Ապրիլ 29, 2024
5884 դիտում

Չեմպիոնությունը տոնելու փոխարեն տիկնիկով «խաղալ» նախընտրող Էմիլիանո Մարտինեսը


Լուսանկարը` sportingnews.com

Լուսանկարը` ciudadano.com

Լուսանկարը` Goal.com

Լուսանկարը` FC Arsenal

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` avfc.co

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` shropshiresta.com

Լուսանկարը` FC Arcenal

Լուսանկարը` shropshirestar.com

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Goal.com

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` Bola.com

Լուսանկարը` Si.com


Աշխարհի առաջնության եզրափակչում Էմիլիանո Մարտինեսը մի քանի անգամ կարեւոր իրավիճակներում փրկեց Արգենտինային, իսկ խաղավարտին վստահ գործեց Ֆրանսիայի իրացրած 11-մետրանոց հարվածաշարում: Նա Աշխարհի չեմպիոն հռչակվեց ու մրցաշարի լավագույն դարպասապահը դարձավ:

Բայց Մարտինեսի պահվածքը ինչպես պարգեւատրման ընթացքում, այնպես էլ Արգենտինայում հաղթանակը նշելիս, ինձ նույնպես բազմաթիվ ֆուտբոլասերների պես հունից հանեց: Ոչ մի դեպքում չէի անդրադառնա դարպասապահին, եթե գործընկերոջս հետ սուրճ պատրաստելու ընթացքում չխոսեինք Մարտինեսի վատ արարքից ու խորհուրդ չտար գրել նրա մասին:

Ծանր մանկությունը

Մարտինեսի ընտանիքը բավական աղքատ էր, հայրը՝ Ալբերտոն ձուկ էր վաճառում, իսկ մայրը՝ Սյուզաննան, հավաքարար էր հյուրանոցում: Հատկապես հորը տղան քիչ էր տեսնում, քանի որ նա շատ էր աշխատում, բայց անգամ այդ դեպքում չէր կարողանում բավական գումար վաստակել, եւ ընտանիքը հաճախ էր քաղցած մնում: Դեպքեր են եղել, որ էլեկտրաէներգիայի գումարը նույնիսկ չեն կարողացել վճարել:

Լուսանկարը` ciudadano.com


Որպեսզի Էմիլիանոն ու նրա եղբայրը լիարժեք կրթություն ստանան, մայրը լրացուցիչ հերթափոխ էր վերցնում ու օրական 12 ժամ աշխատում: Սյուզաննան ցանկանում էր, որ տղաները կիրթ լինեն ու հնարավորություն ունենան բարեկեցիկ կյանքով ապրել:

Թեեւ շատ աղքատ էին, տանը նույնիսկ դռներ չկային, բայց գողերը մի քանի անգամ ներխուժել են բնակարան, դժվար է ասել, թե ինչ կարող էին այնտեղից տանել: Մի անգամ էլ Մարտինեսներն իրենց շանը միջանցքում սպանված են գտել:

Ֆուտբոլը

Էմիլիանոն սիրում էր հարազատ Մար դել Պլատա քաղաքը, որը 400 կմ հեռավորության վրա է գտնվում Բուենոս Այրեսից: Նա առաջին անգամ լրջորեն վախեցավ «Ինդեպենդիենտե»-ի գիշերօթիկում, որտեղ հայտնվեց 12 տարեկանում: Մարտինեսը տեսնում էր, թե ինչպես են շուրջը թմրանյութեր օգտագործում, ծխում եւ խմում: Ոմանք չէին դիմանում ու արցունքն աչքերին տուն էին փախչում, իսկ նրան դժվարություններին դիմանալ երազանքն էր օգնում: Էմին, ինչպես տղային անվանում էին ծնողները, մանկուց էր երկրպագում ակումբին ու ցանկանում մի օր հիմնական կազմում հայտնվել: Քանի որ ընտանիքն անգամ խաղակոշիկներ գնելու գումար չուներ, «Ինդեպենդիենտե»-ն էր հոգում նրա բոլոր ծախսերը:

Լուսանկարը` Goal.com


16 տարեկանում Մարտինեսն Արգենտինայի հավաքականի կազմում փայլեց մինչեւ 17 տարեկանների Ամերիկայի Գավաթում: Երբ նա վերադարձավ մրցաշարից, ակումբի նախագահ Խուլիանո Կամպարադան հրավիրեց իր աշխատասենյակ: Մարտինեսն ուրախացավ՝ մտածելով, որ նրան պայմանագիր են առաջարկելու, քանի որ այդ դեպքում կկարողանար վերջապես օգնել ընտանիքին:

Մարտինեսը սխալվեց. «Քեզ նկատել է Լոնդոնի «Արսենալ»-ը, պետք է մեկնես այնտեղ ու փորձաշրջան անցնես»,- ասաց նախագահը:

Լոնդոնից Մարտինեսը հարազատ քաղաք վերադարձավ, չիմանալով, թե արդյոք ինչ որոշում կկայացնեն իր ապագայի հետ կապված: Տանը նրան տխուր լուրեր էին սպասվում՝ հայրը ստիպված էր եղել վաճառել մեքենան, որպեսզի վճարի պարտքերը: Էմիլիանոն հասկանում էր, որ հենց իրենից է կախված ընտանիքի բարեկեցությունը:

Մի քանի շաբաթ անց Մարտինեսին հայտնեցին, որ նրան 500 հազ. եվրոյով վաճառում են «Արսենալ»-ին: Մայրն ու եղբայրն արտասվում էին ու խնդրում հրաժարվել պայմանագրից, բայց նա հասկանում էր, որ 5000 ֆունտ ստերլինգ կանխավճար է ստանալու: Առաջին միտքն էր, որ հայրը կկարողանա նոր մեքենա գնել ու «Արսենալ»-ից ստացած աշխատավարձը կօգնի թեթեւացնել ընտանիքի բեռը: Դարպասապահն իր անելիքը հստակ գիտեր՝ հանուն հարազատների պատրաստ էր ամեն ինչի:

Լուսանկարը` FC Arsenal


Սերը Լոնդոնում

Մռայլ ու անձրեւոտ Լոնդոնը դարպասապահին այնքան էլ ջերմ չընդունեց, անձնագրի հետ ունեցած խնդրի պատճառով 2 տարի չէր կարող հանդես գալ ակումբում, իրեն միայնակ էր զգում, մարզումների ժամանակ դիմանում էր, բայց փոքրիկ բնակարան վերադառնալուց հետո սկսում էր արտասվել:

Մարտինեսն իրեն լավ էր զգում միայն տնից ոչ հեռու գտնվող ռեստորանում, որը հարազատ Արգենտինան էր հիշեցնում: Նրա ամենօրյա երթուղին այսպիսին էր՝ տուն- ավտոբուսի կանգառ-մարզաբազա-նորից կանգառ-տուն:

Ավտոբուս սպասելիս Էմիլիանոն կես տարի հիացած մի աղջկա էր նայում, որը նրա պես ամեն օր կանգառում էր լինում: Մի օր համարձակություն հավաքեց ու ծանոթացավ հետը՝ նրան իր սիրելի ռեստորան հրավիրելով: Պարզվեց, որ այդ ռեստորանն աղջկա հայրիկին է պատկանում: 7 տարի անց Էմիլիանոն ու Մանդինյան ամուսնացան:

Լուսանկարը` անձնական արխիվից


Նա շատ էր օգնում Մարտինեսին հարմարվել Անգլիայում, ծանոթացնում էր տեղական մշակույթին ու սովորեցնում լեզուն, նկատելի առաջընթացի համար դարպասապահին նույնիսկ ակումբում 20 հազ. ֆունտ հավելավճար տվեցին:

Ակումբները

2012-ին Մարտինեսը հայտնվեց վարձավճարների շղթայում ու մի քանի ակումբներում խաղաց («Շեֆիլդ», «Ռոտերհեմ», «Վուլվերհեմփթոն», «Խետաֆե», «Ռեդինգ»)՝ համարելով դա առաջընթաց, սակայն ժամանակն անցնում էր ու նրա կյանքում ոինչ չէր փոխվում: Արսեն Վենգերը հանգստացնում էր Էմիլիանոյին ու խոստանում հիմնական կազմում ընդգրկել:

«16 տարեկանից Վենգերն է ինձ դաստիարակել: Նրան շատ էի վստահում ու հավատում», - պատմել է դարպասապահը:

Սակայն այդպես էլ շարունակում էր իր տեղը չունենալ ակումբում եւ մնում էր միայն հայտացուցակում: «Ռեդինգ»-ց վերադառնալուց հետո լոնդոնյան ակումբի ղեկավարությանը հայտնեց, որ էլ վարձավճարով հանդես չի գալու: Կամ պետք է շանս տային, կամ հեռանալու էր, եւ Ունայ Էմերին նրան դարձրեց Բերնդ Լենոյի մրցակիցը:

Լուսանկարը` goal.com


Երբ 2019-2020 մրցաշրջանում նա վնասվածք ստացավ, եկավ Մարտինեսի ժամանակը՝ 10 տարվա պայքարն իր արդյունքը տվեց: 2020 թվականի օգոստոսի մեկին նա հաղթեց Անգլիայի Գավաթը, եզրափակիչ սուլիչից հետո Մարտինեսն արտասվում էր ու համարում, որ արդեն ինքն է լինելու առաջին համարը: Մեկ ամիս էլ չանցած նա ակումբի հետ Անգլիայի Սուպերգավաթակիր դարձավ: Բայց դա «Արսենալ»-ում Մարտինեսի վերջին խաղն էր: Նա խոսել էր նոր գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ ու վերջինս հիմնական կազմում տեղ չէր խոստացել, դրա համար էլ որոշեց տեղափոխվել «Աստոն Վիլլա»:

Սպասված հաջողությունները

Առաջին իսկ խաղում Մարտինեսը 11-մետրանոց հետ մղեց ու ստացավ լավագույն դարպասապահի մրցանակը: Մի քանի խաղ անց կնոջը վստահորեն ասաց. «Կարծես նորից սիրահարվել եմ ֆուտբոլին»:

28 տարեկանում վերջապես առաջին անգամ ամբողջական մրցաշրջան ունեցավ ԱՊԼ-ում՝ մասնակցեց 35 խաղի եւ 15-ում անառիկ պահեց դարպասը: Վերջապես արգենտինացու երազանքը կատարվեց՝ դարձավ հիմնական դարպասապահ ու նրան սկսեցին անվերապահորեն հավատալ: Բայց մեկ բան դեռ չէր իրականացրել՝ փոքր տարիքում հորը խոստացել էր առաջին համարը լինել Արգենտինայի հավաքականում:

Լուսանկարը` avfc.co


2021-ին դա էլ կյանքի կոչեց ու մասնակցեց Չիլիի դեմ ԱԱ-ի ընտրական խաղին, ապա փայլեց Ամերիկայի Գավաթում ու Արգենտինայի հետ հաղթող դարձավ: Նա հավաքականի հերոսներից մեկն էր, ողջ մրցաշարի ընթացքում ընդամենը 2 գոլ էր բաց թողել հիմնական ժամանակում, Կոլումբիայի հետ կիսաեզրափակչում կայացած 11-մետրանոց հարվածաշարում էլ 3 սեյվ կատարել: Հետո Արգենտինայի հետ կարողացավ հաղթել Ամերիկայի Գավաթում: Հայրը տրիբունաներում արտասվում էր. «Հայրիկս, քեզ համար է, վայելիր»,- գոռաց նա:

Դրանից հետո նա հավաքականում անփոխարինելի էր, թեեւ 30 տարեկանում կարիերայում ընդամենը 3-րդ լիարժեք մրցաշրջանն էր անցկացնում:
Ապա հավաքականի հետ եկավ Կատար, արգենտինացիներին փրկեց մի քանի կարեւոր դրվագներում, 11-մետրանոցներ հետ մղեց ու Աշխարհի չեմպիոն դարձավ: Իսկ այն ինչ արեց պարգեւատրման ժամանակ, շատերն են տեսել:  

Լուսանկարը` FIFA


«Այդպես արեցի, քանի որ ֆրանսիացիներն ինձ սուլում էին: Այդպիսի մեծամտությունն իմ դեպքում չի աշխատում»,- իր արարքն այսպես մեկնաբանեց Մարտինեսը:
Ապա հանդերձարանում կոչ արեց հարգել Մբապեի հիշատակը, որը մահացել է, իսկ Բուենոս Այրեսում Մբապեի դեմքով տիկնիկով էր տոնում չեմպիոնությունը: Նրա այդ արարքը որեւէ խելամիտ բացատրություն չունի ու բազմաթիվ քննադատությունների առիթ դարձավ:

Լուսանկարը` անձնական արխիվից


Մարտինեսը չկարողացավ հարգել մրցակցին խաղադաշտի սահմաններից դուրս ու ցույց տվեց իր իրական էությունը: Իր արարքների պատճառով նրան շատերը կհիշեն ոչ թե 2022-ի Մունդիալի լավագույն դարպասապահ ու չեմպիոն, այլ որպես մեկը, ով անգամ իր կարիերայի ամենաուրախ պահերին նախընտրում է «խաղալ» տիկնիկով:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին