Ապրիլ 25, 2024
exclusive
2489 դիտում

Սպորտը մեր զենքն է ուժեղներին սեփական կանոնները թելադրելու. Հայաստանի թիմային նվաճումը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՖԻԴԵ

Լուսանկարը` ՖԻԴԵ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՖԻԴԵ

Լուսանկարը` ՖԻԴԵ

Լուսանկարը` ՖԻԴԵ

Լուսանկարը` ՖԻԴԵ

Լուսանկարը` ՖԻԴԵ

Լուսանկարը` ՖԻԴԵ

Լուսանկարը` ՖԻԴԵ

Լուսանկարը` ՖԻԴԵ

Լուսանկարը` ՖԻԴԵ


Անկախ նրանից, որ Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին չհաջողվեց հաղթող դառնալ, այն իսկապես լավագույնն էր իր ոգով, ցուցաբերած պայքարով ու կամային որակներով, եւ սրանք պարզապես խոսքեր չեն:

Մեր գրոսմայստերների մասին խոսեցին ու գովեցին շատ հայտնի մասնագետներ, նրանք շախմատային կայքերի ու ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում էին ու մի քանի տուր շարունակ առաջատարն էին Չեննայում:

Հայերը հաղթող հռչակված Ուզբեկստանին, որը շատ երիտասարդ, ուժեղ եւ հեռանկարային թիմ ունի, զիջեցին միայն լրացուցիչ ցուցանիշներով: Երկու հավաքականներն էլ գեղեցիկ պայքար ծավալեցին ու յուրաքանչյուրը արժանիորեն կարող էր հաղթող դառնալ, բայց այս անգամ հաջողությունը ժպտաց մրցակցին:

Լուսանկարը` ՖԻԴԵ


Այս անգամ եղան արծաթե մեդալներ (նախկինում 19 միավորով երբեք ոչ մի թիմ 2-րդը չէր դարձել), որոնք սպորտային ու հոգեբանական առումով մի քանի տեսանկյունից են շատ նշանակալից, նախ թիմային առումով:

Փորձեք հիշել, թե վերջին տարիներին հայ մարզիկներին երբ էր հաջողվել որպես հավաքական հաջողության հասնել, ու թվարկելու համար 5 մատներն էլ շատ կլինեն: Բավական էր տեսնել, թե ինչպես են համագործակցում ու միմյանց աջակցում մեր շախմատիստները, որ հասկանայինք, թե ինչ է նշանակում իսկական թիմ լինելը:

Շատերս մտավախություն ունեինք, երբ այս տարվա սկզբին սկսեցին լուրեր շրջանառվել, որ Լեւոն Արոնյանը՝ մեր ամենատիտղոսակիրը շախմատիստը, անվիճելի առաջատարն ու ուժեղագույն շախմատիստը լքում է Հայաստանը: Նա երկար տարիներ թիմի կազմում էր եղել ու ստանձնել էր առաջին համարի պարտականությունները: ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն արդյունքն ունեցող շախմատիստին կորցնելն այն ժամանակ դժբախտության էր նման:

Լուսանկարը` ՖԻԴԵ


Սակայն դեռ գարնանը շախմատի խնդիրներին նվիրված Mediamax Sport-ի հոդվածաշարում որքան շատ մասնագետների ու խաղացողների հետ էինք խոսում, այնքան համոզվում էինք, որ ամեն չարիք էլ իր դրական կողմն ունի ու պետք է կարողանալ ստեղծված իրադրությանը լավ առումով նայել: Այդպես էլ վարվեցինք մենք ու շախմատի հավաքականը:

Անցան ընդամենը ամիսներ եւ Գաբրիել Սարգսյանը բարձրացավ անհավանական հարթության վրա, նախ նա կարողացավ Եվրոպայի չեմպիոն հռչակվել, ինչը եւս նոր վստահություն ու եռանդ հաղորդեց նրան: Սարգսյանի 2-րդ շնչառությունը բացվեց, նա իսկապես լավ 2-րդ համար էր եղել հավաքականի համար, բայց տեսանք, թե առաջին խաղատախտակին որքան հիանալի է նայվում:

ՖԻԴԵ-ի 40-րդ համարը հաղթեց Գուկեշ Դ-ին (Հնդկաստան-2, 38-րդ), Ֆաբիանո Կարուանային (ԱՄՆ, 5-րդ), Պենտալա Հարիկրիշնային (Հնդկաստան, 25-րդ), Շահրիար Մամեդյարովին (Ադրբեջան, 10-րդ), Ալեքսեյ Շիրովին (Իսպանիա, 42-րդ): Սարգսյանն անհավանական էր Օլիմպիադայում ու կարողացավ հիանալի առաջատար դառնալ:

Լուսանկարը` ՖԻԴԵ


Բայց սա առաջին հերթին թիմային պայքար էր ու շախմատիստներից ամեն մեկը գիտակցում էր այդ ամենը՝ ցուցադրելով հնարավորությունների ողջ զինանոցը: Գուցե եւ անհատական մրցաշարում նրանք այսքան ջանք չգործադրեին, բայց թիմի համար իրենց չխնայեցին: Պետք էր տեսնել, թե Հնդկաստանից վերադառնալուց հետո օդանավակայանում որքան հոգնած ու ողջ ուժերը ծախսած էին նրանք:

Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը հայերին անհավանական էներգիա ու հույզեր պարգեւեցին 11 տուրերի ընթացքում եւ այդ ամենը երբեք չի մոռացվի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շախմատի ֆեդերացիան էլ իր ներդրումն ունեցավ այդ ամենում, այն ճիշտ փոփոխություններ կատարեց, ու նոր գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը թարմ եւ նոր շունչ տվեց հավաքականին: Նման փայլուն մասնագետի ծառայություններից օգտվում էին տարբեր երկրների մարզիկներ, ու խելամիտ չէր լինի նրա պոտենցիալն ու գիտելիքները չօգտագործելը: Ինչը եւ արեցինք, ու ընդամեը ամիսներ անց Օլիմպիադայում 2-րդն ենք:

Սա միանշանակ բազմաթիվ հանգամանքների ու դրական տեղաշարժերի արդյունքում տեղի ունեցավ: Այս արծաթը հետագայում շատ ոսկիների գրավական կարող է դառնալ:  Նախ այն նոր նվաճումների կդրդի հավաքականի խաղացողներին, բացի այդ էլ թարմ ոգի ու խանդավառություն կառաջացնի ավելի երիտասարդ սերնդի մոտ: Հայաստանը նորից կկարողանա վերականգնել շախմատային հզոր երկրի դիրքերը:

Լուսանկարը` ՖԻԴԵ


Հայ մարզիկները շարունակում են ցույց տալ, որ երկրի համար ամենադժվար, ճակատագրական ու բարդ ժամանակներում նրանք հանդես են գալիս մեկ այլ՝ լրիվ անբացատրելի խանդավառությամբ ու ոգով: 2020-ից հետո նրանք չեն դադարում իրենցով հիանալու առիթներ տալ:

Մենք էլ որպես երկիր ու սովորական երկրպագուներ պետք է այնպես անենք, որ արժանի լինենք նրանց ու համաշխարհային սպորտում գրանցած մեծ արդյունքներին, որոնք իսկապես տրվում են անմնացորդ նվիրման, անհավանական ջանքերի ու դժվարությունների գնով:

Լուսանկարը` ՖԻԴԵ


Սպորտում բոլոր երկրներն անկախ իրենց հզորությունից հավասարվում են՝ փոքրիկ Հայաստանը ոչնչով չի զիջում հսկայական ԱՄՆ-ին, միլիարդանոց Չինաստանին ու ցանկացած այլ երկրի: Սպորտը հայերի շանսն է ուժեղների հետ խոսելու մեր լեզվով ու սեփական կանոնները թելադրելու, ինչը եւս մեկ անգամ արեց շախմատի հավաքականը:

Հասմիկ Բաբայան



Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին