Սեպտեմբեր 08, 2024
exclusive
2279 դիտում

Երիտասարդ մարզիչներ. Տարոն Թովմասյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարոն Թովմասյանն արդեն երկար տարիներ աշխատում է կին ծանրորդների հետ: Ինքն էլ մարզիկ է եղել, սակայն մեծ նվաճումների չի հասել, հիմա իր փորձն ու գիտելիքները սաներին է փոխանցում եւ ձգտում նրանց հասցնել սպորտային հաջողությունների:

Mediamax Sport-ն երիտասարդ մարզիչներին նվիրված շարքում ներկայացնում է Թովմասյանի անցած ուղին, մոտիվացնելու սեփական տարբերակն ու կնոջ հետ աշխատելու գաղտնիքները:

Մարզական կարիերան

Ծանրամարտով 1998 թվականից եմ զբաղվել, մեր գյուղում ընդամենը երկու խմբակ կար՝ ծանրամարտի ու ըմբշամարտի: Ծանրամարտի դահլիճը հենց մեր տան կողքին էր: Հայրս ըմբիշ է եղել եւ ուզում էր, որ ես էլ այդ մարզաձեւով զբաղվեմ, հետո փորձեց ինձ կարատեի տանել, բայց չգիտեմ ինչու ինձ ծանրամարտը գրավեց:

Հենց մտա դահլիճ, միանգամից հավանեցի, առաջին ու միակ մարզիչս Մելիք Ղուկասյանն է եղել, հիմա նա տղաների երիտասարդական ընտրանին է գլխավորում: Ղուկասյանը հաստատեց, որ տվյալներս համապատասխանում են եւ առաջարկեց ուժերս փորձել: Այդպես էլ 11 տարեկանում առաջին քայլերս կատարեցի, Հայաստանի պատանիների, երիտասարդների ու մեծահասակների չեմպիոն դարձա՝ նվաճելով բոլոր հնարավոր տիտղոսները: Հայաստանի հավաքականի կազմում նաեւ միջազգային ասպարեզում եմ հանդես եկել, բայց հաջողություններ չեմ ունեցել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիչ դառնալու ուղին

2009 թվականին ավարտեցի ծառայությունս ու նորից եկա մարզադահլիճ, ուզում էի շարունակել պարապել, բայց խնդիրների պատճառով չստացվեց: Այդ ժամանակ էլ Ղուկասյանն առաջարկեց ուժերս մարզչի կարգավիճակում փորձել: Երիտասարդ էի, աշխատանք չունեի ու միանգամից համաձայնվեցի։

Քասախի մարզադպրոցում, որտեղ ինքս եմ առաջին քայլերս կատարել, մարզիչ դարձա ու իմ սաներն ունեցա: Թեեւ սկիզբը հեշտ չէր, բայց երկար տարիներ ծանրորդ էի եղել ու բավական փորձ ունեի, աշխատանքի հետ կապված բացերն էլ լրացնում էի մյուս մասնագետներին հարցեր տալով: Շատ գիտելիքներ ու հմտություններ նայելով եւ քաղելով եմ լրացրել: Ինձ համար կարեւորն այն էր, որ Ղուկասյանն ամեն հարցում կողքիս էր ու աջակցում էր:

Առաջին սաներից, որի հետ զրոյից եմ սկսել աշխատել, Արփինե Դալալյանն էր, տղաներ էլ եմ ունեցել, որոնք Հայաստանի չեմպիոններ ու Եվրոպայի տարբեր տարիքայինների մրցանակակիրներ են դարձել: Երբ 2013-14 թթ. սաներս սկսեցին միջազգային ասպարեզում լավ հանդես գալ, աշխատանքիս ավելի լուրջ վերաբերվեցի:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Անհրաժեշտ որակները

Մարզիչ դառնալու համար առաջին հերթին պետք է լավ հոգեբան լինել, որ կարողանաս երեխաներին հասկանալ, մանկավարժի գիտելիքներ ունենալ, համբերատար գործել ու չշտապել:

Երբ ինքդ էլ մարզիկ ես եղել ու այդ ճանապարհն անցել, շատ բաների ծանոթ ես, հասկանում ես սաներիդ մտքերն ու անհանգստությունները: Հիշում ես մարզիչների վերաբերմունքը, թե ինչպես է պետք գործել, կամ հակառակը՝ ինչ չանել: Քանի որ ինքս մեծ հաջողություններ չեմ ունեցել, միշտ ցանկացել եմ, որ սաներս այդ բացը լրացնեն ու իրենց առավելագույնն անեն: Միշտ ձգտել եմ նրանց հասցնել այն մակարդակին, որ երկուստեք գոհ ու արդյունքներից բավարարված մնանք:

Ցանկացած մարզչի համար շատ կարեւոր է ազնիվ լինել: Քիչ չեն եղել դեպքերը, երբ երեխաներին ասել եմ, որ անհրաժեշտ տվյալներ չունեն ու իմաստ չունի տանջվել, քանի որ նվաճումների չեն հասնի: Առաջարկել եմ ուրիշ աշխատանքով զբաղվել ու դրսեւորել իրենց:  

Երբեք չեմ ասում, թե լավ մարզիչ եմ, միշտ էլ սովորելու բան կա: Երբ նոր էի գնում միջազգային մրցումների, անգամ կիլոգրամները հաշվել չէի կարողանում, բայց աչքիս տակով հետեւել եմ ու սովորել: Ինչը չի ստացվել, հարցրել եմ մեր փորձառու մարզիչներին, հիմա արդեն ամեն ինչ ինքնուրույն եմ կարողանում անել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանր պահերն ու տարբերվող հաղթանակները

Նվիրվել եմ այս մարզաձեւին ու իմ աշխատանքին, ձգտել եմ աշակերտներիս առավելագույնը տալ, թեեւ միշտ չի ստացվել: Որքան էլ մարզիկներն ուժեղ լինեն, մարզիչներն են նրանց փառքի ու չեմպիոնության հասցնում: Եթե մարզիչն անգրագետ լինի ու աշխատանքին իմ ի միջի այլոց վերաբերվի, ոչինչ չի ստացվի։ Նա բոլորի ու ամեն ինչի համար է պատասխանատու:

Ծանր պահեր ու անհաջող ելույթներ շատ են եղել: Արփինե Դալալյանին պատրաստել եմ լուրջ նվաճումների համար, թեեւ տարբեր տարիքայինների պայքարում հաջողվել է մեդալներ ունենալ, բայց երբ պետք է վստահ հանդես գար նաեւ մեծահասակների մրցումներում, վնասվածքները խանգարեցին: Նա չկարողացավ շարունակել կարիերան ու ստիպված թողեց սպորտը, անչափ ծանր էր ինձ համար:

Մարզիչն ամեն ինչի պետք է պատրաստ լինի, ճանապարհը միասին եք անցնում, ես հենց այդպես էլ անում եմ: Սպորտը թողնելուց հետո էլ սաներիս կողքին եմ լինում եւ ուժերիս ներածին չափով օգնում:

Շատ յուրահատուկ էր այս տարվա պատանիների Եվրոպայի առաջնությունը եւ Լիանա Գյուրջյանի երիտասարդների Աշխարհի չեմպիոնությունը: Երկու դեպքում էլ ես էի գլխավորում ընտրանին ու ինձ վրա էր ողջ պատասխանատվությունը: Այս տարի իմ երկրորդ մարզչի՝ Քրիստինե Պետրոսյանի հետ լավ մրցաշար անցկացրինք, մեդալներ ունեցանք ու ռեկորդներ գրանցեցինք, ամեն ինչով էր առաջնությունը տպավորիչ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբ դեռ հավաքականում չէի, հիշվող էր դառնում ամեն առանձին սանիս նվաճումը, հիմա ինքս եմ նրանց հասցնում բարձր արդյունքի եւ անբացատրելի ապրումներ ու հույզեր ունենում:

Մուտքը հավաքական

2018 թ. մոտեցա Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին ու առաջարկեցի ընդգրկվել հավաքականում: Մարզիչ աշխատելու փորձ ունեի, ու նրա հարցին արդյոք կարո՞ղ եմ, դրական պատասխանեցի: Այդ ժամանակ կանանց բոլոր տարիքային թիմերն Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ միասին էին պարապում:

Բարդությունն այն էր, որ մարզուհիներին չէի ճանաչում, ես էլ իրենց համար էի նորեկ, բայց բոլորն ինձ լավ ընդունեցին եւ օգնեցին: Քանի որ հիմնականում աղջիկների հետ եմ աշխատել, որեւէ խնդիր չառաջացավ: Բոլորն էլ իմ երեխաներն են՝ կապ չունի, թե որ տարիքային հավաքականն են ներկայացնում:

Այն ժամանակ պատասխանատվությունն ընկեր Արտաշի հետ էի կիսում, հիմա էլ Քրիստինե Պետրոսյանի: Նա իմ ընկերն է ու լավ մասնագետ, միասին հեշտ ենք աշխատում: Չեմ ընդունում, երբ հավաքականի ողջ հաջողությունը վերագրում են միայն գլխավոր մարզչին, առանց իմ 2-րդ մարզչի ոչինչի չէի հասնի: Իրար օգնելով ու աջակցելով ենք առաջ գնում: Ամեն նվաճում որքան իմն է, նույնքան էլ՝ նրանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կանանց հետ աշխատելը

Կանանց հետ աշխատելու բարդությունը նրանում է, որ պետք է նրանց լեզուն հասկանալ՝ նուրբ են, նեղացկոտ, սիրում են ուշադրության կենտրոնում լինել։ Երբ հինգ հոգով մարզում են, բոլորին էլ պետք է ուշադրություն դարձնել, այլապես միանգամից զգացնել են տալիս։ Տղաներն ուրիշ են, ավելի ձիգ են ու ոչ այդքան հուզվող, նրանց  վրա կարող ես գոռալ, իսկ աղջիկները նեղվում են ու մի տեղ նստած արտասվում, որքան էլ ֆիզիկապես ուժեղ են, հոգեպես խոցելի են:
 
Այնպես չի, որ նրանց վրա չեմ բարկանում, պարզապես ասելիքս այլ կերպ եմ տեղ հասցնում: Էլի կարող են նվնվալ ու նեղվել, երբ տեսնում եմ մռութները կախել են, բացատրում եմ, թե ինչի համար էր նկատողությունս: Կարեւոր է, որ քեզ ծնողի պես ընդունեն ու ասածներդ կատարեն, մեր հարաբերությունները հենց այդպիսին են:

Պարտադիր անհատական զրույցներն էլ ունենում ենք, առանց դրանց չի լինի: Հոգեբանի դերը նման դեպքերում է սկսում գործել, կիսվում են իրենց խնդիրներով ու անհանգստություններով, միշտ տեղյակ են պահում: Մարզիչը պարտադիր պետք է իմանա, եթե լավ չեն քնել, որեւէ ցավող տեղ ունեն կամ առանց տրամադրության են, որպեսզի պարապմունքն ու ծանրաբեռնվածությունը ճիշտ պլանավորի: Եթե իրար չվստահեք, միասին աշխատելն իմաստ չունի, որովհետեւ արդյունքի չենք հասնի:

Մարզիչն էլ կարող է անտրամադիր լինել կամ սեփական հոգսերն ունենալ: Քանի որ ամբողջ օրը միասին ենք անցկացնում, ծանրորդներն էլ արդեն ինձ գիտեն, միանգամից նկատում են, որ հետս որեւէ բան այն չէ: Ընտանիքի պես ենք ու միմյանց առանց բառերի էլ հասկանում ենք: Իրենց իմ երեխաների պես եմ վերաբերվում ու չեմ սիրում, երբ նրանց հասցեինք որեւէ քննադատական խոսք են ասում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հռիփսիմե Խուրշուդյանը

Հռիփսիմեն Հայաստանում կանանց ծանրամարտի հիմնադիրներից է ու նրա փորձը որեւէ մարզիկ չունի: Ինձ էլ աշխատանքի ընթացում հուշում է, ընդունում եմ ասածները, որովհետեւ շատ գիտելիքներ ունի, միասին ենք սկսել մարզվել ու մինչեւ հիմա շարունակում է զբաղվել ծանրամարտով:

Հոգեբանական տեսանկյունից էլ կարեւոր խորհուրդներ է տալիս, թե որ դեպքերում աղջիկները կարող են նեղվել, ինչպես է պետք մոտենալ նրանց: Ցանկացած հարցով կիսվում ենք իրար հետ: Մեր հավաքականի աղջիկներն էլ Հռիփսիմեին շատ հարգում են, լսում խոսքերն ու ընդօրինակում:  

Բայց չմտածեք, թե միասին աշխատելն այդքան հեշտ է: Հենց հիմա էլ նրա վրա բարկացած դուրս եմ եկել դահլիճից: Դե, կանայք կամակոր են, ու նա էլ բացառություն չէ, կարող է որեւէ բան չցանկանա անել, բայց հետո զգա, որ ճիշտ էի, ու կատարի: Կարողանում ենք բոլոր խնդիրներն ու հարցերը դահլիճում թողնել եւ կյանքում ընդհանրապես չհիշել դրանց մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հուսալի ապագան

Գլխավոր նպատակս է սպորտում լավ արդյունքներ ապահովել, որպեսզի ես, մարզիկներն ու ղեկավարությունը գոհ մնանք: Հավատում եմ, որ պատանիների հետ կարող ենք լավ ցուցանիշների հասնել:

Թեեւ հիմա աղջիկների քանակը քիչ է, բայց անգամ այդ պարագայում հաջողվում է մեդալներ նվաճել: Կանանց ծանրամարտի ապագան հուսալի է, կարեւորը պոտենցիալը տեսնում եմ: Եվրոպայի առաջնությունը աղջիկներին շատ ոգեւորեց ու օգնեց գալ մարզադահլիճներ: Դեռ շատ փոխարինողներ չունենք, ինչպես տղամարդկանց պարագայում է, բայց առաջիկայում այդ բացը կլրացնենք:

Պետք է բոլոր մարզադպրոցներին խնդրենք աղջիկների խմբեր ունենալ, որպեսզի ընտրությունն էլ մեծանա: Կկարողանանք մեծ կազմով մասնակցել մրցումների ու ավելի շատ հաջողությունների հասնել:

Արդեն բավական մեդալներ ունենք, աղջիկները պարգեւատրվում են եւ ուշադրության կենտրոնում լինում: Պետք է շարունակել նրանց ֆինանսապես ու հոգեպես շահագրգռել, կարեւորել ու գնահատել:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին