Դեկտեմբեր 26, 2024
exclusive
13030 դիտում

Հայաստանի միջազգային մրցավարները. Հակոբ Սերոբյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվց

Լուսանկարը` Անձնական արխիվց

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվց

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի օրոք այս մարզաձեւը մեր երկրում անհամեմատ մեծ զարգացում գրանցեց, իսկ մարզիկները սկսեցին մեդալներ նվաճել կարեւոր առաջնություններում:

Սերոբյանը նաեւ միջազգային մրցավար է, որը սպասարկել է բազմաթիվ առաջնություններ, իսկ Տոկիոյում նա կմասնակցի իր երրորդ Օլիմպիական խաղերին: Mediamax Sport«Հայաստանի միջազգային մրցավարները» շարքի այսօրվա հերոսը Սերոբյանն է:

Մարզաձեւի ընտրությունն ու վնասվածքի պատճառով կարիերան շուտ ավարտելը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարմնամարզությունում հայտնվել եմ մարզիչ Աշոտ Գասպարյանի շնորհիվ: Նա երեխաներ ընտրելու համար եկել էր մեր դպրոց, իսկ ես առաջին դասարանում էի սովորում:

Փոփոխական մարդ չեմ ու իմ մարզիչը եղել է միայն Գասպարյանը: Իհարկե, մարզիչ-մարզիկ հարաբերություններում լինում են խնդիրներ, բայց չպետք է հիասթափվել ու հեռանալ միմյանցից, դրանից առաջինը կտուժի մարզիկը:

Հայրս ծանրորդ է եղել ու չի ցանկացել, որպեսզի ես շարունակեմ իր ուղին, նա շատ էր ուզում, որ բռնցքամարտիկ դառնամ: Մայրիկս էր ինձ տանում մարզումների, նաեւ սխալ կարծիք կար, թե մարմնամարզությունը կանացի ձեւ է: Հետո հայրս մի քանի անգամ եկավ մեր դահլիճ, տեսավ Ազարյանին, մյուս մարզիչներին, հասկացավ, թե ինչպիսի մկանային կառուցվածք ունեն ու ինչքան տղամարդկային սպորտ է մարմնամարզությունն ու ինքն էլ սիրահարվեց:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր մարզաձեւը ոչ մի երեխա էլ ամենասկզբից չի սիրում: Երեխաները ցանկանում են խաղալ, վազվզել, ոչ թե, օրինակ, շպագատը բացել ու այն էլ ցավ զգալով: Բացի այդ էլ մարմնամարզությունը շատ խիստ մարզաձեւ է, որտեղ կարեւոր է քայլվածքը, շարժուձեւը, կառուցվածքը:

Ինձ հայրիկս է պահել սպորտում, միայն արդեն հասունացման տարիքում հասկացա, թե ինչքան օգուտ է տալիս մարմնամարզությունը, ինչպիսի առավելություն են ունենում այդ մարզաձեւով պարապածները:

16 տարեկանում ծնկների շատ լուրջ վնասվածք ստացա ու չկարողացա այլեւս շարունակել: Ընդունվեցի ինստիտուտ, հետո ծառայության անցա ԽՍՀՄ-ի բանակում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերադառնալուց հետո ավարտեցի ուսումս ու 1989-ին Աշոտ Գասպարյանն ինձ առաջարկեց անցնել մարզչական աշխատանքի:

31 տարեկանում հավաքական գլխավորելուց դեպի առաջին մրցաշար

Երբ գնացի դահլիճ ու հավաքեցի առաջին խումբս, միանգամից շատ սիրեցի երեխաներին: Այն, ինչին ես որպես մարզիկ չէի հասել, ցանկանում էի ներդնել նրանց մեջ ու այդ պակասն այդպես լրացնել:

Ես անշահախնդիր էի աշխատում, այնքան էի սիրում տղաներիս: Այս ողջ տարիների ընթացքում բազմաթիվ սաներ եմ ունեցել, նրանք իմ երեխաներն են, այսօր շատերի հետ աշխատում եմ ու անչափ շատ եմ վստահում:

Կամաց-կամաց ես կայանում էի որպես մարզիչ, անկեղծ կլինեմ, շատ սխալներ եմ նաեւ թույլ տվել: Ցանկացած մարզիչ իր սխալներից պետք է հետեւություններ անի ու սովորի:

Լուսանկարը` Մեդիամաքս


31 տարեկան էի, երբ Ալբերտ Ազարյանն առաջարկեց գլխավորել Հայաստանի հավաքականը: Ես զարմացա ու հարցրի, բայց կարո՞ղ եմ: Պատասխանեց, որ վստահ է իմ ուժերին ու պետք է փորձեմ: Այդ ժամանակ մարզիչների մեծ մասն այլեւս այստեղ չէր ու ընդհանուր զրոյական վիճակ էր:

Ամբողջ կյանքում կհիշեմ առաջին մրցաշարս: 2000 թվականին Բրեմենում կայացած Եվրոպայի առաջնությանը մեկնել էինք ես ու չորս տղաներս: Ոչինչ չգիտեի, թե ուր եմ գնալու, ինչ եմ անելու: Մեկ օր առաջ հասանք մրցավայր, մեզ չէին գրանցում, քանի որ ուշացել էինք: Նախավերջին տեղը գրավեցինք, բայց ես այնքան ուրախ էի, քանի որ կարողացել էինք մասնակցել:

Մրցավար դառնալու միակ նպատակը՝ օգնել հավաքականին

Մենք պայմաններ չունեինք, չէինք իմանում, թե ինչպես է մարմնամարզությունն ամբողջ աշխարհում առաջ գնում, գործիքները հին էին, ջեռուցում չկար: Բայց ամեն անգամ մրցման գնալով՝ կամաց-կամաց շատ բաներ սովորեցի ու հասկացա, որ պետք է գրագետ վարժություն կազմել: Դրա, ինչպես նաեւ շատ հարցերի պատասխաններ ունենալու համար, գիտելիքներ են պետք: Այդպես ես որոշեցի մասնակցել մրցավարական քննություններին, որպեսզի հասկանամ օրենքներն ու դրանք կիրառեմ Հայաստանում: Խոստովանում եմ, որ ես ստիպված դարձա մրցավար, որպեսզի օգնեմ մեր հավաքականին ու առհասարակ մարմնամարզությանը:   

Լուսանկարը` Անձնական արխիվց


2006 թվականին իմ սեփական միջոցներով գնացի քննություն հանձնելու: Մյուս մրցավարներին ֆինանսական օժանդակություն ցուցաբերում են իրենց երկրները, իսկ մենք մինչեւ այսօր էլ սեփական գրպանից ենք վճարում:

Քննությունս շատ լավ հանձնեցի եւ միանգամից երրորդ կարգ ստացա: Հետո եղավ օրենք, որի համաձայն մասնակից երկիրը տարբեր առաջնություններում պարտադիր պետք է մրցավար ունենա, հակառակ դեպքում կտուգանվի:

Եվ ես 2007-ին անցկացրի առաջին առաջնությունս որպես մրցավար: Շտուտգարտում ընթանում էր Աշխարհի առաջնությունը, վստահ էի, քանի որ ինձ հետ աշխատող մի շարք մրցավարներից ավելի բարձր միավորներ էի վաստակել, բայց ամեն դեպքում փորձը շատ կարեւոր էր:

Լուսանկարը` Անձնական արխիվց


Լարված էի միայն այն պատճառով, որ տղաներս եւս ելույթ էին ունենալու, իսկ գումար չլինելու պատճառով թիմի հետ այլ մարզիչ չկար, միայն ես էի: Այնպես ստացվեց, որ բազմամարտի եզրափակչում երկու հոգի ունեցանք: Խնդրեցի, որ թույլ տան մոտենամ տղաներիս եւ օգնեմ վարժությունը սկսել: Որպեսզի նկարահանումներին չխանգարեմ, պատի տակով վազում էի այս ու այն կողմ, օգնում սաներիս: Կարծում եմ սա ոչ թե իմ խնդիրն էր, այլ պետության: Իսկ ես որպես մարզիչ հպարտ էի, քանի որ առաջին անգամ Հայաստանից երկու հոգի մասնակցում էր եզրափակչին՝ Վահագն Ստեփանյանը եւ Արտյոմ Ավետյանը:

Մրցավարի ու մարզչի համատեղ աշխատանքը

Մրցավար դառնալուն ինձ ոչ ոք չի պատրաստել, որովհետեւ այդպիսի մեկը չկար: Չեք պատկերացնի, թե ինչքան սխալներ եմ արել մինչեւ հասել եմ այս ամենին: Այսօր մեր տղաներից ցանկացածը, որ հարց է ունենում, դիմում է ինձ, ես էլ մեծ պատրաստակամությամբ օգնում եմ: Մարմնամարզությունը շատ արագ է զարգանում, նոր տարրեր են ի հայտ գալիս, իսկ ես արդեն կապեր ունեմ, այլ մրցավարների հետ իմացածով փոխանակվում եմ, օգնում ենք իրար:

Մարդիկ մեծ մասամբ դառնում են մրցավար կարիերա ստեղծելու, առաջ գնալու համար, իսկ ես մրցավար եմ իմ սաներին օգնելու համար: Ցանկացած մրցման ժամանակ ատամներով պաշտպանում եմ նրանց, պետք լինի՝ կռիվ եմ տալիս, որովհետեւ պետք է ստանան իրենց ճիշտ գնահատականները:

Լուսանկարը` Անձնական արխիվց


Մեր մարզաձեւը շատ սուբյեկտիվ է, օրինակ՝ քայլը դիմացից մի ձեւ է երեւում, հետեւից ընդհանրապես չի երեւում: Նման օրինակներ շատ կարող եմ բերել: Հայաստանի հավաքականի մասնակիցների սխալները ես չեմ ուզում տեսնել, դա անկախ ինձնից է լինում: Մարմնամարզությունում կարող ես դատել քո երկրի ներկայացուցչին, բայց ոչ եզրափակչում:

Ամենադաժան բանն է, երբ ես մրցավար եմ ու ելույթ են ունենում մեր մարզիկները: Պատահում է, որ մրցավարական սեղանից վեր եմ կենում ու գնում թիմի մոտ: Ինձ ճանաչելով՝ հաճախ բան չեն ասում: Եվրոպայի առաջնության ժամանակ, երբ Արթուր Դավթյանը հիանալի կատարեց վարժությունն, ուրախությունից ձեռքս խփեցի սեղանին, մյուս մրցավարները զարմացան, թե այս ինչ պատահեց ինձ: Այդպես է լինում՝ մի աչքով դատում եմ, մյուսով՝ հետեւում տղաներիս:

Բայց, փառք Աստծո, մեկը մյուսին բոլորովին չի խանգարում: Լավագույն 10 մրցավարների ցանկում եմ ու արդեն 3-րդ անգամ հրավիրվել եմ մասնակցելու Օլիմպիական խաղերին:

Նոր մրցավարներ ունենալու ակնկալիքով

Լուսանկարը` Մեդիամաքս


Բացի ինձնից մենք ունենք եւս երեք մրցավար՝ Էլֆիկ Հովհաննիսյանը, Արթուր Գյուրջինյանը, Տիգրան Պետրոսյանը: Ես պարապում եմ իրենց հետ ու նաեւ ինքս եմ սովորում: Վերջին քննությունս այնքան լավ հանձնեցի, որ մյուս մրցավարներն ասում էին չեմպիոն ես դարձել: 99 տոկոս էի հավաքել հենց իրար հետ աշխատելու շնորհիվ, որովհետեւ իրանց շնորհիվ ես շատ բաներ վերհիշեցի:

Հիմա ես Սերոբ Սողոմոնյանին որպես նոր մրցավար եմ պատրաստում, այս Օլիմպիական խաղերից հետո քննություն է լինելու: Մեր ֆեդերացիայի նոր նախագահ Գագիկ Վանոյանը, կարծում եմ, կաջակցի այս հարցում:

Ամռանը հանդես եմ գալու Օլիմպիական խաղերում: Շատ ուրախ եմ, որ կրկին ընդգրկվել եմ խաղերը դատող մրցավարների ցանկում: Սա շատ պատասխանատու աշխատանք է, միայն մրցումից կես ժամ առաջ ենք իմանում, թե որ գործիքի վրա ենք լինելու:

Ընտանիքը՝ հայրն ու նրա տղաները

Լուսանկարը` Մեդիամաքս


Վստահությունը շատ է օգնում, միայն սպորտում չէ, կյանքում եւս: Եթե գիտես, հետեւաբար վստահ ես եւ ուժեղ, իսկ ուժեղը բարի է, զիջող: Ինձ համար զզվելի է, որ հենց այնպես խոսում են, ընդունիր սխալդ ու առաջ գնա:

Մենք շատ դժվար ճանապարհ ենք անցել, աստիճանաբար արդյունքների հասել՝ մեդալներ նվաճելով երիտասարդական ու մեծահասակների բոլոր կարեւոր առաջնություններում: Ես արդեն ընտրություն կատարելու հնարավորություն ունեմ, մասնակցում ենք տարբեր առաջնությունների ու չեմպիոններ ունենում: Մարմնամարզության մեր հավաքականին պակասում է միայն Օլիմպիական մեդալը, Աստված տա, այն էլ կարողանանք նվաճել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարմնամարզության մեր թիմն ընտանիք է, որտեղ մեկը մեկին հարգում ու սիրում է: Սյնքան երկար ճանապարհ ենք անցել, միասին ենք հաղթահարել դժվարությունները: Անչափ կարեւոր է նաեւ օբյեկտիվությունը, եթե մի մարզիկին մի քիչ առաջ տանես, սա արդեն կխարխլի ամեն ինչ, մարզիչը պետք է անկողմնակալ լինի:

Դահլիճում ես շատ խիստ եմ, բայց դրանից դուրս նրանց ծնողն եմ, ես էլ իրենց կողմից եմ զգում այդ վերաբերմունքը: Մենք փոխադարձ հարգում ենք միմյանց: Ես հիվանդություն էի ձեռք բերել, երեխեքս տեսնեիք ոնց էին մտածում իմ մասին, որ հանկարծ չբարկացնեն կամ մի բանով օգնեն:

Վստահ եմ, որ երիտասարդ մարզիչները շարունակելու են մեր գործն ու նաեւ հասնելու են ավելիին:

Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին