Դեկտեմբեր 03, 2025
81 դիտում

Անդրե Շյուրլեի անսովոր ուղին. Էքստրեմալ ալպինիզմով եւ առողջ ապրելակերպով տարվածությունը


Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` si.com

Լուսանկարը` Vogue

Լուսանկարը` անձնական արխիվ


Գերմանիայի հավաքականի կազմում Աշխարհի չեմպիոն դարձած Անդրե Շյուրլեն կարիերան ավարտել է 29 տարեկանում Մոսկվայի «Սպարտակ»-ում: Նա առողջության հետ կապված մշտական խնդիրներ է ունեցել, որոնց պատճառով այդպես էլ չի կարողացել վերադառնալ իր լավագույն մարզավիճակին: 

Օրերից մի օր գերմանացին հոգնել է այդ ամենից ու որոշել ավարտել կարիերան: Փոխարենը նա շատ անսովոր զբաղմունք է գտել ու տարվել էքստրեմալ ալպինիզմով:

Անսովոր վերելքը

2019 թվականին ֆուտբոլը թողնելուց հետո Շյուրլեն սկսել է զբաղվել առողջության վերականգնմամբ։ Դրանում նրան օգնել է մի շատ յուրահատուկ մեթոդ: Նախ սովորել է դիմանալ շատ ցածր ջերմաստիճանին, ապա առանց վերնահագուստի արշավի մասնակցել, որը յուրահատուկ փորձություն էր Շյուրլեի համար:

Նա ժամանել է Չեխիայի ու Լեհաստանի սահմանին գտնվող Սնեժկա լեռն ու հաղթահարել նրա 1603 մ բաձրությունը: Նախկին ֆուտբոլիստը լուսանկարով ցույց է տվել, թե ինչպես է իրականացրել վերելքը՝ կրելով միայն կիսատաբատ, մարզակոշիկներ ու գլխարկ: 

Լուսանկարը` անձնական արխիվ


Շյուրլեն հաղթահարել է ձյունածածկ ու սառցապատ ճանապարհը, իսկ օդի ջերմաստիճանը եղել է -19 աստիճան: Ցրտի հաղթահարման այդ մեթոդը մշակել է հոլանդացի էքստրեմալ մարզիկ Վիմ Հոֆը, որն ինքն էլ հեշտությամբ է դիմանում ցրտին ու նրան է պատկանում սառույցի լակ լողալու համաշխարհային ռեկորդը:

Շյուրլեն դեռ չի կարող հպարտանալ Հոֆի ցուցանիշներով, բայց նրա մոտ եւս բավական լավ է ստացվում, եւ վկայությունը Սնեժկայի գագաթի նվաճումն է: 

«Ցրտին դիմանալն ամենաբարդն էր հոգեբանական ու ֆիզիկական առումով: Վերջին րոպեներին ոչինչ չէի զգում ու ստիպված էի ինչ-որ բան գտնել հոգուս շատ խորքերում, որպեսզի կարողանամ շարունակել ուղիս: Դա երբեք չեմ մոռանա: -19 աստիճան է, քամին փչում է դեմքիդ 100 կմ ժամ արագությամբ, անձրեւախառն ուժեղ ձյուն է գալիս: Հասկացա, որ մարմինս ավելի ուժեղ է, քան ես նրա մասին մտածում էի», - խոստովանել է նա:

Նախկին ֆուտբոլիստի հրապարակմանը մի քանի խաղացողներ են արձագանքել, այդ թվում Դիդյե Դրոգման, որի հետ խաղացել են «Չելսի»-ում: «Բարձր նորաձեւության շաբաթ Անդրեից: Հպարտանում եմ քեզնով: Իմ մարմինը վայրկենապես կդադարեր գործել»,- գրել էր նա:

Լուսանկարը` անձնական արխիվ


Ինքնահաղթահարումը 

Մինչդեռ Շյուրլեն վաղուց էր սկսել պատրաստվել այդ փորձությանը, նախ սովորել էր սառցե լոգանքներ ընդունել ու այդ ընթացքն այսպես նկարագրել. 

«Ներքին ձայնս. Մի՞թե դա քեզ պետք է, վերադարձիր քո հարմարավետ ու տաք բնակարան:

Ես. «Զգացողությունը, երբ դուրս ես գալիս հարմարավետության գոտուց, անհավանական է: Վերջերս այսպիսի միտք եմ լսել. «Կյանքի ամենալավ բաներն ու պահերը գտնվում են վախի հակառակ կողմում»»:

Դրանից առաջ եւս Շյուրլեն առանց վերնահագուստի սարեր էր բարձրացել, բայց ավելի տաք պայմաններում: Իր առողջությունն ամրապնդել նրան օգնել են շնչառական վարժությունները: «Ցրտի փորձությունները մեր ուսուցման մի մասն էին կազմում, մյուսները խորը շնչառական վարժություններն էին: Այդ այցելություններից հետո հույզերն ու տպավորությունները անբացատրելի էին: Արտասվում էի, ծիծաղում եւ թուլանում: Ներում էի մարդկանց ու զարմանալի շնորհակալություն զգում կյանքիս ու տիեզերքի համար»:

Լուսանկարը` անձնական արխիվ


Կարիերայի ավարտը

Իր վերջին հանդիպումը ֆուտբոլիստն անցկացրել է «Սպարտակ»-ում ու խաղադաշտ դուրս եկել «Ռոստով»-ի դեմ: Նա հայտնեց, որ էլ չի վերադառնալու մոսկովյան ակումբ, ապա խզել նաեւ պայմանագիրը Դորտմունդի « Բորուսիա»-ի հետ, որին պատկանում էր ֆուտբոլիստի տրանսֆերը:

Ռուսաստանում նա այդպես էլ նորմալ չխաղաց, քանի որ անդադար խանգարում էին վնասվածքներն ու հիվանդությունները: Սակայն նրա խնդիրները սկսվել էին ավելի վաղ՝ տարիներ շարունակ ստիպված էր լինում հաճախակի հանդիպումներ բաց թողնել:  

Շատերն այդ խնդիրները կապում էին մսից հրաժարվելու հետ, թեեւ Ռուսաստանում շարունակում էր մասամբ օգտագործել: 2014-ին Գերմանիայի ընտրանու հետ հավաքի ժամանակ Շյուրլեն վարակված հավի միս է կերել ու սալմոնելոզով վարակվել (սուր աղիքային հիվանդություն է, բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորմամբ): Միսը երկար ժամանակ պահվել էր սառնարանում, այնուհետեւ վատ տապակվել: Անդրեն այդ ընթացքն այսպես է նկարագրել. 

«Հիվանդանալուց հետո մոտ 5 կգ կորցի եւ երկար ժամանակ չէի կարողանում ուժերս վերականգնել: Անգամ ունակ չէի անկողնուց վեր կենալ: Դրանից հետո մսին նույնիսկ նայել չէի կարողանում»:

Լուսանկարը` FIFA


Իրեն վերգտնելու ճանապարհին հաջորդ քայլը ֆուտբոլը թողնելն էր, որին տալիս էր ողջ ուժերը: 

Կյանքը նորովի սիրելը

Հիմա ֆուտբոլիստի կյանքում ամեն ինչ ներդաշնակ ու գեղեցիկ է: Նա շարունակում է կոփվել ու առողջ ապրելակերպ վարել: Անդադար մարզվում է, խառը մենամարտերով ու հետաքրքրվում բռնցքամարտով, հեծանիվ վարում, լողում, սարեր բարձրանում ու մարաթոնների մասնակցում է՝ վերջինը սեպտեմբերին Բեռլինում էր: 

Շյուրլեին ամենուր կարելի է տեսնել իր իսկ հիմնադրած Dryll (տարբեր համերի աղի ըմպելիք, որը նախատեսված է ջրազրկումը բարելավելու համար) ապրանքանիշի գրությամբ գլխարկներով ու շշերով: 

«Ձեռնարկատիրական մտածողությունը ինձ մոտ վաղ է սկսվել, դեռ ֆուտբոլային կարիերայիս ընթացքում հորս հետ անշարժ գույքի եւ ներդրումային ընկերություն ենք հիմնել։ Իսկ Dryll-ն անհատական ձեռնարկությունն է, որը հիմնադրել ենք ընկերոջս հետ։ Կարգապահությունն ու քրտնաջան աշխատանքը պրոֆեսիոնալ սպորտում նույնքան կարեւոր են, որքան ձեռներեցության կամ մարաթոնյան վազքի ընթացքում: Առանց այդ մտածելակերպի երբեք այդքան հեռու չէի գնա ֆուտբոլում: Մարաթոնի եւ տրիատլոնի մարզումներիս ընթացքում փնտրում էի ջրազրկման տարբերակ ու այդ ժամանակ էլ ունեցա Dryll-ի գաղափարը: Հիմա Dryll եմ օգտագործում ամեն օր, վերջին 70 կիլոմետրանոց ուլտրավազքի ժամանակ 8 լիտր Dryll եմ խմել ու ինձ հիանալի զգացել»,- Sports Illustrated-ին ասել է Շյուրլեն: 

Լուսանկարը` անձնական արխիվ


2018-ից ֆուտբոլիստն ամուսնացած է ղազախ մոդել Աննա Շարիպովայի հետ, նրանց դուստրը՝ Կայան, ծնվել է 2019-ին: Զույգը սիրում է ճանապարհորդել ու նոր երկրներ բացահայտել, ինչպես նաեւ միասին նկարահանվել տարբեր բրենդների գովազդներում:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին