Օգոստոս 18, 2022
exclusive
3126 դիտում

Նաիր Մելիքյան. Քահանաները խորանից են քարոզում քրիստոնեություն, ես էլ՝ ռինգից


Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


25-ամյա Նաիր Մելիքյանը երկար տարիներ է զբաղվում է բռնցքամարտով, սակայն մնացած մարզիկներից յուրահատուկ կերպարով տարբերվում է։ Ամեն անգամ Նաիրը զարմացնում է բոլորին․ սկզբում հնչում է Յարխուշտան, հետո հոգեւոր ծառայողի հագուստով երիտասարդը դուրս է գալիս ռինգ մենամարտելու։

Թեեւ շատ քննադատություններ է լսում իր հասցեին, բայց միեւնույն է գտնում է, որ եկեղեցական հագուստն իրեն ավելի է զորություն տալիս։

Բռնցքամարտիկ հոգեւորականը Վրաստանի Ախալքալաք քաղաքից է, հաճախ նաեւ Հայաստան է այցելում։

«15 տարի առաջ էր մայրս ինձ եկեղեցում ծառայության տվեց։ Ծառայում եմ՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում։ 5 տարեկանից էլ սկսեցի զբաղվել բռնցքամարտով։ Մարդիկ շատ են քննադատում, զարմանում, լուրջ չեն վերաբերվում ու միշտ ասում են՝ «ո՞նց կարելի է եկեղեցական կյանքը ու ռինգը համատեղել»։ Մի պատասխան եմ տալիս՝ Աստված շնորհ է տվել բոլորին, իմն էլ սա է։ Եթե ես չօգտագործեմ այն, չզբաղվեմ բռնցքամարտով, Աստված իմ ձեռքից կվերցնի իմ շնորհը»,- պատմում է նա:

Լուսանկարը` անձնական արխիվից


Կարատե, բռնցքամարտ, քիքբոքսինգ, մարտեր առանց կանոնների․ այս մարզաձեւերով է հանդես գալիս։ Սպորտով զբաղվելիս իրեն ավելի վստահ է զգում, բայց հանգստություն գտնում է եկեղեցում։ Հաջողության գրավականը Քրիստոնեական հավատքն է համարում։ Քահանաներն էլ միշտ իրեն աջակցում են, օրհնում եւ ճանապարհում դեպի ռինգ։

«Հավատքն առաջնային է իմ կյանքում։ Եթե հավատ չունենաս, չես կարող կյանքումդ ինչ-որ հաջողության հասնել։ Ինչ անում եմ՝ հանուն Աստծո է, ոչ թե հանուն փառքի: Միեւնույն ժամանակ էլ բոլորին մոտիվացնում եմ․ շատերն արդեն իմ օրինակով գալիս են եւ եկեղեցի, եւ մարզասրահ։ Բոլորին ապացուցում եմ, որ յուրաքանչյուրն էլ կարող է իր սիրելի զբաղմունքն ու գործը համատեղել։ Քահանաները խորանից են քարոզում քրիստոնեությունը, ես էլ՝ ռինգից»:

Ռինգում եկեղեցական հագուստով հակառակորդ տեսնելիս նաեւ մարզիկներն են զարմանում։ Պատմում է՝ իրեն անձամբ ոչինչ չեն ասում, բայց մարզիչներից է լսել, որ մրցակիցները գտնում են Աստծո ուժն իր մեջ է, ինչն էլ ուժեղացնում է նրան:

Մելիքյանին նաեւ կեղծանուններ են տվել. «Իսպանիայում մրցում ունեի, ինձ անվանեցին Անխել Դե Լա Մորտե, ինչը նշանակում է «Մահվան թագավոր»։ Մեր քահանաները դրանից բարկացել էին, ես էլ չգիտեի, որ ինձ այդպիսի կեղծանունով կդիմեն: Ռուսաստանում, օրինակ, «Հայկական վանական» են անվանում»։

Լուսանկարը` անձնական արխիվից


Երկու անգամ դարձել է կարատեի Եվրոպայի չեմպիոն, տարբեր մարզաձեւերում նվաճած մեդալներն ու գավաթները բազմաթիվ են: 15 պետությունների պայքարում անցկացված քիքբոքսինգի միջազգային մրցաշարում գրավել է Թուրքիայի գավաթը եւ Աշխարհի գավաթի գոտին։

«Առաջին անգամ 9 տարեկանում եմ Երեւանում մասնակցել կարատեի մրցաշարի։ Կարատեում չես կարող հարվածել մրցակցի դեմքին, ես անթույլատրելի հարվածք կատարեցի ու որակազրկվեցի: Արտասվում էի, որ այդպես եղավ: Չափահաս տարիքում մեծահասակաների հետ էի մենամարտում։ 2017 թվականին էլ Բուլղարիայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ ոտքս կոտրվեց։ Աղոթում էի Աստծուն, որ այդ վնասվածքի պատճառով դուրս չմնամ։ Դժվար էր ինձ համար ֆիզիկապես եւ հոգեպես, բայց հաղթահարեցի 5 մրցակիցներիս արգելքն ու դարձա Եվրոպայի չեմպիոն։ Հասակակից տղաներն ինձ հետ չեն մենամարտում․ տեսնում են պարապմունքներս ու մրցումներս եւ հրաժարվում»։

Լուսանկարը` անձնական արխիվից


Առաջին մեդալը նվաճել է 13 տարեկանում կիոկուշին կարատեում, երբ մենամարտել է իրենից 5 տարով մեծ մրցակցի հետ: Ամենահիշվող մենամարտն իր համար 2016 թվականին Բաթումիում տեղի ունեցած փառատոնի ժամանակ էր: Մրցակիցն ադրբեջանցի էր, ու թեեւ Վրաստանն էր ներկայացնում, բայց հաղթելուց հետո Հայաստանի դրոշն է բարձրացրել։

Բռնցքամարտիկը նաեւ սաներ ունի, որոնց եկեղեցում դասավանդում է։ Սիրում է ձի վարել, հաճախ է լինում Ախալքալաքին մոտ գտնվող վանքերում ու եկեղեցիներում։ Ասում է՝ դժվարությունները շատ են, բայց չի կոտրվում, Աստծուն միշտ խնդրում է պայքարելու ուժ տալ։

«Գլխավոր նպատակս հիմա UFC-ում հաղթելն է, իսկ երազանքս, որ հավատքս էլ ավելի շատանա Աստծո հանդեպ»։

Մերի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին