Մայիս 08, 2024
exclusive
3215 դիտում

Հրաշագործ Հակոբ Սերոբյանի թիմը. Արթուր Դավթյանի ԱԱ-ի ոսկին՝ 39 տարի անց


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` FIG

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` FIG

Լուսանկարը` Reuters


Երեկոյան Լիվերպուլում Արթուր Դավթյանը դարձավ անկախ Հայաստանի մարմնամարզության առաջին Աշխարհի չեմպիոնը:

Հենացատկում հայ մարմնամարզիկը վաստակեց 15.050 միավոր ու գերազանցեց մրցակիցներին՝ արծաթե մեդալակիր ֆիլիպինցի Կառլոս Յուլոյիմին (14.950) եւ բրոնզե մեդալակիր ուկրաինացի Իգոր Ռադիվիլովին (14.733):

Մինչ այդ Աշխարհի չեմպիոն հայ մարմնամարզիկներից վերջին անգամ 1983 թվականին Բուդապեշտում կայացած առաջնության հենացատկում դարձել էր Արթուր Հակոբյանը:

Լուսանկարը` Reuters


Արթուր Դավթյանին հաջողվեց այդ արդյունքը կրկնել 39 տարի անց: Վերջին տարիներին նա պարզապես փայլում է միջազգային ասպարեզում ու մեդալներ նվաճում չափազանց բարդ մարզաձեւում, մանավանդ, որ ոչ մեկի համար գաղտնիք էլ չէ, որ դրանով զբաղվելու պայմանները Հայաստանում բավական վատն են: Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը թեեւ վաղուց չի համապատասխանում միջազգային չափանիշներին, բայց Հայաստանի հավաքականին դա երբեք չի խանգարում հաջողությունների հասնել:

Կարեւոր մրցումներից առաջ ընտրանին սովորաբար հավաքներ է ունենում Թբիլիսիում, որտեղ էլ փորձարկում են տարրերն ու նոր վարժությունները: Նման մոտեցումն ու մարտավարությունը տալիս են արդյունքները:

Լուսանկարը` Reuters


Բայց վերադառնանք այս օրերի մեր մարզաշխարհի գլխավոր հերոս Դավթյանին: Նա իր միջազգային խոշոր հաջողությունների սկիզբը դրեց 2013-ին Մոսկվայում, այն ժամանակ ընդամենը Եվրոպայի բրոնզե մեդալակիր դարձավ: Հետագա տարիներին Դավթյանն իր մարզիչների հետ հսկայական աշխատանք կատարեց, որպեսզի Հարություն Մերդինյանի հետ իրականություն դարձնեն հայկական մարմնամարզության իսկական «հրաշքը»:

2016-ին Դավթյանը Բեռնում արդեն երկրորդն էր, 2019-ի Մինսկի Եվրոպական խաղերում հաղթեց, 2021-ին Բազելում ապրիլի 24-ին Եվրոպայի չեմպիոն հռչակվեց նժույգների վրա: Այդ հաջողությունն անսահման վստահություն տվեց մարզիկին, որպեսզի նա իր 3-րդ Օլիմպիական խաղերում կարողանա վերջապես մեդալ նվաճել:

Դավթյանը Տոկիոյում իրականություն դարձրեց նաեւ այդ երազանքն ու իր աշխատասիրության եւ համառության շնորհիվ շարունակեց առաջ շարժվել: Այս տարի Եվրոպայում նորից 2-րդ տեղը գրավեց, իսկ երեկ էլ արդեն լավագույնն էր Աշխարհում: Մինչ այդ նրան ԱԱ-ում մեդալ նվաճել չէր հաջողվել ու միանգամից եղավ ոսկի:

Լուսանկարը` FIG


«Մենք էլ չգիտենք, թե ինչպես է ստացվում նման պայմաններում այդքան լավ արդյունքներ գրանցել: Առաջին հերթին մարզիչների շնորհիվ է ու մեր ձգտումների: Երեւի ցանկությունն է մեծ, կամ հասկանում ենք, որ այլ տարբերակ չունենք: Հենացատկի հետ կապված խնդիրն, օրինակ, մեր ուժերով ենք լուծել: Մասնագետ ենք գտել, որը զոդել է գործիքը, սկսել էր շարժվել: Հիմա համեմատաբար լավ վիճակում է, հատակն էլ բետոն ենք արել, որ ավելի ամուր մնա

Իմ կարիերայի ամենաազդեցիկ մարդն ընկեր Հակոբն է: Ինձ թվում է բոլոր մարզիկների հաջողությունների մեծ լուման հենց մարզիչներին է պատկանում: Ընկեր Հակոբը պահանջկոտ է, խստապահանջ, ինչն էլ արդյունք է տալիս»,- վատ պայմաններում մեդալներ նվաճելու ու մարզչի դերի մասին ավելի վաղ խոստովանել էր Դավթյանը:  

Հայաստանի միջազգային մրցավարները. Հակոբ Սերոբյան


Բոլոր մեդալային հրաշքների համար հենց ընկեր Հակոբին կամ Հակոբ Սերոբյանին ենք պարտական: Մարզաձեւի հիանալի իմացության, մարզչական անզուգական որակների ու գիտելիքների շնորհիվ նրան հաջողվեց հայկական մարմնամարզությունը հանել միջազգային մակարդակի: Թե ինչպես է նրան հաջողվում, երեւի, առանձնակի գաղտնիք չկա էլ՝ աշխատելով ու պահանջելով իր սաներից:

Եթե Ձեզ մեկ անգամ գոնե բախտ է վիճակվել լինել մարմնամարզության ոչ այդքան լուսավոր ու բարվոք վիճակում գտնվող դահլիճում, նկատած կլինեք, թե որքան ջերմ ու ամենաիսկական թիմային ոգի է տիրում այնտեղ: Նման հոգատար ու սիրառատ մթնոլորտ հաճախ ու ամենուր չեք հանդիպի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դրա շնորհիվ է նաեւ, որ դեռ 38 տարեկանում շարունակում է ելույթ ունենալ ու մեդալներ նվաճել Հարություն Մերդինյանը: Մարզիկի հաջողությունները անհավանական ու հիանալի են: Նրա սպորտային շնչառությունը նորից բացվել է ու մեկ տարվա ընթացում նման խոշոր 2-րդ նվաճմանն է հասնում: Մինչ այդ ամռանը նա 2-րդ անգամ չեմպիոն հռչակվեց նժույգթափերում, իսկ հիմա կրկին Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր է:

Այդ արդյունքը եղավ իր ուժերին հավատալու, մեծ փորձի ու ունեցած բացթողումների, աշխատասիրության եւ չհանձնվելու արդյունքում: Եթե ամեն ինչ այսքան բարեհաջող ընթանա ու Մերդինյանը շարունակի լավ մարզավիճակում մնալ, կարող է նաեւ հանդես գալ Փարիզի Օլիմպիական խաղերում: Ռիոյի անհաջող ելույթից հետո նա դեռ շատ է ցանկանում իր խոսքն ասել Օլիմպիական խաղերում:

Լուսանկարը` Reuters


Գուցե, համարում եք, որ 40 տարեկանում Փարիզում հանդես գալու ու մեդալի մասին խոսակցությունները ֆանտաստիկայի ժանրից են, բայց եթե տարիներ առաջ մեզանից յուրաքանչյուրին ասելու լինեին, որ 2022-ին մարմնամարզիկները նման նվաճումներ են ունենալու, հաստատ չէինք հավատա:

«Մեր անկախ Հայաստանի մարմնամարզության առաջին քայլերը ես եմ կարողացել անել, ինձնով սկսվել են հաջողությունները եւ մեր մարզիկները դա տեսնելով՝ ավելի լավ արդյունքներ են գրանցում: Ցանկացածի մեդալն ասեք բոլորինս լինի, դրա շնորհիվ է նման կոլեկտիվ հավաքվել: Մարզիչների ու թիմակիցներիս շնորհիվ է, որ դեռ սպորտում եմ, որովհետեւ ինձ շատ են օգնում, եթե իրենց աջակցությունը չլիներ, հնարավոր է շատ վաղուց ավարտած լինեի կարիերաս: Ուժ են տալիս, ասում, որ կարող եմ ու շարունակեմ փորձել: Ես էլ ուզում եմ իրենց հուսախաբ չանել»,- խոստովանել էր նա:

Լուսանկարը` Reuters


Սպորտն այն ոչ շատ ոլորտներից է, որում հայերին իսկապես հաջողվում է պատմական ու անհավանական նվաճումների հասնել եւ ազգի ոգին բարձր պահել:

Հայ մարզիկները վաղուց ցույց են տվել, որ ոչ դժվարություններն ու խնդիրները, ոչ վատ պայմաններն ու երկրի համար ճակատագրական պահերը նրանց չեն խանգարում առաջ գնալ: Հակառակը, 2020-ի ծանր ու դժվար օրերից, կորուստներից հետո նրանք ավելի նպատակասլաց ու չհանձնվող են դարձել, բավական է միայն հաշվել ու տեսնել, թե որքան տարատեսակ հաջողություններ են եղել, որոնից շատերը կամ առաջին անգամ են գրանցվել կամ էլ ռեկորդային եղել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին