Մայիս 04, 2024
exclusive
5031 դիտում

Սեռական բռնությունները սպորտում. Մաս 1


Լուսանկարը` pasadenastarnews.com

Լուսանկարը` wsj.com

Լուսանկարը` oxygen.com

Լուսանկարը` Daily Mail

Լուսանկարը` noticiassin.com

Լուսանկարը` digitalspy.com

Լուսանկարը` Vogue

Լուսանկարը` wemu.org

Լուսանկարը` wikipedia

Լուսանկարը` insidethegames.biz

Լուսանկարը` insidethegames.biz

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` bleacherreport.com

Լուսանկարը` PBS

Լուսանկարը` pasadenastarnews.com


Սովորաբար մարզաշխարհում ամենաաղմկոտ ու սկանդալային բացահայտումները դոպինգի հետ են կապված լինում: Սակայն վերջին տարիներին ամերիկյան սպորտում բացահայտված սեքսուալ բռնության դեպքերը մեծ աղմուկ առաջացրին ամբողջ աշխարհում:

Դրանց մասին գրեցին առաջատար մի շարք լրատվամիջոցներ, ֆիլմեր նկարահանվեցին ու հետաքննություններ կատարվեցին:

Նախ հայտնի դարձան ԱՄՆ-ի մարմնամարզության, ապա նաեւ լողի հավաքականներում տարիներ ձգվող սեռական ոտնձգությունների մասին:

Mediamax Sport-ն անդրադարձել է դրանց ու փորձել հասկանալ հանցավոր շղթայի անխափան գործելու պատճառները:

Բժիշկը

2018 թվականին հայտնի դարձավ, որ սպորտային մարմնամարզության հավաքականի բժիշկ Լարրի Նասսարը 20 տարիների ընթացքում ավելի քան 140 մարզուհիների նկատմամբ սեռական բռնություններ է իրականացրել:

Լուսանկարը` wsj.com


Բռնության մասին ամերիկյան ԶԼՄ-ը բացահայտել են 2016 թվականին: Պարզվել է, որ 3 երեխաների հայր ու հայտնի մասնագետ Նասսարը 20 տարի շարունակ օգտագործել է անչափահաս մարզուհիներին:

Այդ սկանդալի մասին ֆիլմ է նկարահանել Netflix-ը: «Ինչո՞ւ են զոհերը լռում», սա ֆիլմում հնչեցված գլխավոր հարցն է: Ֆիլմը կոչվում է «Աթլետ Ա», հենց այդ անունով է պաշտոնական փաստաթղթերում ներկայացել Մեգի Նիկոլսը, ով առաջինն է համարձակություն ունեցել 2015-ին խոսել բժշկի հանցագործության մասին:

Ֆիլմը բազմաթիվ շոկային բացահայտումներ է կատարել, բայց այն ստեղծողների ամենակարեւոր բարձրացրած հարցն այն է, թե ինչո՞ւ են բոլոր այդ մարզուհիներն այդքան տարիների ընթացքում լռել: Նասսարի նկատմամբ կատարվող դատավարության ընթացքում նրա դեմ բողոք են ներկայացրել 500 կանայք: Պարզվում է, որ նրանք լռել են բնավ էլ ոչ ամոթի պատճառով կամ սպորտային կարիերան ավարտելու վտանգից ելնելով, իրականում խնդիրներն ավելի խորքային են:



Զոհերը

Ֆիլմում կան շատ դաժան պատմություններ, դրանցից մեկի մասին խոսել է Ռեյչել Դենհոլանդերը, որն այժմ 35 տարեկան է: 20 տարի անց նա պատմել է, որ բժշկին դիմել է գոտկատեղի ու ձեռքերի ուժեղ ցավերի ժամանակ, որոնք հագեցած մարզումների արդյունքով էին առաջացել: Հենց այդ պահից սկսած էլ Նասսարը նրան իր հերթական զոհերից մեկն է դարձրել:

Մարզուհին բացատրել է, որ այդ բռնության մասին չի խոսել, քանի որ նա հավաքականում միակ մարդն էր, ի տարբերություն մարզիչների ու այլ մասնագետների, որը նրանց վրա չէր զայրանում ավել քաշի ու վատ մարզվելու համար: Երբեմն անգամ կոնֆետներ է դնում մարզուհիների բարձերի տակ ու քաղցրավենիք հյուրասիրում: Իսկ երբ աղջիկներն ամեն դեպքում փորձել են խոսել մարզիչների կամ մարզաբազայի տնօրենի հետ, հետեւյալն են լսել. «Դա այն չէ, ինչ դուք եք հասկացել»:

Նասսարի զոհերի թվում են այնպիսի հայտնի մարմնամարզուհիներ, ինչպիսիք են Օլիմպիական ու Աշխարհի չեմպիոնուհիներ Գեբբի Դուգլասը, Սիմոնա Բայլզը, Ջորդին Ուիբերը, Էլի Ռայսմանը, Մաքայլա Մարոնին ու այլոք:

Լուսանկարը` oxygen.com


«Նասսարն ասում էր, որ դա այն զոհաբերությունն է, որն անհրաժեշտ է կատարել Օլիմպիական խաղերին մասնակցելու համար ու այդ մասին չի կարելի պատմել մյուսներին»,- խոստովանել է Մարոնին:

Իսկ ավելի անհանդուրժող մարզուհիներին բժիշկը հոգեմետ դեղեր էր նշանակում: Նա նաեւ մանկական պոռնոգրաֆիայով է տարված եղել, նրա տանը հայտնաբերվել է 37 հազար նման տեսագրություն:

Ջեյմի Դանցշերը, որը Նասսարի զոհն է դարձել 2000 թվականի Սիդնեյի խաղերի ժամանակ, պատմել է, որ կարող է տարօրինակ հնչել, բայց նա անհամբերությամբ է սպասել բժշկի մոտ այցերին, քանի որ նա ի տարբերություն մնացածի, սիրալիր էր իր հետ: Մարզիչներն աղջիկներին ստիպում էին ելույթ ունենալ անգամ ուժեղ ցավերով ու վնասվածքներով:

Գումար՝ լռության դիմաց

NBC-ի պատրաստած «Այլեւս լռություն չկա» ֆիլմում եւս բազմաթիվ գաղտնիքներ են բացահայտվել:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի հաղթող ու Աշխարհի եռակի չեմպիոնուհի Մաքայլա Մարոնին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի ֆեդերացիան բռնության զոհերին լռության դիմաց գումարներ է տրամադրել: Մարոնին, օրինակ, 1,25 մլն դոլար է ստացել, այդ ժամանակ նա վնասվածք ուներ ու ծանր ֆինանսական դրության մեջ է հայտնվել: Տուժածների խոսքով, Նասսարն աջակիցներ է ունեցել ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեում ու Միչիգանի համալսարանում:

Լուսանկարը` Daily Mail


Մարոնին նշել է, որ մարզիչ Ջոն Հեդերտին պատմել է, թե ինչ է իր հետ կատարվում բժշկի սենյակում, սակայն դրանից հետո միայն ծաղրանքի առարկա է դարձել մյուս մարզուհիների կողմից ու երդվել այլեւս այդ մասին որեւէ մեկի հետ չխոսել: Նրա նկատմամբ Նասսարը բռնություններ կատարել է 13 տարեկանից՝ մինչեւ 2016 թ. կարիերայի ավարտը:

«Մի անգամ ինձ դեղահաբ տվեց, ինչից հետո նրա հետ անկողնում մերկ արթնացա: Ֆեդերացիայում մտահոգվում էին միայն փողի ու մեդալների համար, մենք նրանց համար արժեք չունեինք: Կասկածում եմ, որ կարիերաս արժեր այն ամենին, ինչի միջով անցել եմ: Հիմա ստիպված եմ կյանքս մաս առ մաս հավաքել»,- պատմել է նա:

Մարոնիի փաստաբան Ստու Մոլլրիչն CNN-ին հայտնել է, որ ֆեդերացիայից Մարոնիին ստիպել են գրավոր համաձայնություն ստորագրել, որ կատարվածը գաղտնի է պահելու, այլապես 100 հազ. տուգանք կվճարեր: Ըստ փաստաբանի՝ Նասսարից տուժած մյուս աղջիկները եւս նման պայմանագրեր են ստորագրել:

Լուսանկարը` noticiassin.com


«Ֆեդերացիան ու Նասսարը վախեցնում էին աղջիկներին ասել ճշմարտությունը: Այնքան եմ անհանգստանում այն երիտասարդ աղջիկների համար, որոնք ինձնից ստորագրություն են խնդրում, քանի որ չեմ ցանկանում նրանք էլ այդ ամենի միջով անցնեն: Ուզում եմ, որ կարողանանք այդ բռնությունների վերջը դնել»,- CBS-ին ասել էր Մարոնին:

«Ես ու մյուս մարմնամարզուհիները ոչ մի կերպ պաշտպանված չէինք,- ասել է Ջորդին Ուիբերը,- Ծնողներս վստահել են ֆեդերացիային ու դաժանորեն խաբվել: Մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ, թե նա ինչպես կարող էր նույն բանն անել այդքան տարիների ընթացքում ու թաքցնել բոլորից: Եթե համապատասխան կառույցները զգոն լինեին, խնդիրը նման ծավալների չէր հասնի»:

Բայլզի խոստովանությունը

Բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարմնամարուհի Սիմոնա Բայլզն էլ խոստովանել է, որ ինքն էլ անչափահաս տարիքում Նասսարի զոհն է դարձել:

«Շատերն ինձ գիտեն որպես ուրախ, երջանիկ ու ակտիվ աղջիկ: Բայց վերջին շրջանում ինձ կոտրված էի զգում ու որքան շատ էի փորձում խլացնել ներքին ձայնս, այնքան բարձր էր այն հնչում: Այլեւս չեմ վախենում իմ պատմությունը ներկայացնել: Ես էլ այն բազմաթիվ մարմնամարզուհիներից մեկն եմ, որը սեռական բռնության է ենթարկվել»,-2018 թ. ասել է նա:

Լուսանկարը` digitalspy.com


Բայլզը խոստովանել է, որ նախկինում բազմաթիվ պատճառներ է ունեցել տեղի ունեցածը չբացահայտելու համար, սակայն վերջապես հասկացել է, որ տեղի ունեցածում իր մեղքը չկա:

«Անընդհատ ինձ հարցնում էի՝ արդյոք ե՞ս էի մեղավոր պատահածի մեջ, արդյոք չափից շատ միամի՞տ էի: Հիմա գիտեմ, որ ոչ, ու չպետք է պատասխանատվություն կրեմ այն ամենի համար, ինչում Նասսերն է մեղավոր, ԱՄՆ-ի մարմնամարզության ֆեդերացիան ու մյուսները»:

Մարզուհին պատմել է, որ դեպրեսիա է ունեցել ու հակադեպրեսանտներ խմել: Դժվարությամբ է վերականգնվել, դրանում նրան շատ են օգնել ընտանիքի անդամներն ու ընկերները:

Բայլզը նաեւ նշել է, որ Տոկոյի խաղերին պատրաստվելու ընթացքում ամեն անգամ սիրտը կոտրվում է, երբ գնում է նույն կենտրոն, որտեղ նրա նկատմամբ բռնություն է կատարվել:

Լուսանկարը` Vogue


«Ես ավելի լավն եմ, բացառիկ եմ, տաղանդավոր, խելացի, մոտիվացված եւ սիրում եմ իմ գործը: Բոլորին խոստանում եմ, որ երբեք չեմ հանձնվի: Այս մարզաձեւը չափից շատ եմ սիրում եւ երբեք չեմ հրաժարվել ծանր աշխատանքից: Թույլ չեմ տա մեկ մարդու գողանալ ինձնից սերն ու ուրախությունը»,- եզրափակել է նա:

Պատիժը

Անչափահասների նկատմամբ սեռական բռնության դատավարությունները սովորաբար ԱՄՆ-ում դռնփակ են անցկացվում, սակայն Նասսարի գործը բացառություն էր: Բժիշկը բոլոր զոհերին ու վկաներին մեծ հանգստությամբ է լսել:

2014 թվականին դժգոհությունների մեծ ալիքից հետո նա ժամանակավոր հեռացվել էր աշխատանքից, ապա վերադարձել իր պարտականություններին: Իսկ աշխատանքից վերջնականապես հեռացրել են միայն այն բանից հետո, երբ մարզուհիները սկսել են շփվել լրատվամիջոցների հետ:

Լուսանկարը` wemu.org


Նասսարը դատապարտվել է 175 տարվա ազատազրկման:

«Պարոն, դատապարտում եմ ձեզ 175 տարվա, դա 2100 ամիս է: Հենց նոր ձեզ համար մահվան դատավճիռ եմ ստորագրել: Կարծում եմ, որ դուք վտանգավոր եք մարդկանց համար ու միշտ էլ վտանգավոր կմնաք»,- ասել է դատավոր Ռոզմարի Ակվիլինան:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին