Օրեր առաջ Իտալիայի հավաքականի ու Թուրինի «Յուվենթուս»-ի 45-ամյա լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտնեց կարիերան ավարտելու մասին: Mediamax Sport-ը հավաքել է նրա մտքերը կյանքի, ֆուտբոլի, իր ու դժվարությունները հաղթահարելու մասին: Բուֆոնն ինչպես կրքով ֆուտբոլ է խաղացել, այդպես էլ ապրել է, նվիրվել իր գործին ու երբեք չկորցրել հումորի զգացումը:
Դարպասը
Ես էլ բոլորի պես փոքր տարիքում առաջին քայլերս կատարել եմ խաղացողի դիրքում: Սիրում էի գոլեր խփել, դրանից լավ էլ ինչ կարող է լինել: Բայց երբ 6-7 տարեկան էի, տեղափոխվեցի կենտրոնական հատված, հետո նաեւ պաշտպան էի: Բայց դարպասում կանգնելն ի վերուստ էր որոշված:
Դարպասապահ եմ դարձել հորս շնորհիվ, սկզբում անսովոր էր, բայց հետո ստացվեց ու որոշ ժամանակ անց պայմանագիր կնքեցի «Պարմա»-ի հետ:
Դարպասապահ լինելը հպարտություն է: Այս աշխատանքում ամենակարեւորը թիմակիցներին վստահություն փոխանցելու կիրթ ունակությունն է: Դարպասապահը պարտավոր է բոլորին հանգստացնել՝ անկախ նրանից, թե այդ պահին ինչ է զգում: Անգամ եթե վստահ չի ինքն իր ուժերին, թիմակիցներին պետք է ցույց տա, որ վերահսկում է իրավիճակը:

Լուսանկարը` FC Parma
Եթե ուզում եք դարպասապահ դառնալ, մազոխիստական հակումներ պետք է ունենաք: Ինչպես նաեւ չափազանց եսասեր լինեք, բացի այդ էլ ձեզ միշտ հիշեցնեք, որ գոլեր եք բաց թողնելու, ընդ որում՝ պարբերաբար:
Դարպասապահը պետք է իր դիրքն աշխարհում ամեն ինչից շատ սիրի: Բարդ է, քեզ անընդհատ վիրավորում են, սխալդ որոշիչ դեր է ունենում, իսկ փոխարենն ուղղելու եւ գոլ խփելու տարբերակ չունես:
Երբ փոքր ես, սիրում ես գոլեր խփել: Բայց սկսում ես մեծանալ ու հիմարանալ՝ արդյունքում դարպասապահ ես դառնում:
Կարիերայիս սկզբում դարպասապահներից ոչ մեկ հանդես չէր գալիս կարճ թեւերով մարզահագուստով: Ես բերեցի այդ նորարարությունն ու նորաձեւության թելադրող դարձա: Նայեք, հիմա այդպես բոլորն են խաղում:
Կարեւոր հանդիպումներից առաջ չեմ պատրաստվում 11 մետրանոցների, պոռնոֆիլմեր եմ նայում:

Լուսանկարը` Italiani.it
Ընտանիքս կարեւոր դեր է խաղացել իմ կայացման գործում: Հարազատներս հիանալի մարզիկներ էին, դրա համար էլ իմ խնդիրը պարզ ու հասարակ էր: Նրանք ինձ օգնում էին սթափ լինել՝ թույլ չտալով հաջողություններից հետո էյֆորիայի մեջ ընկնել, ինչպես նաեւ իսկապես աջակցում էին, երբ վատ էի լինում:
Կանգնած եմ լինելու դարպասային գծի մոտ այնքան, քանի դեռ սիրտս, գլուխս ու ոտքերս թույլ են տալու:
Ինքն իր մասին
Հաստատ այլ մարդ չէի լինի, եթե չզբաղվեի ֆուտբոլով: Բուֆֆոնը միշտ նույն Բուֆֆոնը կլիներ:
Պետք է ժամանակ գտնել հետաքրքիր գրքերի ու հոդվածների համար: Այդ գիտակցմանը բավական ուշ եմ եկել:
Անգամ պատկերացնել չէի կարող, որ հնարավոր է այդքան երկար խաղալ ու լավ մարզավիճակում լինել: Զարմանալի է:
Ես ծույլ եմ, հենց այդպես էլ գրեք: Ուրախ եմ, որ դարպասապահի աշխատանքային ժամերը կարճ են:

Լուսանկարը` Europsort
Երբ «Յուվենթուս»-ը հանդես էր գալիս Սերիա B-ում, մինչեւ կոկորդս գործերի մեջ խրված էի: Սեքսի համար համարյա ժամանակ չէր մնում:
Ապրում եմ մեկ օրով, նախընտրում եմ շուրջս սահմաններ չկառուցել: Ճիշտ մոտեցում է: Ամեն օրը առավելագույնս է պետք ապրել՝ ու այդպես մինչեւ կյանքի վերջը:
Երեւի միակ ֆուտբոլիստն եմ, որն անտարբեր է թանկ մեքենաների նկատմամբ: Ես «Lancia» ունեմ ու դրանով ուր ասեք կհասնեմ:
Ֆուտբոլը
Պայքարում եմ մեր դրոշի, նրա գույների ու զինանշանի համար: Իհարկե, կարող եմ բողոքել Իտալիայից ու երկրի ներսում որոշ բաներից դժգոհ լինել: Բայց երբեք չի եղել պահ, որ չհպարտանամ իտալացի լինելու համար:
Միշտ ենք սխալներ թույլ տալիս, դա անխուսափելի է: Մի՞թե ֆուտբոլիստները բացառություն են: Բայց բոլոր բացթողումներին պետք է փիլիսոփայորեն մոտենալ: Օրինակ՝ մեկ անգամ սխալվել եմ Իսպանիայի դեմ խաղում, բայց դա դժբախտություն չէ, ամիսներ անց սխալը հիշելու եմ ժպիտը դեմքիս: Պետք է շարունակել ապրել:
Մեր հավաքականին տղամարդիկ են պետք, ոչ թե կպչուն պիտակների համար աստղային դեմքեր:
Ֆուտբոլն առաջին հերթին անկեղծ հույզեր են, հետո նոր՝ բիզնես: Ուզում էի բոլորին ցույց տալ, որ ֆուտբոլում դեռ հավատարիմ են հավերժական արժեքներին:
Չեմ ափսոսում, որ ժամանակին չեմ տեղափոխվել «Բարսելոնա», 2001-ին կարող էի համաձայնվել այդ տրանսֆերին, բայց փոխարենը որոշեցի խաղալ «Յուվենթուս»-ում: Ոչ մի անգամ չեմ զղջացել:
Երբ 13 տարեկան էի, մեջքիս վրա բարդ վիրահատություն արեցին: Բոլորն ինձ խորհուրդ էին տալիս թողնել ֆուտբոլը: Շատ ժամանակ է անցել ու ինձ իսկապես հաջողակ եմ համարում: Ամուր բնավորության եւ մեծ ցանկության շնորհիվ կարողացա զարմացնել նույնիսկ ինձ:

Լուսանկարը` Getty Images
Որոշ պահի սարսափելի դեպրեսիա ունեի: Այն պատահում է բոլորի հետ՝ անկախ դիրքից, պաշտոնից, զբաղմունքից, տարիքից: Բոլորի համար մեկ է, թե ինչ է կատարվում քո ներսում, ինչպես ես քեզ զգում: Երկրպագուները քեզ պաշտում են, բայց նրանց հետաքրքիր չէ, թե ինչերի միջով ես անցնում: Շատ դժվար է սեփական իմիջին գերի չդառնալ:
Ոմանք զայրանում են, որ խաղադաշտում շատ եմ գոռում թիմակիցներիս վրա: Այո, մի քիչ ինձ ցույց եմ տալիս տեսախցիկների առաջ: Չէ՞ որ ֆուտբոլը առաջին հերթին կրկես է, իսկ խաղացողները՝ ծաղրածուներ:
Հարցերը
Ինչի՞ համար եմ ամաչում: Կպատմեմ, որ ժամանակին սովորելու փոխարեն դիպլոմ եմ գնել: Շատ շուտ է եղել, անգամ փորձել եմ նորից համալսարան ընդունվել: Նման բան եմ արել, քանի որ պրոֆեսորների ընտանիքում եմ մեծացել, դրա համար էլ սովորելը պարտադիր պայման է եղել ինձ համար:
Իմ ժամանակի լավագույն դարպասապա՞հը: Անկասկած, Իկեր Կասիլիասն է, նա հիանալի է խաղում ձեռքերով:
Ֆուտբոլիստները հսկայական աշխատավա՞րձ են ստանում: Այդպես չեմ կարծում: Որոշ խաղացողներ իրենց թիմերի դեմքն են ու առանցքային դեր են խաղում: Պայմանագրով նախատեսված խելահեղ գումարները փոխհատուցվում են խաղադաշտում նրանց գործողություններով:

Լուսանկարը` goal.com
Ինչի՞ մասին եմ երազում: Երազանքներս վերացական են, ասեք տեսիլք լինեն: Ուզում եմ երջանիկ լինել օրվա 24 ժամվա ընթացքում:
Ո՞րն է իմ գլխավոր թերությունը: Շատակեր եմ: Փորձում եմ ինձ վերահսկել, քանի որ ֆուտբոլիստ եմ: Բայց շաբաթվա մեջ մեկ օր թույլ եմ տալիս ուտել խոզի պես ու ցանկացած մարդու նման շատակեր լինել:
Իմ ուժեղագո՞ւյն կողմը. Լավատեսությունը, դրական եւ ուրախ տրամադրությունը: Այդպես ավելի հեշտ է ապրել:
Ի՞նչն եմ ամենաշատը կարոտելու ֆուտբոլը թողնելուց հետո: Հանդերձարանը: Զարմանալի տեղ է:
Իմ կյանքի ամենավառ ու կարեւոր սե՞յվը: Դեպրեսիայի հաղթահարումը:
Կյանքը
Նպատակին հասնելու ճանապարհը միշտ ավելի կարեւոր է, քան եզրագիծը: Պայքարն ավելի արդյունավետ է, քան հաղթանակը:
Կարիերայի ու կյանքի համար լավագույն բաղադրատոմսն ամեն ինչի մեջ հոգի դնելն ու անմնացորդ տրվելն է:

Լուսանկարը` Getty Images
Պատրաստ եմ գրկել յուրաքանչյուրի, ով իմ պես համարում է, որ սպորտում պետք է բարի կամք ունենալ: Միշտ:
Մեծանում ես այն ժամանակ, երբ սկսում ես գիտակցել, որ ուսերիդ պատասխանատվություն կա դրված:
Երբ ձեզ ասում են, որ ոչ մի բանից չեն վախենում, մի հավատացեք, ոչ մեկի մի հավատացեք: Ես անգամ կարիերայիս 3-րդ տասնամյակում վախեր ունեմ: Վախենում եմ սխալվել, հիասթափեցնել թիմակիցներիս ու երկրպագուներին: Բայց քաջության շնորհիվ հնարավոր է հաղթահարել ցանկացած վախ:
Միայն անհանգստանում եմ երեխաներիս համար: Ներքուստ միշտ վախ ունեմ, որ նրանց կարող եմ հիասթափեցնել, վատ օրինակ լինել կամ չարդարացնել սպասելիքները:
Պարտավոր եք ամուր դիմակայել կյանքի հարվածներին: Լավատես եղեք ու ամեն պարտության վերաբերվեք որպես բացառիկ դասի: Ձեր խնդիրն է սովորել դրանցից՝ կատարելով անհրաժեշտ հետեւություններ:

Լուսանկարը` figc.it
Չեմ մտահոգվում, թե իմ մասին ինչ կասեն կամ կմտածեն, քանի որ ամեն օր ինձ ճիշտ գնահատական եմ տալիս: Չկա ավելի խիստ ու պահանջկոտ քննադատություն, քան ինքս եմ ինձ ենթարկում: Դրա համար էլ կարողանում եմ հեշտությամբ հաղթահարել ցանկացած մարտահրավեր:
Գլխավոր պայմանը՝ երբեք չափսոսալն է:
Ուզում եմ մարդիկ տխրեն այն օրը, երբ կիմանան, որ Բուֆոնն ավարտել է կարիերան:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: