Դեկտեմբեր 08, 2024
exclusive
1287 դիտում

Շախմատում առկա խնդիրներն ու լուծման տարբերակները. Արման Փաշիկյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` European Team Chess Championship

Լուսանկարը` European Chess Union

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` chessfed.am

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկական շախմատը, ինչպես եւ շատ այլ մարզաձեւեր, այդքան էլ հեշտ ժամանակներ չեն ապրում: Mediamax Sport-ը շախմատին նվիրված իր հոդվածաշարում անդրադառնում է ամենակարեւոր բացթողումներին: Այս անգամ մեր զրուցակիցը Հայաստանի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր, մարզիչ Արման Փաշիկյանն է:

Երեւանի շախմատի ֆեդերացիան

Արման Փաշիկյանը շախմատային խնդիրների ի հայտ գալը հիմնականում Երեւանի շախմատի ֆեդերացիայի գործունեության հետ է կապում:

«Մխիթար Հայրապետյանի թիմը որոշեց, որ նա Տարոն Մարգարյանի փոխարեն պետք է դառնա Երեւանի ֆեդերացիայի նախագահ: Մարգարյանի պաշտոնավարման ավարտին ընդամենը մի քանի ամիս էր մնացել: Կարծում եմ՝ Հայրապետյանի մեղքն այդ ամենում ամենաքիչն էր:

Նախագահության անդամները, որոնց թվում էի նաեւ ես, ինչպես նաեւ հավաքականի խաղացողներն, այդ ամենից տեղյակ չենք եղել: Թաքուն են գործել, նոր նախագահության անդամներ ընտրել, որոնք էլ Հայրապետյանին դարձրին ֆեդերացիայի նախագահ: Նիստի ժամանակ նույնիսկ քվեարկություն չի եղել, որ Տարոն Մարգարյանին հանեն:

Իրենք հայտնեցին, որ ցանկանում են դրական փոփոխություններ կատարել, սակայն լավ նպատակներ ունեցողները թաքուն չեն գործում: Միանշանակ, այդ ամենն անօրինական ու ոչ այնքան բարոյական է եղել: Հետագայում որոշել են իրենց համար թիմ հավաքել, շախմատիստների շրջանում աստիճանաբար նման խոսակցություններ են սկսել տարածվել»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Փաշիկյանը շախմատային մյուս խնդիրները հիմնականում կորոնավիրուսով է պայմանավորում, իսկ Լեւոն Արոնյանի հեռանալու փաստն այդ ամենն ավելի սրեց:

Արոնյանի գործոնը

Որպես Արոնյանի ընկեր ու նախկին թիմակից, գրոսմայստերը լավ ծանոթ է իրավիճակին: Նա նշում է, որ երկար ժամանակ Արոնյանին գումար հատկացնելու մասին խոստումներ են եղել, սակայն այդպես էլ չեն իրագործվել:

Նա արտառոց չի համարում Արոնյանի ԱՄՆ-ը տեղափոխվելը, քանի որ նախկինում եւս այլ շախմատիստներ մեկնել են այնտեղ: Այդ տարբերակն են հաճախ կիրառում ուսանող շախմատիստները, որոնք սովորում են ամերիկյան համալսարաններում ու լրացուցիչ արտոնություններ ստանում ուսման վարձի կամ բնակվելու պայմանների հետ կապված: Զուգահեռ նրանք ԱՄՆ-ի համալսարանների առաջնություններին են մասնակցում ու օգնում իրենց թիմերին: Այդպես են արել Արամ Հակոբյանը եւ Հովհաննես Գաբուզյանը, որոնք հիմա էլ շարունակում են սովորել ու ներկայացնել Հայաստանը:

Լուսանկարը` FIDE


Սակայն ամեն ինչ այլ է Արոնյանի պարագայում, Փաշիկյանի խոսքով, նրա հեռանալը խիստ բացասական է անդրադառնալու հայկական շախմատի վրա:

«Մեր հավաքականը նման հաջողությունների էր հասնում նաեւ Լեւոնի շնորհիվ: Մենք գործակցով զիջում էինք շատ թիմերի, բայց Արոնյանի առկայությունն ամեն ինչ փոխում էր: Նա թիմի առաջատարն էր հոգեբանորեն եւ շախմատային այլ հարցերով, իր խորհուրդներով շատ էր նպաստում շախմատի զարգացմանը: Լեւոնի գնալով այդ տեղը բաց է մնալու:

Բացի այդ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայից ԱՄՆ է տեղափոխվում աշխարհի առաջատար շախմատիստներից մեկը: Եթե առաջ Հայաստանի հավաքականը ցանկացած թիմային առաջնությունում առաջատարների թվում էր, հիմա էլ վտանգավոր չի համարվի: Որոշ առումով մրցունակ կլինի, բայց կփոխվի առանց Լեւոնի: Այդ առումով աշխարհում մեր հեղինակության վրա որոշակի կազդի»:

Սակայն Փաշիկյանը շախմատի զարգացման տեսանկյունից ամենակարեւոր գործոն է համարում Արոնյանի ներկայությունը Հայաստանում: Մասսայականություն ապահովելու համար նման մեծ շախմատիստ ունենալը փոքր երկրի համար առաջնային պայման է: Մարդիկ փողոցում էլ կարող էին հանդիպել լեգենդար շախմատիստին, զրուցել նրա հետ ու լուսանկարվել, հատկապես երեխաների համար դա մեծ խթան էր, գտնում է նա:

Լուսանկարը` European Team Chess Championship


«Վերջիվերջո, երբ նա ապրում է Հայաստանում, շփվում է թիմի անդամների հետ, թեկուզ խորհուրդներով օգնում: Գիտեմ, որ երիտասարդ շախմատիստների հետ է անընդհատ կապի մեջ լինում: Մենք ընկերացել ենք, երբ ես 16-17 տարեկան էի, մրցաշարերի ընթացքում պարապել ենք միասին: Լեւոնը միշտ բոլոր հայերի հետ աշխատել է, երիտասարդներն իրենց կարիերայի որոշակի փուլում ստացել են նրա օգնությունը: Նրանց համար դա շատ օգտակար էր: Հեռանալուց հետո հնարավոր է որոշ ժամանակ համացանցով աշխատի, բայց դա արդեն նույն արդյունավետությունը չի ունենա»:

Փաշիկյանից փորձում ենք իմանալ, արդյոք չէ՞ր կարող Արոնյանը մնալ Հայաստանում, նա իրավիճակը շատ հետաքրքիր է բացատրում, տեսնում իր ընկերոջ շարժառիթներն ու մոտիվացիան՝ ամեն ինչ կապելով շախմատային մեծ նվաճումների հասնելու ձգտման հետ, ինչին Հայաստանում մնալով չէր կարողանա հասնել:

«Միշտ էլ կարող էր մնալ, բայց ամեն մեկն իր նպատակներն ունի ու գնում է դրանց հետեւից: Լեւոնին ԱՄՆ-ը ներկայացնելու առաջարկներ միշտ են եղել, բայց այն ժամանակ Հայաստանից էլ որոշակի ֆինանսավորում է եղել: Պարզ է, որ ԱՄՆ-ում ավելի շատ կլիներ այդ գումարը: Այդ պարագայում նա ընտրել է մեծի ու փոքրի միջեւ, այդ ամենը բավարարել է իր համակարգչի, մարտավկաների ու մնացած ծախսերը հոգալուն: Նա նախընտրել է հայրենիքում ապրել, բայց քիչ գումար ստանալ:

Իսկ երբ որպես շախմատիստ նրա նկատմամբ վերաբերմունքը փոխվում է, անհասկանալի մասնագիտական խորհուրդներ են տալիս, նկատում է, որ էլ այստեղ ապագա չունի, համեմատական քիչ գումարը զրո է դառնում, բնականաբար, հիասթափվում է այդ ամենից ու հեռանալու շանսերը մեծանում են: Չեմ կարող ասել դա ճիշտ, թե սխալ որոշում է, բայց հասկանում եմ՝ ինչու է այն կայացրել»:


Անդրադառնում ենք նաեւ այն հարցին, որ Արոնյանը գումարային առումով այն կարգավիճակում չէ, որ միայն այդ պատճառով հեռանա: Փաշիկյանն առաջարկում է խնդրին այլ տեսանկյունից մոտենալ: Նախ նա ընդգծում է, որ տարիների հետ Արոնյանի Աշխարհի չեմպիոն դառնալու շանսերը քչանում են ու հիմա բոլոր հնարավորությունները պետք է օգտագործի, իսկ դրանք առաջին հերթին մեծ գումարների հետ են կապված:

«Չեմպիոն հռչակվելու համար մեծ էներգիա ու ռեսուրսներ են պետք: Եթե մնա Հայաստանում ու մտածի, որ առանց համակարգչի էլ կարող է, ուրեմն առանց աշխարհի չեմպիոն դառնալու մտքին էլ պետք է համակերպվի:

Բնականաբար, Լեւոնն աղքատ մարդ չէ, բայց եթե անհրաժեշտ ծախսերն իր գրպանից կատարի, դժվար վիճակում կհայտնվի: Կարծում եմ, որ այդ գործոնն է որոշիչ եղել, մանավանդ, որ իրեն տրված խոստումներն առհասարակ չեն կատարվել»:

Լուսանկարը` European Chess Union


Երիտասարդ սերունդը

Այս բարդ ժամանակներում պետք է մտածել նախ մարզաձեւի ապագայի ու հետագա սերնդի մասին: Ինչպես միշտ, հիմա էլ Հայաստանում կան տաղանդավոր շախմատիստներ, որոնք կարող են դառնալ հետագա հաջողությունների գրավականը:

«Շախմատի ֆեդերացիան էլ այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում, մարզիչներ կան, որոնց մոտ նրանք անվճար մարզվում են: Գաբրիել Սարգսյանի հետ պարապում են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը: Տիգրան Պետրոսյանն ավելի փոքր երեխաների հետ է աշխատում:

Հիմա պարզապես մրցաշարերի բացակայությունն է հոգեբանորեն ազդում: Դեռ պարզ չէ, թե դրանք երբ նորից կկայանան, դրա համար մոտիվացիան կորչում է: Հարկավոր է ուժ գտնել ու հասկանալ, որ առանց լավ մարզվելու ոչինչ չի ստացվի: Առցանց մրցաշարը հաշվի մեջ չեն, դրանք համեմատելի չեն իրական շախմատի հետ: Էմոցիաներն են ուրիշ, կենտրոնացվածությունն այլ մակարդակի է, ժամակարգը հարմար չէ»:

Որքան էլ Հայաստանը շախմատային է համարվում, սակայն շատ բարձրակարգ շախմատիստներ չունի: Փաշիկյանը դրա պատճառները վաղուց է նկատել՝ խաղացողները դառնում են միջազգային գրոսմայստեր, 2600 կամ 2650 վարկանիշ ձեռք բերում ու կանգ առնում: Նա համարում է, որ 2700 կամ ավելի վարկանիշ ունենալու համար շատ ավելի մեծ ջանքեր ու գումարներ են պահանջվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


«2600-ի ժամանակ շախմատիստները սկսում են որոշակի գումարներ աշխատել, հոգեբանությունն էլ փոխվում է: Բոլորիս մոտ էլ այդպես է եղել՝ իմ սերնդակիցների ու ավելի փոքրերի:

Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ այն, որ ավելի ուժեղանալու համար հզոր համակարգիչներ են պետք, մարտավկաներ, իսկ դրանք ավելի շատ գումարների հետ են կապված, քան այդ մակարդակին հասնելը: Միայնակ այդ սահմանը հատել հնարավոր չէ, օգնություն է պետք:

Գնալով շախմատի կախվածությունը համակարգչից մեծանում է: Մարզիչներ են պետք, ուժեղ մրցաշարերի մասնակցություն, բայց դրանցում հայտնվելը բավական ծախսատար է: Շախմատիստից էլ շատ բան է կախված, պետք է կանգ չառնել, երբեք չբավարարվել եղածով ու ավելի շատին ձգտել»:

Մարզիչները

Փաշիկյանը գործող մարզիկ է, բայց ինքն էլ վաղուց անցել է մարզչական գործունեության: Պատմում է, որ սկզբում շատ դժվար էր, ողջ ժամանակն այդ աշխատանքին էր տրամադրում ու նյութեր հավաքում: Սեփական նախաձեռնությամբ է վերապրոֆիլավորվել, Հայաստանում բարձրակարգ մարզիչ դառնալու դպրոց չկա:

«Մարզիչը պետք է շատ գիտելիքներ ունենա ու սիրի այդ գործը: Մինչեւ գրոսմայստերների դպրոցի բացումը արտասահմանցիների հետ եմ մասնավոր առցանց պարապել: Երբ մարզիչ դարձա, մեծ պատասխանատվություն սկսեցի զգալ, ուզում էի լավ որակ ապահովել: Կարծում եմ՝ իմ ոճը եւ մարդկային որոշակի որակները մարզիչ լինելու համար լավն են:

Շատ ժամանակ ու էներգիա եմ ծախսում լավագույն քայլը գտնելու համար, մարզչական առումով վերլուծական այդ միտքը շատ է օգնում: Սիրում եմ կիսվել, փոքր տարիքից միշտ շատ եմ կարդացել ու թիմակիցներիս փոխանցել գիտելիքներս: Մեր սաներին էլ եմ միշտ ասում, երբ կիսվում եք, երկուսիդ ինֆորմացիան կրկնապատկվում է, պետք չէ բոլորին հակառակորդի պես վերաբերվել»:  

Լուսանկարը` chessfed.am


Հավաքականը

Տարիներ շարունակ հավաքականի կազմն էական փոփոխությունների չի ենթարկվում: Հիմնականում խաղում են նույն շախմատիստները: Փաշիկյանը գտնում է, որ կազմի փոփոխությունն ու երիտասարդացումն ինքնանպատակ չպետք է արվի: Խաղացողներն իրենք պետք է աճեն ու հասնեն թիմի մակարդակին:

«Խաղացողները պետք է կարողանան այդ պատասխանատվությանը դիմանալ: Բայց այնպես չէ, որ հավաքականում երիտասարդներ չեն լինում: 2009-ին ես էլ ընդգրկվեցի, հիմա էլ նույն սկզբունքով համալրում արվում է:

Պարզ է, որ մի քանի երիտասարդներ ավելի փորձառուների կողքին ընդգրկելու դեպքում արդյունք չի լինի, 5-10 տարի է անհրաժեշտ սպասել»:

Արշակ Պետրոսյանը պահեստային շախմատիստներին այդքան էլ հաճախ չի խաղացնում: Փաշիկյանը դա շախմատային հոգեբանությամբ է բացատրում՝ իրենց մարզաձեւում հեղինակություն ունեցող խաղացողին, նույնիսկ եթե լավ վիճակում չէ, հակառակորդները հարգում են, մի քիչ էլ վախենում, ու դա իր արդյունքը տալիս է: Իսկ քիչ փորձ ունեցողի հետ ավելի վստահ են լինում:

«Շախմատն իր կառուցվածքով այնքան բարդ է, որ անգամ ամենաշնորհալիի մասին ոչինչ նախապես չես կարող ասել: Շատ գործոններ կան՝ տաղանդը, ֆիզիկական վիճակը, հոգեբանությունը, ընտանիքը եւ շրջապատը եւս ազդում են:

Առողջական վիճակն էլ շատ կարեւոր է, մեր սպորտաձեւում գլխացավեր ու անքնություն հաճախ են լինում: Հիշում եմ հավակնորդների մրցաշարում Վիշվանաթան Անանդը շատ լավ էր մասնակցում ու հաղթեց: Մյուս մասնակիցները բողոքում էին, որ լավ չեն քնում, իսկ Անանդը զրույցներից մեկի ժամանակ պատմեց, որ 9 ժամ քնում է, բնականաբար, դա չէր կարող չազդել արդյունքի վրա»:


Գրոսմայստերը պատմում է՝ հաճախ է պատահում, որ մրցաշարը հաջող սկսելու դեպքում էներգիայով լի ու ոգեւորված են լինում, սակայն մեկ անհաջողությունից հետո միանգամից ուժասպառ են զգում: Փաշիկյանն, օրինակ, մրցաշարերի լարվածության աճին զուգահեռ սկսում է չքնել: Շախմատը շատ յուրահատկություններ ունի, որոնք հանդիսականների աչքից վրիպում են:

Կարեւոր է նաեւ խաղացողների կեցվածքը, մանավանդ երբ իրար ճանաչում են, դա էլ որոշիչ գործոն է դառնում:

Հայաստանում էլ իր սաների դեմ Փաշիկյանը շատ է խաղացել: Վերջին անգամ դա փետրվարին երկրի առաջնությունում է եղել: Խաղում էին միանգամից 4 սաներ՝ Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Շանթ Սարգսյանը եւ Մամիկոն Ղարիբյանը: Ասում է՝ բոլորն էլ տաղանդավոր ու լավն են, կախված իր թվարկած գործոններից, կերեւա թե ապագայում իրենց ինչպես կդրսեւորեն:  

Հիմա նա հիմնականում արտասահմանցիների հետ է աշխատում, Հայաստանից 1 աշակերտ ունի, որն ընտանիքով նոր է տեղափոխվել այստեղ:


Շախմատը՝ դպրոցում

Արդեն երկար տարիներ շախմատը դպրոցական ծրագրում է ընդգրկված: Փաշիկյանի խոսքով, դա մարզաձեւի մասսայականությանն է նպաստում, սակայն դպրոցական ծրագրում եղած ու իրական շախմատն իրարից շատ են տարբերվում:

«Նպատակը ոչ թե շախմատիստ դարձնելն է, այլ շախմատի միջոցով մտածել, վերլուծել, որոշակի հատկանիշներ զարգացնել երեխաների մոտ: Դասագրքային խնդիրները իրական շախմատում չեն օգտագործվում, բայց դրանք էլ հետաքրքիր ու անսովոր են:

Մի անգամ գնացել էի տղայիս դպրոցից բերելու ու 2 երեխայի խոսակցությունը լսեցի: Մեկը հարցրեց, թե շաշկի խաղալ գիտե՞ս, պատասխանը եղավ՝շաշկի էլ, շախմատ էլ: Մյուսը թե՝ շախմատ բոլորն էլ գիտեն, դու ասա շաշկի իմանան: Դա ինձ համար նորություն էր, շատ լավ է, որ շախմատն այդքան տարածված է դարձել»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շախմատի ապագան

Փաշիկյանը Հայաստանում շախմատի ապագայից դրական սպասումներ ունի: Դա բացատրում է նրանով, որ թեեւ ոչ շատ, բայց տաղանդավոր խաղացողներ, բարձրակարգ մարզիչներ ու շախմատային դպրոց կան:

«Պետք է շախմատիստի շուրջը եղած մթնոլորտը փոխվի: Այնպիսի զգացողություն կա, որ 2018 թ. հետո իշխանությունը շախմատիստներին այլ կերպ է վերաբերվում: Լեւոնի օրինակն էլ դա ցույց տվեց: Մեզ մոտ տպավորություն է, որ շախմատը կապել են Սերժ Սարգսյանի անձի հետ ու փորձում են վատություն անել: Ժամանակին շախմատային հաղորդում է եղել Հանրային հեռուստատեսությամբ, ամենավարկանշայիններից մեկն էր, դա էլ են փակել: Տրամաբանական չէ, որ նման մասսայականություն ունեցող մարզաձեւի մասին հաղորդում չկա»:  

Նա գտնում է, որ բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներին ֆեդերացիան ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի, քանի որ նրանց լրացուցիչ շատ ռեսուրսներ են պետք:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին