Քարսոն Պիկետն ԱՄՆ-ի ֆուտբոլի կանանց հավաքականի կազմում մասնակցել է Կոլումբիայի դեմ խաղին ու թիմակիցների հետ 2:0 հաշվով առավելության հասել:
Ֆուտբոլիստուհին ծնվել է առանց ձախ ձեռքի թաթի ու դարձել է առաջին մարզուհին, որը նման ֆիզիկական առանձնահատկությամբ երբեւէ պաշտոնական խաղում հանդես է եկել ԱՄՆ-ի հավաքականում:
Նա մասնակցում է ամերիկյան NWSL լիգային եւ «Հյուսիսային Կարոլինայի» կազմում ու մի քանի անգամ ընդգրկվել ամսվա խորհրդանշական հավաքականում:
Այսօր բացահայտելու ենք տարբերվող Պիկետին, որն իր օրինակով է ցույց է տվել` նպատակին հասնելու համար ոչինչ չի կարող խոչընդոտ լինել:
ԱՄՆ-ի հավաքականը
Բոլոր բարդություններն էլ հաղթահարելի են, Պիկետը հասկացել է դա ու աստիճանաբար գիտակցել, որ սեփական թերությունը կարող է օգտագործել իր իսկ օգտին:

Լուսանկարը` goodmorningamerica.com
Նա քայլ առ քայլ ու երկար տարիներ շարունակ հասել է նպատակին, մինչեւ որ 2022 թվականին այն վերջնականապես կյանքի է կոչել՝ կրելով ԱՄՆ-ի կանանց հավաքականի մարզաշապիկը: Ոմանց համար այս փաստը կարող է սովորական թվալ, իսկ մարզուհու կյանքում այն շրջադարձային եւ անմոռանալի կմնա միշտ:
«Բախտս այնքան է բերել, որ ինձ հրավիրել են հավաքական, երբ զանգ ստացա, շոկի մեջ էի: Մայրիկս ուրախությունից իրեն կորցրել էր, իսկ հայրիկս արտասվում էր: Դա նաեւ նրանց երազանքի իրականացումն էր: Ես խաղացել եմ արտերկրում՝ Կիպրոսում ու Ավստրալիայում եւ այդ տարբերվող խաղաոճն ինձ շատ է օգնել: Չէի մտածում սխալներիս մասին, երջանիկ էի այդ պահին ու գիտեի, որ այդ ամենն է օգնել ինձ հրավեր ստանալ»,- Պարալիմպիկ խաղերի պաշտոնական կայքին խոստովանել է նա:
2019 թվականին ԱՄՆ-ի կանանց ընտրանին ռեկորդային 4-րդ անգամ Աշխարհի չեմպիոն հռչակվեց, նման թիմի մասը դառնալը նրա երազանքն էր:
«Մարզումները հիանալի էին անցնում, բոլորը շատ ջերմ էին ու սիրալիր: Երբ մեկ թիմում այդքան ուժեղ ու լավ խաղացողներ են հանդես գալիս, շատ է օգնում որակյալ ֆուտբոլ ցույց տալ: Չես կարող լիցքաթափվել ոչ մի վայրկյան, այլապես վերջդ կգա, որեւէ մեկը կշրջանցի քեզ ու տեղդ կզբաղեցնի: Դա ցույց է տալիս, թե ինչպես է պետք իրականում աշխատել, թիմի հետ անցկացրած անգամ մեկ օրվա մարզումից հետո զգում էի, թե որքան եմ ուժեղացել»,- պատմել է Պիկետը:

Լուսանկարը` USA Team
Նա պաշտպան է, որը հիանալի է կարողանում նաեւ գրոհներ կազմակերպել: Իր ուժեղ կողմերից մեկն էլ համարում է այն, որ ստացվում է լավ կարդալ խաղը. «Թեեւ ֆիզիկապես ամենաուժեղ մարզուհիներից չեմ, բայց կարողանում եմ դիրքավորվել ժամանակից շուտ ու զգալ, թե գնդակը, որ կողմ է շարժվելու: Լավ հեռահար ու բարձր փոխանցումներ եւս կատարում եմ: Ձախլիկ եմ, ինչն իր դրական ազդեցությունը եւս ունենում է»:
Մանկությունն ու խնդիրները
«Երբ մեծանում էի, ինձ երբեք թույլ չէին տալիս արտաբերել՝ չեմ կարող: Իմ տանն այն ասես հայհոյանք լիներ: Կարծում եմ՝ դա է ինձ ստիպել երբեք չհանձնվել, քանի որ գիտեի ծնողներիս պահվածքը: Ընտանիքն ինձ համար ամեն ինչ է»,- պատմել է Պիկետը:
Նա պարզապես չի ունեցել մեկին, ով կարող էր օրինակ լինել իր համար: Թեեւ ի ծնե ձեռքի արատ է ունեցել, բայց արդեն 5 տարեկանում ծնողներն աղջկան տարել են ֆուտբոլի խմբակ, որտեղ բոլորին զարմացրել է Քարսոնի վերաբերմունքը սեփական մարմնին:

Լուսանկարը` cbsnews.com
Նա միշտ ատել է հաշմանդամության մասին ձեւակերպումները, դրա համար էլ իրեն ու նման խնդիրներ ունեցող մարդկանց համարում է բացառիկ:
«Եթե ձեռքդ պակասում է, դեռ չի նշանակում, որ չես կարող անել բաներ, որոնք այլ մարդիկ 2 ձեռքով են անում»,- նշում է նա:
Մարզուհին լավատեսությամբ է լցված ու այդպես էլ ապրում է: «Ծնողներս միշտ ասում են, որ պետք է օգտագործեմ այն հարթակը, որն Աստված է ինձ տվել: Ձեռքս կարող եմ ծառայեցնել ավելի լավ նպատակի, օրինակ՝ ազդել շատ երեխաների եւ մարդկանց վրա, որոնք միշտ չէ, որ ելք են տեսնում: Այն որ հաջողությունների եմ հասել իմ գործում եւ երջանիկ եմ, կարող է շատերին օգնել»:
Օրինակ մյուսների համար
Պիկետը հաճախակի է հանդիպում տարատեսակ խնդիրներ ունեցող մարդկանց հետ: Ջոզեֆ Թիդի հետ ծանոթությունը դրանցից մեկն է:
Նա մտերմացել է երիտասարդ խաղացող Ալիսոն Կուիկի հետ ու նրան եւս օգնել կյանքին այլ կերպ նայել:
«Ինձ համար դա կարեւոր փորձ էր, քանի որ հանդիպեցի մեկին, ում հետ կարող էի խոսել նույն խնդիրներից: Հարցը միայն ֆիզիկական նմանությունը չէ, նա էլ ֆուտբոլիստուհի է: Ինձ համար կարեւոր էր ոգեշնչվել Պիկետի օրինակով ու լսել իր պատմությունը»,- պատմել է Կուիկը:
Իսկ Պիկետին շատ է օգնել այն, որ ծնողները միշտ հավատացել են իրեն եւ անկեղծ ուրախացել ամեն փոքրիկ հաջողության համար: «Քարսոնը ցատկեց լողավազան, երբ 6 տարեկան էր: Իսկ մենք արտասվում էինք ու վախենում, որ կարող է խեղդվել, մինչդեռ նրա մոտ ամեն ինչ ստացվեց»,-պատմել է հայրը:

Լուսանկարը` paralympic.com
Քարսոնը մանուկ հասակում նաեւ բասկետբոլ ու թենիս է խաղացել եւ ամեն տեղ էլ տարբերակ գտել անգամ մեկ ձեռքով հաղթելու:
Կարիերան ավարտելուց հետո ցանկանում է աշխատել որպես սպորտային լրագրող: Զուգահեռ նպատակ ունի համագործակցել բարեգործական հիմնադրամների հետ ու հավաքներ անցկացնել աշխարհի տարբեր երկրներում:
Ինքն իրեն ընդունելը
Խաղադաշտում մարզուհին չի քողարկում իր ձեռքը, քանի որ ցանկանում է բոլորը այն տեսնեն: «Անկատարությունը գեղեցիկ է»,- գտնում է նա:
Դեռ մանուկ տարիքից է Քարսոնը հասկացել, որ ֆուտբոլային հմտությունները միակ ձիրքն են, որոնք օգնելու են իրեն առանձնանալ: Բայց որքան էլ հավատում էր սեփական ուժերին, ամեն դեպքում նման ֆիզիկական խնդրով այնքան էլ հեշտ չի եղել հավասար պայքար ծավալել մյուսների հետ:

Լուսանկարը` stuff.co.uk
«Երբեմն մեծանալը պայքար էր ինձ համար, սովորում էի Ֆլորիդայի համալսարանում ու ամռան շոգին էլ տաք բլուզներ էի կրում: Չէի ցանկանում, որ մյուսները տեսնեն ձեռքս: Հատկապես բարդ էր ինձ համար առաջին կուրսում, այդ ժամանակ ամենաշատն էի ուզում մյուսներին նման լինել»,- խոստովանել է նա:
Պիկետը երջանիկ է, որ օգնում է բազմաթիվ մարդկանց, որոնք իր պես ծնվել են նույն խնդրով. «Բազմաթիվ նամակներ եմ ստանում, ուրախ եմ, որ այդքան մարդկանց կյանքում կարողանում եմ որեւէ դերակատարում ունենալ եւ օգտակար լինել: Պարզապես չեմ ասում, իսկապես ցույց եմ տալիս, որ անկախ մեր ունեցած տարբերություններից, կարող եք անել այն, ինչ ցանկանում եք, ու ոչ ոք չի կարող ձեզ կոտրել»:
Պիկետը նաեւ համագործակցել է Nike-ի հետ ու օգնել ստեղծել հատուկ խաղակոշիկներ՝ Phantom GT FlyEase, որը հարմարեցված է այնպես, որ այն հնարավոր լինի ավելի հեշտ հագնել ու հանել:

Լուսանկարը` CNN
Ֆուտբոլիստուհին երազում է, որ իրեն ավելի հաճախակի հրավիրեն հավաքական ու վերջապես կարողանա մասնակցել Աշխարհի առաջնության: Նա հույս ունի, որ այդ մարտահրավերի շնորհիվ իր կարիերան գագաթնակետին կհասնի:
Մի քիչ հումոր
Իսկ վերջում այդպիսի զավեշտալի պատմություն, որը տեղի է ունեցել «Orlando Pride» ակումբի լոգասենյակում: Հանրահայտ Ալեքս Մորգանը վնասել էր ուսն ու մի կերպ հանդիպումն ավարտին հասցրել, բայց խաղից հետո ձեռքը բավական ուռել էր:
«Չեմ կարողանում գլուխս նորմալ լվանալ: Ձախ ձեռքս չի բարձրանում»,- հանկարծ շատ բարձր լսվել է նրա ձայնը:
«Բարի գալուստ իմ աշխարհ»,- պատասխանել է Պիկետը:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: