Թուրքական լրատվամիջոցները մեկը մյուսի հետեւից երկու օր է տարածում են տեղեկատվություն, թե առաջնության 2-րդ լիգայում հանդես եկող «Դիարբեքիրսպոր» ակումբը վերանվանվելու է «Մեսոպոտամիա» («Միջագետք») եւ ունենալու է նոր տարբերանշան։
Ըստ ներկայացվածի՝ ակումբի տարբերանշանը գրեթե ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության զինանշանի կրկնօրինակն է։
Թե ինչու է նման լուր տարածվում թուրքական լրատվամիջոցներով ու ինչ նպատակ է դա հետապնդում, Mediamax Sport-ը փորձել է պարզել Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, նշանագետ Հայկազուն Ալվրցյանի օգնությամբ։
Քրդական ակումբը ձգտում է տիրանալ հայկական խորհրդանիշներին

Լուսանկարը` Aydinlik
Դիարբեքիրում (Տիգրանակերտ) 1977-ին հիմնադրված «Դիաբրեքիրսպոր» ակումբը մի քանի անգամ փոխել է անվանումը։ Այն ամբողջովին քրդական է․ ինչպես ղեկավարները, այնպես էլ խաղացողները քրդեր են։
«Կարող է հարց առաջանալ, թե ինչու է քրդական ակումբը տեր կանգնում Հայաստանի խորհրդանիշներին։ Նրանք վերցրել ու սեփականաշնորհել են Հայոց պահանջատիրության խորհրդանիշները, Արարատ լեռը, առյուծն ու արծիվը, որոնք ոչ թե ուղղակի կենդանիներ են, այլ սիմվոլներ․ առյուծը Արեւելյան Հայաստանի, արծիվը՝ Արեւմտյան։
Այն, որ նրանք ֆուտբոլային ակումբի տարբերանշանն այսպես են փոխում, ինքնուրույն որոշման արդյունք չէ։ Ընդհանրապես, Թուրքիայում առանց պետության եւ հատուկ ծառայությունների գիտության ոչինչ չի արվում։ Համոզված եմ, որ ակումբի այս տարբերանշանի հետեւում եւս նրանք են կանգնած»,- կարծում է Ալվրցյանը։
ՀՀ վարչապետը հրաժարվեց Հայաստանի խորհրդանիշներից

Թուրքական Aydinlik-ը պարզել է, որ դեռեւս մայիսի 22-ից Թուրքիայի արտոնագրերի բյուրոյում գրանցված է «Մեսոպոտամիա» ֆուտբոլային ակումբը, իսկ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայում կա «Mezopotamya Spor Faaliyetleri ve Yatırımları A.Ş.» անվանումը կրող թիմ։
Լրատվամիջոցը մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որտեղ նա քննադատել է Հայաստանի զինանշանը։
«Պատահական չէ, որ նրա ասելուց հետո նման բան արվեց, սա յուրահատուկ մեսիջ էր՝ ուղղված Թուրքիային։ Եթե մենք հրաժարվում ենք Արեւմտյան, հիմա արդեն նաեւ Արեւելյան Հայաստանից, ինչ-որ մեկը պետք է չէ՞ վերցնի։ Նրանք ասում են՝ ինչպես անտեր եք թողել ձեր հողն ու այն հիմա մերն է, այդպես էլ կվերցնենք ձեր խորհրդանիշները»,- շարունակում է նա։
Ֆուտբոլը՝ քաղաքականության մաս

Հայաստանի այսօրվա զինանշանը, ինչպես ասում է նշանագետը, աղավաղված է։ Առաջին Հանրապետության տարիներին Ալեքսանդր Թամանյանի եւ Հակոբ Կոջոյանի ստեղծած զինանշանը 1991-ի անկախացումից հետո ենթարկվեց փոփոխությունների ու գոռացող, ազատություն տենչող կենդանիները դարձան փակբերան ու պասիվ։
«Տեղեկատվությունը լրատվամիջոցների բերանով տարածելը պատահական չէ։ Նրանք ստուգում են մարդկանց կարծիքը։ Սպորտը, հատկապես ֆուտբոլը, միլիոնավոր լսարան ունի եւ հաճախ քաղաքական հաղթանակի հասնելու համար օգտագործվում է նաեւ սա»,-ավելացնում է Ալվրցյանը։
Հայաստանը կրկին լռում է

Լուսանկարը` Aydinlik
«Դիյաբեքիրսպոր»-ից պաշտոնական հայտարարություն դեռ չի արվել, սակայն թուրքական ու քրդական շրջանակներում այս լուրը մեծ իրարանցում է առաջացրել։ Հիմնականում երկրպագուները դժգոհ են նոր ու գողացված տարբերանշանից։ Միգուցե այս ճնշումներով էլ պայմանավորված ավելի ուշ «Դիարբեքիրսպոր»-ի նախագահ Սերքան Գենչը հայտնել է, որ իրենց համար պատիվ է կրել քաղաքի անունը, տարբերանշանը եւս փոփոխության չի ենթարկվելու։
Նշվում է, որ ակումբի ողջ ղեկավարության անունից պաշտոնական հայտարարություն եւս կլինի։

Լուսանկարը` Aydinlik
«Նրանք չեն հայտարարել, որ չեղարկվել է այդ գաղափարը։ Հնարավոր է այլ ոլորտներում փորձարկումներ անեն, այլ ակումբ կամ մարզաձեւ ընտրեն։ Բայց այն, որ ինչ-որ մի ձեւով մեր պետական խորհրդանիշները սեփականաշնորհելուն Թուրքիան կրկին կանդրադառնա, իրատեսական է։ Ցավոք, բայց դրանում մեղավոր ենք, քանի որ լռում ենք։ Այս դեպքում էլ մեր պետական մարմիններից եւ ոչ մեկը չարձագանքեց, քանի որ նրանք համաձայն են»։
«Դիարբեքրիսպոր»-ի անվան ու տարբերանշանի ենթադրյալ փոփոխության վերաբերյալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը ոչինչ չեն հայտնել։
Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: