ի նախագահը եւս նշել էր, որ անարդարություն է տիրում, քանի որ PIF-ին չպատկանող ակումբներում շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ չեն հայտնվում․ «Իհարկե, 11-ը խաղում են 11-ի դեմ, բայց ընդամենը մի քանի ամսի առաջ նոր եկած ֆուտբոլիստները Անգլիայում, Իսպանիայում կամ էլ ՉԼ-ում էին խաղում, իսկ հիմա այստեղ են ու հանդես են գալու անհամեմատ ցածր կարգի թիմերի դեմ»։
Որպեսզի մյուս թիմերը եւս աճեն եւ հետ չմնան առաջատարներից, որոշվել է լիգան զարգացնել փուլային տարբերակով։ Քանի որ գումարային ոչ մի խնդիր այս երկրում չկա, սպասվում է, որ արդեն մյուս մրցաշրջանում նաեւ մյուս ակումբները կկատարեն աստղային տրանսֆերներ։ Այդ դեպքում, միանշանակ, մակարդակն ավելի կբարձրանա։
Աստղերը, նրանց ստացած գումարներն ու ճոխ կյանքը

Լուսանկարը` Reuters
Սաուդյան Արաբիա տեղափոխվող ֆուտբոլիստների մասին նորությունները հաջորդում են մեկը մյուսին։ Գրեթե ամեն օր նորություն է հայտնվում, թե որ ակումբը ում է ձեռք բերել։ Անդրադառնանք դրանցից թերեւս ամենահնչեղներին։
Ռոնալդուի տեղափոխությունից հետո բոլոր ԶԼՄ-ը լուսաբանում էին առաջնությունը, տեսանյութեր ու նկարներ ամենուր էին, երկրպագուները փնտրում էին այն ալիքները, որոնք հեռարձակում էին «Ալ Նասր»-ի հանդիպումները։
Հիմա նրան միացել են ոչ պակաս հայտնի ֆուտբոլիստներ։ Տեսեք, թե ինչպիսի անուններ տեղափոխվեցին արաբական այս երկիր։

Լուսանկարը` Getty Images
«Ալ Նասր»-ում են Սադիո Մանեն, Մարսելո Բորզովիչը եւ Սեկո Ֆոֆանան
«Ալ Հիլալ»-ում՝ Նեյմարը, Յասին Բունուն, Կալիդու Կուլիբալին, Մալկոմը
«Ալ Իթթիհադ»-ում՝ Քարիմ Բենզեման, Նգոլո Կանտեն, Ֆաբինիոն
«Ալ Ահլի»-ում՝ Էդուար Մենդին, Ռիյադ Մահրեզը, Ռոբերտո Ֆիրմինոն։
Ցանկը կարելի է շարունակել, համալրումներ էլի են սպասվում։
Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ Սաուդյան Արաբիա տեղափոխվեց նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը, որը հանդես է գալիս «Ալ Ֆաթեհ» ակումբում։

Լուսանկարը` Getty Images
Հետաքրքիր է, որ աստղերի համար ակումբները վճարում են միլիոններ, նրանց ապահովում են բարձր աշխատավարձով, շքեղ տներով, թանկարժեք մեքենաներով, անձնական ինքնաթիռներով ու ճոխ կյանքով։ Նրանց հետ կնքվող պայմանագրերում նշվում են նաեւ հատուկ կետեր․ օրինակ՝ Ինստագրամում Սաուդյան Արաբիայի մասին կատարած հրապարակման համար հավելավճար, կամ լրացուցիչ գումար այս կամ այն միջոցառմանը մասնակցելու, դա սոցիալական հարթակում բարձրաձայնելու համար։
Մարզիչների ներգրավվումը եւ առաջնության հեռարձակումը

Լուսանկարը` Al Ettifaq
Ֆուտբոլիստներից բացի ակումբների մեծահարուստ տերերը նպատակային աշխատում են նաեւ մարզիչների հետ։ Բնականաբար, նման աստղերին պետք է մարզեն փորձ ու կշիռ ունեցող մասնագետներ, ովքեր մինչ այս Պրո լիգայում գրեթե չկային։ Այսօր արդեն առաջնությունն ունի Խորխե Ժեզուսին, Մատիաս Յայսլեին, Սլավեն Բիլիչին, Սթիվեն Ջերարդին, Լուիս Կաստրոյին, Նունու Էշպիրիտուին։ Իհարկե, համաշխարհային ֆուտբոլում շատ ավելի հնչեղ անուններ կան, բայց սա դեռ սկիզբն է ու չի բացառվում, որ մեկ կամ մի քանի տարի հետո թոփ ակումբներ ղեկավարող մարզիչներ եւս ժամանեն Սաուդյան Արաբիա։
Շատերը քննադատում են ակումբների սեփականատերերին, ովքեր միլիարդավոր դոլարներ են ծախսում, սակայն նրանք դրա համար չեն ափսոսում։ Նախ, անսահման մեծ ճանաչում են բերում իրենց երկրին, բացի այդ, նաեւ նման ճանապարհով զարգացնում են ֆուտբոլը, որը, մեղմ ասած, շատ է հետ մնում համաշխարհային ֆուտբոլից։

Լուսանկարը` AP
Մյուս կողմից, ներդրվող գումարները կամաց-կամաց վերադառնում են։ Միայն տեսեք, թե այս կարճ ժամանակահատվածում ինչքան շատ են վաճառվել Ռոնալդուի, Բենզեմայի կամ էլ Նեյմարի շապիկները, հազարավոր երկրպագուներ նաեւ այլ տարածաշրջանային երկրներից ժամանում են ու հետեւում առաջնությանը, տարբեր հովանավորներ ավելի են ուշադրություն դարձնում Պրո Լիգային։
Առանձին կարելի է անդրադառնալ առաջնության ցուցադրմանը։ Ո՞վ կպատկերացներ, որ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում եւ Կանադայում մարդիկ կսպասեն Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնության հեռարձակումներին, իսկ դա արդեն տեղի է ունենում, որովհետեւ DAZN մարզական ընկերությունը գնել է ցուցադրման իրավունքները եւ ներկայացնում է իր դիտողներին։

Այնպես որ, սա միայն սկիզբն է, ու Սաուդյան Արաբիան շարունակելու է զարգացնել ֆուտբոլը, իսկ դրա միջոցով նաեւ երկրի այլ ոլորտները։
Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: