Մայիս 02, 2025
exclusive
9764 դիտում

Մալխաս Ամոյան. Ոսկե մեդալս նվիրում եմ հայ ու եզդի ժողովուրդներին


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Արդեն երկրորդ օրն է, որ Մալխաս Ամոյանը վայելում է Աշխարհի չեմպիոնությունը: Նա դեռ Օսլոյում է ու հայրենիք է վերադառնալու հոկտեմբերի 11-ի գիշերը:

Mediamax Sport-ի հետ Ամոյանը խոսել է կարեւոր հաղթանակի, դրան հասնելու դժվարին ճանապարհի, հորեղբորը տված խոստման մասին ու բացահայտել չեմպիոն դառնալու գաղտնիքը:

 

-Մալխաս, ինչպե՞ս է երեկ քեզ համար բացվել չեմպիոնական առավոտն Օսլոյում:

 

-Առավոտը շատ լավ է բացվել, բայց նաեւ սովորական, ինչպես եւ մյուսները: Հաղթանակն ոչինչ էլ չի փոխել, փորձում եմ չկենտրոնանալ դրա վրա: Երբ դեռ Աշխարհի չեմպիոն չես լինում, ամեն ինչ այլ կերպ է թվում, դառնալուց հետո հասկանում ես, որ դրանում արտառոց ոչինչ չկա: Առաջ եմ նայում, էլի մարզվելու եմ ու նոր տիտղոսների ձգտելու:

 

-Իսկ գիշերը կարողացե՞լ ես այդքան էմոցիաներից ու երազանքդ իրականություն դարձնելուց հետո քնել:

 

-Ոչ, երեւի թե 2 ժամ եմ կարողացել քնել, չգիտեմ ինչից էր: Հիշել եմ իմ անցած ուղին, բոլոր դժվարություններն, որոնք ունեցել եմ: Իրականում մարզումների ժամանակ շատ ավելի բարդ է, քան հենց բուն մրցումների: Երկար ճանապարհ եմ անցել չեմպիոն դառնալու համար: Ինձ դրանում օգնել են մարզիչներս ու ընկերներս: Ամեն առավոտ արթնանանլիս ուշք ու միտքս է եղել Աշխարհի չեմպիոն դառնալը, դրա վրա եմ կենտրոնացել ու գնացել մարզման:

 

-Իսկ ինչպիսի՞ն են չեմպիոնական զգացողություններդ:

 

-Դեռ ոչինչ չեմ զգում, թեեւ արդեն երկրորդ օրն է: Ինձ անչափ ուրախացնում է, թե հայրենիքում ինչպես են երջանկացել իմ հաջողությամբ: Դա ինձ ավելի շատ է ոգեւորում: Սոցկայքերում էլ տեսել եմ, թե որքան գրառումներ են արել մարդիկ ու կիսվել իմ հաղթանակով, ինչի համար շատ շնորհակալ եմ:

 

Լուսանկարը` UWW

 

-Մալխաս, արի դեռ իրենց ուղին նոր սկսող մարզիկների համար բացահայտենք հաջողության հասնելու գրավականը:

 

-Չեմպիոն դառնալու համար նախ պետք է շատ աշխատել, ավելին քան մյուսները, հավատալ ինքդ քեզ եւ առաջին հերթին կարգապահ լինել: Սպորտում անգամ շատ փոքր մանրուքները կարող են մեծ դեր խաղալ: Պետք է լսել մարզիչներին, նրանց ամեն բառը շատ կարեւոր է ու դերը մեծ ավելի, քան կարող է առաջին հայացքից թվալ:

 

-Դու նախկինում երկու կարեւոր եզրափակիչներում պարտվել ես, ինչպե՞ս են այդ 2 արծաթե մեդալներն օգնել քեզ այսօր լավագույնը դառնալ:

 

-Այդ մասին շատ եմ մտածել, եթե այդ եզրափակիչներում հաղթեի, հնարավոր է այսօր Ախարհի չեմպիոն դառնալ չկարողանայի: Այդ պարտություններն ինձ համար շատ լավ դաս եղան, մարզիչների հետ մանրակրիտ վերլուծեցինք սխալներս, ու այս առաջնությունը ցույց տվեց, որ ճիշտ ուղղությամբ ենք աշխատել:

 

Լուսանկարը` UWW

 

-Այս եզրափակչում ինչպե՞ս տրամադրվեցիր, որ հանկարծ հաղթանակը ձեռքիցդ բաց չթողնես:

 

-Բնականաբար, լարվածություն կար, միշտ ասում են, որ կարեւոր գոտեմարտից առաջ սկսում են ինչ-որ բաներ չստացվել: Ինձ համար ցավալին այն էր, որ նախորդ երկուսում միավոր չէի տվել մրցակիցներիս ու հավասար պայքարում էի զիջել: Ռուս Սերգեյ Կուտուզովին արդեն հանդիպել ու 4:1 հաշվով հաղթել էի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Դրանից հետո նա բավական աճել է ու ուժեղացել: Իմ նպատակը մեծ հաշվով հաղթելը չէ, այլ գորգը միշտ հաղթանակած լքելը:

 

-Ի՞նչ արժեք ունի այս ոսկե մեդալը քեզ համար:

 

-Անգին է, որովհետեւ շատ եմ երազել նրա մասին: Միշտ ուզել եմ հորեղբորս՝ Ռոման Ամոյանին Աշխարհի չեմպիոնի կարգավիճակում տեսնել, սակայն այդ տիտղոսին նա այդպես էլ չի հասել: Իմ նվաճման համար ինձնից ավելի շատ է ուրախացել, նրա համար կրկնակի երջանկություն է:

 

Լուսանկարը` Անձնական արխիվից

 

-Մալխաս, գիտեմ, որ Ռոմանին խոստում ունեիր տված, որ առաջին ոսկին հենց նրան ես նվիրելու:

 

-Իսկապես այդպես է: Ասել էի, որ առաջին ոսկին նրանն է, հետո նոր ինձ համար կնվաճեմ: Մեդալս նվիրել եմ նրան, սակայն չի վերցնում (ծիծաղում է, խմբ.), այն ինձ մոտ կմնա: Իմ կյանքում հորեղբորս ներդրումը շատ մեծ է, միշտ թիկունքիս կանգնած է եղել: Նրանից շատ բան եմ սովորել, միշտ ասում է, որ իր սխալները պետք է չկրկնեմ, այլապես անցյալից դասեր քաղած չենք լինի:

 

-Ռոման Ամոյանը նաեւ Օլիմպիական չեմպիոն չի դարձել, 3-րդ տեղն է զբաղեցրել, ուրեմն հաջորդն Օլիմպիական ոսկի՞ն է, արդեն մտածո՞ւմ ես  քաշային կարգդ փոխելու մասին:

 

-Իհարկե, նաեւ այդ ոսկու հետեւից եմ գնալու: Իմ քաշային կարգն Օլիմպիական չէ, մարզիչների հետ կխորհրդակցենք ու կմտածենք այդ ուղղությամբ: Սկզբում դժվար կլինի, բայց հանուն նպատակի ամեն դժվարություն էլ հաղթահարվում է:

Լուսանկարը` UWW

-Միշտ նշում ես այն մարդկանց, ովքեր նպաստում են քո հաջողությանը, ո՞ւմ կառանձնացնես: 

 

-Շատ մեծ է հավաքականի մարզիների դերը, թիմի բժշկի, իմ հորեղբայրների, երիտասարդական ու պատանեկան ընտրանիների մարզիչների, թիմակիցներիս, բոլորն էլ շատ են օգնել ինձ:

 

-Արթուր Ալեքսանյանից հետո հաջորդ Աշխարհի չեմպիոնը հունահռոմեական ոճում դու ես: Նա արդեն շնորհավորե՞լ է քեզ:

 

-Իհարկե, թեեւ կարճ զրույց ենք ունեցել, բայց շնորհավորել է ու լավ խոսքեր ասել: Նրանից ու Մաքսիմ Մանուկյանից ես էլ, մեր մյուս տղաներն էլ միշտ շատ բան ենք սովորել: Հիմա Արթուրը մեզ հետ չէ ու նրա բացը շատ է զգացվում: Արթուրի հետ թիմը կրկնակի ոգով եւ եռանդով է հանդես գալիս:

 

Լուսանկարը` UWW

 

-Ընտանիքդ ինչպե՞ս է արձագանքել հաջողությանդ:

 

-Մայրս իմ գոտեմարտերն ընդհանրապես չի կարողանում դիտել ու արտասվում է: Քույրիկս տեսանյութ է ուղարկել, թե մեր տանն ինչ էր կատարվում եզրափակչի ժամանակ ու դրանից հետո: Ծնողներս ու հարազատներս շատ են աջակցում ինձ:

 

-Մալխաս, իսկ ո՞ւմ ես նվիրում այս կարեւոր ու մեծ հաղթանակդ:

 

-Ոսկե մեդալս նվիրում եմ հայ ու եզդի ժողովուրդներին:

 

Լուսանկարը` UWW

 

-Երեւանում վերադառնալուց հետո ի՞նչ պլաններ ունես:

 

-Հոկտեմբերի 14-ին պետք է Գերմանիա մեկնեմ, քանի որ պայմանագիր ունեմ ակումբներից մեկի հետ ու պետք է հանդես գամ Բունդեսլիգայում:

 

Հասմիկ Բաբայան

Մեր ընտրանին