Այսօր հայտնի դարձավ, որ մինչեւ 2021 թվականը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու է իսպանացի Խոակին Կապարոսը: Նրա գլխավորությամբ են հայ ֆուտբոլիստները սեպտեմբերին մեկնարկելու Ազգերի Լիգայի խմբային փուլում:
Վերջին անգամ Հայաստանի ընտրանին օտարազգի մարզիչ էր ունեցել 2015 թվականին, այն ժամանակ թիմը գլխավորել էր շվեյցարացի Բեռնար Շալանդը: Նրա հեռանալուց հետո թիմի հետ հայազգի մասնագետներ են միայն աշխատել՝ Սարգիս Հովսեփյանը, Վարուժան Սուքիասյանը, Արթուր Պետրոսյանը, Վարդան Մինասյանը, Արմեն Գյուլբուդաղյանցն ու Աբրահամ Խաշմանյանը:
Mediamax Sport-ը փորձել է հասկանալ, թե ում է վստահվել Հայաստանի ընտրանու ղեկն ու մի քանի հետաքրքիր բացահայտումներ է արել նոր մարզչի մասին:
Լուսանկարը` eurosport.com
Խոակին Կապարոսը Մադրիդի «Ռեալի» սան է, սակայն որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ մեծ կարիերա այդպես էլ չի ունեցել: Արդեն 26 տարեկանում հոգնել է ֆուտբոլից ու անցել մարզչական գործունեության: Աշխատելու 15 տարիների ընթացքում 8 ակումբ է գլխավորել:
Որպես մարզիչ սկսել է աշխատել անհայտ ու սիրողական թիմերում, որոնք հանդես էին գալիս ցածր դիվիզիոններում:
1996-ին առաջին անգամ գլխավորել է պրոֆեսիոնալ ակումբ՝ «Ռեկրեատիվոն», որը հանդես էր գալիս Սեգունդա Բ-ում: Թիմի հետ նա գրավել է 2-րդ տեղն ու իրավունք նվաճել ելույթ ունենալ Սեգունդայում, որտեղ ձախողել է ու գրավել ընդամենը 12-րդ հորիզոնականը:
2000 թվականին իսպանացին պայմանագիր է կնքել «Սեւիլյայի» հետ ու աշխատել 5 տարի: Թիմն այդ պահին Սեգունդայում էր հանդես գալիս, սակայն Կապարոսի հետ գրավել է 1-ին տեղն ու վերադարձել Պրեմիերա:
Լուսանկարը` marca
Հենց այստեղ էլ մարզիչը բացահայտեց այնպիսի աստղերի, ինչպիսիք են Կարլոս Մարչենան, Խոսե Անտոնիո Ռեյեսը, Սերխիո Ռամոսը: Հետաքրքիր ձեռքբերումներ էլ կատարեց, գնեց Ժուլիո Բապտիստային, Ադրիանոյին, Դանի Ալվեշին ու պատրաստվում էր հաջող ելույթներ գրանցել եվրագավաթներում, երբ նրան հեռացրին աշխատանքից:
2007-ին դարձավ Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչը: Թիմի հետ Կապարոսը դուրս եկավ Իսպանիայի Գավաթի ու Սուպերգավաթի եզրափակիչ, սակայն երկուսում էլ պարտություն կրեց «Բարսելոնայից»:
Կապարոսն աշխատել է նաեւ «Դեպորտիվո», «Մալյորկա», «Լեւանտե», «Գրանադա» եւ մի շարք այլ ակումբներում:
Լուսանկարը` Sevilla FC
2018-ին «Սեւիլյան» Կապարոսին կրկին հրավիրել է գլխավորել ակումբը, մրցաշրջանի ավարտից հետո նա մնացել է որպես սպորտային տնօրեն: Նոր մարզչի հեռանալուց հետո 2019-ին մինչեւ մրցաշրջանի ավարտը «Սեւիլյան» կրկին հանդես է եկել իր գլխավորությամբ:
2019-ի ապրիլին «Վալյադոլիդին» Իսպանիայի առաջնությունում հաղթելուց հետո «Սեւիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնակատար մարզիչը խոստովանել է, որ անբուժելի հիվանդ է:
«Բոլորը գիտեն, որ իմ մեջ հոսում է կարմրասպիտակավուն արյուն, իմ նվիրվածությունն ակումբին անգամ չի քննարկվում: Որոշ ժամանակ առաջ բժիշկներն ինձ մոտ արյան քաղցկեղ են հայտնաբերել: Բոլորին ուզում եմ վստահեցնել, որ դա ինձ չի խանգարի զբաղվել սիրած աշխատանքով ու օգուտ բերել թիմին»,- ասել էր նա:
Լուսանկարը` antena
Երբ հայտնի էր դարձել նրա հիվանդության մասին, մարզչին շատերն էին աջակցություն հայտնել, այդ թվում՝ «Բարսելոնան», որի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան նույնպես պայքարել է այդ հիվանդության դեմ ու մահացել 2014-ին:
«Ուղարկում ենք մեր ողջ աջակցությունն ու կապվածությունը: Ուժեղ եղիր»,- գրել էր «Բարսելոնան»:
2-րդ անգամ «Սեւիլյայի» գլխավոր մարզչի դերը ստանձնելուց հետո խոստովանել է, որ իր աշխատանքի դիմաց գումար չի ստանալու: Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է նաեւ ակումբի նախագահ Խոսե Կաստրոն:
Մարզչի նվիրվածությունը վարակել է նաեւ ֆուտբոլիստներին ու նրանք կարեւոր հաղթանակներ են տարել «Ռեալի» ու «Սոսիեդադի» նկատմամբ: Երբ լրագրողները հետաքրքրվել են, արդյո՞ք Կապարոսը չի ցանկանա ակումբը մշտապես գլխավորել, այսպիսի պատասխան են ստացել. «Ֆուտբոլում մարմնավաճառից մինչեւ միանձնուհու ուղին կարող ես անցնել 5 րոպեում: Հիմա միայն մնացած խաղերի մասին եմ մտածում»:
Լուսանկարը` marca
Կապարոսին Իսպանիայում համարում են լավ մոտիվացնող, էմոցիոնալ ու ուղղախոս մարզիչ, որն իր թիմում չի հանդուրժում կատակներ:
Նա նաեւ հիանալի հոգեբան է: Իսպանացու հետ աշխատած ֆուտբոլիստները պատմել են, որ կարողանում է այնպես անել, որ հավատան իրենց ուժերին ու հասնեն ցանկացած նպատակի՝ որքան անհավանական էլ այն թվա:
«Սեւիլիայի» ղեկին տարած մի քանի հաղթանակներից հետո Կապարոսին սկսել են համեմատել «Աստերիքսի ու Օրբելիքսի» ֆիլմաշարի հայտնի դրուիդ Պանորամիքսի հետ, որը կարողանում է կախարդական ըմպելիք պատրաստել:
«Ես բնավ էլ փրկիչ չեմ, փրկիչներն իրենք խաղացողներն են: Ֆուտբոլում բոլորը միասին են կարողանում արդյունքների հասնել»,- նշել է մարզիչը:
Հայաստանի հավաքականը նրա 2-րդ արտասահմանյան թիմն է լինելու: Իսպանիայից դուրս նա մինչ այս աշխատել է միայն Քաթարում ու գլխավորել է «Ալ Ահլի» ակումբը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: