Ապրիլ 19, 2024
873 դիտում

ԱԱ-ի առաջին կին մրցավարները. Անցած ուղին ու կայացման ճանապարհը


Լուսանկարը` Yahoo Sports

Լուսանկարը` dw.com

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` globesoccer.com

Լուսանկարը` DW

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` dw.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Olympics

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` Getty Images


Ֆուտբոլի Աշխարհի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը կայանալիք ԱԱ-ի ժամանակ առաջին անգամ աշխատելու են նաեւ կին մրցավարներ:

Աշխարհի Գավաթների պատմության առաջին կին մրցավարները 3-ն են՝ Ստեֆանի Ֆրապարը (Ֆրանսիա), Սալիմա Մուկանսանգան (Ռուանդա) եւ Յոշիմի Յամաշիտան (Ճապոնիա):

Լինելու են նաեւ կին օգնականներ՝ Նեուզա Բեկը (Բրազիլիա), Կարեն Դիաս Մեդիանան (Մեքսիկա) եւ Քեթրին Նեսբիտը (ԱՄՆ):

Ստեֆանի Ֆրապար

Գլխավոր մրցավարների եռյակից ամենահայտնին ֆրանսուհին է, որը մեծ փորձ ունի աշխատելու նաեւ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում:

Նրա մասնակցությամբ վերջին ամենահայտնի հանդիպումներից մեկը ՉԼ-ի խմբային փուլի «Ռեալ»-«Սելթիկ»-ն (5:1) էր, որում Արքայական ակումբը ռեկորդ սահմանեց՝ 11-մետրանոց վաստակելով 4 րոպե 9 վայրկյան անց, իսկ այն նշանակեց հենց Ֆրապարը: 20-րդ րոպեին էլի 11-մետրանոց կար եւ որոշումը նորից ճիշտ էր՝ հաստատեց նաեւ VAR համակարգը: Իսկ 34-րդ րոպեին Ֆրապարն արդեն Տիբո Կուրտուայի դարպասին 11-մետրանոց նշանակեց: Առաջին անգամն էր, որ «Ռեալ»-ի մասնակցությամբ խաղը կին մրցավար էր սպասարկում:

Լուսանկարը` Yahoo Sports


Ֆրապարը 2019 թվականից է սկսել աշխատել Ֆրանսիայի Լիգա-1-ում, այն բանից հետո, երբ Լիգա-2-ում 80 հանդիպում անցկացնելուց հետո սկսել է համարվել ամենալավ մրցավարներից մեկը:

L’Équipe-ն արդեն 2 տարի է 38-ամյա Ֆրապարին ընդգրկում է ֆրանսիական ֆուտբոլի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում: Նրա կարիերայի առաջընթացը զարմացնում է, ֆրանսուհին ցույց է տվել, որ աշխատասիրության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ամեն ինչի էլ կարելի է հասնել:

2019-ին դարձել է առաջին կինը, ով սպասարկել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը «Լիվերպուլ»-ի եւ «Չելսի»-ի միջեւ, ընդ որում՝ չեղարկել է 3 գոլ, երկու դեպքում էլ խաղից դուրս վիճակ է գրանցվել, նաեւ 11-մետրանոց է նշանակել:

2020-ի դեկտեմբերին Ֆրապարն առաջին կին մրցավարն է դարձել, ով սպասարկել է Չեմպիոնների Լիգայի հանդիպում՝ «Յուվենթուս»-«Դինամո»: 2021-ին դատել է տղամարդկանց ԱԱ-ի ընտրական փուլի խաղ: ԵՎՐՈ-2020-ի ժամանակ 4-րդ մրցավարն էր ու Եվրոպայի առաջնությունների մրցավարական խմբում առաջին կինը:

Լուսանկարը` dw.com


«Չեմ կարծում, որ կանանց ու տղամարդկանց ֆուտբոլն իրարից տարբերվում են: Ամեն տեղ էլ ֆուտբոլը նույնն է՝ կանոնները չեն փոխվում: Կին մրցավարները ցույց են տվել, որ ֆիզիկական ու տեխնիկական առումով ոչ մի բանով չեն զիջում: Մենք էլ չենք վախենում որոշումներ կայացնել, որոշ դեպքերում սխալվել: Բնական է, որ կարեւոր խաղերում աշխատելուց հետո կյանքս փոխվել է եւ ինձ սկսել են ճանաչել»,- խոստովանել է Ֆրապարը:

Նա շատ սառնասիրտ ու հավասարակշռված մրցավար է, չի տրվում ֆուտբոլիստների սադրանքներին ու թույլ չի տալիս ճնշում գործադրել: Իր վստահ ու համարձակ կեցվածքով ստիպում է դադարեցնել հենց իր քթի տակ ձեռքերը շարժել կամ լեզվակռվի դիմել: Մինչ տղամարդկանց ֆուտբոլ տեղափոխվելը, աշխատել է կանանց բոլոր կարեւոր մրցաշարերի ժամանակ ու ցույց տվել, որ իսկապես կարողանում է դիմանալ ճնշմանը:

Ֆրանսուհուն անդրադարձել է ու հետը ծավալուն հարցազրույց ունեցել հայտնի Marie Claire ամսագիրը: Առանձնացրել ենք առավել ուշագրավ պատասխանները:

Լուսանկարը` UEFA


«Ի սկզբանե մրցավարի հագուստ կրելն իմ երազանքներից չի եղել, սակայն ամեն ինչ այնպես է դասավորվել, որ իմ աշխատանքն է դարձել: Որեւէ հանդիպում չեմ կարեւորում՝ լինի Ֆրանսիայի Գավաթի եզրափակիչ կամ ՉԼ-ի, ամեն անգամ նույն կերպ եմ մտնում խաղադաշտ: Յուրաքանչյուր խաղ առաջինն է ու պետք է ճիշտ գործել:

Ինձ համար շատ կարեւոր է երիտասարդ մրցավարների հետ հանդիպելն ու փորձով կիսվելը: Ես էլ կարողացել եմ աճել ու որակներս լավացնել ավելի փորձառու մասնագետների խորհուրդների շնորհիվ:

Ֆրանսիայում ես պատասխանատու եմ կին մրցավարների համար, նրանց հետ կիսվում եմ իմ գիտելիքներով ու հմտություններով: Այդկերպ վերադարձնում եմ այն ամենն, ինչ ժամանակին ինձ են տվել: Նրանց պատմում եմ այն ճնշման մասին, որը լինում է հեռարձակումների դեպքում:

Սովորաբար կին մրցավարներ տեսնելիս ԶԼՄ-ն են ավելի անսովոր վերաբերվում, ֆուտբոլիստներն ու մարզիչներն ավելի զուսպ են այդ հարցում: Կապ չունի մրցավարը կին է, թե տղամարդ, նա օգտագործում է իր ազդեցությունը, որպեսզի խաղի ղեկը ձեռքից բաց չթողնի:

Լուսանկարը` globesoccer.com


Ինձ վրա այնքան էլ հեշտ չի ճնշում գործադրել, սոցկայքերում գրանցված չեմ, մեկնաբանություններ չեմ կարդում: Նախկինում էլ արձագանքներ եղել են, բայց դրանց ուշադրություն չեմ դարձրել: Ինձ այնքան էլ հետաքրքիր չէ, թե ԶԼՄ-ում ինչ են գրում, կարեւորը իմ վարած հանդիպման տեխնիկական գնահատականն է մասնագետների կողմից: Մրցավարները միշտ էլ քննադատության թիրախում են եղել, սովորաբար շատ որոշումներ ենք կայացնում, բայց միշտ հիշում են նրանք, որոնց դեպքում սխալ ենք գործել:

Ընտանիքիս անդամներն ավելի ծանր են տանում խաղերի ժամանակ «Ավելի լավ կլիներ նորից վերադառնայիր ափսեներ լվանալու գործին» սեքսիստական վանկարկումները: Երբ ցանկացած ոլորտում առաջամարտիկ ես, երբեք էլ հեշտ չի ու տարատեսակ հարձակումների ես ենթարկվում:

Մրցավար լինելն իրենից ենթադրում է ամենօրյա ֆիզիկական պատրաստվածություն, տեխնիկական կողմը կապված է կանոնների իմացության հետ: Պետք է իմանալ, ինչ դիրք ընտրել խաղադաշտում ու կայացնել ամենալավ որոշումը»:

Սալիմա Մուկասանգա

34-ամյա Մուկասանգան մասնագիտությամբ մանկաբարձ է, դպրոցում սովորելու տարիներին է տարվել բասկետբոլով, ապա նաեւ՝ մրցավարությամբ: Դպրոցն ավարտելուց մեկ տարի անց է ստացել մրցավարի վկայական:

Լուսանկարը` DW


Իր միջազգային կարիերան ֆուտբոլում սկսել է 2012 թվականին, նախ մրցավարի օգնական է եղել, ապա նրան վստահել են ինքնուրույն հանդիպում սպասարկել: Նորամուտը կայացել է 2014 թվականի Աֆրիկայի կանանց ընտրական Զամբիա-Տանզանիա խաղում: Ապա փորձ է ձեռք բերել 2015-ի Աֆրիկյան խաղերում ու մի քանի կարեւոր հանդիպումների ժամանակ աշխատել:

2016-ին Մուկասանգան 47 մրցավարների թվում է եղել, որոնց վստահվել է կանանց ֆուտբոլի Աֆրիկյան գավաթը: Սպասարկել է Նիգերիա-Կամերուն եզրափակիչ խաղը:

Մեկ տարի անց դատել է Մ-20 տ. ԱԱ-ի ընտրական Քենիա-Եթովպիա դիմակայությունը, ապա գլխավոր մրցավար եղել 2018-ի Մ-17 տ. Աշխարհի առաջնությունում: Նա Աֆրիկայից ընտրված միակ մրցավարն էր:

2010 թվականից միակ կինն է, որը սպասարկում է Ռուանդայի տղամարդկանց առաջնության հանդիպումները: Երկրի ամենահայտնի մրցավարն է համարվում: 2019-ին կանանց ԱԱ-ի ժամանակ է աշխատել, ինչպես նաեւ՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

Լուսանկարը` FIFA


«Բասկետբոլն իսկապես շատ էի սիրում ու ցանկանում էի պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ: Բայց երկրում բասկետբոլային ենթակառուցվածքներն այնքան էլ զարգացած չէին, ու ես հայտնվեցի ֆուտբոլում, ինչի համար երբեք չեմ ափսոսացել:

Իմ առաջին պաշտոնական խաղից հետո գործընկերներս ծիծաղում էին ու շնորհավորում ինձ, իսկ ես արտասվում էի հանդերձարանում: Շատ երջանիկ էի ու հուզված, քանի որ երազանքս կատարվել էր:

Երջանիկ կին եմ, քանի որ մի երկրից եմ, որտեղ տղամարկանց ու կանանց համար հավասար հնարավորություններ կան: Դա օգնել է, որպեսզի ավելի տքնաջան աշխատեմ ու հաջողության հասնեմ:

Որոշ երկրներում մինչեւ հիմա էլ աղջիկներին թույլ չեն տալիս զբաղվել ֆուտբոլով, հիմա ճիշտ ժամանակն է, որ մեր օրինակով օգնենք նրանց:

Շատ եմ աշխատել, որպեսզի ինձ նկատեն: Շատ բան եմ տալիս ու զոհաբերում հանուն այդ նպատակի, որովհետեւ իսկապես սիրում եմ աշխատանքս: Եթե իրական կիրք ունեք, ինչպիսի խնդիրների էլ բախվեք, կհաղթահարեք:

Լուսանկարը` dw.com


Իսկ Աշխարհի առաջնության հանդիպումներ սպասարկելն ամեն մրցավարի երազանքն է, ես ուզում էի կանանց ԱԱ-ում հայտնվել, բայց այս մեկի մասին անգամ չէի էլ մտածել»:

Յոսիմի Յամասիտա

36-ամյա Յամասիտան ասիական ֆուտբոլում նույնքան նշանակալի ու հայտնի դեմք է, ինչպես Ֆրապարը՝ եվրոպականում: Նա առաջին կինն է եղել, որն աշխատել է Ասիայի ամենահայտնի ակումբային մրցաշարում՝ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիաների Չեմպիոնների Լիգայում: Խաղը կայացել է այս տարվա ապրիլին, հանդիպել են «Մելբուրն Սիթի»-ն ու «Չոնամ Դրեգոնզ»-ը:

Նա իր մեկնարկային խաղում 3 դեղին քարտ է ցույց տվել: Յամասիտան եւս աշխատել է Ֆրանսիայում կայացած 2019 թ. կանանց ԱԱ-ում եւ իր հայրենիքում կազմակերպված Օլիմպիական խաղերում:

Լուսանկարը` Getty Images


Նրան Ասիայում համարում են ամենաարագ աճող մրցավարներից մեկը, հաճախ որպես օրինակ են բերում նաեւ տղամարդ մրցավարներին: Յամասիտան բնավ էլ խիստ մրցավար չէ, նախընտրում է ֆուտբոլիստների հետ բացատրական աշխատանք տանել, ոչ թե միանգամից դիմել քարտերի օգնությանը: 27 խաղում 1 կարմիր եւ 55 դեղին քարտ է ցույց տվել:  

ԱԱ-ն  սպասարկող մրցավարների թվում լինելն անսպասելի էր ճապոնուհու համար, դա վկայում է նրա աշխատանքի նկատմամբ ունեցած մեծ վստահության ու իր պրոֆեսիոնալ որակների մասին:

«4 տարեկանում ավագ եղբորս ազդեցության տակ եմ սկսել ֆուտբոլ խաղալ: Միացել եմ այն ակումբին, որը մեզ մանկապարտեզում ֆուտբոլ էր սովորեցնում, շարունակեցի ֆուտբոլով զբաղվել մինչեւ դպրոցի բարձր դասարանները, ապա անցում կատարեցի բասկետբոլ, բայց համալսարանում այն նորից վերադարձավ իմ կյանք: ՖԻՖԱ-ի մրցավար Մակոտոն հրավիրեց զբաղվել այդ գործով, ու ես չմերժեցի:

Լուսանկարը` Olympics


Սկզբում մրցավարի օգնական էի, ինքս սուլիչ չէի ազդարարում, չէի էլ պատրաստվում հմտանալ այդ գործում: Ավելի ուշ հասկացա, թե այդ աշխատանքն որքան պատասխանատու է ու որոշեցի, եթե դրանով զբաղվելու եմ, ամեն ինչ պետք է լավ անեմ:

Իմ շուրջը եղած մարդիկ էին քաջալերում, որ կստացվի, ու ամեն հաջորդ խաղում ավելի ու ավելի լավ էի հանդես գալիս: Աստիճանաբար ծանոթացա ֆուտբոլի մյուս կողմին, որն ավելի գրավիչ էր ու ինձ լիովին կլանեց:

Որքան էլ պնդեն, որ կանանց ու տղամարդկանց ֆուտբոլի միջեւ տարբերություն չկա, այդպես չէ թեկուզ միայն ֆիզիկական տեսանկյունից: Հեռահար հարվածների դեպքում կանայք պետք է թեքվեն ու օգտագործեն ողջ մարմինը, իսկ ահա տղամարդիկ կարող են հարվածել առանց լրացուցիչ գործողության: Տարբերություն կա նաեւ արագության տեսանկյունից:

Զարմացած էի, որ ինձ ներառեցին ԱԱ-ի մրցավարների թվում, շատ մեծ պատասխանատվություն եմ զգում: Առաջին ճապոնացի, ասիացի ու կին մրցավարն եմ: Կփորձեմ լավագույն որակներս ցույց տալ ու կենտրոնանալ միայն խաղերի վրա: Բայց միաժամանակ նաեւ երջանիկ եւ ուրախ եմ, շատերի կողմից եմ ջերմ խոսքեր լսել:

Լուսանկարը` FIFA


Միջին Արեւելքում կին մրցավարներ չկան, դրա համար մեր նշանակումը կարող է որոշիչ խթան հանդիսանալ: Այն, որ կանայք առաջին անգամ սպասարկելու են Աշխարհի առաջնության հանդիպումներ, փաստում է, որ մեր պոտենցիալն ավելանում է»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին