Մոստոլեսում ուսուցչի ու վարսավիրի ընտանիքում ծնված Իկեր Կասիլիասը երազում էր ոստիկան դառնալ ու պաշտում էր կարտոֆիլ ֆրին: Նա անգամ պատկերացնել չէր կարող, որ աշխարհի ամենահայտնի ու տիտղոսակիր դարպասապահներից մեկն է համարվելու: Բայց որքան էլ մեծ հաջողությունների հասավ իր կարիերայում, գլխավերեւում պահեց Աշխարհի, Եվրոպայի ու ՉԼ-ի գավաթները, միեւնույն է, Կասիլիասը մնաց նույն հասարակ տղան:
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ 21 տարի իր խաղով ու հիասքանչ սեյվերով փայլած Կասիլիասն ավարտում է կարիերան: Չնայած նա արդեն համարյա 1 տարի է հիվանդության պատճառով ֆուտբոլ չէր էլ խաղում: Կասիլիասը սակայն չի պատրաստվում հեռանալ իր սիրած մարզաձեւից ու պայքարելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար: Մինչ կտեսնենք ֆուտբոլային գործիչ Կասիլիասին, հիշենք դարպասապահ Իկերի անհավանական ու նվաճումներով լի ուղին:

Լուսանկարը` fifa.com
Առաջին քայլերը
Իկեր Կասիլիասի հայրը՝ Խոսեն, ֆուտբոլ շատ էր սիրում ու ցանկանում էր այդ տարվածությունը նաեւ որդուն փոխանցել: Փոքրիկ Իկերը ոչ միայն վաղ տարիքում սիրեց մարզաձեւը, այլ նաեւ ի ուրախություն հայրիկի սկսեց խաղալ: Խոսեն ուսուցիչ էր ու բավական գումար չուներ որդու համար դարպասապահի հագուստ գնելու համար:
1994 թվականին second hand-ում լավ գնով խաղակոշիկներ տեսանք: Իհարկե, դրանք արդեն կրել էին, բայց լավ վիճակում էին, ու մենք գնեցինք դրանք, որովհետեւ Իկերի ունեցածն արդեն լրիվ քայքայվել էր:
Սակայն խաղակոշիկները շատ մեծ էին, ինչի պատճառով ստիպված 2-3 զույգ գուլպա էր հագնում, որ ոտքից հանկարծ դուրս չթռչեն: Մեծ խնդիրներ էին առաջանում նաեւ ձեռնոցների հետ՝ չափից շուտ էին մաշվում, ու Խոսեն ստիպված դրանք կոշկակարի մոտ էր տանում: Նոր փակցրած կաշվե կարկատանները ձեռնոցները լրիվ նոր էին դարձնում:

Լուսանկարը` realmadrid.com
Երբ դարպասապահը 9 տարեկան էր, ծնողները թերթում «Ռեալի» ակադեմիայի ընդունելության հայտարարություն տեսան: Իկերը «Սանտյագու Բեռնաբեում» միանգամից անցավ փորձությունն ու ստիպված էր ամեն օր 30 կմ ճանապարհ անցնել՝ մարզումներին մասնակցելու համար: Նա հայտնվեց Վիսենտե Դել Բոսկեի թիմում, որի գլխավորությամբ 2010-ին դարձավ Աշխարհի չեմպիոն: Հետագայում իր առաջին աշխատավարձով Կասիլիասը ծնողների համար տուն գնեց ու փոխհատուցեց ամենօրյա բենզինի գումարը:
Արքայական ակումբում աճին զուգահեռ նա սկսեց հանդես գալ նաեւ Իսպանիայի պատանեկան հավաքականում: Իկերը չափազանց ծանր էր տանում իր սխալները, խոստովանում է, որ ժամանակի ընթացքում էլ չի համակերպվել բաց թողած գոլերի հետ.
Չեմ կարողանում քնել, երբ գոլեր ենք բաց թողնում: Մանկուց սովորել եմ, որ պետք է հաղթել: Նույնիսկ, երբ հաղթանակը 5:1 հաշվով է լինում, մրցակցի միակ գոլն ինձ սպանում է:
Իր առաջին միջազգային հանդիպումն Անգլիայի 15 տարեկանների ընտրանու դեմ անցկացրեց: Կասիլիասը գոհ էր իր խաղից, սակայն մարզիչն այնքան քննադատեց նրան, որ նույնիսկ որոշեց էլ երբեք հանդես չգալ հավաքականում: Բռնկվող պատանին դեռ չգիտեր, թե որքան կարեւոր խաղացող է դառնալու ազգային ընտրանու համար:

Լուսանկարը` fifa.com
«Ռեալում» անցկացրած 16 տարին
«Ռեալի» մեծահասակների թիմ Կասիլիասը հրավիրվեց 1997 թվականի նոյեմբերին, երբ դեռ դպրոցական էր: Կասիլիասը դասի էր, երբ դպրոցի տնօրենը նրան հայտնեց, որ արագ շտապի տուն պատրաստվելու, քանի որ մեկնում է Նորվեգիա:
16 տարեկան էի այդ ժամանակ: Վազեցի տուն, ապա տաքսիով հասա ակումբի մարզաբազա, որտեղ հանդիպեցի թիմի աստղերի հետ: Քիչ առաջ ես դասին նստած էի Խուլիոյի կողքին, իսկ հիմա արդեն Ֆերնանդո Մորիենտեսի, Կլարենս Զեեդորֆի ու Ռուլի հետ էի: Անհավանական էր ամեն ինչ:
Արքայական թիմը Չեմպիոնների Լիգայում պետք է խաղար «Ռուսենբորգի» հետ, այդ խաղում Կասիլիասը պահեստային նստարանին մնաց:
Մեծ ֆուտբոլում Իկերի համար իսկապես հաջողված էր 1999 թվականը, նա դարձավ երիտասարդների Աշխարհի չեմպիոն ու նորամուտը նշեց «Ռեալում», դա տեղի ունեցավ Ջոն Տոշակի աշխատելու տարիներին: Սեպտեմբերի 12-ին «Սան Մամես» ստադիոնում «Ռեալը» խաղում էր «Ատլետիկի» հետ:

Լուսանկարը` fifa.com
«Նա երիտասարդ է ու մեծ ֆուտբոլիստ կդառնա»,- հաջորդ օրը գրեցին իսպանական թերթերն ու նշեցին, որ 18-մյա դարպասապահը չափազանց հանգիստ էր: Իսկ ահա թե ինչ է իր նորամուտի մասին հիշում Իկերը.
Նյարդերս գերլարված էին ու հազիվ էի կարողանում շնչել «Սան Մամեսի» լարված օդը:
Նրա համար բոլորովին նոր էր խաղալ 80 հազար հանդիսականների առաջ ու նման պատասխանատվություն կրել: Կասիլիասը մադրիդյան թիմում նորամուտը նշած ամենաերիտասարդ դարպասապահն էր:
Իկերն ամեն ինչով էր տարբերվում իր փորձառու ու արդեն աստղերի կարգավիճակ ունեցող թիմակիցներից: Նա սովորական ջինսով էր՝ Ռոբերտո Կառլոսի Արմանիի կողքին, Nike-ի սովորական տոպրակով՝ Գուտիի Կելվին Կլայն պայուսակի մոտ: Կասիլիասը մարզման էր գալիս հորից ստացած հին Ռենոյով ու կայանում Ferrari եւ BMW-ի արանքում: Իկերին գումարը բնավ էլ չէր հետաքրքրում, նա գիտեր, որ լավ խաղի դեպքում ամեն ինչ ունենալու է:

Լուսանկարը` goal.com
Լրջորեն դարպասապահի մասին սկսեցին խոսել 1999 թվականի Չեմպիոնների Լիգայի խաղից հետո, երբ «Ռեալը» հաղթեց «Վալենսիային»: Այդ ժամանակ թիմն արդեն մարզում էր Դել Բոսկեն, Իկերը փոխարինեց վնասվածք ստացած Բոդո Իլլգներին: 19-ամյակից 4 օր անց Կասիլիասն արդեն նման կարեւոր խաղում պաշտպանում էր իր թիմի դարպասն ու անառիկ պահեց այն, ռեալցիներն աչքի ընկան 3 անգամ:
Իսկ ահա իր կյանքի լավագույն հանդիպումներից մեկը դարպասապահը համարում է 2002-ի ՉԼ-ի եզրափակիչը, որում «Ռեալը» 2:1 հաշվով հաղթեց «Բայերին»: Հանդիպման ավարտից 20 րոպե առաջ հիմնական դարպասապահ Սեսար Սանչեսը վնասվածք ստացավ, ու Կասիլիասը պետք է արագ կերպով փոխարիներ նրան:
Նույնիսկ չկարողացա էլ միանգամից խաղադաշտ մտնել, քանի որ պետք է շապիկիս թեւերը կտրեի: Խուճապ սկսեց մոտս, որտե՞ղ է մկրատը: Միշտ կարճ թեւերով էի խաղում, ու երբ Սեսարը վնասվածք ստացավ՝ առաջին հերթին սկսեցի մկրատ փնտրել, չգտնելով, պարզապես պոկեցի դրանք ու ձեռնոցներս հագա: Հետո շատերն էին քննարկում, թե ինչ տեսքով հայտնվեցի խաղադաշտում: Պարզապես մտքովս էլ չէր անցել, որ այդ օրը խաղալու հնարավորություն կստանամ:

Լուսանկարը` realmadrid.com
Կասիլիասը Գլազգոյում այդ ցուրտ երեկոյի ընթացքում մի քանի անգամ փրկեց իր թիմին ու առաջին անգամ հաղթեց ՉԼ-ում: Դրանից հետո նրա վերելքն արքայական ակումբում շարունակվեց, դարպասապահն ընդգրկվեց հայտնի գալակտիկոս թիմում, որտեղ հանդես էին գալիս Ռոնալդոն, Կառլոսը, Լուիշ Ֆիգուն, Զինեդին Զիդանը, Դեւիդ Բեքհեմը, Ռաուլը:
«Ռեալում» 16 տարվա ընթացքում անցկացրած 725 հանդիպումներում նա 5 անգամ Իսպանիայի չեմպիոն հռչակվեց, 3 անգամ ՉԼ-ում հաղթեց, 2 անգամ երկրի Սուպերգավաթին տիրացավ…
Սակայն դեպի նվաճումներ տանող ճանապարհն այդքան էլ հարթ ու հեշտ չէր, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Կասիլիասը բազմաթիվ դժվարությունների էլ հանդիպեց ու ծանր ժամանակներ ունեցավ, հատկապես երբ թիմը սկսեց մարզել Ժոզե Մոուրինյոն:
Նա Կասիլիասին աստիճանաբար հանեց հիմնական կազմից ու սկսեց ավելի շատ վստահել Անտոնիո Ադանին: 10 տարի անց դարպասապահը նորից հայտնվեց պահեստային նստարանին:

Լուսանկարը` realmadrid.com
Իկերից հրաժարվելու պատճառները շատ էին. Ժոզեն նախ հրապարակային ամբողջ թիմին դավաճաններ կոչեց, իսկ ամենամեծ դավաճանը նրա կարծիքով թիմի ավագ Կասիլիասն էր: Նա Սուպեր Կլասիկոյից հետո, չնայած մարզչի պահանջին, խոսել էր հավաքականում իր թիմակիցներ Խավիի ու Պույոլի հետ: Մոուրինյոն Կասիլիասին մեղադրում էր նաեւ իր ընկերուհի՝ լրագրող Սառա Կարբոներոյին թիմի ներքին ինֆորմացիա տրամադրելու մեջ: Դրանից հետո ամեն ինչ փոխվեց Կասիլիասի համար, նա Հատուկի թիմի անցանկալի խաղացողներից մեկը դարձավ:
Չնայած Մադրիդում վայելած մեծ սիրուն ու ճանաչմանը՝ Կասիլիասը չկարողացավ լեզու գտնել մարզչի հետ ու 2015-ին ստիպված էր հեռանալ «Պորտու»: Նրա հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ ակումբից, թիմակիցներից ու մարզիչներից որեւէ մեկը չկար: Թիմն Ավստրալիա հավաքի էր մեկնել:
Հույս ունեմ, որպես լավ մարդ կմնամ բոլորիդ հիշողություններում: Շնորհակալ եմ անչափ: Չեմ ասի ցտեսություն, քանի որ անպայման շարունակություն է լինելու: Որտեղ էլ որ լինեմ, անպայման գոռալու եմ՝ Hala Madrid:
Միայն տարիներ անց Կասիլիասը խոսեց մարզչի հետ ունեցած կոնֆլիկտի մասին.
Թիմում իմ անցկացրած վերջին մրցաշրջանում ես ու Մոուրինյոն, գրեթե, չէինք խոսում, մեր միջեւ իսկական պատերազմ էր ընթանում:
Իկերը կարիերան շարունակեց իր 2-րդ ակումբում, որտեղ 116 հանդիպման մասնակցեց, դարձավ Պորտուգալիայի չեմպիոն ու գավաթակիր, ապա հայտարարեց ֆուտբոլից հեռանալու մասին:
Հաղթանակներով լի Իսպանիայի հավաքականը
Շվեդիայի հավաքականի հետ խաղում նորամուտը հավաքականում նշելուց հետո Կասիլիասը որպես պահեստային դարպասապահ մեկնեց ԵՎՐՈ-2000-ին, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:

Լուսանկարը` beinsports.com
Նա Իսպանիայի ընտրանու թիմի կազմում ուղեւորվեց 2002-ի Աշխարհի առաջնություն, այն բանից հետո, երբ Սանտյագո Կանիսարեսն անփութության պատճառով ոտքի վնասվածք ստացավ: Կանիսարեսը կոտրել էր օծանելիքի շիշն ու կտրել ոտքը:
Կասիլիասն ԱԱ-ում վստահ գործեց ու կարողացավ օգնել իր թիմին: Առաջնությունից իսպանացիները դուրս մնացին մրցավարների կողմնապահության արդյունքում, 1/4 եզրափակչում նրանք այնպես արեցին, որ տանտերերի ՝ Կորեայի ընտրանին շարունակի պայքարը: Իսպանիան զիջեց 11-մետրանոց հարվածաշարում:
Կասիլիասը ԵՎՐՈ-2004-ին էլ մասնակցեց, սակայն Իսպանիան անգամ խմբային փուլը չհաղթահարեց, սակայն այդ անհաջողությունից հետո սկսվեց իսպանական ֆուտբոլի ոսկե ժամանակաշրջանը: Իսպանիան հաղթեց 2008-ի Եվրոպայի առաջնությունում, ու թիմի ավագ Կասիլիասը գլխավերեւում պահեց այդքան ցանկալի գավաթը:

Լուսանկարը` eddymesakh.wordpress.com
2010-ին թեեւ ԱԱ-ն Իսպանիան պարտությամբ սկսեց, սակայն դրանից հետո չզիջեց ոչ մի այլ խաղում ու հիանալի մրցաշար անցկացրեց ՀԱՀ-ում: Իսպանացի ֆուտբոլիստներն անկասելի էին, Կասիլիասն էլ փայլեց դարպասում ու մի քանի անգամ փրկեց իր թիմին անելանելի թվացող իրավիճակներում: Եզրափակչում Անդրես Ինիեստայի գոլի շնորհիվ Իսպանիան առաջին անգամ տիրացավ Աշխարհի առաջնության ոսկե մեդալներին: Կասիլիասը ճանաչվեց առաջնության լավագույն դարպասապահ:
Երբ փոքր էի, տեսել էի, թե ինչպես են Աշխարհի գավաթը բարձրացնում Լոթար Մաթեուսը, Դունգան, հետո եկավ Դիդյե Դեշամի հերթը, Կաֆուի ու Ֆաբիո Կանավարոյի: Երբեք չեք կարող պատկերացնել, որ մի օր նման բան ձեզ հետ էլ կարող է պատահել: Այն պահին, երբ այդ պատվին ես արժանացա, անբացատրելի ապրումներ ունեցա: Այդ պահը պատրաստ եմ դիտել այսօր, վաղն ու հետագա տարիների ընթացքում: Մինչեւ հիմա էլ չեմ կարողանում հավատալ, որ հենց մենք ենք հասել այդ հաղթանակին:
Նա եւս մեկ անգամ էլ հաղթեց Եվրոպայի առաջնությունում ու իրար հետեւից 3 անգամ բարձրացրեց համաշխարհային ֆուտբոլի կարեւոր գավաթները: 2012-ին Իտալիային եզրափակչում 4:0 հաշվով հաղթելուց հետո, Կասիլիասն ասաց.
Վերջին մի քանի տարիներն իսպանական ֆուտբոլի համար ամենալավն էին: Ուզում ենք այս պահը հավերժ հիշել:
Ամենակարեւոր հաղթանակը
Իր կարիերայում Կասիլիասը 23 գավաթ է նվաճել, հաղթել անհավանական գեղեցիկ հանդիպումներում ու ֆանտաստիկ սեյվեր կատարել, սակայն նրա ամենամեծ հաղթանակը 2019-ի մայիսին էր: Դարպասապահն այդ անգամ ուժեղ էր սրտի կաթվածից, որը ստացավ «Պորտուի» մարզման ժամանակ: Նա անմիջապես տեղափոխվեց հիվանդանոց ու այնտեղ մի քանի շաբաթ անցկացրեց:
Հազարավոր երկրպագուներ ու ֆուտբոլիստներ իրենց աջակցությունը հայտնեցին դարպասապահին՝ փոխանցելով նրան իրենց սերն ու ջերմ խոսքերը:

Լուսանկարը` sports.yahoo.com
Ամեն ինչ վերահսկողության տակ է, շատ եմ վախեցել, բայց կորուստներ չկան: Շատ շնորհակալ եմ բոլորից նամակների ու սիրո համար:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Կասիլիասը տոնեց 38-րդ տարեդարձը: Նրան ամենամեծ նվերը մատուցեց Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան՝ մայիսի 20-ը հայտարարելով դարպասապահի օր:
Սակայն այդ նվերը Կասիլիասին այդքան էլ չուրախացրեց, նրա ընտանիքը հերթական ծանր հարվածն էր ստացել: Նախօրեին դարպասապահն իմացել էր, որ նրա կնոջ՝ Սառա Կարբոներոյի մոտ քաղցկեղ են հայտնաբերել: Կասիլիասն առաջին անգամ չցանկացավ նշել տարեդարձը, սակայն կնոջ խնդրանքով այսպիսի իսպանական ասացվածքով պատասխանեց շնորհավորանքներին.
Հանգիստ ծովը երբեք նավաստիին խելացի չի դարձնում:

Լուսանկարը` FC Porto
Նրանք միասին անցան բոլոր դժվարությունների միջով ու ամեն ինչ արդեն անցյալում են թողել: Կասիլիասը չկարողացավ վերադառնալ ֆուտբոլ, բայց կյանքի փորձություններից հետո ավելի ուժեղ դարձավ: Նա մեծացնում է որդիներին՝ Մարտինին ու Լուկասին, պատրաստվում գլխավորել իսպանական ֆուտբոլը: Իկեր Կասիլիասը լավատեսորեն է նայում ապագային ու ցանկանում է իրագործել իր մեծ ծրագրերը:
Եթե պարտվել ես, պարզապես ժպտա, հաղթողը կորցնում է հաղթանակի համը: Մի վախեցիր մրցել քեզնից ուժեղների հետ: Անպարտելիներ չկան: Ֆուտբոլն ինձ ամեն ինչ է տվել, բայց անգամ չեմ էլ կարող հիշել, թե այն ինչ է ինձնից խլել: Ուզում եմ ինձ որպես լավ մարդ հիշեն, որը լավ կամ վատ դարպասապահ էր: Իմ նմանները դիմակ չեն կրում, Կասիլիաս լինելուց առաջ ես Իկեր եմ: Իսկ թե ո՞րն է հաջողության գաղտնիքը, մեկ պատասխան ունեմ ՝լավագույններից լավագույնը գիտի, թե ինքն ով է, սակայն դրանով երբեք գլուխ չի գովում: Ինձ համար դա սպորտի լավագույն կանոնն է եղել:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: