Դեկտեմբեր 22, 2024
1351 դիտում

Նովակ Ջոկովիչի բացառիկ ռեկորդները. Առաջինը՝ բազմաթիվ ցուցանիշներով


Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP


Նովակ Ջոկովիչը շաբաթներ առաջ Ռոլան Գարոսի եզրափակչում հաղթեց Կասպեր Ռուդին ու իր 23-րդ Մեծ Սաղավարտի մրցաշարին տիրացավ՝ դառնալով բացարձակ ռեկորդակիր: Մինչ այդ էլ նա մեծագույն թենիսիստներից մեկն էր համարվում, իսկ նոր տիտղոսը հիանալի առիթ դարձավ, որպեսզի ներկայացնենք սերբ թենիսիստի գրանցած բոլոր յուրահատուկ ցուցանիշները:

Ջոկովիչը 23 տիտղոսով գերազանցեց Ռաֆայել Նադալին ու տղամարդկանց թենիսում բացարձակ ռեկորդակիր է:

Եթե դիտարկենք նրա նվաճումները պրոֆեսիոնալ թենիսում՝ այսինքն թենիսի Բաց դարաշրջանում, երբ 1968 թվականից հետո մրցումների սկսել են մասնակցել միայն պրոֆեսիոնալ խաղացողները, Ջոկովիչը ռեկորդը կիսում է Սերենա Ուիլյամսի հետ:

Սիրողական թենիսում գրանցած տիտղոսները հաշվի առնելու դեպքում էլ նրանց գերազանցում է միայն Մարգարետ Կորտը, որը 24 տիտղոս ունի: Բայց նրա խաղալու տարիներին մրցակցությունը բավական թույլ էր, թենիսիստուհու սիրելի Australian Open-ում շատ քիչ պրոֆեսիոնալներ էին հանդես գալիս:

Լուսանկարը` ATP


Ջոկովիչը միակն է, որ բոլոր Սաղավարտներին տիրացել է 3-ական անգամ: 2-ական անգամ հաղթել է Նադալը, իսկ Ֆրեդ Փերին, Դոն Բաջը, Անդրե Աղասին ու Ռոջեր Ֆեդերերը՝ մեկական:

Ջոկովիչն ու Ռոդ Լեյվերը պրոֆեսիոնալ թենիսի միակ խաղացողներն են, որոնք բոլոր 4 Սաղավարտները հաջորդաբար նվաճել են: Ավստրալացին դա արել է 1969-ին, իսկ Ջոկովիչը 2015-2016-ին: Բայց ի տարբերություն Լեյվերի, Ջոկովիչին դա հաջողվել է 3 տարբեր ծածկով կորտերի վրա:

Նադալն ու Ջոկովիչը միակ թենիսիստներն են, որոնք մեկ մրցաշրջանի ընթացքում հաղթել են 3 տարբեր ծածկով կորտերում: Իսպանացին դա արել է 2010-ին (Ռոլան Գարոս, Ուիմբլդոն, US Open), իսկ սերբը՝ 2021-ին (Australian Open, Ռոլան Գարոս, Ուիմբլդոն): Այդ տարի նրան շատ քիչ չբավականացրեց, որ տիրանա նաեւ 4-րդ Մեծ Սաղավարտին:

Լուսանկարը` ATP


Հիմա 36-ամյա Ջոկովիչը Ռոլան Գարոսի ամենատարեց հաղթողն է, տարեդարձը տոնել է մայիսի 22-ին: Նա գերազանցել է Նադալին, որը նախորդ տարի հաղթել էր 36 տարեկան 2 օրականում:

Ջոկովիչից տարեց միայն երկու խաղացողներ են Մեծ Սաղավարտին տիրացել՝ Ռոջեր Ֆեդերերը (36 տարեկան 5 ամսականում հաղթել է Australian Open-2018-ը) եւ Քեն Ռոուզուոլը (37 տարեկան 2 ամսականում նվաճել է Australian Open-1972-ը):

Սերբ թենիսիստը բացարձակ առաջատար է 30 տարեկանից հետո նվաճած տիտղոսների քանակով, որոնք արդեն 11-ն են:

Ջոկովիչը նաեւ եզրափակիչների մասնակցելու առումով հավասարը չունի՝ 34 անգամ հանդես է եկել Մեծ Սաղավարտի կարեւոր խաղերում: Նա միակն է, որը ամեն մրցաշարում ամենաքիչը 7-ական անգամ եղել է եզրափակչում:

Լուսանկարը` ATP


Նրանք Նադալի հետ միակ խաղացողներն են, որոնք Մեծ Սաղավարտի մեկ մրցաշարում հաղթել են 10 ու ավելի անգամ: Ջոկովիչը 10-ն անգամ լավագույնն է եղել Ավստրալիայի բաց առաջնությունում, իսկ Նադալը՝ 14 անգամ Ռոլան Գարոսում:

Ջոկովիչը Նադալին 2 անգամ հաղթել է նրա սիրելի Սաղավարտում, իսկ իսպանացին սերբին՝ Australian Open-ում ոչ մի անգամ:

Մասթերս շարքի մրցումներում էլ Ջոկովիչն ամենատիտղոսակիրն է՝ 38 նվաճում ունի, երկուսով պակաս է Նադալի ցուցանիշը: Սերբը միակն է, որ հաղթել է այդ շարքի բոլոր 9 մրցաշարերում:

Բացի այդ էլ Ջոկովիչը Ֆեդերերի հետ հավասար քանակությամբ՝ 6, հաղթել է ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարում:

Սերբը կարիերայում 67 «Մեծ տիտղոսներ» ունի, որոնց թվում ընդգրկվում են Մեծ Սաղավարտի, Մասթերս, Ամփոփիչ մրցաշարի ու Օլիմպիական խաղերի նվաճումները: Իսկ ընդհանուր առմամբ՝ նա 94 գավաթի է տիրացել՝ շրջանցելով Իվան Լենդլին, ավելի շատ հաղթել են միայն Ֆեդերերն (103) ու Ջիմ Քոնորսը (109):

Լուսանկարը` ATP


Ռոլան Գարոսում Ջոկովիչը տարել է 245-րդ հաղթանակը թոփ-10-ի խաղացողի նկատմամբ, ինչը եւս ռեկորդ է համարվում: Երկրորդ տեղում 224 հաղթանակով Ֆեդերերն է:

Ջոկովիչն անցկացրել է 1268 հանդիպում ու հաղթել 1058-ում, ինչը 83,4% արդյունավետություն է համարվում: Դա 500-ից ավել հանդիպումներ անցկացրած խաղացողների շրջանում ամենաբարձր ցուցանիշն է: Երկրորդ տեղում ընթացող Նադալն ունի 82,9%: Վերջին տարիներին նրանք հաջորդաբար փոխարինել են միմյանց, սակայն Ջոկովիչը զգալիորեն բարելավել է դիրքերը:

Ռոլան Գարոսում տարած հաղթանակի շնորհիվ նա նորից առաջին ռակետն է դարձել, առաջատար դիքերում անցկացրել է 387 շաբաթ, ինչը ռեկորդ է տղամարդկանց ու կանանց թենիսում: Նման արդյունավետ ու լավ խաղով Ջոկովիչը շուտով կկարողանա դառնալ առաջինը, ով 400 շաբաթ առաջատար կլինի: Նա նաեւ 7 ռեկորդային մրցաշրջանում առաջին ռակետի կարգավիճակում է ավարտել տարին:

Լուսանկարը` ATP


Հիմա Ջոկովիչը Լոնդոնում է, որտեղ հուլիսի 3-ին մեկնարկելու է Ուիմբլդոնը եւ չի բացառվում, որ նա այս բոլոր անհավանական ցուցանիշներին նորերը կավելացնի:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին