Երեկ հայտնի դարձավ, որ Մեծ Սաղավարտի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը որոշել է ավարտել կարիերան: Նա թենիսին 24 տարի է նվիրել ու 1500-ից ավելի հանդիպում անցկացրել:
Այս հրապարակումը պատրաստել ենք մինչ այդ լուրն ու անդրադարձել ենք թենիսիստի յուրահատուկ ոճին: Ֆեդերերը մեկ անգամ չէ, որ տարբեր ամսագրերի վարկածներով աշխարհի ամենաոճային ու գեղեցիկ մարզիկ է համարվել:
2019 թվականին բրիտանական GQ-ի ընթերցողները տասնամյակի ամենանորաձեւ տղամարդ ճանաչեցին հենց Ֆեդերերին: Նրանց կարծիքով՝ գուցե ոմանք, իսկապես, հիանալի տեսք ունեն կարմիր գորգի վրա, բայց Ֆեդերերն անկրկնելի է անգամ շան հետ զբոսնելիս կամ էլ խանութում գնումներ կատարելիս: Այդ ցանկում Ֆեդերերը շրջանցեց դերասաններ Տիմոտե Շալամեին, Ջոն Հիլլին ու երգիչ Հարի Սթայլին:
Լուսանկարը` Wilson Tennis
Կնոջ ազդեցությունը
Բավական է նայել Ֆեդերերի 2000-ականների նկարներն ու կհասկանաք, որ նա միշտ չի նման ոճ ունեցել, ճաշակն ու սերը գեղեցիկ հագուստների նկատմամբ աստիճանաբար են ձեւավորվել: Մինչեւ կնոջ՝ Միրկայի հետ ծանոթանալը, թենիսիստը նույնիսկ բրենդներն իրարից չէր տարբերում:
«Միասին պետք է միջոցառման գնայինք, Միրկան հասկացավ, որ ընդամենը մի քանի զույգ ջինս ունեմ, մի քանի շապիկ, մարզումային հագուստ ու գոտի: Ու ինձ հարցրեց. «Չե՞ս կարծում, որ զգեստապահարանդ պետք է թարմացնենք»,- GQ-ին պատմել է Ֆեդերերը:
Հիմա հիշելով իր ոճը երիտասարդ տարիքում, զարմանում է, թե ինչպես կարող էր այդքան տոնական հագուստ կրել անգամ առօրյայում: Բայց ժամանակի ընթացքում նախապատվությունը տվեց դասական ու էլեգանտ կոստյումներին.
«Որոշ ժամանակ անց բացահայտեցի, որ ինձ դուր է գալիս խանութներում հագուստ ընտրել»:
Լուսանկարը` ATP
Փոփոխությունը
Դրանից հետո թենիսիստիը սկսել է ուշադիր հետեւել իր զգեստապահարանին, դա էր պահանջում նաեւ նրան օրեցօր ավելացող հայտնիությունը, քանի որ առավել հաճախ պետք է հայտնվեր կարմիր գորգին ու կարեւոր միջոցառումների ներկա լիներ:
«Հրավերների թիվն աճում էր, քանի՞ անգամ էր կարելի նույն կոստյումն ու փողկապը կրել: Բայց հետո սովորեցի թեմայի մեջ լինել: Ավելի շատ էի ճանապարհորդում, նոր քաղաքներում էի լինում ու հետաքրքիր մարդկանց հանդիպում: Ու աստիճանաբար նկատում էի, որ նրանք ջանքեր են գործադրում գեղեցիկ լինելու համար: Ապա մտածեցի՝ գուցե ես էլ փորձեմ»:
Մնացած ամեն ինչն արդեն ժամանակը տեղը գցեց, որքան շատ էր Ֆեդերերը հաղթում, այնքան նրա արտաքինն ավելի ու ավելի տարբերվող եւ գրավիչ էր դառնում: Էլեգանտության ու հանգստության համադրությունը նրա այցեքարտը դարձան: Ֆեդերերն առաջատար էր ոչ միայն կորտում, այլ նաեւ նորաձեւության ասպարեզում:
Լուսանկարը` Swiss Tennis
«Թենիսն էլ ժամանակի ընթացքում փոխվել է, 80-ականներին, օրինակ, լրիվ այլ հագուստով ու մարզակոշիկներով էին խաղում: Բայց երբ խաղն ավելի ագրեսիվ ու դինամիկ դարձավ, այդ հագուստն էլ չէր դիմանում, եւ եկավ փոփոխությունների ժամանակը: Մշտապես փոխում էի երկրները, հանդես գալիս խիստ շոգի ու խոնավության պայմաններում, առաջացավ նոր հագուստի կարիք: Որ բրենդի հետ էլ աշխատել եմ, միշտ փորձել եմ այնպես անել, որ փողոցի ոճը չկորչի ու այդ հագուստը հնարավոր լինի կրել առօրյայում»:
Մինիմալիստական ոճը
Ֆեդերերն արդեն տեւական ժամանակ է չի խաղում, նա ապաքինվում էր վնասվածքից ու հետեւում թենիսի աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, մեծացնում իր երկու զույգ երկվորյակներին ու Շվեյցարիայում լավ ժամանակ անցկացնում:
Բայց նա ով մեկ անգամ տեսել է թենիսիստին կորտում, չի մոռանա նրա յուրահատուկ ու ընդգծված ոճը, այն թեեւ շատ մինիմալիստական է, բայց գեղեցիկ է ու հաճելի: Նրա խաղի մասին մի անգամ ասել են, որ այն նման է շվեյցարական ժամացույցի՝ ճիշտ է, կայուն ու հուսալի: Դրա համար էլ նա կորտ էր դուրս գալիս միայն մտածված ու ճաշակով մարզահագուստով, դրանում մեծ ներդրում են ունեցել Nike-ն ու Uniqlo-ն:
Լուսանկարը` Uniqlo
Բազմաթիվ նվաճումներից ու Մեծ Սաղավարտներից հետո Ֆեդերերի հետ ցանկացել են պայմանագիր կնքել շատ հայտնի բրենդներ, 20 տարվա ընթացքում նա համագործակցել է Nike-ի հետ: 2018-ին թենիսի աշխարհը ցնցվել է, երբ Ֆեդերերը պայմանագիր է կնքել ճապոնական Uniqlo-ի հետ:
«Միասին փորձել ենք ստեղծել իրեր, որոնք հիանալի կնայվեն ինչպես կորտում, այնպես էլ կյանքում: Երկար քննարկումների ու համատեղ կարծիքների արդյունքում ենք ցանկացած որոշման եկել»:
Լուսանկարը` ATP
Զիլ ժամացույցով շվեյցարացին
Եթե Ֆեդերերը ժամացույց է կրում, ապա միայն Rolex: Այդ երկուսի համագործակցությունը շարունակվում է արդեն երկար տարիներ եւ Ֆեդերերի համար այն ավելին է, քան պարզապես մարքեթինգային գործարք:
Նրա իրական մեծ հաջողությունների սկիզբը միջազգային ասպարեզում եղել է 2009 թվականին, երբ Ուիմբլդոնում գերազանցեց Փիթ Սամփրասի ռեկորդը, որը սահմանել է Մեծ Սաղավարտի մրցումներում: Այդ օրը նա Rolex-ի ժամացույցով էր ու մինչեւ հիմա էլ այդ պահը կարեւորում է:
«Այդ ժամացույցի հետ կապված են ամենաթանկ ու ջերմ հիշողությունները: Նայում եմ նրան ու տեսնում Ուիմբլդոնը»:
Լուսանկարը` Rolex
Մարզակոշիկները
Ֆեդերերի մանկության սենյակը պատված է եղել NBA-ի աստղերի պաստառներով: Դրանից մոտ 3 տասնամյակ անց նա կարողացել է այնպես անել, որ արդեն իր մարզակոշիկների ոճն ու ձեւը որոշեն, թե ինչ են կրելու մարդիկ:
«Սիրում էի սքեյթ վարել ու դրա շուրջը կատարվող ամեն ինչն էլ հավանում էի: Ազատ հագուստ էի կրում՝ բավական լայն, 90-ականներին բոլորն էլ այդ ոճն էին նախընտրում: Այդ ժամանակ էլ սկսեցի մարզակոշիկներն առանձնահատուկ կերպով սիրել: Կարծում էի Reebok կրելը զիլ է, քանի որ Շաքիլ Օ’Նիլն էր դրանցով խաղում: Շաքն իմ սիրելի բասկետբոլիստն էր, բնականաբար, Ջորդանն էլ»:
Բայց քանի որ տարված էր երաժշտությամբ ու վիդեոխաղերով, շատ գումար մարզակոշիկների վրա չէր ծախսում, փոխարենը թենիսի շնորհիվ էր անվճար ստանում այն ամենն, ինչի կարիքն ուներ:
Լուսանկարը` etemps.com
«Անընդհատ նոր խաղակոշիկներ էի փորձում, նոր բրենդների հետ համագործակցում ու համարյա թե պատանի տարիքից սկած Nike-ն է կողքիս եղել»:
Պրոֆեսիոնալ խաղացող դարձել է 1998 թվականին, բայց մինչ այդ էլ արդեն մի քանի հովանավորչական պայմանագիր էր հասցրել ստորագրել, արդեն 10 տարեկանում ուներ իրեն մարզակոշիկներ տրամադրող բրենդեր՝ Lotto and Wilson:
Միջոցառումներն ու ֆոտոշարքերը
Ֆեդերերը սիրում է նաեւ կարեւոր ու գեղեցիկ միջոցառումների ներկա լինել՝ Met Gala-ին կամ էլ Chanel-ի ու Versace-ի ցուցադրություններին, Օսկար մրցանակաբաշխությանը, թագավորական հարսանիքներին:
2017-ի Met Gala-ին բոլորը շշնջում էին նրա թիկունքում, բայց լավ իմաստով: Դիմացից ոչնչով աչքի չընկնող սմոքինգը ողջ գեղեցկությունը թիկունքում էր թաքցրել: Նրա վրա պատկերված էր փայլերով ասեղնագործած կոբրա: Ոչ մեկը չէր սպասում, որ նման զգեստ կտեսնի Ֆեդերերի հագին:
Լուսանկարը` ATP
Եվս մեկ անթերի տեսքով Ֆեդերերը ներկա եղավ Օսկարին, ցանկալի կլիներ, որ ամեն տարի մասնակցեր մրցանակաբաշխությանը, քանի որ կինոաշխարհը նրա ներկայությունից շատ մեծ էսթետիկ հաճույք է ստանում: Ֆեդերերը հին Հոլիվուդի ոճով էր ու այդ առիթի համար թիթեռնիկ էր ընտրել:
Լուսանկարը` Oscar
Թենիսիսիտի ֆոտոշարքերն էլ շատ ստացված ու հաջողված են: Ամենաոճայիններից մեկը դեռ 2017-ին GQ-ի արածն է, որում Ֆեդերերը հայտնվեց Brunello Cucinelli, Brooks Brothers եւ Valentino Tom Ford զգեստներով: Դասական սմոքինգ, վերնաշապիկ՝ թիթեռնիկով, սրճագույն վերարկու ու Nike-ի մարզակոշիկներ: Իդեալական էր ստացվել, ավելի լավ է մեկ անգամ տեսնել ու համոզվել դրանում:
Լուսանկարը` GQ
Հարմարավետությունը
Հագուստ ընտրելիս հենց այդ սկզբունքով է Ֆեդերերն առաջնորդվում. «Պետք է համոզվեք, որ դուք եք հագուստը կրում եւ ոչ թե այն՝ ձեզ: Մի հագեք այն, ինչում անհարմար եք ձեզ զգում: Ռիսկի դիմեք, մի քիչ էլ խաղացեք հագուստի ոճի ու գույների հետ»:
Առօրյայում հենց այդպես էլ նա անում է՝ կրելով սովորական ու շատ աչքի չընկնող զգեստներ: Թենիսիստը նախընտրում էր հարմարավետ զգալ իրեն կորտում, բայց երբեմն նաեւ փորձարկումներ էր անում:
«Ժամանակ առ ժամանակ աչքի զարնող զգեստներ էլ հագնում եմ, օրինակ, վառ դեղին կամ նարնջագույն: Մրցաշրջանի ընթացքում մոտ 12 հավաքածու եմ փոխում, այնպես որ, տարվա մեջ 2-3 անգամ կարող եմ ինձ նման բան թույլ տալ:
Մնացած դեպքերում ընտրում եմ դասական ու հասարակ ոճ՝ պարզ գույներով, բայց աչքի ընկնող դետալներով:
Լուսանկարը` linabaumann.com
Սիրում եմ խանութներում լինել ու հագուստ ընտրել: Միշտ հետաքրքրվում եմ նոր թրենդներով: Տարիների հետ սովորել եմ ինձ ամեն տեսակի հագուստի մեջ էլ լավ զգալ, լինի դասական, թե սպորտային:
Բոլոր այն զգեստները, որ տեսնում եք իմ հագին, կարելի է խանութներում ձեռք բերել: Մտածում եմ մի օր իմ սպորտային զգեստապահարանից որոշ իրեր աճուրդի հանել: Շատ մեծ հավաքածու ունեմ, բոլորն էլ կարեւոր են ինձ համար, բայց բարեգործական նպատակով կարելի է մի քանիսից բաժանվել:
Երբեք չեմ մոռանա իմ առաջին սեւ զգեստը, որով խաղացել եմ 2007-ի US Open-ում: Ուզում էինք այդ մրցաշարի համար ինչ-որ առանձնահատուկ բան ընտրել, այդ ժամանակ էլ կորտում ոտքից գլուխ սեւով հայտնվեցի: Պաշտում եմ նաեւ իմ ուիմբլդոնյան կարդիգանները:
Հանդիպման ընթացքում 2 կիսագուլպա եմ կրում, չեմ էլ հիշում, թե ինչպես ամեն ինչ սկսվեց, պարզապես երեւի այդպես ավելի փափուկ է: Վաղուց ինձ համար դա ավանդույթի պես մի բան է դարձել:
Լուսանկարը` hypebeast.com
Իրականում ես սովորական տղա եմ եղել Բազելից, որը երազել է մի օր լավ թենիսիստ դառնալ: Հավատում էի, որ ինձ մոտ կստացվի ու այդպես էլ եղավ»:
Ֆեդերերի հեռանալուց հետո թենիսն, իսկապես, շատ բան կկորցնի: Երկրպագուները կկարոտեն նրա բարի ժպիտը, յուրահատուկ խաղն ու անհավանական էներգիան, որն ամեն անգամ իր հետ բերում էր կորտ:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: