Սուպերլիգայի ստեղծումն ազդարարող հայտարարությունից հետո ողջ ֆուտբոլային աշխարհն ալեկոծվեց:
Կողմ ու դեմ կարծիքներ, միմյանց մեղադրող խոսքեր, երկրպագուների բուռն արձագանքներ: Mediamax Sport-ը փորձել է հասկանալ, թե ինչ է իրականում այս նոր մրցաշարը ու ինչպես են կազմակերպիչները տեսնում նրա կյանքի կոչվելը:
Կառույցի ստեղծումն ու ՈւԵՖԱ-ի ընդվզումը
Լուսանկարը` La Liga
Եվրոպական 12 առաջատար ակումբներ հայտարարեցին, որ ստեղծում են Սուպերլիգա: Իրենց մասնակցությունը հաստատեցին «Միլանը», «Արսենալը», «Ատլետիկոն», «Չելսին», «Բարսելոնան», «Ինտերը», «Յուվենթուսը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը» եւ «Տոտենհեմը»:
Այս հայտարարությանը հաջորդեց ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կոշտ արձագանքը, որոնք մեղադրեցին ակումբներին ու նշեցին, որ վերջիններս կզրկվեն իրենց կողմից կազմակերպած բոլոր մրցաշարերից: Տարբեր առաջնություններում չեն կարող ելույթ ունենալ նաեւ այս ակումբները ներկայացնող ֆուտբոլիստները:
Սուպերլիգայի ստեղծման հիմնական գաղափարը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսինն է, որը դարձել է նաեւ նոր ստեղծված կառույցի ղեկավարը: Նրա հետ սերտ համագործակցում են «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Յուվենթուսի» ղեկավարները:
Լուսանկարը` Getty Images
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հատկապես կոշտ է արտահայտվել ՄՅՈւ-ի տնօրեն Էդ Վուդվորդի ու «Յուվեի» նախագահ Անդրեա Անելիի մասին, որոնք մինչեւ Սուպերլիգայի հայտարարության տարածումը կողմ են եղել ՈւԵՖԱ-ի առաջարկած ծրագրերին:
«Ես շատերի հետ եմ աշխատել, բայց այս երկուսի պես մարդկանց երբեք չէի հանդիպել: Վուդվորդի հետ այդքան էլ չեմ շփվել, բայց նա ինձ զանգահարեց ու ասաց, որ համաձայն է մեր առաջարկած փոփոխությունների հետ: Իսկ ահա Անելիին իմ ամենամեծ հիասթափությունն է, երբեք չեմ հանդիպել մի մարդու, որն այդքան ստախոս լինի: Շաբաթ օրը, երբ շշուկներ տարածվեցին այդ լիգա կոչվածի մասին, նա հեռախոսով ինձ ասաց, որ անհանգստանալու բան չկա ու ոչինչ տեղի չի ունենա: Հաջորդ օրը պաշտոնապես հայտարարվեց Սուպերլիգայի մասին: Այս երկուսը, Իվան Գազիդիսն ու Ֆլորենտինո Պերեսը կողմ էին ՈւԵՖԱ-ի նշած փոփոխություններին, այնինչ այդ նույն պահին արդեն իսկ ստորագրել էին այլ թղթեր»:
Տեսնենք, թե ինչպես է իրենց որոշումը մեկնաբանել Պերեսը.
Լուսանկարը` Real Madrid
«Երբ ֆինանսական ներհոսքը կրճատվում է, ցանկություն է առաջանում անցկացնել ավելի դիտարժան խաղեր, իսկ Սուպերլիգան մեզ կօգնի լուծել ակումբների առջեւ կանգնած խնդիրները: Ոչ մի պայմանավորվածություն չի եղել, պարզապես Իտալիայի, Անգլիայի ու Իսպանիայի ակումբները հասկացան, որ հարկավոր է ինչ-որ բան ձեռնարկել: Ֆուտբոլը պետք է զարգանա, հարմար լինի այսօրվա կյանքին: Բոլորս էլ գիտենք, որ ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրվածությունն ընկել է, լսարանը քչացել, իսկ հեռուստավաճառքներից ստացվող գումարներն աստիճանաբար նվազում են»:
Փոխադարձ մեղադրանքները
ՈւԵՖԱ-ում եւս կողմ են փոփոխությունների, այդ պատճառով որոշվել է, որ 2024-ից ՉԼ-ն լինելու է նոր ձեւաչափով, կընդգրկվեն ավելի շատ թիմեր:
«ՈւԵՖԱ-ն աշխատեց ՉԼ-ի նոր ձեւաչափի վրա, որը ես այդպես էլ չհասկացա: Մենք ցանկանում են փոխել ողջ մոդելը, որն այլեւս չի աշխատում: Ակումբները միլիոններ են կորցնում, իսկ նման տեմպերով 2024-ին բոլորս մահացած կլինենք: Ընդվզում ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կողմից եղել է նաեւ 1950-ականներին, երբ նրանք դեմ էին Եվրոպայի չեմպիոնների գավաթի ստեղծմանը: Պարզապես ուժեղագույն ակումբներին թույլ տվեք խաղալ, մենք դա անում ենք հանուն ֆուտբոլի»,-ասել է Պերեսը:
Լուսանկարը` UEFA
Իսկ ահա ՈւԵՖԱ-ի նախագահը վստահ է, որ Սուպերլիգայի շարժիչ ուժը փողն է, իսկ իրենք զբաղված են ֆուտբոլի զարգացմամբ, ֆինանսավորում են երիտասարդական, սիրողական, կանանց թիմերին, երեխաների ֆոնդին, կազմակերպում բարեգործական միջոցառումներ:
«Իհարկե, ՈւԵՖԱ-ն կարող է իր գործունեությունը շարունակել առանց այս 12 թիմի, Եվրոպայում շատ են լավ ակումբները, երկրպագուները: Մենք հաստատեցինք 2024-ին սկսվող փոփոխությունները ու կյանքի կկոչենք դրանք այս 12-ի հետ, կամ առանց նրանց: Մեր իրավաբաններն աշխատում են այս ուղղությամբ: Երեւի միամիտ էինք ու չէինք հասկանում, որ մեր շուրջն օձեր կան: Այժմ ամեն ինչ գիտենք ու զգույշ ենք գործում»:
Նշվում է, որ Սուպերլիգայի գաղափարին դեմ է նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, որն իր աջակցությունն է հայտնել ՈւԵՖԱ-ին ու անձամբ Չեֆերինին:
Բանկային միլիարդներից մինչեւ ՉԼ-ից ու ԵԼ-ից դուր չմնալու խոստում
Լուսանկարը` Getty Images
Արդեն հայտնի է, որ Սուպերլիգայի գլխավոր հովանավորը JP Morgan բանկն է, որը պատրաստ է ներդնել 4,6 մլրդ ֆունտ: Աշխարհի խոշորագույն ու մեծ ֆինանսական ներհոսք ապահովող այս բանկում վստահ են, որ իրենց ներդրած գումարները կարողանալու են հետ վերադարձնել հանդիպումների հեռուստավաճառքներից ստացած գումարներով:
Նշվում է, որ ներառվելու են նաեւ տարբեր թվային տեխնոլոգիաներ արտադրող ընկերություններ, որոնցով հետաքրքրվում են երիտասարդները: Սա նշանակում է նաեւ, որ վերջիններս կներգրավվեն ֆուտբոլային հանդիպումները դիտելու ցանկությամբ ու կդառնան պոտենցիալ գնորդ:
Կազմակերպիչները վստահ են, որ աստիճանաբար ներդրողների թիվն աճելու է, լիգան ունենալու է մեծ եկամուտներ, իսկ ակումբները կարողանալու են լուծել ֆինանսական բոլոր խնդիրները:
Լուսանկարը` AP
Սուպերլիգայի հանդիպումները կկայանան շաբաթվա կեսին, որպեսզի դրանք չխանգարեն ազգային առաջնություններին: Պերեսը նշել է, որ ծրագրում են ստեղծել նաեւ երկրորդ դիվիզիոն, քննարկվում է կանանց ֆուտբոլի լիգա ստեղծելու գաղափարը:
«Սուպերլիգայում կլինի երկու խումբ՝ յուրաքանչյուրում 10-ական թիմ: Պայքարը կշարունակեն լավագույն եռյակում տեղ գրավածները, իսկ 4-5-րդ տեղերի թիմերը միմյանց հետ կվիճարկեն փլեյ-օֆֆի ուղեգիրը»:
Պերեսն անդրադարձել է այն հայտարարությանը, թե Սուպերլիգայի մասնակից ակումբները կհեռացվեն ՉԼ-ի ու ԵԼ-ի այս տարվա խաղարկությունից. «Վստահեցնում եմ, որ նման բան տեղի չի ունենալու: Օրենքը պաշտպանում է մեզ»:
«Եսասիրական նախագիծ» կամ թույլ թիմերի հեռացում
Լուսանկարը` Getty Images
ՈւԵՖԱ-ն, Իսպանիայի, Անգլիայի եւ Իտալիայի ֆեդերացիաներն ու լիգաներն արդեն իսկ հանդես են եկել հայտարարությամբ ու նշել, որ այս 12 ակումբներին սպասվում են պատժամիջոցներ: Նշվել է, որ դիմելու են բոլոր օրինական միջոցներին, որպեսզի թույլ չտան Սուպերլիգայի անցկացմանը, կոչ են արել ակումբներին հրաժարվել այդ մտքից ու մտածեն ֆուտբոլի համակողմանի զարգացման մասին:
«Լա Լիգան չի հեռացնելու «Ռեալին», «Բարսելոնային» ու «Ատլետիկոյին» մրցաշարից, քանի որ վստահ ենք, որ Սուպերլիգան ի սկզբանե «մեռելածին նախագիծ» է ու վստահ ենք, որ այն այդպես էլ կյանքի չի կոչվելու: Բոլոր ակումբների երկրպագուներն էլ երազում են, որպեսզի իրենց թիմը, անկախ ֆինանսական կարգավիճակից, մասնակցի եվրոպական ֆուտբոլային տոնին: Իսկ 12 ակումբների առաջարկած այս ձեւաչափը կործանում է այդ երազանքը՝ դռները փակելով այլ թիմերի առջեւ: Այս նոր Սուպերլիգան եսասիրական նախագիծ է, որի միջոցով սուպերհարուստներն էլ ավելի կհարստանան»,-սա Իսպանիայի Լա Լիգայի կարծիքն էր:
Լուսանկարը` La Liga
Սուպերլիգային դեմ հանդես են եկել բազմաթիվ հայտնի ֆուտբոլիստներ՝ Նեւիլից, Ֆիգուից մինչեւ Կանտոնա: Հատկապես բուռն են արձագանքում երկրպագուները, որոնց կարծիքներն ակումբներից եւ ոչ մեկը չի լսել ու հաշվի չի առել:
Հայտնի է արդեն, որ Գերմանիայի թիմերը միասնական են ու դեմ են այս նախագծին: Դեմ է արտահայտվել նաեւ ՊՍԺ-ն:
Տարբեր վերլուծաբաններ կարծիքներ են հայտնում, որ կողմերն ամեն դեպքում կհասնեն փոխզիջման ու կկարողանան միասնական որոշում կայացնել: Սպասվում է, որ մոտ ժամանակներս արդեն ավելի հստակ մոտեցումներ կլինեն:
Լուսանկարը` Getty Images
Ավարտենք մեր այս անդրադարձն Ալեքսանդր Չեֆերինի խոսքերով. «Ֆուտբոլը երկրպագուներինն է, ոչ թե ակումբների ղեկավարներինը: Հարկավոր է հաշվի առնել նրանց կարծիքը, ովքեր այսօր ցույցեր են կազմակերպում ու իրենց դժգոհությունն արտահայտում: Այս ակումբների ղեկավարները հարուստ են, բայց ուզում են էլի ու էլի հարստանալ: Նրանք պետք է հետքայլ անեն ու հայտարարեն, որ սխալ են եղել ու լսեն երկրպագուներին»:
Գոհար Նալբանդյան




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: