Հայոց Մեծ Եղեռնի հիշատակի օրը՝ հարգելով բոլոր անմեղ զոհերի հիշատակը, պետք է փաստենք, որ Հայաստանի Հանրապետություն ունենալու, մեր կերտած հաղթանակների եւ ապրելու շնորհիվ ենք ամեն անգամ ապացուցում, որ մենք կանք ու շարունակելու ենք կառուցել մեր երկիրը:
Դրանց լավագույն օրինակներից են մեր մարզիկների հաղթանակները: Mediamax Sport-ը որոշեց ներկայացնել դրանցից մի քանիսը, որոնք նրանք տոնել են Թուրքիայի ներկայացուցիչների նկատմամբ:
Արթուր Ալեքսանյան-Չենկ Իլդեմ
Օլիմպիական, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկ անգամ չէ, որ հանդիպել է թուրք Չենկ Իլդեմին: Մեր ըմբիշը բոլոր գոտեմարտերում էլ նրան հաղթել է եւ արել է դա գեղեցիկ, տպավորիչ ու արդար պայքարում:
Միշտ էլ գորգ դուրս գալուց առաջ Իլդեմը զգացել է, որ կրկին պարտվելու է, միգուցե դրանով է պայմանավորված, որ գոտեմարտերի ընթացքում սկսում է ոչ սպորտային կեցվածք դրսեւորել: Չնայած դրան, Արթուրը երբեք չի տրվում սադրանքներին, այլ պարզապես տոնում է հերթական հաղթանակը:
Վալոդյա Ֆրանգուլյանի 10-0-ն
2017 թվականի Եվրոպայի առաջնությունը հաջող դասավորվեց ազատ ոճի ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանի համար: Մեր ըմբիշը դարձավ բրոնզե մեդալակիր:
3-րդ տեղի համար պայքարում Ֆրանգուլյանը գոտեմարտելու էր Աբդի Չուռնաչիի դեմ: Գորգ դուրդ գալով վստահ ու միայն հաղթանակի հետեւից ՝ հայ մարզիկը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: Մեկ րոպեն բավական էր, որ նա մաքուր հաղթանակ տոներ՝ 10:0:
Գեւորգ Ղարիբյանի ոսկե հաղթանակը
Գեւորգ Ղարիբյանն այս տարի Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը:
Որոշիչ գոտեմարտը նա անցկացրեց թուրք Քերեմ Քամալի դեմ: Անզիջում ու դրամատիկ պայքարով լի հանդիպման հերոսը Ղարիբյանն էր: Նա կարողացավ օգտագործել իր ողջ ուժն ու կանգնել պատվոհարթակի վերին աստիճանին:
Դավթյանի ու Խաչատրյանի հայկական պատվոհարթակը
Ծանրամարտում եւս հայ մարզիկները սիրում են առաջ անցնել մրցակիցներից ու կանգնել պատվոհարթակի ամենաբարձր աստիճանին:
2007 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ այդպես վարվեցին Գեւորգ Դավթյանն ու Արա Խաչատրյանը, որոնք հանդես էին գալիս նույն քաշային կարգում:
Դավթյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Խաչատրյանն՝ արծաթե մեդալակիր: Նրանք կարողացան առաջ անցնել թուրք Թաներ Սագիրից, որը բավարարվեց երրորդ տեղով:
Շախմատիստները «գրավեցին» Ստամբուլը
Հայաստանի շախմատի հավաքականը մեկ անգամ չէ, որ անմոռանալի պահեր է պարգեւել մեզ:
Այդպիսին էր նաեւ 2012 թվականը, երբ թուրքական Ստամբուլն անցկանցում էր Համաշխարհային Օլիմպիադան: «Բոլորիս մոտ այնքան մեծ էր հաղթելու ցանկությունը, որ բառերով չեմ կարող նկարագրել: Այդպիսի ուրախություն ես չէի ունեցել»,-ավելի ուշ խոստովանել էր Լեւոն Արոնյանը:
Նա իր թիմակիցներ Սերգեյ Մովսիսյանի, Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի եւ Տիգրան Պետրոսյանի հետ դարձավ ոսկե մեդալակիր:
Երիտասարդ ֆուտբոլիստներն ու անհավանական «Հրազդան» մարզադաշտը
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում հայտնվել էր Թուրքիայի հասակակիցների հետ:
Շոգ օգոստոսյան այդ երեկոն ավելի թեժ էր «Հրազդան» մարզադաշտում, որտեղ մեր տղաները կարողացան կամային հաղթանակ տանել: Չնայած պարտվում էին, բայց Կառլեն Մկրտչյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ ավելացված ժամանակում Հայաստանին հաղթանակ բերեց Հենրիխ Մխիթարյանի գոլը: Սեփական հարկի տակ նման հաջողությունն աննկարագրելի էր բոլորի համար:
Արթուր Աբրահամի հասցրած նոկաուտը
Պրոֆեսիոնալ ռինգում տարիներ շարունակ անպարտելի էր Արթուր Աբրահամը: Նրա յուրաքանչյուր մենամարտ մեծ ոգեւորություն էր առաջացնում Հայաստանում:
2009-ին նրա մրցակիցը Մահիր Օրալն էր: IBF վարկածով Աշխարհի չեմպիոն Աբրահամը պարզապես հիանալի գործեց: Հուժկու եւ դիպուկ հարվածներ, որոնց արդյունքում 10-րդ ռաունդում մրցակիցն արդեն տեխնիկական նոկաուտի մեջ էր: Իսկ Արթուրը կրկին չեմպիոնական գոտու տիրակալը:
Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: