Փետրվարի 10-ին Պեկինի Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց գեղասահորդ Նաթան Չենը, որը մարզվում է Ռաֆայել Հարությունյանի գլխավորությամբ: Նա դարձավ հայազգի մարզչի առաջին Օլիմպիական չեմպիոն սանը:
Հարությունյանն ԱՄՆ-ում շատ հայտնի մարզիչ է, պատրաստել է Օլիմպիական խաղերի ու Աշխարհի շատ մեդալակիրներ: Ներկայացնում ենք հայ մասնագետի կարիերան ու թե ինչն է նրա մարզչական հաջողության գրավականը:
Անցած ուղին
Հարությունյանը ծնվել է 1957 թվականի հուլիսի 5-ին Թբիլիսիում: 7 տարեկանից սկսել է զբաղվել գեղասահքով:
«Երբ առաջին անգամ գնացի գեղասահքի խմբում գրանցվելու, ինձ չընդունեցին: Հետո հայրիկս իր կապերի միջոցով ինձ ընդունել տվեց»,- պատմել է Հարությունյանը:
Նա որպես մարզիկ զգալի հաջողություններ չի ունեցել, հասել է մինչեւ ԽՍՀՄ-ի սպորտի վարպետի թեկնածուի կոչման:
Ավելի ուշ տեղափոխվել է Երեւան, ավարտել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:
Լուսանկարը` ozy.com
«Վրաստանում ինձ ասացին, որ ավարտեմ կարիերաս, քանի որ արդեն ծեր եմ, մինչդեռ ես ընդամենը 18 տարեկան էի: Շատ ցավալի էր այդպիսի բան լսել: Ու հանկարծ Հայաստանում բացվեց ոչ մեծ սահադաշտ: Չգիտեմ, թե մտքիս ինչ փչեց, բայց 2-րդ կուրսից տեղափոխվեցի Երեւան: Ժամը 9:00-15:00-ը սովորում էի, ապա մինչեւ 22:00-ն աշխատում: Գիշերներն արտասվում էի, քանի որ սարսափելի հոգնում էի, պետք էր նաեւ լվացք անել, կերակուր պատրաստել, ամեն ինչ ինձ վրա էր: Թեեւ սկզբում դժվար էր, բայց սովորեցի: Տնից փող չէի վերցնում, ինքս էի վաստակում»:
1976-1985 թթ. մարզիչ է եղել Երեւանի գեղասահքի մանկապատանեկան մարզադպրոցում: Ապա հրավեր է ստացել ու տեղափոխվել Մոսկվա, քանի որ Հայաստանում այդ ժամանակ չկար միջազգային չափանիշներին համապատասխան սահադաշտ: Մոսկվայում նա մնացել է 18 տարի, իր կնոջ՝ Վերա Հարությունյանի հետ աշխատել են «Սոկոլնիկիում»:
Լուսանկարը` Zimbio
2000 թ. Հարությունյանը տեղափոխվել է ԱՄՆ ու սկսել մարզել «Ice Castle International Training Center»-ում: Ապա 2013-ին նրան, կնոջն ու մարզիչ Նադեժդա Կանաեւային հրավիրել են աշխատել «East West Ice Palace», 2016-ից մարզիչ է «Lakewood ICE»-ում: ԱՄՆ-ի քաղաքացիություն է ստացել միայն 2019-ին:
Հայտնի սաներն ու Նաթան Չենը
Հարությունյանն աշխատել ու մեծ սպորտում նշանակալից նվաճումների է հասցրել շատ մարզիկների, ովքեր փայլել են Օլիմպիական խաղերում եւ Աշխարհի առաջնություններում, նվաճել տարբեր մեդալներ:
Նրանց թվում են Միշել Քվանը, Սաշա Կոենը, Մաո Ասադան, Մայ Ասադան, Ջեֆրի Բաթլը, Ալեքսանդր Աբտը, Սերգեյ Վորոնովը, Իվան Դինեւը, Ալեքսանդր Շուբինը: Ամերիկացիներից բացի սաներ ունի նաեւ Կորեայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից:
Լուսանկարը` Olympics.com
2011-ին սկսել է համագործակցել Նաթան Չենի հետ, որը 2018 ու 2019 թթ. դարձել է Աշխարհի չեմպիոն՝ 2-րդ անգամ հաղթելով ռեկորդով: Օլիմպիական չեմպիոն եւս դարձել է ռեկորդային միավորներով:
Իր զրույցներից մեկում Հարությունյանը պատմել է, որ Նաթանը համարյա իր որդին է:
«Երբ նոր էր մարզվում ինձ մոտ, Յուտայում էր ապրում ու տարեկան 2 անգամ էր կարողանում գալ: Դա լավագույն դեպքում, առաջին 1,5 տարում երեւի 3 անգամ եկած լինի: Ուզում էր կոնկրետ ցատկ սովորել, դեռ շատ փոքր էր, երեւի 10 տարեկան: Մայրն էր նրան մեքենայով 36 ժամ բերում: Տալիս էին այնքան գումար, որքան ունեին: Միայն 3-րդ այցի ժամանակ իմացա, որ մեզ մոտ գտնվելու մեկ շաբաթվա ընթացում մեքենայում են մնում: Նրանք այնքան էին կենտրոնացած սպորտի վրա, որ ամեն զոհողության դիմում էին»,- հիշել է մարզիչը:
Լուսանկարը` Olympics.com
Չենի խոստովանությունը
Օլիմպիական չեմպիոնն էլ իր հերթին պատմել է, որ ամբողջ կյանքում շնորհակալ է լինելու իր մարզչին: Հաղթանակից հետո նա առաջին հերթին Հարությունյանի մասին է խոսել:
«Մայրիկս քիչ փող ուներ, մենք աղքատ էինք: Նա հավաքեց վերջին դոլարները, որպեսզի վճարի մարզումների համար: Ռաֆայելն ամեն ինչ հասկանում էր, իր բարի սրտի շնորհիվ շարունակում աշխատել ինձ հետ ու վերցնել այնքան գումար, որքան կարող էինք տալ նրան: Անգամ պահ եղավ, որ ասաց էլ պետք չէ վճարել, իսկապես ցանկանում է օգնել ինձ հասնել նպատակներիս: Այդ աջակցության համար նրան ողջ կյանքում շնորհակալ կլինեմ»,- լրագրողներին ասել է նա:
Հարությունյանն էլ ոսկե մեդալից հետո խոստովանել է, որ իսկապես երջանիկ է. «Նա արեց դա»:
Մտքերը
Ռուսաստանից տեղափոխվել եմ ԱՄՆ, քանի որ չէի ցանկանում սովորական մարզիչ լինել, ուզում էի գումար վաստակել իմ գիտելիքների շնորհիվ, ինչը եւ հիմա անում եմ:
Շատերն ինձ հիշում են իմ «Բարձրացրու գլուխդ ու ժպտա» արտահայտությամբ: Գեղասահքն արվեստ է, որը միաձուլված է սպորտի հետ: Պետք է սահել ժպտալով, պայքարել ժպիտով ու մահանալ նույն կերպ:
Մարզումային պրոցեսում ամենակարեւորը հենց հոգեբանական պատրաստվածությունն է: Այն նպաստում է մարզիկի տեխնիկական ու ֆիզիկական աճին: Արտահայտություն կա «Հաղթում է նա, ով ամենաշատն է դա ցանկանում»:
Լուսանկարը` sportrbc.ru
Լավ մարզիկների վրա չեմ գոռում, քանի որ նրանք փորձում են դրսեւորել իրենց: Նրանց այսպես թե այնպես աշխատում են: Զայրանում եմ հիմնականում ծույլերի վրա:
Երկար տարիներ պետք եղան, որ ես վերջապես հասնեմ նպատակիս ու ներկա լինեմ Օլիմպիական խաղերի: Դա 2002 թվականին էր Սոլթ Լեյք Սիթիում: Իմ սան Սաշա Կոենը ելույթն ավարտեց 4-րդ տեղում ու դա նրա համար մեծ դժբախտություն էր, իսկ ինձ համար երջանկություն: Վերջապես ուժեղների պայքարին էի մասնակցում, բացի այդ էլ փորձս քիչ էր: Եթե որեւէ մեկը կարծում է, որ 10-15 տարին նշանակալի է, սխալվում է: Իսկական փորձը պետք է կազմի 40 կամ 45 տարի:
Երբ ասում եմ հոգնել եմ ու հեռանում եմ, ինձ հիշեցնում են, որ դեռ երիտասարդ եմ:
Հիմա իսկապես երջանիկ եմ: Նվազեցրեք ձեր պահանջների չափն ու երջանիկ կդառնաք: Իմ կյանում ավելիին եմ հասել, քան ցանկացել եմ: Երբեք չեմ մտածել, որ ինձ հետ հարցազրույցներ կանեն կամ էլ հրապարակումներ կլինեն իմ մասին: Երբ երիտասարդ մարզիչ էի մի քիչ նախանձում էի նրանց, որոնց մասին մշտապես գրում էին թերթերում: Մտածում էի՝ տեսնես իմ հերթը ե՞րբ կգա, իսկ հիմա թաքնվում եմ այդ ամենից:
Հասմիկ Բաբայան


































Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: